«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մակրոնն ուզում է փրկե՞լ, թե՞ հողին հանձնել ՆԱՏՕ-ն

Մակրոնն ուզում է փրկե՞լ, թե՞ հողին հանձնել ՆԱՏՕ-ն
24.11.2019 | 13:42

Ֆրանսիայի մամուլը քննարկում է հարցը՝ ինչու՞ իր 70-ամյակին ՆԱՏՕ-ն հայտնվեց խոր ճգնաժամի շեմին, ալյանսի ճակատագրում ի՞նչ դեր ունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ինչպե՞ս են Փարիզի նախաձեռնություններին վերաբերվում ալյանսում:
Le Monde-ի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Էմանուել Մակրոնի խոսքերը հերթական անգամ բարձրացրին կազմակերպության «քաղաքական լիմիտների» հարցը, որ ի վիճակի չէ համակարգել իր անդամների արտաքին քաղաքականությունը: Դա ինքնաբերաբար հանգեցնում է ճգնաժամների, ինչպես եղավ Սիրիայում՝ Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողության պատճառով: Սակայն քաղաքական հակասությունները սպառնալիք չեն համատեղ ռազմական գործողություններին: ՆԱՏՕ-ն, կարծես, ի վիճակի է հակադարձել բոլոր հարվածները, նույնիսկ ամենահզոր: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը, նոյեմբերի 21-ին, Բրյուսելում խոսել է ռազմական բլոկի «արժեքների, նպատակների, միջոցների» խոր վերաիմաստավորման անհրաժեշտության մասին, որ հաշվի կառնի «հավաքական անվտանգության նոր ենթատեքստը»: Նախարարը հերթական անգամ հիշեցրել է ՆԱՏՕ-ի հարաբերությունները Մոսկվայի հետ, որ, Փարիզի կարծիքով, «վերբեռնում» են պահանջում: Հարց, որ խիստ նյարդայնացնում է ալյանսի որոշ անդամների՝ նշում է Le Monde-ը:


Ալյանսի ներսում հակասությունների մասին է գրում Le Figaro-ն: ՆԱՏՕ-ից տարածություն պահելը ֆրանսիացիների ազգային առանձնահատկությունն է՝ սկսած գեներալ Շառլ դե Գոլից՝ բացատրում է ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական հիմնադրամի (FRS) փոխտնօրեն Բրյունո Տերտրեն: «Մակրոնը արևմտյան քիչ նախագահներից է, որ ունի ռազմավարական տեսլական,-ասել է Տերտրեն:-Բայց ստեղծվում է տպավորություն, որ նա մեկն է նրանից, որ ամենաքիչն է հետաքրքրվում ՆԱՏՕ-ով: Նա հաստատում է ֆրանսիական բացառությունը»: Ֆրանսիացիների վրա ծանր տպավորություն է թողել ամերիկացիների վարքագիծը Սիրիայում՝ բացատրել է Le Figaro-ին իր աղբյուրը ՊՆ-ում: Առաջին սառը ցնցուղը Բարաք Օբամայի մերժումն էր՝ գրոհել Ասադի վարչակարգի վրա, եթե նա ընդդիմության դեմ քիմիական զենք կիրառի: «Եվս մեկ գամ» խփեց Դոնալդ Թրամփի հայտարարությունը ԱՄՆ զորքերը Սիրիայից հանելու մասին: «Դաշնակիցների հետ այդպես չեն վարվում: Մենք խիստ զայրացած ենք Սպիտակ տան վրա»՝ մեջբերում է Le Figaro-ն ՊՆ պաշտոնյային:


Փարիզի տեսակետից՝ ալյանսի երկրորդ խնդիրը Թուրքիայի վարքագիծն է, որ մեկ հարձակվում է հակաջիհադական կոալիցիայում ալյանսի դաշնակից քրդերի վրա, մեկ զենք գնում Մոսկվայից, որ անհանատեղելի է ՆԱՏՕ-ական ստանդարտների հետ: «Բայց նախագահի նպատակը ալյանսը կործանելը կամ վարկաբեկելը չէ Լոնդոնում, նպատակը ՆԱՏՕ-ին իմաստ հաղորդելն է»՝ բացատրում են Ելիսեյան պալատում: Այս բոլոր հարցերը պարզելու համար Փարիզն առաջարկում է ստեղծել փորձագիտական խումբ «փորձառու քաղաքական գործիչներից»՝ ալյանսի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ: Առայժմ Փարիզի նախաձեռնություններին ալյանսում զուսպ են վերաբերվում՝ գրում է Le Monde-ը: Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը սահմանափակվեց հայտարարությունով, որ անհրաժեշտ է «պարզել ՆԱՏՕ-ի ապագա դերը»:

Ստոլտենբերգը, խուսափելով ուղղակի մեկնաբանություններից, խոստացավ քննարկել բոլոր հարցերը Մակրոնի հետ անձամբ նոյեմբերի 28-ին, Փարիզում: Պարզ չէ, թե «բրեյնստորմի» առաջարկին ինչպես են արձագանքում Ատլանտիկայի մյուս կողմից: Վաշինգտոնը առանց այդ էլ շատ է հետաքրքրվում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանով: ՆԱՏՕ-ի՝ Մակրոնի քննադատության մեջ ոմանք տեսնում են «եվրոպական բանակի» իր գաղափարն առաջ մղելու մտադրություն, որի մասին նա խոսում է 2018-ից: «Ալյանսում առանց այդ էլ ներքին ճգնաժամի մեծացման լուրջ սպառնալիք կա»՝ մեջբերում է Le Monde-ը ալյանսի ղեկավարությունում իր աղբյուրին: Եթե մինչև այսօր ՆԱՏՕ-ի գլխացավը Թուրքիան էր՝ անվերահսկելի դարձած առանցքային դաշնակից, և ԱՄՆ-ը՝ իր պահանջներով ալյանսի մյուս անդամներին, հիմա պրոբլեմների ցանկին ավելացել է և Մակրոնը՝ ասել է ալյանսի անանուն աղբյուրը:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի թերթերը գուցե չեն գրում, իրականում ՆԱՏՕ-ի պրոբլեմները բնավ էլ ինքնատիպ ու առանձնահատուկ չեն, փաստացի նույն խնդիրներն են, որ այսօր կան ԵՄ-ում, ԵՄ-ԱՄՆ, ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Ռուսաստան և այլ երկրների փոխհարաբերություններում: 1989-ին՝ 30 տարի առաջ, Բեռլինի պատի փլուզումը վերջ դրեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի քանի կոնֆերանսներով վավերացված աշխարհակարգին: Վարշավայի պակտի կազմալուծումից հետո ՆԱՏՕ-ն մնաց միակ ռազմական ալյանսն աշխարհում և ստիպված էր վերանայել իր քաղաքական հայեցակարգը: 30 տարի աշխարհը փորձում է իր համար համակեցության կանոններ մշակել: Նույնը՝ ՆԱՏՕ-ն: Երկուսն էլ դեռ որոնումների մեջ են, ու հաջողության տարբեր ճանապարհներ են տեսնում թե ԵՄ-ի ներսում, թե ՆԱՏՕ-ի ներսում, թե ԱՄՆ-ում: Եվ՝ հանուն համախմբման գլխավոր թշնամի են նշանակում Ռուսաստանին: Ճիշտ նույն կերպ՝ Ռուսաստանին էլ պետք է «թշնամի», որի դերն իդեալական կատարում է ՆԱՏՕ-ն: Ու խաղում են ամեն մեկն իր խաղը: Էմանուել Մակրոնը ուզում է հաստատել խաղի ընդհանուր կանոններ՝ բոլորի համար պարտադիր: Որովհետև դա է խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ