ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կիպրոսը դարձել է աշխարհի կենտրոնը

Կիպրոսը դարձել է աշխարհի կենտրոնը
17.12.2019 | 12:58

Նախօրեին Թուրքիան շատ լուրջ քայլ արեց Կիպրոսում: Որոշում ընդունվեց Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում անօդաչու թռչող սարքերի ավիաբազա ստեղծել, այդ թվում՝ զենք կրող: Ի՞նչ է դա նշանակում: Ամենահստակ պատասխանը տրվեց Դոլմաբաղչեում կայացած հանդիպմանը: Լիբիայի ազգային համաձայնության կառավարության նախագահական խորհրդի ղեկավար Ֆաիզ աս Սարաջը հանդիպեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դա պարզապես հանդիպում չէր: Երեկ Մերձավոր Արևելքի բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը կենտրոնացած էր այդ հանդիպմանը: «Լրտեսական աշխարհը» հետևում էր մեկ-միակ իրադարձությանը՝ կարևոր բանակցություններ Արևելյան Միջերկրածովյան շրջանում էներգետիկ պատերազմների շուրջ՝ Թուրքիայի ու Լիբիայի բանակցություններին:

Բարեկամներ, գուցե դուք նկատեցիք, գուցե ոչ, բայց իմացեք, որ այս պահին ամբողջ ուշադրությունը բևեռված է Կիպրոսին: Ով ցանկանում է վերահսկել Արևելյան Միջերկրածովյան շրջանի էներգաերթուղիները, նրա ճանապարհները տանում են Կիպրոս: Եթե մենք մի քիչ վերադառնանք անցյալ, Կիպրոսում խաղաղության աջակցության գործողությունը իզուր չէր: Եվ հիմա մենք դա ավելի լավ ենք հասկանում:


Ով ասես Կիպրոսի վրա աչք չունի՝ Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ... Նրանց հսկայական նավթային ընկերությունները ամբողջ աշխարհում են: Ավելին՝ ոչ վաղ անցյալում Կիպրոսի հունական հատված եկավ ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարը: Հետո Իտալիան ու Ֆրանսիան ռազմաբազա ստացան Կիպրոսի հունական իշխանություններից: Ինչի՞ փոխարեն: Իհարկե՝ գազաորոնողական աշխատանքների թույլտվության:


Հետո Եգիպտոսն ու Իսրայելը միավորվեցին: Կարո՞ղ եք պատկերացնել: Դա իրավիճակ է, որից Յասեր Արաֆաթը գերեզմանում կշրջվեր՝ Եգիպտոսն ու Իսրայելը միասին են: Հանուն ինչի՞: Հանուն բնական գազի Միջերկրական ծովում: Այսօր Արևելյան Միջերկրականը դարձել է աշխարհի ռազմավարական էներգետիկ կենտրոնը: Իսկ Թուրքիան, այսքան կենսականորեն կարևոր պահին, ձեռքերը ծալած չի նստում ու ստեղծում է շատ կարևոր բազա Կիպրոսում: Այո, Թուրքիան անում է նոր ռազմավարական քայլ Արևելյան Միջերկրականում: Գիտե՞ք՝ ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո Թուրքիան ամբողջ աշխարհին ասում է. «Մենք նույնպես այստեղ ենք ու մինչև վերջ այստեղ ենք մնալու»: Ու տեղնուտեղը դրոններ է ուղարկում Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն: Գիտեք՝ ամենից շատ ի՞նչն է ինձ դուր գալիս: Որ այդ դրոնները՝ և զենքովները, և անզենները, մեր երիտասարդներն են մշակել: Լավ է, որ մենք ունենք ձեզ՝ մեր զավակներ:
Ֆաթիհ Չեկիրգե, Hürriyet (Թուրքիա)


Հ.Գ. Դեռ պատերազմի առաջին օրերց փորձագետներն ասում էին, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը էներգակիրների ու էներթաերթուղիների համար է: Իր «Խաղաղության աղբյուրը» Թուրքիան գծել էր ուղիղ ճանապարհ ստանալու դեպի Միջերկրական: Ու՝ ստացավ: Ինչի՞ դիմաց՝ մի հարցրեք: Բայց ի՞նչ գործ ունի Թուրքիան ուրիշ պետության էներգակիրների ու ուրիշ պետության ճանապարհների հետ՝ հարցրեք Էրդողանին: Նա ամեն ինչ ուզում է ունենալ՝ չունենալով իրավական ոչ մի հիմք: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը իր զավթած սիրիական նավթահանքերից նավթ է վաճառում Թուրքիային, և այդ գործարքում Անկարան Վաշինգտոնի գործընկերն է: Ասադը նշել է, որ նույն նավթահանքերն ավելի վաղ գրավված են եղել նախ «Ջեբհաթ ան Նուսրա», ապա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների կողմից: «Երբ ԻՊ-ը եկավ և այնտեղից հանեց «Նուսրային», ավելի ճիշտ միացավ «Նուսրայի» հետ, նրանք սկսեցին գողանալ նավթը և վաճառել: Ո՞ւմ: Վաճառքը տեղի էր ունենում Թուրքիայի տարածքով: Իսկ հիմա ԱՄՆ-ն է գողանում նավթ և վաճառում Թուրքիային: Թուրքիան հանցակից է, նրա համար խնդիր չկա, Թուրքիան պատրաստ է»,-հայտարարել է Ասադը: Նա նշել է նաև, որ Թուրքիան առաջ էլ անուղղակի դեր ուներ ահաբեկիչներից նավթի գնման գործում, և հիմա էլ գնում է Վաշինգտոնից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ