ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայաստանը շարունակում է համառորեն հակադրվել ռուս-իրանական «Հյուսիս-Հարավ» նախագծին

Հայաստանը շարունակում է համառորեն հակադրվել ռուս-իրանական «Հյուսիս-Հարավ» նախագծին
27.04.2024 | 15:02

Հարավային Կովկասում կենսունակ Հայաստանի գաղափարը Իրանի և Ռուսաստանի միջև կամուրջ լինելն է, որը տնտեսական առումով մաս կկազմի «Հյուսիս-Հարավ»նախագծին։

2014 թ. այս համոզմունքն ունեմ, չնայած շարունակ փորձել են հակառակ իմ կարծիքին համոզել, որ մեկուսացված Իրանն ու «բենզալցակայան» Ռուսաստանը իրենք ապագա չունեն, և որ նրանց հետ պայմանավորել Հայաստանի ռազմավարական ապագան զուրկ է շահեկան հեռանկարից։ Այս պարզամիտ մոտեցումն էլ (իրականում Իրանը միակ արդյունաբերականացված իսլամական երկիրն է, Ռուսաստանը, ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, աննկարագրելի պատժամիջոցների պայմաններում անգամ կարողացավ դրսևորել շատ ավելի բարձր կենսունակություն, քան կարելի էր պատկերացնել) մեծ հաշվով ծնեց 2018 թ. «հեղափոխությունը»։
Հայաստանի ներկայիս կոլապսը 2018-ի «հեղափոխության» իղձերի տապալման արդյունքն է։ Ընդ որում, ձախողված է ողջ այն հաշվարկը, որը դրված էր այդ իղձերի հիմքում։ Խնդիրն այն է, որ 2018 թ իրադարձությունները նպատակ ունեին Հայաստանը տեղավորել «Արևելք-Արևմուտք »պրոյեկտի մեջ, որը պետք է Չինաստանը կապեր Եվրոպային՝ անցնելով Կենտրոնական Ասիայով, Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով, ամենակարևորը` շրջանցելով Ռուսաստանը։ Սա, ըստ էության, հակադրվում էր թե՛ Միացյալ Նահանգների` ի դեմս Եվրոպայի ուժեղ տնտեսական մրցակից ունենալու, Եվրոպայում Չինաստանի դիրքերի ամրապնդումը թույլ չտալու գաղափարին, թե՛ Ռուսաստանն Իրանին ու Պարսից ծոցին կապող «Հյուսիս-Հարավ» նախագծին։
«Արևելք-Արևմուտք» նախագիծը պահանջում էր Արցախի հարցի շուտափույթ վերջնական «կարգավորում» (ռուս-իրանական նախագծի համար միջանկյալ լուծումն ու ստատուս-քվոն էլ էր բավարարում), Սյունիքի հնարավոր կապուղիների ապաշրջափակում։ Փոքրիկ նյուանս. ապաշրջափակված կապուղին որևէ կերպ չպետք է լիներ Իրանի կամ Ռուսաստանի հսկողության ներքո, ինչը անսպասելիորեն ամրագրվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում (Պրահայի փաստաթուղթը հենց այդ կետը չեզոքացնելուն էր ուղղված, որի գինը եղավ Արցախի հայազրկումն ու կորուստը)։
Այսօր, երբ վստահաբար նշում եմ, որ «թավշյա հեղափոխությունը» տապալվել է, վերաբերում է նախ և առաջ այն բանին, որ տապալվել է «Արևելք-Արևմուտք» չինական նախագիծը։ Ուկրաինայի պատերազմով ԱՄՆ-ը վերջնականապես փակեց Եվրոպայի դռները Չինաստանի առջև։ Ավելին, զուգահեռաբար Չինաստանի խնդիրների ծանրության առանցքը տեղափոխեց Հարավ-արևելյան Ասիա, ինչը ստիպեց Չինաստանին մերձենալու Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ը այժմ էլ նպատակաուղղված է ծովային կապուղիները Հարավ-արևելյան Ասիայում փակելու Չինաստանի առջև, ինչը տասնապատիկ մեծացնելու է ցամաքային կապուղիների նշանակությունը Չինաստանի համար, հետևաբար նաև` Ռուսաստանի հետ ունեցած ցամաքային սահմանի դերը Չինաստանի համար։
«Արևելք-Արևմուտք» նախագծի հիմնական սպոնսորը` Չինաստանը, այլևս ակտուալ չի համարում այն, հետևաբար, ինչպես «թավշյա հեղափոխության», այնպես էլ ԵՄ-ի հետ համապարփակ ու ընդլայնված ասոցիացիայի շուրջը կառուցված հայկական երազանքները մնացել են առանց հովանավոր։ Իսկ «Արևելք-Արևմուտք» պրոյեկտի մյուս խոշոր շահառուները` Թուրքիան ու ԵՄ-ը, չունեն ինքնուրույն սեփական բավարար միջոցներ նախագիծը, առանց Չինաստանի, կյանքի կոչելու։ Չնայած Բրիտանիան ու Ֆրանսիան ճիգեր են գործադրում նախագծի մասնակի իրականացումն ապահովելու հարցում (Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու), սակայն Իրանը Ռուսաստանին կապող «Հյուսիս-Հարավի» պատնեշին բախվելուց հետո այն նույնպես «ճանաչվելու է սնանկ»։
Հայաստանը, ներկա իշխանությունների «գործուն ջանքերի» արդյունքում, հայտնվել է ծանր իրավիճակում։ Ավելին, իրավիճակն իր մեջ պարունակում է ավելի անմխիթար դառնալու միտում։ Փաստացի՝ Չինաստանի հետաքրքրության վերացման պատճառով ձախողվել է «Արևելք-Արևմուտք» պրոյեկտը, որտեղ «հեղափոխության» ու Արցախից հրաժարվելու գնով ցանկանում էր տեղավորվել Հայաստանը, բայց համառորեն շարունակում է հակադրվել ռուս-իրանական «Հյուսիս-Հարավին»։ Սա Հայաստանին խոստանում է նոր կորուստներ, հատկապես, երբ Ադրբեջանի ղեկավարությունն այս խաղի մեջ կարողանում է առայժմ ճկունություն հանդես բերել։ Չինական հովանավորին կորցնելուց հետո Հայաստանը փորձեց Հնդկաստանի միջոցով վակուումը լրացնել, նույնիսկ ականջ շոյող անուն հնարել՝ «խաղաղության խաչմերուկ», բայց ամբողջ խնդիրն այն է, որ Պակիստանի հետ հակամարտությունը խոչընդոտում է Հնդկաստանին դուրս գալու Կենտրոնական Ասիա, իսկ հնարավոր գործող կապուղին Հայաստանի հետ կարող է լինել միայն Իրանով, որը իր սեփական խաղն է վարում Ռուսաստանի հետ։

Հ.Գ. «Թավշյա հեղափոխությունից» առաջ Հայաստանը ավելի շահեկան հեռանկար ուներ տարածաշրջանում ազդեցիկ դիրք ունենալու, քան՝ Ադրբեջանը, բավական էր ուղղակի Ռուսաստանի և Իրանի համար հասկանալի ու վստահելի կամրջի պարտավորություն ստանձնել։ Իսկ դրա համար միանգամայն այլ հաշվարկներ, այլ բովանդակության ու որակի իշխանություն էր անհրաժեշտ Հայաստանին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 9056

Մեկնաբանություններ