Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Մեծ քաղաքականությունն ընդամենը սթափ տրամաբանություն է, որ կիրառում են մեծ գործեր կատարելիս

Մեծ քաղաքականությունն ընդամենը սթափ տրամաբանություն է, որ կիրառում են մեծ գործեր կատարելիս
23.01.2009 | 00:00

ՀԱՅԵՐԻ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔՈՒՄ «ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑԻ» ՀԱՄԱՐ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՏԻՊԱԿԱՆ ՉԵՆ
«Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը, մի շաբաթ հետո, մեկ ամսից և մեկ տարուց, իսկ հետո բացատրել, թե ինչու դա տեղի չունեցավ»։
ՈՒինստոն ՉԵՐՉԻԼ
Հասկանալի է, որ քաղաքականությունը սրճագուշակություն չէ, և նույնիսկ քաղաքական գործընթացների նուրբ մետաֆիզիկան հնարավոր չէ տեղավորել արձանագրված ժամկետների և մաթեմատիկական բանաձևերի շրջանակում։ Անցել է քիչ ավելի այն ժամկետից, որն արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, իրեն բնորոշ առարկություն չհանդուրժող ինքնավստահությամբ, մատնանշեց իբրև ղարաբաղյան հարցի լուծման ժամկետ։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրահավաքում էր, որ նա կարծիք հայտնեց, թե միջազգային հանրությունը կպարտադրի Հայաստանի իշխանություններին ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման իր սցենարը, իսկ ընդդիմությունը չպետք է խանգարի այդ գործընթացին, ուստի նպատակահարմար է ժամանակավորապես դադարեցնել ակտիվ ընդդիմադիր գործունեությունը։
Դուր է գալիս սա որևէ մեկին, թե ոչ, բայց հարկ է ընդգծել, որ «համահայկական գուրուի» կանխատեսումը դեռ թռիչքի մեջ է, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում, ինչպես հայտարարեց Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, ամռանից շուտ որևէ տեղաշարժ սպասելն անիմաստ է։ Միանգամայն հավանական է, որ, հետևելով Չերչիլի բանաձևին, առաջին նախագահը նույնպես կհայտարարի, որ այն ժամանակ ինքը գործում էր` ելնելով ազգային շահերից, և ընդդիմության ակտիվ գործողությունների դադարեցումն ապահովեց իշխանության համար մանևրելու բավական մեծ ազատություն համազգային կարևորության խնդրում։ Նկատենք, սակայն, որ ընդդիմադիր գործունեության տեղափոխումն ակտիվ միջոցառումներից դեպի առաջին նախագահի շրջապատի բնազդական հայտարարությունների դաշտ, ինչպես նաև դատարաններում ոչ համարժեք գործողությունների հարթություն, էապես նվազեցրել է ընդդիմության դերն ու գործառույթները քաղաքական գործընթացներում, ընդհանուր առմամբ։ Ավելին, եթե անգամ Հայ ազգային կոնգրեսը գործնականում ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել ընդդիմադիր դաշտի պատենտը, իսկ իշխանական քաղաքական սեգմենտն արդեն վաղուց միայն ֆոն է ծառայում գործող վարչակազմի համար, միևնույն է, ընդդիմության կողմից երեք ամիս առաջ «հրադադարի» հայտարարումը երկրի ողջ հասարակական և կուսակցական կյանքն աստիճանական նեխման ճանապարհով մտցրեց անկման փուլ։ Հայկական քաղաքական բոլոր կառույցները վստահորեն և, գուցե, անդարձ ընդգրկվեցին ոչ հրապարակային ինտրիգների և բացառապես անձնական խնդիրների լուծման դաշտում։ Իսկ դա չէր կարող իր ծայրահեղ բացասական ազդեցությունը չթողնել Հայաստանի քաղաքական կյանքի վրա` ընդհանուր առմամբ։
Սակայն իրավիճակն արձանագրելուց զատ, պետք է փորձել նաև պատասխանել այս փուլում խիստ կարևոր և հիմնարար հարցին` հնարավո՞ր է, արդյոք, հայաստանյան ընդդիմության վերակենդանացումը, և որքանո՞վ արդյունավետ կլինեն նրա գործողություններն ապագայում։ Շրջանառվող լուրերի համաձայն, արմատական ընդդիմությունը մտադիր է այս տարվա գարնանն իր գործունեությունն ուղղորդել երկու հիմնական ուղղությամբ։ Այն է` համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր հետևանքները նկատի ունենալով` հրահրել սոցիալական պայթյուն և ապահովել շարունակական ակտիվ միջոցառումների շարք` մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների տարելիցից սկսած։
Ինչ վերաբերում է «սոցիալական պայթյունին», ապա անկասկած է, որ այս ուղղությամբ համապատասխան տեխնոլոգիաները մշակված են և վաղուց փորձարկված ու, որպես կանոն, կազմում են ցանկացած հեղափոխական ուժի զինանոցի կարևոր մասը։ Ավելին, այսօր, ճգնաժամի և ժողովրդական զանգվածների աղքատացման խորապատկերի վրա, սոցիալական պայթյունի թեզը հրատապություն է ձեռք բերել բազմաթիվ երկրներում, բավական է միայն հիշատակել բալթյան պետություններում և Իսլանդիայում տեղի ունեցած իրադարձությունները։ Սակայն պետք է ընդունել, որ այդ երևույթի հայկական մեկնաբանության պարագայում, երբ լոկոմոտիվի դերակատարություն ստանձնելու հավակնություն ունեն Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա համախոհները, այդ տեխնոլոգիայի կիրառումը կարող է հակառակ արդյունքը տալ։ Նախ` այն պատճառով, որ հայերի հոգեկերտվածքում «մի կտոր հացի» համար ելույթները տիպական չեն։ Առանձին և ոչ բազմամարդ խմբերի դրսևորումները ոչ թե ժխտում, այլ հաստատում են այս կանոնները։ Երբ հայկական ընտանիքներում սկսվում է դժվար ժամանակաշրջան, նրանք փորձում են իրենց խնդիրները լուծել ներքին, ճշմարիտ կամ ոչ այնքան ճշմարիտ ճանապարհներով, բայց բոլոր դեպքերում հույս չեն դնում պետության վրա։ Այս շատ կայուն կեցվածքը խիստ բնորոշ է և իրենից ներկայացնում է միջին հայի գոյատևման բանաձևը, որը երբեք հույս չի դնում հատկապես մեծ խոստումներ տվող քաղաքական գործիչների վրա։ Մանավանդ որ Հայաստանում առաջիններից մեկն իրեն լիբերալ ուժ հաստատած ՀՀՇ-ն և նրա առաջնորդը, իրենց էությամբ և կարգավիճակով, չեն կարող գլխավորել որևէ զուտ սոցիալական ընդվզում երկրում, քանզի ցանկացած տրամաբանող դիտորդի մեջ կառաջանա միանգամայն հասկանալի հարցը` իսկ դատավորներն ովքե՞ր են, մի՞թե երեկվա բագրատյանական սեփականաշնորհման համահեղինակները։ Ավելին, որքան էլ այսօր ծանր լինի Հայաստանում սոցիալական իրադրությունը, ակնհայտ է, որ այն անհամատեղելի է 1990-ականների առաջին կեսի, մութ ու ցուրտ գիշերների հետ։ Այսպիսով, «սոցիալական պայթյուն» հրահրելու փորձերը չեն կարող հանգեցնել իրական արդյունքների, և նախաձեռնողները կարող են հայտնվել, բեմական արտահայտությամբ, «դերից դուրս» իրավիճակում, ինչը նույնքան վտանգավոր է քաղաքականության մեջ, որքան թատրոնում։
Ինչ վերաբերում է մարտի 1-ի ողբերգության տարելիցին ժողովրդական զայրույթ առաջացնելու փորձերին, ապա զոհվածներին հիշելու քրիստոնեական ավանդույթը «ռեժիմի տապալման» վերածելը հազիվ թե հաջողվի։ Ողջ ողբերգականությամբ հանդերձ, մարտի 1-ի իրադարձությունները չի կարելի երաշխավորված ձևով վերածել ընդդիմադիր ակցիաների պերմանենտ գործընթացի։ Անշուշտ, կլինի միտինգ, հնարավոր է` նաև երթ։ Բայց եթե անգամ այդ ժամանակ Հայաստանը ԵԽԽՎ-ում զրկված լինի ձայնի իրավունքից, դարձյալ դժվար է պատկերացնել, թե ինչպես են ժողովրդական զանգվածները դուրս գալու փողոց։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում այս երկրում մեծամասնության հիմնարար խնդիրը գոյատևելն է, մանավանդ որ չկան իրավիճակից իրական ելք ցույց տվող գաղափար և ուժ։ Հայերը պրագմատիկ ժողովուրդ են, և հենց այդ պրագմատիզմն օգնում է նրանց զատել համաշխարհային ճգնաժամի օբյեկտիվ պատճառները սեփական իշխանության սխալներից կամ թերացումներից։
Միաժամանակ ակնհայտ է, որ երկրի ժողովրդավարացման խնդիրները մեր բնակչության արժեհամակարգում այդքան առաջնային չեն։ Կարելի է կանխատեսել, որ դժգոհության ակցիաները կամ ընդդիմադիր բնույթի միջոցառումները կսահմանափակվեն բացառապես Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածի որոշ շրջանակով։ Մանավանդ, եթե իշխանությունները բավարար խելամտություն ունենան այդ օրը խուսափելու ուժի գործադրման որևէ դրսևորումից, ապա արմատական ընդդիմության մանևրի դաշտը գնալով կփոքրանա։ Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, ակնհայտ է, որ իշխանական բուրգի տատանման կրկնությունը, նախորդ տարվա օրինակով, ընդդիմության համար ցանկալի արդյունք չի ապահովի։ Մյուս կողմից էլ` «իշխանությունը վերցնելու հեղափոխական գործողությունները» սկզբունքորեն բացառված են պետական գործչի և լիբերալի հեղինակությամբ հանդես եկող առաջին նախագահի պարագայում։
Անհրաժեշտ է նկատել նաև, որ ցանկացած տարբերակով ցնցումներ հրահրելու որևէ նախաձեռնություն, որը չի սահմանափակվելու բացառապես մեկ ակցիայով, պահանջում է ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսային լուրջ բազա, այդ իրադարձության լուսաբանում միջազգային ԶԼՄ-ներով, անհրաժեշտ զգացական ֆոնի ստեղծում, ինչը բնորոշ է «ժողովրդավարական հեղափոխություններին»։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս փուլում, սակայն, արտաքին հիմնական խաղացողները մեր տարածաշրջանում ակնհայտորեն մտահոգված են կայունության պահպանմամբ, մանավանդ որ ներկայիս վարչակազմը բավական հաջողությամբ ապահովում է երկրում հիմնական արտաքին խաղացողների շահերի հավասարակշռությունը, հատկապես Հյուսիսի և Արևմուտքի միջև։ Իսկ առանց լուրջ արտաքին հովանավորների գունավոր հեղափոխությունների միջոցով իշխանափոխություն չի լինում որևէ երկրում, նաև Հայաստանում։
Այսպիսով, արմատական ընդդիմության ակնկալիքները գարնանային զարգացումներից լավագույն դեպքում անհեռատես միամտություն են, վատագույն դեպքում` գործունեության ծայրահեղ պարզունակացում։ Մանավանդ որ դեկորատիվ տեխնոլոգիաների կիրառումը վտանգավոր է առհասարակ քաղաքական ողջ դաշտի համար։ Որովհետև դա միաժամանակ կրճատում է նաև իշխանության մանևրելու հնարավորությունները, որը հետո չի կարողանում ապահովել պատշաճ դիմադրություն արտաքին մարտահրավերներին և սպառնալիքներին։ Ըստ այդմ, արմատական ընդդիմության համար գործունեության միակ հեռանկարային ուղղությունը օլիգարխիկ-կրիմինալ համակարգի ապամոնտաժման նպատակով ձեռնարկվելիք քայլերն ու գործողություններն են։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականություն իր վերադարձը նախանշեց Հայաստանում իշխանության համակարգի վերաբերյալ հատուկ բնորոշում դնելով շրջանառության մեջ` բանդիտական պետություն։ Սակայն, դրանով հանդերձ, հենց ինքն էլ հարվածի տակից հանեց օլիգարխիկ բնույթ ունեցող քաղաքական կառույցները, չի բացառվում` այն պատճառով, թե գուցե ինքն էր հանդիսանում այդ կառույցներից մի քանիսի կնքահայրը և նախընտրական շրջանում հույս ուներ ստանալու դրանց աջակցությունը։ Ինչպես էլ նայենք, ընդդիմության առաջնորդն ու նրա համախոհները վերոհիշյալ հարցում հռետորաբանությունից և պոպուլիստական հայտարարություններից այն կողմ չեն գնացել մինչ օրս։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ երկրում արմատավորված այդ համակարգը գնալով ավելի է վերածվում ազգային անվտանգության սպառնալիքի։ Քրեական և օլիգարխիկ կառույցների ներթափանցումը իշխանության մեջ մտահոգում է ոչ միայն բնակչությանը, այլև դարձել է արտաքին քաղաքական ճնշման հիմնական պատճառներից կամ բաղադրիչներից մեկը։ Մինչդեռ ընդդիմության գործողություններն այս ուղղությամբ վերջին տարիներին սահմանափակվել են «Հակակրիմինալ» շարժում ձևավորելու չհաջողված փորձերով։ Ակնհայտ է, որ միայն պետական համակարգից օլիգարխների և քրեական տարրերի դուրս մղվելու պարագայում է, որ երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունները կարող են վերադառնալ քաղաքական զարգացումների շրջանակներում գործելու բնականոն հուն, ինչը նոր հեռանկարներ կբացի նույն ընդդիմության համար։ Մեծ քաղաքականությունն ընդամենը սթափ տրամաբանություն է, որ կիրառում են մեծ գործեր կատարելիս։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ