«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բորիս Ջոնսոնը՝ Սենտ Թոմասի հոսպիտալում

Բորիս Ջոնսոնը՝ Սենտ Թոմասի հոսպիտալում
07.04.2020 | 15:48

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է հիվանդանոց՝ պլանային հետազոտման՝ հաղորդել է Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը: 10 օր առաջ նա վարակվել է կորոնավիրուսով, և հիվանդությունը չի նահանջում: 55-ամյա վարչապետին հիվանդանոց են տեղափոխել կիրակի՝ Covid-19-ի շարունակական ախտանիշներով՝ ներառյալ բարձր ջերմությունը: Հոսպիտալացումը կանխարգելիչ է՝ վարչապետի բժշկի խորհրդով: Նա շարունակում է ղեկավարել կառավարության աշխատանքը, բայց կառավարության երկուշաբթի օրվա խորհրդակցությունը կանցկացնի ԱԳ նախարարը: Բժիշկ, գրող, ռադիոմեկնաբան Սառա Ջարվիսն ասել է, որ նրան, հավանաբար, կրծքավանդակի ռենտգեն կարվի և թոքերի սկանավորում, հատկապես, եթե շնչառությունը դժվարացած է: Կարվի նաև էլեկտրոկարդիոգրամա՝ ստուգելու սրտի աշխատանքը, կստուգվի արյան մեջ թթվածնի ու լեյկոցիտների մակարդակը: Բժիշկները կստուգեն նաև լյարդի ու երիկամների աշխատանքը՝ դուրս գրելուց առաջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի հետ հանդիպումը սկսել է Մեծ Բրիտանիայի վարչապետին արագ ապաքինում մաղթելով՝ նրան անվանելով իր բարեկամն ու ուժեղ անհատականություն: «Բոլոր ամերիկայցիները աղոթում են նրա համար: Նա իմ լավ բարեկամն է ու իսկական ջենտլմեն, մեծ ղեկավար»՝ ասել է Թրամփը: Բրիտանիայի ընդդիմության ղեկավար Կիր Ստարմերը ևս հայտարարել է, որ հույս ունի վարչապետի արագ ապաքինմանը:


Վարչապետը և թագուհին անձնավորում են երկրի ջանքերը պանդեմիայի դեմ պայքարում: Բորիս Ջոնսոնը իր անձնական փորձով է ապրում կորոնավիրուսով վարակվածության հետևանքները: Դաունինգ սթրիթի ներկայացուցիչը պնդում է, որ Ջոնսոնը շարունակում է ղեկավարել կառավարությունը՝ շփման մեջ լինելով նախարարների ու այլ պաշտոնատարների հետ: Բայց անվիճելի իրականություն է, որ այս իրավիճակում ոչինչ նորմալ ու սովորական չէ՝ ինչ անալիզներ էլ Ջոնսոնը հիվանդանոցում հանձնի: Կորոնավիրուսը հաստատում է անհավանականը իրական դարձնելու իր կարողությունը: Ջոնսոնի խորհրդականները, նախարարները ստիպված էին ինքնամեկուսանալ:


Covid-19-ը կաթվածահար է անում մեր տնտեսությունը, խլում մեր ազատությունները: Իսկ հիմա ամենաբարձր պաշտոնյաների՝ պանդեմիային դիմակայելու հնարավորություններն է սահմանափակում: Կորոնավիրուսը Ջոնսոնին ախտորոշվել է մարտի 27-ին, նա ինքնամեկուսացել է: Հաղորդվում էր, որ հիվանդությունը թեթև ախտանիշներ ունի, և նա աշխատում է իր Դաունինգ սթրիթ-10-ի նստավայրում, տեսակապով խորհրդակցություններ է անցկացնում: Հինգշաբթի նա մենակ դուրս էր եկել փողոց, որ ամբողջ երկրի հետ ծափահարի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին: Ապրիլի 3-ին Ջոնսոնը Թվիթերում գրել էր. «Թեպետ ինձ ավելի լավ եմ զգում, և արդեն մեկ շաբաթ մեկուսացման մեջ եմ անցկացրել, ցավոք, որոշ կարևոր ախտանիշներ մնում են: Ես դեռ բարձր ջերմություն ունեմ: Կառավարության քաղաքականության համապատասխան՝ ես պետք է մնամ մեկուսացմաբ մեջ այնքան, քանի դեռ այդ ախտանիշը կա: Բայց մենք միշտ աշխատում ենք մեր ծրագրի վրա, որ հաղթենք այս վիրուսին»:
BBC


Հ.Գ. Այսօր հաղորդվեց՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ կիրակի տեղափոխվել է Լոնդոնի Սենտ Թոմաս հոսպիտալ, տեղափոխվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝վիճակի վատացման պատճառով: Նա գիտակցության մեջ է, թոքերի արհեստական օդափոպման սարքին միացված չէ: Դաունինգ սթրիթից հայտարարել են, որ վարչապետին վերակենդանցման բաժին են տեղափոխել իբրև նախազգուշական միջոց: Բորիս Ջոնսոնի խնդրանքով նրան անհրաժեշտության դեպքում կփոխարինի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը: Պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում` վարչապետի մոտ թոքաբորբ կա, թե ոչ: Պատասխանելով լրագրողների հարցերին, կառավարության խոսնակը չէր հերքել և չէր հաստատել, որ երեկ, տեղափոխվելով հիվանդանոց, Ջոնսոնը թթվածին է ստացել: Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից Թվիթերում գրել էր. «Տրամադրությունս լավ է, ես անմիջական կապի մեջ եմ աշխատանքային թիմի հետ, և մենք միասին շարունակում ենք պայքարը կորոնավիրուսի դեմ»:


Բորիս Ջոնսոնի՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունք տեղափոխվելուց հետո, պետությունների ղեկավարները նրան ապաքինում են մաղթել՝ գրում է The Guardian-ը։ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ջոնսոնի նախորդները՝ Դևիդ Քեմերոնը և Թերեզա Մեյը, շուտափույտ ապաքինում են մաղթել վարչապետին, իսկ Brexit-ի հարցով ԵՄ-ի գլխավոր բանակցող Միշել Բարնյեն, որ նույնպես անձնական պայքար է մղում կորոնավիրուսի դեմ, ասել է «Իմ մտքերը Ձեզ և Ձեր ընտանիքի հետ են»: «Մենք վշտացած ենք այն փաստով, որ նրան այսօր առավոտյան ինտենսիվ թերապիայի բաժանմունք են տեղափոխել։ Բոլոր ամերիկացիներն աղոթում են նրա համար»,- ասուլիսում ասել էր ԱՄՆ նախագահը՝ նշելով, որ խնդրել է «ԱՄՆ առաջատար դեղագործական ընկերություններին» օգնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կորոնավիրուսից բուժման հարցում։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ջոնսոնին առողջություն է մաղթել՝ հուսալով նրան շատ շուտով տեսնել Դաունինգ սթրիթում։


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս դժվարին պահին իր «մտքերը վարչապետի, նրա ընտանիքի և Մեծ Բրիտանիայի ժողովրդի հետ են», հույս է հայտնել, որ Ջոնսոնն «արագ կհաղթահարի» այդ փորձությունը:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Twitter-ի իր էջում գրել է. «Իմ մտքերը Բորիս Ջոնսոնի և ողջ բրիտանացի ժողովրդի հետ են։ Մաղթում եմ Ձեզ շուտափույթ ապաքինում: Դուք ունեք Իտալիայի կառավարության և իմ աջակցությունը»։
«Վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Իսրայելի ժողովուրդն աղոթում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ մեր ընկերոջ շուտափույթ և լիարժեք ապաքինման համար»,- ասված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Twitter-ի էջում ։
«Իմ սիրելի ընկեր Բորիս Ջոնսոն, իմ մտքերն ու աղոթքները Ձեր և Ձեր ընտանիքի հետ են այս դժվարին պահին, երբ պայքարում եք արագ վերականգնման համար: Ճապոնիայի ժողովուրդն այս դժվարին պահին աջակցում է Մեծ Բրիտանիայի ժողովրդին»,- Twitter-ի իր էջում գրել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Հայաստանին ու Ռուսաստանին Բորիս Ջոնսոնի առողջությունը չի հետաքրքրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ