Թռավ, հունիսը թռավ: Նրանց համար, որ դեռ չեն սովորել ո՞նց է ճիշտ գրվում՝ հուՆի՞ս, թե՞ հուԼիս, ասեմ՝ կարևորը օգոստոսն է: Իսկ ընդհանրապես յոթերորդ ամիսը տարբեր է լինում՝ ժամանակը գիտի: Ժամանակը Հայաստանում արևի տակ կարկտահարում է: 1000 տարի միրգ ու բանջարեղեն են աճեցնում, 1000 տարի կարկուտի դեմ անզոր են. 10-20 րոպեում գալիս ու տարվա բերքն ու եկամուտը տանում է: Հետո՝ կանգնում են գյուղեզրին ու պետությունից պատասխան սպասում: Լավ են անում՝ կարկուտից ի՞նչ պահանջեն, երկնքին ո՞նց դատի տան: Պետությունն էլ անմեղսունակի պես մի քիչ փոխհատուցում է տալիս, որից թե ինքն է դժգոհ, թե ստացողը: Ոչ պետությունը, ոչ գյուղացին չեն հասել գերբարդ ընկալմանը, որ երբ ամեն տարի կարկուտ է գալիս, պետք է դաշտն ու այգին պաշտպանելու հակակարկտային միջոց գտնել: Ամպեր կրակելը բլեֆ է: Ցանցեր են պետք: Ցանցերի համար փող է պետք: Պետությունն ուզում է՝ գյուղացին տա, գյուղացին ուզում է՝ պետությունը տա: Երկուսն էլ տուժում են՝ իրար վրա գցելով ու հույսով, որ կարկուտ չի գա: Կարկուտը ծեծած տեղն է խփում: Գոնե այս տարի՝ այդքան բերք կորցնելուց հետո, ցանցերի հարցը համատեղ կլուծե՞ն: Չգիտեմ:
Հայրենասիրության, հանուն հայրենիքի, հաղագս աշխատանքի, բնության ու մարդու նկատմամբ վեհ սիրո ճարտասանելը հեշտ է, ոտքի տակի քարը վերցնել, ճանապարհ բացելը գործ է, հո ճառ ասողները զանգ չե՞ն կախի: Որտե՞ղ է տեսնված, որտե՞ղ է լսված: Միով բանիվ՝ արքունիքը կազմվում է հավատարիմների սկզբունքով, չյուրայինները կողքից կարող են աղմկել՝ որքան ուզում են: Տեղ հասնում է յուրայինների տեսակետը: Յուրայինների պարտքն է պատկերը ակնահաճո ու ունկահմա ներկայացնել, այլապես կդիտվեն սևակնած դավադիր ու գործակալ: Արքունիքը միշտ է այդպես գործել՝ ինքնապահպանության ոսկե կանոնն է՝ դարեդար: Մեծամասնության կամքը սուրբ է փոքրամասնության համար: Իսկ մեծամասնությունը միշտ հավաքվում է իշխանության շուրջբոլորը, որովհետև նրան է տրված որոշում կայացնելու իրավունքը: Գրողի ծոցը, որ պայմանական իշխանական «մեծամասնությունը» փոքրամասնություն է՝ իրականության մեջ ապրող մեծամասնության համեմատությամբ: Իրականության մեծամասնությունը որոշում կայացնող չէ, կատարող է: Նույնիսկ եթե ինքն է ընտրել ու նշանակել իր լեգիտիմ «մեծամասնությանը»: Էսպես էլ ապրում ենք:
Իսկ դուք նամակներ գրեք, նամակներ: Էպիստոլյար ժանրը վերականգնում է իրավունքները ֆեյքերի, լայվերի ու ստատուսների հորձանքի ընդդեմ: Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակ է գրել ու Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը ճգնաժամային որակել: ՀՀ նախագահին, Աժ-ին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին նամակում պարզաբանել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Չմեղադրենք Վահե Գրիգորյանին ուշ կամ անհրաժեշտ տեղում, անհրաժեշտ պահին արթնանալու մեջ, ճգնաժամը վերհանելը կամ վերացնելը նրա կամ որևէ առանձին անձի գործը չէ: Պետության ու իշխանության գործն է:
Իրավական ճգնաժամի պատճառը քաղաքական է՝ տասնամյակներով ՍԴ-ն երկակի դեր է խաղացել. մի կողմից բնականոն գործառնել է՝ ապահովելով պետության մյուս ինստիտուտների գործունեությունը, մյուս կողմից ամեն ընտրությունից հետո կատարել է իշխանության կամքը՝ հետընտրական գործընթացներում ստանձնելով հրշեջի դեր:
Մեկ անգամ միայն՝ 2003-ին, փորձեց ինքնուրույնություն դրսևորել՝ վստահության հանրաքվեի գաղափարով, որ գնաց-կորավ՝ իշխանության կամքով: Հիմա ինչպե՞ս վերաբերվել բարձրագույն դատական ատյանին: Երբ անգամ միատարրություն չկա՝ «անդամ» ու «դատավոր» հասկացությունների ընկալման մեջ: Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հեգնում է՝ տարբերություն չկա կառավարության անդամ ու նախարար հասկացությունների միջև, և դա արձանագրված չէ Սահմանադրության մեջ: Վահե Գրիգորյանը ամբողջ նամակը կառուցում է հենց տարբերության վրա: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ որոշումներն ընդունում են 9 դատավորները, առնվազն 5 դատավորի քվեով, մինչդեռ ՍԴ կազմից 7 ունեն անդամի կարգավիճակ, իսկ անդամները այդ լիազորությունը չունեն։ ՍԴ-ն հայտարարություն էր տարածել՝ դատարանի վերաբերյալ կարծիքների գերակշռող մեծամասնությունը որակելով քաղաքական, որին չեն արձագանքում, իսկ իրենց համարում են ՍԴ դատավորներ։
Փաստացի՝ ՍԴ ճգնաժամը իշխանության ճգնաժամն է, Սահմանադրության փոփոխության ու անցումային դրույթների ոչ միարժեք մեկնաբանության:
ԱԺ-ում հունիսի 20-ին Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությունից հետո տասնյակ իրավաբաններ հիմնավորեցին, որ նրա՝ ՍԴ նախագահի ինքնահռչակումը օրինական չէ: Նրանց հիմնավորումներն ապացուցում էին, որ հարցի լուծումը իրավական չէ, այլ՝ քաղաքական: Քաղաքական լուծումները տարբեր են լինում, այստեղ ու հիմա Սահմանադրական դատարանի գլխին կախված է նորից ու նոր իշխանության գործիքը դառնալու վտանգը: Եթե գործող կազմը հրաժարական տա, առաջարկվեն ու ընտրվեն նոր դատավորներ, ի՞նչ երաշխիք, որ այդ դատավորները անաչառ ու անկախ են լինելու: Մի իրավիճակում, երբ դատական համակարգի անկախությունն ու անաչառությունը մեծ հարցականի տակ են: Եվ՝ միաժամանակ՝ ՍԴ-ն է ամբողջացնում դատական համակարգի անաչառության ու անկախության պատկերը: Վահե Գրիգորյանն առաջարկում է 3 տարբերակ՝ մասնագետներին թողնելով բանավեճերն ու ընտրությունը տարբերակների միջև՝ ծավալուն նամակից այն տպավորությունն է, որ ամբողջ բարդ հավասարումը կազմվում է հանձնարարված պատասխանը ստանալու համար: Իսկ պատասխանը մեկն է՝ ՍԴ կազմը պիտի փոխվի: Բայց դա ոչ թե մեկ իրավաբանի, հիմա արդեն ՍԴ դատավորի գործն է, այլ՝ իշխանության: Եվ պետք է ստանա համակարգային լուծում: Կետային լուծումները համակարգում իրավիճակ չեն փոխում: Սկսած վեթինգից, որ չի տեղորոշվում՝ ով ու ինչպես է իրականացնելու: Հատկապես՝ «ինչպես»-ը, երբ անհայտ է՝ վեթինգի կամ անցումային արդարադատության դրույթները ինչպես ու ով է մշակում: Բացարձակ թափանցիկության ու հրապարակայնության անվան տակ գործընթացները ստացել են անհասկանալի գաղտնիության որակ: Իրարամերժ տեղեկատվությունը վկայում է` ինչ-որ նախագծեր կան ու միջազգային փորձաքննության են ուղարկվել՝ առանց տեղում քննարկվելու: Կոնկրետ ոչ ոք պատասխանատու չէ, թեև բոլորը զբաղված են գործով: Էքզիստենցիալ պատկեր է՝ Գոդոյին սպասելիս, որ արդեն գնացել է:
Օսակայում G20-ի գագաթաժողովն ավարտվեց: Կենտրոնական հանդիպումները՝ Պուտին-Թրամփ, Թրամփ-Ցզինպին: ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը որակել է «Լավ հանդիպում էր, շատ գործնական, մենք անդրադարձանք բոլոր հարցերին, որ փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Թրամփը նրան հետո «լավ տղա է» անվանել ու հանդիպման մթնոլորտը համեմատել «Օսկար» մրցանակաբաշխության հետ: Երկու նախագահներն արձանագրել են, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարելավումը բխում է երկու պետությունների ու ամբողջ աշխարհի շահերից: Պուտինն էլ գոհ է, կառուցողական հանդիպումներից: Օսակայից նա թռել է Մինսկ ու հանդիպել Բատկային, մեկ էլ Ռահմոնին: Թրամփի ու Ցզինպինի հանդիպումն ավելի կոնկրետ է եղել՝ ԱՄՆ-ը հրաժարվել է նոր մաքսատուրքեր սահմանել ՉԺՀ-ից ներկրվող ապրանքների վրա: Վաշինգտոնը դադարեցնում է Պեկինի հետ առևտրային պատերազմը. իբրև սկիզբ՝ ԱՄՆ-ը հանում է Huawei հեռահաղորդակցական ընկերության տեխնոլոգիական արգելափակումը: «Ես համաձայնել եմ կրկին թույլատրել Huawei-ի տեխնոլոգիական ապրանքների վաճառքը»,- ասել է Թրամփը G20-ի ավարտին մամուլի ասուլիսում և նշել, որ Huawei-ին բաղադրամասեր մատակարարող ամերիկյան ընկերությունները դժգոհ են չինական կոնցեռնի հետ համագործակցության արգելքով:
ԱՄՆ նախագահը խաղաղասեր էր անգամ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը: ԱՄՆ Սենատը որոշել է, որ 2020-ի ռազմական բյուջեի նախագծով Թուրքիային կարգելվի F-35 ռազմական ինքնաթիռների և տեխնոլոգիաների վաճառքը: Բացառություն կարող է լինել, եթե Պենտագոնի ղեկավարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատեն, որ Անկարան ձեռք չի բերել S-400 համակարգեր, հետո էլ չի անի: Օսակայում Թրամփը ընդունել է, որ քրդերի դեմ պայքարում Էրդողանին պետք են S-400-ները ու մեղքը գցել է… Օբամայի վրա, որ ժամանակին հրաժարվել է Էրդողանին «Պետրիոտներ» վաճառել: Իսկ հետո գնացել է Կիմ Չեն Ընին հանդիպելու՝ նրա հողում: Առաջին անգամ՝ ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կորեա է ոտք դրել: Դեմոկրատները Վաշինգտոնում այցը անվանել են շոու, բայց Թրամփն ու Կիմը գոհ են իրարից:
ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը: «Կողմերը կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային խնդրի վերաբերյալ և համակարծիք են, որ անհրաժեշտ է կատարել ԳՀՀԾ-ն, երկխոսության միջոցով լուծել խնդիրը, խուսափել լարվածության հետագա լարումից»՝ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ն: Թրամփի կարծիքով՝ «շտապելու անհրաժեշտություն չկա». «Մենք շատ ժամանակ ունենք, չենք շտապում, նրանք ևս կարող են չշտապել: Ժամանակային առումով որևէ ճնշում չկա: Հուսով եմ, ի վերջո ամեն ինչ լավ ավարտ կունենա: Եթե այդպես լինի, հիանալի է, եթե ոչ` կտեսնեք ինքներդ»: Զուգահեռ՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ստեղծած՝ Իրանի հետ առևտրի համար Instex մեխանիզմի միջոցով առաջին ֆինանսական գործարքներն իրականացվել են, հունիսի 28-ին հաղորդել են ԵՄ ներկայացուցիչները Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններից հետո։
Այս իրադարձությունները միայն առաջին հայացքից Հայաստանին չեն վերաբերում, իրականում նաև մենք ենք ուղղակի հասցեատերը աշխարհում կատարվող փոփոխությունների, որոնք պիտի լինեն, բայց հիմնականում չկան, ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականության կողմնորոշիչների առանցքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Իսկ մենք երկու ոտքով խրվում ենք անցյալի մեջ: Աշխարհն՝ աշխարհով, մեր ամենակարևոր հարցը … Սասուն Միքայելյանի մանդատն է: Մի տեղ չեն բարևում, մի տեղ անունը չեն տալիս, նիստերի չի գալիս, ՔՊ-ն հարցը պիտի քննարկի… Բա ԵԿՄ-ն ի՞նչ կլինի: Սասուն Միքայելյանը ՔՊ-ի գոյությունից առաջ էլ Սասուն Միքայելյան էր: Վազգենն իր զինվորներին ասում էր՝ քաղաքականության մեջ մի մտեք, քաղաքականությունը ձեզ կուտի: Մտան՝ ուտում է: Վազգենից հետո ԵԿՄ չի եղել: ՈՒ դա փաստ է: ԵԿՄ-ն ԵԿՄ էր, երբ կար Վազգեն Սարգսյանը, որ խնդիր ուներ կռված տղաներին հավաքել ու նրանց խաղաղության փորձություններից հեռու պահել: ԵԿՄ վերնախավն առաջինը դավաճանեց իր Հավերժ նախագահին ու դարձավ օրվա իշխանության գործիք: Վազգենի օրոք գեներալ Մանվել Գրիգորյանը Ղարաբաղից տուն համարյա չէր գալիս, Ռոբերտ Քոչարյանին ու ՍերԺ Սարգսյանին նա պետք էր իբրև ազատամարտից ողջ վերադարձածների կառավարման գործիք, որի դիմաց տրվում էին բազում արտոնություններ: Այդպես գեներալը դարձավ մոնստր, իսկ հիմա պատժվում է հին ու նոր իշխանություններին անհնազանդության համար: Նույնը՝ Սասուն Միքայելյանի դեպքում է: ՈՒ նրանք կապ չունեն ոչ Վազգենի ԵԿՄ-ի, ոչ Վազգենի հետ: Վազգենին ոչինչ չեն կարող անել ոչ առաջին նախագահի քինախնդրությունը, ոչ մյուս երկուսի ոտնձգությունները, ոչ գործող վարչապետի մանրախնդրությունը: Վազգենին «վնասողը» ինքը Վազգենն է՝ այստեղ ու հիմա Եռաբլուրից էլ խանգարում է փալաս լինել, պահանջում է տեսակ փոխել, մերժում է «մազապուրծը» ու գերադասում «ագրեսորը», պարտադրում է իդեալ, հեռանկար, նպատակ ունենալ, որ 21-րդ դարը մերը լինի: Մեր անդեմ ժամանակներին հերոս պետք չէ, հերիք են հակահերոսները, նրանց հետ համեմատությամբ հանճար են նույնիսկ անուղեղները: Մեր անդեմ ժամանակներում կարևորը ձևն է, բովանդակությունը ավելորդ է: Վազգենն ասում էր զինվորներին՝ «Նամակներ գրեք ձեր սիրելիներին»: Ներկան դեռ խակ է, ապագան կկարդա: ՈՒ՝ կհասկանա: