Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հեղաշրջում Ղազախստանու՞մ, թե՞ իշխանափոխություն

Հեղաշրջում Ղազախստանու՞մ, թե՞ իշխանափոխություն
04.05.2020 | 08:38

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը իր հրամանագրով դադարեցրել է խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի լիազորությունները: Թվիթերի իր էջում նա շնորհակալություն է հայտնել Դարիգա Նազարբաևային ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար Սենատի նախագահի պաշտոնում: Պաշտոնանկության պատճառները չեն նշվում: Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահը երկրորդ պաշտոնյան է նախագահից հետո: Եթե նախագահը որևէ պատճառով դադարեցնում է իր լիազորությունները, կառավարումը ժամանակավորապես անցնում է Սենատի նախագահին: Դարիգա Նազարբաևան Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է, որ 29 տարի Ղազախստանի նախագահն էր և հրաժարական տվեց 2019-ի մարտին՝ դառնալով Անվտանգության խորհրդի նախագահ: Դարիգա Նազարբաևան խորհրդարանի պատգամավոր է դարձել 2016-ին, 2019-ի մարտին գլխավորել է Սենատը: Նազարբաևի հրաժարականի և նրա դստեր Սենատի նախագահ ընտրության համընկնումը ժամանակի մեջ շատերը երկրում համարեցին փոխատեղություն, որի հետևանքով Նուրսուլթան Նազարբաևը, միևնույն է, մնում է երկրում ամենաազդեցիկ քաղաքական դեմքը: Կասիմ Ժոմարտ Տոկաևին առաջադրել է Նազարբաևը: Ազգի առաջնորդը՝ Ելբասին, հայրենակիցներին կոչ արեց աջակցել Տոկաևի թեկնածությանը ընտրություններում: Այդ պատճառով՝ իր հովանավորի ձեռքով դստեր պաշտոնանկությունը որոշ փորձագետներ համարում են յուրօրինակ հեղարջում: «Այդ որոշումը նշանակում է, որ Տոկաևը աստիճանաբար դառնում է լիարժեք ու լիիշխան ղեկավար: Եթե մեկ տարի առաջ համենայն դեպս պետք էր երաշխիքի ու հակակշռի տարր ի դեմս Դարիգա Նազարբաևայի, հիմա այդ տարրը, որ նյարդայնացնում է գործող նախագահին ու խանգարում իրագործել անհրաժեշտ որոշումները, հեռացվում է»՝ Ինտերֆաքսին հարցազրույցում ասել է ԱՊՀ-ի Կենտրոնական Ասիայի երկրների ու Ղազախստանի ինստիտուտի տնօրեն Անդրեյ Գրոզինը: Նա գտնում է, որ Տոկաևը չէր կարող միանձնյա որոշում կայացնել, տեղյակ չպահելով Նուրսուլթան Նազարբաևին: Դարիգան ծանրակշիռ քաղաքական գործիչ է, որ ղեկավարում է բավականին ազդեցիկ մարդկանց թիմին, և նրան հենց այնպես քաղաքական թոշակի ուղարկել հնարավոր չէ: «Այսօր իշխանությունը, իշխանական էլիտան միասնության ու կոնսոլիդացիայի կարիք ունեն: Իշխանությունը պետք է երկիրը դուրս բերի եռակի ճգնաժամից, արտակարգ դրությունից ու կարանտինից: Չափազանց բարդ աշխատանքներ են սպասվում հակաճգնաժամային ծրագրի, տնտեսության արմատական վերակառուցման, կառուցվածքային բարդ բարեփոխումների: Այդ ամենը պահանջում է ամբողջ իշխանության կենտրոնացում Ղազախստանի երկրորդ նախագահի ձեռքում»՝ իր Թելեգրամում գրել է քաղաքագետ Այդոս Սարիմը: Նրա խոսքով՝ այս պահին դժվար է իրավիճակը գնահատել, քանի դեռ իշխանական էլիտան կատարվածը չի մեկնաբանում: Նրա կարծիքով՝ ամեն ինչ կբացատրվի, երբ հայտնի դառնա Սենատի նոր նախագահի անունը: «Այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել իշխանության նոր դասավորության և այսօրվա կոմբինացիայի նպատակի մասին»՝ ասել է Այդոս Սարիմը:
BBC


Հ.Գ. Դարիգա Նազարբաևան Սենատի նախագահի պաշտոնում փոխարինեց Կասիմ Ժոմարտ Տոկաևին, ում հայրը 2019-ի մարտին դարձրեց նախագահ: Այն ժամանակ շատ փորձագետներ համարում էին, որ Դարիգան կփոխարինի հորը: 2019-ի մայիսին Դարիգա Նազարբաևան հայտնվեց կոռուպցիոն սկանդալի կենտրոնում Մեծ Բրիտանիայում: Ազգային քրեական գործակալությունը ձերբակալեց Ղազախստանի Սենատի նախագահի անշարժ գույքը: Բրիտանիայի իրավապահները կասկածում էին, որ գույքը ձեռք է բերվել անօրինական ճանապարհով ստացված միջոցներով: 2020-ի ապրիլի սկզբին Նազարբաևների ընտանիքը շահեց դատը Ազգային քրեական գործակալությունից և մեղադրանքները չապացուցվելու պատճառով կալանքը հանվեց ունեցվածքից:


«Տոկաևն օգտագործեց իր նախագահական իրավասությունները՝ վերացնելու հնարավոր երկիշխանությունը ներքին քաղաքականության մեջ, որ բավականաչափ ապակառուցողական է արտակարգ դրության պայմաններում,- Ֆերգանա գործակալությանն ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը: -Վերջին ամիսներին Նազարբաևան համառորեն ցուցադրում էր իր իշխանական ամբիցիաները»: Արկադի Դուբնովը չի բացառում, որ Դարիգա Նազարբաևայի պաշտոնանկությունը համաձայնեցվել է Նուրսուլթան Նազարբաևի հետ և վկայում է Ելբասիի ազդեցության անկումը քաղաքական որոշումների վրա:


Նուրսուլթան Նազարբաևի ընտանիքի անդամները Լոնդոնում մի քանի քրեական գործերի գործող անձինք էին: Մարտին Բրիտանիայի իշխանությունները հայտարարեցին, որ Լոնդոնում կալանավորված շքեղ անշարժ գույքը պատկանում է Դարիգա Նազարբաևային և նրա ավագ որդուն՝ Նուրալի Նազարբաևին: Խոսքը ստորգետնյա լողավազանով ու կինոսրահով առանձնատան մասին է Հայգեյթում և վիթխարի բնակարանի՝ Չելսիում: Սկզբում տերերի անունները չէին նշվում, բայց տեղեկությունները տարածվելուց հետո դատարանը պարտավորեցրեց Դարիգա ու Նուրալի Նազարբաևներին ապացուցել 100 միլիոն դոլարի օրինականությունը, որով գնվել էր անշարժ գույքը: Ապրիլին դատարանը հանեց արգելքը, որովհետև տերերին հաջողվեց ապացուցել, որ գույքը գնված է օրինական միջոցներով: Մեկ այլ սկանդալ ծագել էր 2019-ի հուլիսին: Լոնդոնի Սազարկ շրջանի թագավորական դատարանը քննում էր Դարիգա Նազարբաևայի կրտսեր որդու՝ Այսուլթան Նազարբաևի գործը, նա մեղադրվում էր թմրամիջոցների ազդեցության տակ գտնվելով՝ ոստիկանությանը դիմադրելու մեջ: Նա խփել ու կծել էր ոստիկանին: 28-ամյա Այսուլթան Նազարբաևը Սանդհերստի արքայական ռազմական ակադեմիայի շրջանավարտ է: Թագավորական մեղադրողը դատավարության ժամանակ երկու դեպք հիշատակեց՝ 2019-ի հունիսի 3-ին երիտասարդ Նազարբաևը դեբոշ էր սարքել Լոնդոնի հյուրանոցներից մեկում ու սպառնացել, որ պատշգամբից կթռչի: Հունիսի 5-ին նա Լոնդոնի կենտրոնում, բնակարաններից մեկում իրեն պահել էր չափազանց ագրեսիվ, սպառնացել, որ ինքնասպանություն կգործի, երբ ոստիկանություն էին կանչել, կծել էր ոստիկանին: Դատարանը Այսուլթան Նազարբաևին մեղավոր ճանաչեց և մեկուկես տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց: Դատավճիռը փորձաշրջան էր սահմանում, թմրակախվածությունից բուժում, հասարակական աշխատանքներ և տուգանք: Իշխանությունները վերցրին նրա անձնագիրը, որ ազդեցիկ ազգականները չօգնեն տուն վերադառնալ: Բայց հազիվ թե որդիների սկանդալներն են Դարիգա Նազարբաևայի պաշտոնանկության պատճառը՝ դա չափազանց ժողովրդավարական կլիներ Ղազախստանի համար: Ամենայն հավանականությամբ՝ Ղազախստանում պատրաստվում է հերթական իշխանափոխություն, որի համար էլ Դարիգան պետք է պաշտոնանկվի, որ արտահերթ կամ հերթական ընտրություններով դառնա Ղազախստանի նախագահ:


Կա նաև սկանդալային վարկած, որի հիմքում Ելբասիի երկու ամիս հանրությանը չերևալն է: Որոշ փորձագետներ չեն բացառվում, որ Ղազախստանը փոխում է արտաքին քաղաքական կողմնորոշումը դեպի Չինաստան: «Միր» հեռուստաընկերությանը հարցազրույցում Կասիմ Ժոմարտ Տոկաևն ասել է, որ Ղազախստանը նոր հարաբերություններ է կառուցում Չինաստանի հետ: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ձեւավորման գաղափարն առաջին անգամ հնչել է Ղազախստանում 2013-ին, Չինաստանի նախագահ Սի Ձինպինի այցի ժամանակ: Անցած տարվա աշնանը իմ Պեկին այցի ժամանակ նախագահ Սի Ձինպինի հետ մեծ ուշադրություն ենք հատկացրել մեր առևտրային կապերի զարգացմանը», – ասել է Ղազախստանի նախագահը: Նա, իհարկե, չափազանցել է՝ Մետաքսի մեծ ճանապարհի՝ ՏՐԱՍԵԿԱ-ի մասին խոսակցությունները 20-րդ դարավերջին էլ կային: Իսկ 2015-ին Ղազախստանը համագործակցության փայլուն համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ:

Չինաստանի ու Ղազախստանի հարաբերությունների սերտացմանը դիմադրում է Մոսկվան, որ նույնպես վախ ունի Չինաստանի տնտեսական էքսպանսիայից: Փորձագետները չեն բացառում, որ Նազարբաևների «չեզոքացումը» պայմանավորված է չինական կուրսին նրանց խոչընդոտելով: Նուրսուլթան Աբիշևիչն իրեն էր համարում է Եվրասիական միության հայրը և Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների կողմնակից էր, թեպետ բազում հակառուսական քայլեր էր անում՝ սկսած այբուբենը կիրիլիցայից լատինատառի փոխելուց մինչև ռուսների նկատմամբ ճնշումները: Միշտ հրաշալի չեն եղել և
Չինաստանի ու Ղազախստանի հարաբերությունները՝ Չինաստանում էթնիկ ղազախների ու ույղուրների հալածանքների, ղազախական տարածքների նկատմամբ չինական հավակնությունների պատճառով: Գերմանացի փորձագետները նշում են, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն հայտարարելով՝ Տոկաևը իր ձեռքում է կենտրոնացնում իշխանությունը: Կասիմ Ժոմարտ Տոկաևը ՄԳԻՄՕ-ից բացի ավարտել է Պեկինի լեզվաբանական համալսարանը, աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում ու Չինաստանում ԽՍՀՄ դեսպանատանը: Նա իրեն համարում է չինագետ և վաղուց է ասել. «Մենք չենք կարող անտեսել Չինաստանը, որի հետ 1700 կմ երկարությամբ սահման ունենք: Չինական տնտեսությունն աշխարհում ամենադինամիկն է ու շուտով կդառնա երկրորդը: Ինչպես նշել է մեր նախագահը (Նուրսուլթան Նազարբաևը), չպետք է տարվել երևութական վախերով ու շշուկներ տարածել չինական սպառնալիքի նկատմամբ»:


Դոյչե վելեն գրում է, որ վիրուսի տարածումը, նավթի գների նվազումն ու տենգեի արժեզրկումը հարված են Ղազախստանի՝ առանց այդ էլ թույլ տնտեսությանը: Պարզ չէ, արտակարգ դրությունից հետո նախագահը կհաղթահարի վիճակը, երբ մեն-մենակ կմնա ճգնաժամի դեմ: Թերևս՝ Տոկաևը հույսը կտրել է Ռուսաստանից ու ապագան տեսնում է Չինաստանի հետ տնտեսական ինտեգրման մեջ: Իսկ դա ուժերի հարաբերակցություն է փոխում հետխորհրդային տարածքում ու բնականաբար՝ ԵԱՏՄ-ում, եթե Տոկաևը ի վերջո որոշի լքել կառույցը, որովհետև այլ պետությունների հետ առևտրատնտեսական լիարժեք հարաբերությունների հաստատմանը խոչընդոտ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ