Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ռուսաստանի հետ ինտեգրման ծրագրերը բողոքներ են հարուցում Բելառուսում

Ռուսաստանի հետ ինտեգրման ծրագրերը բողոքներ են հարուցում Բելառուսում
25.12.2019 | 12:53

Կրեմլի ճնշման տակ Մինսկի կառավարությունը ստիպված է նոր պայմանավորվածություններ կնքել Մոսկվայի հետ: Դա հարուցում է հասարակության դիմադրությունը, որ սովորաբար քաղաքական խիստ վերահսկողության տակ է՝ գրում է Պաուլ Ֆլյուկիգերը շվեյցարական Neue Zürcher Zeitung-ում: Հանգստյան օրերին Բելառուսում մի քանի տարվա ամենամեծ միտինգն էր: 2000 ցուցարարներ փողոց էին դուրս եկել Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ բողոքելու: Բողոքները շարունակվեցին նաև հանգստյան օրերից հետո՝ տեղափոխվելով սոցիալական ցանցեր: Այդպես էին բելառուները պատասխանում ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում ինտեգրման նոր պայմանագրերի ստորագրմանը: Ռուսաստան-Բելառուս դաշնային պետության սկիզբը պետք է դնեն Սահմանադրությունը և տարադրամային միությունը: Ավելի ուշ կհավելվեն համատեղ կառավարությունը, դաշնային խորհրդարանը և պետական նոր կազմավորման նախագահը: Այդ ծրագրերի մասին 2018-ի դեկտեմբերին Բրեստում հիշեցրեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այն ժամանակ նա Լուկաշենկոյին ուլտիմատում ներկայացրեց՝ առանց միության ստեղծման 2019-ի վերջին Բելառուսը այլևս տնտեսական օգնություն չի ստանա Ռուսաստանից: Այդ ժամանակից Լուկաշենկոն ընդգծում է իր երկրի անկախությունը ավելի վճռական, քան 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո: Այնուհանդերձ, Բրյուսելի, Պեկինի ու Մոսկվայի միջև իր լարախաղացության մեջ ավտոկրատը հաճախակի է ընդգծում Մոսկվայի հետ հատուկ բարեկամությունը:


«Լուկաշենկոն հասկացել է, որ այդ միության դեպքում Բելառուսը կդառնա սայլի հինգերորդ անիվ»՝ գտնում է քաղաքագետ Վալերի Կարբալևիչը: Այդ պատճառով Կրեմլի հետ կոշտ բանակցություններում Բելառուսի կառավարությունը հասավ նրան, որ 2019-ին ստորագրվեն միան տնտեսությանը վերաբերող պայմանագրեր: Խոսքը ինտեգրման ճանապարհային քարտեզի մասին է՝ գյուղատնտեսական քաղաքականությունից մինչև հարկային օրենսդրության համաձայնեցում: Մինսկը ինտեգրման քարտեզների հետ է հույսը կապում, որ կկարողանա նորից երաշխավորել Ռուսաստանի տնտեսական օգնությունը: Կրեմլը տարիներով Բելառուսին վարկեր էր տալիս ու մատակարարում հում նավթ միջազգայինից ցածր գնով: Պետական ձեռնարկությունները վերամշակում էին նավթը ու շահույթով արտահանում ԵՄ և Ուկրաինա: Շահույթը Լուկաշենկոյին թույլ էր տալիս պահպանել հանգստությունը երկրի ներսում՝ շնորհիվ մեծահոգի սոցիալական զեղջերին ու իր կողմում պահել քաղաքացիներին: ՌԴ էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Օրեշկինի խոսքով՝ Պուտինն ու Լուկաշենկոն ստորագրել են ինտեգրման 31 պայմանագրերից 28-ը, որոնց բովանդակությունը չի հրապարակվում, որ ավելի է մեծացնում բելառուս ընդդիմադիրների վախերը:
Պաուլ Ֆլյուկիգեր, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Միայն հեռու շվեյցարացիները կարող են կարծել, որ միտինգները Բելառուսում ընդդիմադիրներն են անում: Ռուսաստանը տասնամյակներով պահել է Բելառուսի տնտեսությունը և հիմա եկել է պարտամուրհակը ներկայացնելու ժամանակը, ու Բատկան պատասխանում է Բելառուսի անկախության համար «պայքարող» 2000 «ընդդիմադիրներով»՝ իբր չի կարող երկրում ներքաղաքական կայունությունը խաթարել: Ընդդիմադիրներն էլ կհամակերպվեն, եթե Պուտինը ի վերջո ընտրի՝ ո՞ր տարբերակն է ուզում՝ 2024-ից հետո իշխանության մնալու, ու եթե ընտրի դաշնային պետությունը, Մեդվեդևը կկատարի խոստումը: Բատկան կդառնա իր պետության փոխնախագահը: Բայց նա չի ուզում ու պայքարում է՝ ինչպես կարողանում է:

«Ռուսաստանը ճնշում է Բելառուսին ինտեգրացիայի համար, բայց երկրի անկախությունն ապահովված է արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի հետ ուժերի հավասարակշռմամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան պետությունը, կներքաշվի ռազմական հակամարտության մեջ»՝ ասել է Բելառուսի նախագահը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին հարցազրույցում: «Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, գիտեք ինչպես կարձագանքի ոչ միայն համաշխարհային հանրությունը՝ նրանք պատերազմի մեջ կներքաշվեն: Արևմուտքն ու ՆԱՏՕ-ին այլևս չեն հետաձգի դա, որովհետև սպառնալիք կհամարեն իրենց: Եվ ինչ-որ առումով նրանք ճիշտ են», – ասել է Լուկաշենկոն: Փորձելով կարմիր գծերը չհատել՝ նա հավելել է, որ Արևմուտքից Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի դեպքում Բելառուսը պատրաստ է կանգնել Ռուսաստանի կողքին: Լուկաշենկոն նաև Չեռնոբիլն է հիշել ու Ռուսաստանից պահանջել է դադարեցնել գազի գնի հարցում առևտուրը և սկսել օգնել երկրին: Նա գտնում է, որ Ռուսաստանը պետք է օգնի Բելառուսին, քանի որ Բելառուսը դարձել է Չեռնոբիլի աղետի զոհ: Մոսկվան էլ, լինելով ԽՍՀՄ իրավահաջորդը, պետք է Մինսկին փոխհատուցի ողբերգության համար: Նրա խոսքով՝ Չեռնոբիլի ատոմակայանը Բելառուսը չի կառուցել, չի շահագործել և չի պայթեցրել: «Իսկ ցավի 80%-ը մեզ վրա ընկավ, մի քիչ՝ Բրյանսկի շրջանի վրա, մի քիչ էլ՝ Ուկրաինայի»,-հայտարարել է Բելառուսի նախագահը: Նա նշել է, որ իր երկիրը դեռ չի հաղթահարել ողբերգության հետևանքները, և այդ շրջանում ապրող մարդիկ մինչև հիմա չեն կարողանում վառարանում փայտ վառել՝ ճառագայթման պատճառով: «ԽՍՀՄ-ը փլուզվել է, ո՞վ պետք է օգնի: Եվ դուք հիմա 10 դոլարի համար գազի գնի սակարկությո՞ւն եք անում»,- հայտարարել է Լուկաշենկոն: Փաստորեն՝ նա սկսել է վերջին փամփուշտները կրակել՝ վատ են Բատկայի գործերը, թեպետ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ում 2020-ից սկսվում է բելառուսական «իշխանություն»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ