ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արևմուտքը Վրաստանն անվանում է ժողովրդավար երկիր, այդպե՞ս է

Արևմուտքը Վրաստանն անվանում է ժողովրդավար երկիր, այդպե՞ս է
28.06.2019 | 11:39

Հին, մեծ կուսակցության փոխնախագահի թեկնածու Սառա Պեյլինը մեծ աղմուկ հարուցեց, երբ վստահ հայտարարեց, որ Վրաստանի տեղը ՆԱՏՕ-ն է, նույնիսկ եթե դա նշանակում է, որ ԱՄՆ-ը պետք է պատերազմի Ռուսաստանի հետ: Բայց նրա այդքան աներեր վստահության պատճառները սպրդեցին ընդհանուր ուշադրությունից: «Վրաստանը,- ասաց նա,- «ժողովրդավարություն է», հասկացություն, որ նահանգների քաղաքական գործիչները աջ ու ահյակ սիրում են օգտագործել»: Ջոն Մակքեյնը, երբ Ռուսաստանը զորքեր մտցրեց Վրաստան, Վրաստանն անվանեց «փոքրիկ ժողովրդավարական երկիր» և հայտարարեց՝ «Մենք բոլորս վրացի ենք»՝ նկատի ունենալով, որ Վրաստանի նկատմամբ սպառնալիքը սպառնալիք է ամբողջ աշխարհին: Ջո Բայդենը Վրաստանը մեծարում է «երիտասարդ ժողովրդավարություն», Մայքլ Մակֆոլը՝ Բարաք Օբամայի օրոք ՌԴ հարցերով գլխավոր մասնագետը, նույնպես անվանեց ժողովրդավարություն՝ վերջերս ելույթ ունենալով Կոնգրեսում: Բայց ԱՄՆ քաղաքական իստեբլիշմենտից դուրս ամեն ինչ բոլորովին այլ լույսի տակ է երևում: Freedom House-ը վերջին հետազոտության մեջ Վրաստանը ու Վենեսուելան դասում է նույն խմբում, այսինքն՝ ազատ և ժողովրդավարական երկրի նրա վարկանիշը ավելի ցածր է Մոլդովայից ու Ուկրաինայից և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու յուրաքանչյուր երկրից: Վրաստանի հարցերով փորձագետ և Կոլումբիայի համալսարանի դասախոս Լինկոլն Միտչելը գտնում է, որ վրացական ժողովրդավարության օգտին չէ պետության ու կուսակցության միջև իրական սահմանի բացակայությունը, թեպետ երկիրը նշանակալից տնտեսական հաջողությունների հասավ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի օրոք, այդպես էլ չկարողացավ ստեղծել արդյունավետ դատական համակարգ, թուլացրեց օրենսդիր իշխանությունը և կենտրոնական դարձրեց գործադիրը: Բոլոր դեպքերում, Freedom House-ի գնահատականով, նվազ ժողովրդավարական դարձավ: 2007-ի նոյեմբերին Սահակաշվիլին հրամայեց ցրել հակակառավարական ցույցը խորհրդարանի առաջ, արտակարգ դրություն մտցրեց և մասնավոր հեռուստաալիք փակեց: Վաշինգտոնյան փորձագետները կարող են հանգել բնավ էլ ոչ միանշանակ եզրակացությունների Վրաստանի ժողովրդավարության մասին, բայց քաղաքական գործիչները մեծ մասամբ անտեսում են նրանց տեսակետը: Միտչելի կարծիքով՝ մասամբ այն պատճառով, որ Սահակաշվիլին երիտասարդ նախագահ՝ արևմտյան կրթությամբ, խոսում է ազատության ու ազատասիրության լեզվով, որ դիպչում է Վաշինգտոնի սրտի նուրբ լարերին և թույլ է տալիս ստանալ բարձրաստիճան ու ոչ այնքան քաղաքական գործիչների ու բյուրոկրատների բարյացկամ վերաբերմունքը: Սահակաշվիլիին բարձունք տարած «վարդերի հեղափոխությունը» 2003-ին համընկավ հենց այն ժամանակին, երբ ԱՄՆ-ի գործերն Իրաքում այնքան էլ լավ չէին ու ԱՄՆ-ը կարողացավ ժողովրդավարության դեմքը փրկել Վրաստանի օրինակով: Դա քաղաքական ենթատեքստ ունի: Եթե ելնենք այն ենթադրությունից, որ Վրաստանը փոքրիկ ժողովրդավարական երկիր է չարի կայսրության կրնկի տակ, ԱՄՆ-ի համար ավելի հեշտ է վախկոտության դրսևորում համարել ու անտեսել Արևմտյան Եվրոպայի անհանգստությունը Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարից, կազմակերպություն, որ պատմականորեն միավորում է ազատ ժողովրդավարությունները: Սակայն եվրոպական երկրներին երբեք հատուկ չի եղել աշխարհը սև-սպիտակ տեսնելը, ուրեմն, կարելի է ենթադրել և այլ վարկած՝ ՆԱՏՕ-ն պարզապես պատրաստ չէ Վրաստանի անդամակցությանը:
Մայքլ Ֆրիդման, Newsweek, ԱՄՆ


Հ.Գ. ՆԱՏՕ-ն պատրաստ չէ իր կազմում ընդունել երկիր, որ չլուծված կոնֆլիկտ ունի՝ դա հակասում է ՆԱՏՕ-ի կանոնադրությանը: Բացի այդ՝ ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները Դոնալդ Թրամփի նախագահության օրոք այլևս նախկինը չեն: Ինչպես՝ ԱՄՆ-ՆԱՏՕ հարաբերությունները: ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները փոխում են տրենդը՝ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները վնասում են համաեվրոպական տնտեսությանը և նրանք փորձում են կարգավորել Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները, որի վերջին դրսևորումը ՌԴ Պետդումայի պատվիրակության իրավունքների վերականգնումն էր ԵԽԽՎ-ում: Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կփակի կիսաբացվող դուռը: Իվերջո՝ ԱՄՆ-ի այդքան սիրած Միխայիլ Սահակաշվիլին տանուլ տվեց խորհրդանարանական ընտրությունները և վաղուց արդեն Վրաստանի նախագահը չէ ու Վրաստանում նույնիսկ քրեական գործ է հարուցված նրա նկատմամբ: Վրաստանը սկսել է մերժել նաև «Վրացական երազանքին», որի վկայությունը Թբիլիսիում չդադարող հանրահավաքներն են Ռուսթավելիի պողոտայում: Խորհրդարանի նախագահի հրաժարականը, 100 տոկոս համամասնական ընտրակարգի խոստում ստանալով՝ ցուցարարները պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը: Իսկ հերթական ընտրությունները 2020-ին են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ