Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Թարգմանչաց գործի խորհուրդը

Թարգմանչաց  գործի  խորհուրդը
10.02.2024 | 11:48

Տարիներ առաջ «Կրթական համակարգի բարեփոխումների հնարավորության սահմանները» մտորումներս շարադրելիս ես դեռևս կարծում էի, որ հայաստանցիներս ենք որոշում մեզ ցանկալի շուկայական հարաբերությունների տեսակը և դրան համապատասխանող կրթական համակարգը։ Ցավոք, իրականությունը լրիվ այլ է և առավելագույնս է համապատասխանում Արթյուր Ռեմբոյի հանրահայտ ասույթին՝ « Դու այն չես՝ ինչ կաս իրականում, այլ այն՝ ինչ քո մասին մտածում են»։

Այո՛, Արևմուտքը պարզապես անցած դարի 90-ականներից՝ դեռևս մեր անկախացման առաջին իսկ օրից, մեզ դիտարկել է որպես երրորդ կատեգորիայի երկիր և «արդիականացման» պիտակով բոլոր «բարեփոխումները» իրականում միտված են մեզ հավասարեցնելու քաղաքակրթության խարդավանքների հետ նոր ծանոթացող Աֆրիկայի ու Ասիայի հետամնաց ցեղերին:

«Գլոբալիզացիան» ընդհանրապես ամերիկա-եվրոպական տերմին է և նշանակում է «համաշխարհայնացում»։ Այն համաշխարհայնացնում է ամերիկյան և եվրոպական հոգևոր, մշակութային, տնտեսական «արժեքները»։

Չակերտավոր եմ նշում, որովհետև բոլոր երրորդական երկրների նման ՀՀ-ն ևս ներմուծվեց դրանց ամենավատ տեսականին։ Խղճի ազատության միջազգային համաձայնագրի հովանավորությամբ ՀՀ- ում հանկարծակի և անարգել հայտնվեցին բազմաթիվ աղանդներ, որոնց համար ավանդական բարոյամշակութային մեր արժեհամակարգը, պատմական մեր մաքառումները՝ Գոյաբանական Կոդի առանցքային բաղադրիչ հայրենասիրությունը կեղծ կատեգորիաներ են։ Աղանդները և այլ բազմաբնույթ կազմակերպություններն իրենց աճող բազմաքանակությամբ այլադակել են և շարունակում են աղճատել հայության հավաքական նկարագիրը։

Բազմակարծության դեմոկրատիկ իրավունքի հովանուց թևավորված մի քանի տասնյակ կուսակցություններ հայտնվեցին Հայաստանի նման գաճաճ երկրում։

Առ այսօր դրանց հիմնական նպատակն աթոռակռիվն է ու մեկը մյուսին վարկաբեկելը, փչացնելը։

Եվ ամենակարևորը, ըստ ամերիկյան գլոբալիզացիոն ծրագրի, սրանք ևս անընդհատ շեղում ու շփոթեցնում են ժողովրդին ճիշտ ճանապարհից։ Մարդասիրության, բարեգործության վեհ հումանիզմի դիմակով հարյուրավոր բարեգործական ֆոնդեր, հիմնադրամներ առաջացան, որոնք հիմնականում ընդամենը գումարներ են «լվանում»:

Տարեցտարի սնանկացան գիտահետոզատական կենտրոնները և ինքնուրյուն մտածող, ստեղծող, արարող կադրերին այժմ փոխարինեց օտար լեզուներին, համակարգչին տիրապետող անդեմ սպասավորների հոծ բազմությունը։

Այսինքն՝ շուտ «ըմբռնող» և արագ սպասարկող, հաճկատար մասնագետների քանակն է աճում։

Շուկայական համակարգը, բոլորս էլ գիտենք, ՀՀ-ում ծայրահեղ մոնոպոլացված և կոռումպացված վիճակում է։

Այսինքն՝ ասպարեզում միմիայն տարբեր մակարդակների պաշտոնյաների զանազան ընկերություններ և ձեռնարկություններ են, որոնք զերծ են նույնիսկ մրցակցության «պայքարի ազարտից»։

Մինչ տեղերում միջազգային կորպորացիաների ենթաճյուղերը հանդիսացող նոր մոնոպոլացված կոռուպցիոն համակարգի ստեղծումը, գլոբալիզացիան ենթադրում էր ազգային տնտեսական համակարգի փլուզումը, ձեռնարկությունների քայքայումն ու փոշիացումը , տնտեսական բոլոր կապերի խզումը։ Որոնք էլ հաջողությամբ կազմակերպվեցին

90-ականների սկզբի տարիներին։

Հիմա արդեն պարզ է, թե ներկա իշխանությունների նկատմամբ ինչու են անօրինակ կատաղությամբ հանդես գալիս նախկին ՀՀՇ-ականները։ Ախր իրենք քրտնմխած չարչարվեցին, քանդեցին, երկիրը դուրան դաշտ շինեցին, որ իրենց ամերիկյան և եվրոպական տերերին հրավիրեն այստեղ։ Իսկ ներկաները թարսի պես ռուսներին վաճառեցին «խոշոր ներդրումների» իրավունքները։ Իհարկե, ընդամենը օտարամտությունը, օտարահպատակությունն է տարբեր։

Թեև հարկ է խոստովանել, որ Ռուսաստանի հետ մենք ավելի ապահով ենք և ապահովագրված ենք խոշոր ցնցումներից, ավանտյուրաներից, ինչպիսին վերջերս ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրահրմամբ Սաակաշվիլին ձեռնարկեց։ Գոնե գիտենք, որ Ռուսաստանը մեզ համար կար և մնում է որպես ռեալ դաշնակից: Որովհետև Կովկասն անչափ կարևոր է Ռուսաստանի անվտանգության համար։ Իսկ այս տարածքում միայն մեր շահերն են համընկնում վելիկոռուսական արթնացած շահերին։

Եթե տնտեսության ոլորտում ՀՀ իշխանություններն ուժ են գտել որոշ չափով թոթափելու արևմտյան գլոբալիզացիային ինտեգրման, մեզ համար՝ անապատացմանը մաս կազմելու, մթան, սովի, ցրտի պատճառներն ու հետևանքները, ապա կրթության և մշակույթի բնագավառներում իրականությունը դեռևս անմխիթար վիճակում է։ Այդ ոլորտներում հարմարավետ տեղավորվել են կեղծ արևմտամետները, ովքեր առ այսօր շարունակում են հոգևորի և կրթական համակարգերի քայքայումն ու այլասերումը։

Կրկնում եմ, հինգ հազարամյա բազմաշերտ մշակույթ՝ առասպելաբանություն, արհեստագործություն, իմացաբանություն, դպրություն, գիտություն, ընտանեկան, ռազմական, պետական և հասարակական ավանդույթներ, նաև՝ առաքելություն ունեցող ժողովրդիս համապատասխանեցնում են, հարմարեցնում ու վերաձևում են ամերիկացիների կողմից երրորդական երկրների համար մշակված ծրագրերին։ Մեզ հավասարեցնում են ընդամենը կես դար առաջ աթոռ, գդալ և թուղթ չտեսած, ոմանք նույնիսկ մարդակեր, վայրի ցեղերին։

Ինչ է՝ ամերիկյան և եվրոպական հիմնադրամներն այդ խեղկատակ ծրագրերը կատարելու համար որոշակի դրամաշնորհներ են հատկացնում մեր կրթական համակարգին, հեռուստատեսությանը, մամուլին:

Աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնք քսաներորդ դարում ահաբեկված էին կոմունիզմի ու նացիզմի սպառնալիքներից և «ճարահատ» ամերիկյան վամպիր դեմոկրատիայի գրկում էին հայտնվել, այժմ բացարձակ խզել են կամ փորձում են խզել բոլոր կապերը ամերիյան և եվրոպական գլոբալիզացիայից։

Խնդրեմ՝ Իրանը, Սիրիան, Վենեսուելան, Աֆղանստանը, Բրազիլիան ու Կուբան:Նույնիսկ աֆրիկյան երկրներն են ցանկանում միավորվել, որպեսզի ինչ-որ ձևով դիմագրավեն արյունածուծ գլոբալիզացիային։

2010 թվ . –ի հոկտեմբերի տասնմեկին իմ նախաձեռնությամբ Լոռու մարզային կենտրոնական գրադարանում`

«Լոռին Բերդ» -ի խմբագրության հովանիով կազմակերպվել էր գլոբալիզացիայի վտանգներից Լոռին զերծ պահելու նախադրյալներին վերաբերվող մտքերի փոխանակման կլոր սեղան։ Որին ներկա էին մարզի այն առաջադեմ մտավորականները, ովքեր պատասխանատվության զգացում ունեն հայրենիքի այսօրվա և վաղվա հանդեպ։ Ներկաներից հնչեց այն կարծիքը, թե հարկ է դիմել կառավարությանը, որ իր ֆինանսական գործառույթում լիովին ներգրավի կրթական համակարգը։ Որպեսզի այլևս հանուն դրամաշնորհների չներմուծվեն մեր ժողովրդի մենթալիտետին, ավանդույթներին, մեր արժեհամակարգին, մեր կրթական ու գիտական մակարդակներին չհամապատասխանող և տասնյակ անգամ զիջող ՝ կործանարար բարեփոխումները։

Անկուսակցական լինելով, սակայն, ստիպված եմ կառավարությունում գերակշռող ՀՀԿ- ական պաշտոնյաներին հիշեցնել իրենց կուսակցության ծրագրային դրույթները։

«Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին՝ ուղղված լինելով դրա արդիականացմանը», «Հայոց պատմության գլխավոր հարստությունը ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է՝ իր ֆիզիկական, մտավոր և բարոյական ներուժով», «Գիտությունն ու մշակույթը պետք է նպատակաուղղվեն ազգի հոգևոր և նյութական արժեքների վերականգնմանը, պահպանմանն ու զարգացմանը, բացահայտեն հայի տոհմիկ կերպարը, աշխարհընկալումն ու կենսակերպը», « Կրթությունը, գիտությունը և մշակույթը պետք է լինեն պետական հոգածության առարկա»։

Իմ կարծիքով արդեն հրատապ է իրենց համոզմունքների կայունության մեջ ապացուցված մտավորականներից ստեղծելու կառավարությանն առընթեր հանձնաժողով, որը նախօրոք կգնահատի մամուլով և հեռուստատեսությամբ հայաստանյան հասարակությանը ներկայացվող բոլոր օտարամուծությունները, դրանց կրկնօրինակումները մեր արժեքային համակարգի տեսանկյունից։

Սա է թարգմանչաց գործի խորհուրդը։ Չէ՞ որ թարգմանիչներն էին առաջինը ծանոթանում համաշխարհային արժեքներին և չարժեքներին, ֆիլտրում դրանք, գնահատում, ընտրություն կատարում։ Հետո միայն լավագույնն ու արժանին թարգմանում, համատեղում մեր ավանդականին, լուսավորում ժողովրդին, կրթում երիտասարդությանը։ Սա նաև մեր ժողովրդի գոյաբանական կոդի Կարևորագույն բաղադրիչներից է։ Մեր մշակույթի և հոգևորի մեծերը իսկական զորավարների նման գտնվել են իրենց հոտի ՝ ժողովրդի առջևում, առաջնորդել նրան, հարկ եղած դեպքում կրծքով փակել կեղտահեղեղը։ Արդյո՞ք կլինեինք մենք, եթե նրանք իրենց ժամանակներում երերային կամ մեր նման չտեսնող, չլսող ու չհասկացող ձևանային մոգպետներին ուղեկցող ջոկատների առջև, կաթոլիկ եկեղեցու մեղրածոր խոստումների առջև, մուսուլմանական աշխարհի ֆանատիզմի առջև։

Չէ՞ որ միշտ էլ նվաճողները ցանկացել են իրենց կրոնը , ավանդույթները, արժեքները համաշխարհայնեցնել, որովհետև այդպես հեշտ են կառավարում։

ՄԻ՞թե քսանմեկերորդ դարասկզբի հայազգի մտավորականներս այդքան փոքրոգի ենք, որ վախենում ենք սթափեցնել հատուկին ու հասարակին, բոլորին կոչելու, որ երկիրը պահում են միմիայն սրբազան հավատամքով, սրբազան արյամբ ու սրբազան քրտինքով։ Առաքելություն ունեցող ժողովուրդ ենք՝ հատնելու, կորչելու իրավունքը պարզապես չունենք։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

2010-ի հոկտեմբերին հրապարակվել է «Լոռին Բերդ»-ում:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ