«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ինչպես ադամանդ գողանալ

Ինչպես ադամանդ գողանալ
26.11.2019 | 13:57

Երկուշաբթի լուսաբացին գողերը մտել են Դրեզդենի Grünes Gewölbe («Կանաչ կամար») թանգարան, որտեղ պահվում է ադամանդների ու թանկարժեք քարերի Եվրոպայի ամենամեծ հավաքածուն: Վերջին տարիներին այս կողոպուտը ամենամեծն է Գերմանիայում: Գողերը տարել են ադամանդներով, շափյուղաներով, զմրուխտներով ու ռուբիններով երեք հավաքածու, յուրաքանչյուրում 37 զարդ: Bild-ը գրել է, որ գողացվել է մեկ միլիարդ եվրոյի ադամանդ, բայց Դրեզդենի պետական թանգարանների տնօրեն Մարիոն Աքերմանը չի կարողանում գնահատել գողացվածի գինը:

«Անհետացել են ադամանդների տասնյակ հավաքածուներից երեքը: Նրանք գին չունեն, նրանց արժեքը հնարավոր չէ թվերով արտահայտել»՝ ասել է նա: Հավաքածուների զարդերը հնարավոր չէ վաճառել լեգալ շուկայում՝ չափազանց հանրահայտ են: Արքայի նախկին նստավայրում գտնվող «Կանաչ կամար» թանգարանը փակ է: Grünes Gewölbe-ի հավաքածուն սաքսոնական Ավգուստ Հզոր արքայինն էր, որ գահակալել է 18-րդ դարում: «Կանաչ կամար» անվանումը թանգարանը ստացել էր Ավգուստի դղյակի պատերի մալախիտի կանաչ գույնից: Գողերը անհետացել են: Երկուշաբթի առավոտյան 5-ին մերձակա էներգաբաշխիչ կայան են կանչվել հրշեջներ: Ենթադրվում է, որ հրդեհը հատուկ է կազմակերպվել՝ շարքից հանելու թանգարանի ազդանշանային համակարգը: Գերմանիայի թերթերը գրում են, որ գողերը ծռել են առաջին հարկի պատուհանների ճաղերը ու ներս են մտել, թեպետ անցքը շատ փոքր է: Թանգարանի ամենաթանկարժեք զարդերը ցուցադրված են հենց առաջին հարկում: «Կանաչ կամարների» հավաքածուում հազարավոր ոսկերչական զարդեր են, հազվագյուտ թանկարժեք քարեր, արձանիկներ, գավաթներ (այդ թվում՝ Մարտին Լյութերի ու Իվան Ահեղի), սպասք: Թանգարանում է նաև «Զմրուխտներով մավրի» արձանիկը՝ փայտե արձանիկն ընդելուզված է զմրուխտներով, տոպազներով, նռնաքարերով ու 648 կարատանոց շափյուղաներով:

Արձանիկը Պետրոս Մեծի նվերն է: Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերը հայտարարել է, որ կողոպտվել է ոչ միայն թանգարանը, այլև՝ ամբողջ Սաքսոնիան: «Կանաչ կամարում» ու արքայական դղյակում պահվող թանկարժեք իրերը հավաքել է ազատ Սաքսոնիայի ժողովուրդը, հավաքել է մեծ դժվարությամբ դարերի ընթացքում»՝ ասել է վարչապետը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դղյակն ամբողջությամբ ավերվել էր և վերականգնվել է պատերազմից հետո՝ դառնալով Սաքսոնիայի պատմության անբաժանելի մասը:
BBC


Հ.Գ. Զարդերն, ամենայն հավանականությամբ, չեն վաճառվի, պարզապես կհանգրվանեն ինչ-որ մեկի անձնական հավաքածուում, եթե հնարավոր լինի երկրից հանել: Փաստացի գողերը հնարավորություն են ունեցել շատ ավելին տանել, բայց տարել են միայն կոնկրետ զարդեր, իսկ դա հեշտացնում է կողոպուտի բացահայտումը՝ թիրախավորելով հնարավոր պատվիրատուներին: Գուցե Սաքսոնիան կարողանա վերստանալ իր գանձերը՝ ժամանակի ընթացքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ