Իրականացավ. ապրիլի 30-ին իրանական «Mehr News» գործակալությունը հայտնեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրենք է ստորագրել, ըստ որի, ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը (ԶՈՒԿՀ), որի պատասխանատվության գոտում է Մերձավոր Արևելքը (ճշտում եմ. «Մեծ Մերձավոր Արևելքը», քանի որ ԶՈՒԿՀ-ի զորքերը գործում են և՛ Աֆղանստանում, և՛ Միջին Ասիայի բազաներում) հայտարարվում է «ահաբեկչական կազմակերպություն»։ Իսլամական Հանրապետության կառավարության ղեկավարի ստորագրած օրենքում (հիշեցնենք, որ Իրանում նախագահի և վարչապետի պաշտոնները համատեղված են) նշվում է, որ «Մերձավոր Արևելքում գտնվող բոլոր ամերիկյան ուժերը ահաբեկչական են, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը ահաբեկչության հովանավորն է»։ Նախագահն օրենքը հաստատել է Իրանի խորհրդարանի կողմից դրա ընդունումից երկու շաբաթ հետո։
Որպես տեղեկանք՝ հայտնենք. ապրիլի 16-ին Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց այն օրենքին, ըստ որի Արևմտյան Ասիայում գտնվող ԶՈՒԿՀ ուժերը համարվում են «ահաբեկչական կազմակերպություն»։ ԶՈՒԿՀ-ին ցույց տրվող ցանկացած տեղեկատվական, ֆինանսական, տեխնոլոգիական և այլ միջոցառումները Թեհրանի կողմից դիտարկվելու են որպես «աջակցություն ահաբեկչությանը»։ Օրենքն Իրանի կառավարությանը պարտավորեցնում է ապահովել Իրանի տարածքում կամ նրանից դուրս Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ գործակցող բոլոր իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պաշտպանությունը ԱՄՆ-ի ապրիլի 8-ի որոշման հետ կապված հնարավոր իրավաբանական և այլ վնասից։ Իրանի նախագահը կարգադրել է բանակի հրամանատարությանը, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին (ԱԱԲԽ), արտաքին գործերի և հետախուզության նախարարություններին, ինչպես նաև Իրանի մյուս գերատեսչություններին միջոցներ ձեռնարկել նոր օրենքի անվերապահ կատարման համար։
Բայց ես ուզում եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներն իմանան Հասան Ռոհանիի որոշման և վերը նկարագրված օրենքի նախապատմությունը։ Երբ ամբողջ աշխարհն ափսոսանքով ու ցավակցությամբ հետևում էր Իրանի որոշ հարավային շրջաններում տեղի ունեցած աննախադեպ ջրհեղեղի հետևանքների վերացմանը, ԱՄՆ-ը և Իսրայելը նոր խարդավանքներ էին պատրաստում Իրանի դեմ։ Ջրհեղեղից տուժածներին և զոհերի ընտանիքների անդամներին մարդասիրական օգնություն ցույց տալուն մասնակցում էր, ըստ էության, ամբողջ աշխարհը, բացառությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի։ Նրանք գրեթե բացահայտ ուրախություն էին զգում, որն արտահայտելիս եթեր էին գնում և գնում են ակնհայտ հիմարություններ։ Արդեն արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ ընդունեցին, որ առանց Իրանի հետ համագործակցության արաբներին չի հաջողվի ո՛չ պաշտպանել Սիրիայի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ, ո՛չ էլ հասնել Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախությանը։ Եվ արաբական երկրները, այդ թվում՝ Պարսից ծոցի, տասնյակ տոննաներով մարդասիրական օգնություն էին ուղարկում Իրանի հարավային նահանգներ։ Ընդ որում՝ ոչ միայն արաբները։ Ապրիլի 8-ից նաև Ռուսաստանի և Հայաստանի փրկարարներն սկսեցին մարդասիրական օգնություն հասցնել ծավալուն ջրհեղեղից տուժած իրանցիներին։ «ԻԻՀ-ի խնդրանքով ՌԴ ԱԻՆ-ը ՀՀ ԱԻՆ-ի հետ համատեղ սկսել է հումանիտար օգնության բեռներ հասցնել ավերիչ ջրհեղեղից տուժած իրանցի բնակչությանը»,- ասել է «РИА Новости» գործակալության զրուցակիցը։ Ըստ նրա, բեռների մեջ եղել են վրաններ, վերմակներ, ծալովի մահճակալներ, ընդհանուր հաշվով ավելի քան 4 հազար նյութական միջոցներ, որոնք գնվել են ռուս-հայկական կենտրոնի մարդասիրական պաշարի մեջ ՌԴ-ի միջոցների հաշվին։
Նույնիսկ Արևմուտքի որոշ երկրներ են օգնել և այժմ էլ օգնում են Իրանի ժողովրդին՝ Ֆրանսիան, Սլովենիան, ԵՄ-ի անդամ մի քանի այլ երկրներ։ Արևմուտքում էլ համաձայն են Իրանին, որ ԱՄՆ-ն է խոչընդոտել և խոչընդոտում Իրանի ժողովրդին ավելի լայն մարդասիրական օգնության ցուցաբերմանը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ապրիլի 1-ին քննադատել է մարդասիրական օգնության քաղաքականացումը և հայտարարել, որ կոշտ պատժամիջոցները խանգարում են արդար ու անշահախնդիր մարդասիրական գործունեությանը։ «Աշխարհի շատ մասերում մարդասիրական օգնություն հասցնելու պայմաններն անշահախնդիր են, բայց գտնվում են վտանգի տակ,- հայտարարել է նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ միջազգային մարդասիրական իրավունքին նվիրված նիստում։- Բացի դրանից, մարդասիրական անշահախնդիր և արդար գործողություններին խանգարում է պատժամիջոցների և հակաահաբեկչական միջոցառումների կոշտ ռեժիմը»։ Ըստ նրա, մարդասիրական կազմակերպություններն ավելի հաճախ են ենթարկվում կառավարական և ոչկառավարական զինված ուժերի ճնշմանը, քանի որ դառնում են ինչպես բնակչության, այնպես էլ զանազան կազմակերպությունների պատանդը նրանց նպատակներին հասնելու համար։ Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցները խոչընդոտում են Իրանի արևմտյան շրջանների ուժեղ ջրհեղեղից տուժած բնակչության փրկման աշխատանքներին և էվակուացիային նշել է Մաուրերը։
Ապրիլի 2-ին նրան երկրորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Մարիա Վիոտտին, որը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էսհագ Ալ Հաբիբին ցավակցություն ու կարեկցանք, Իրանի կառավարությանն ու ժողովրդին էլ համերաշխություն է հայտնել ջրհեղեղի կապակցությամբ և ընդգծել, որ մարդասիրական օգնությունը պետք է ազատ լինի ցանկացած էմբարգոյից, նշել ՄԱԿ-ի պատրաստ լինելը ցանկացած համագործակցության և օգնություն ցուցաբերելու։ Վիոտտիի ուղերձին ի պատասխան Ալ Հաբիբը նշել է, որ Իրանի ժողովուրդը և կառավարությունը միավորել են իրենց ջանքերը՝ դիմակայելու համար բնական աղետին և պատրաստ են ողջունելու միջազգային համագործակցության ցանկացած առաջարկ։ «Դժբախտաբար, ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են Իրան միջազգային մարդասիրական օգնության առաքմանը, և ծայրահեղ կարևոր է, որ ՄԱԿ-ն այդ առնչությամբ միջոցներ ձեռնարկի»,- ասել է նա։ Վիոտտին իր հերթին նույնպես ընդգծել է մարդասիրական օգնության ազատումը ցանկացած պատժամիջոցներից. «Ակնհայտ է, որ Իրանին մարդասիրական օգնության առաքումը պետք է բացառվի պատժամիջոցներից»։
Ապրիլի 3-ին, ելույթ ունենալով նախարարների և խորհրդարանի անդամների հետ հանդիպմանը, նախագահ Ռոհանին ԱԳՆ-ին և համապատասխան մարմիններին կոչ արեց պարզելու, թե ինչ պատճառով արտասահմանում ապրող իրանցիները չեն կարող իրենց օգնությունն ուղարկել Իրան։ Նա բարձր գնահատեց ջրհեղեղի կապակցությամբ նախարարների, նահանգապետերի և այլ պաշտոնյաների ջանքերը և ասաց, որ նրանք մարդկանց շուրջօրյա օգնություն են ցույց տվել։ Նախագահն ափսոսանք հայտնեց ջրհեղեղներից մարդկանց վնասների և 60 զոհի առթիվ։ «IRNA»-ն նշում է Ռոհանիի հետևյալ գնահատականը. «Դժբախտաբար, ԱՄՆ-ը շրջափակել է Կարմիր կիսալուսնի հաշիվները և դժվարացրել այլ երկրներից եկող օգնության տրամադրումը ջրհեղեղից տուժած իրանցիներին»։ Ավելի վաղ Իրանի և ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է Իրանի՝ ջրհեղեղից տուժած արևմտյան շրջաններում իրականացվող փրկարար գործողություններին և բնակչության էվակուացիային՝ շրջափակելով իրանական Կարմիր մահիկի հաշիվները։
Այդ կապակցությամբ ուզում ենք հիշեցնել, որ դեռևս ապրիլի 1-ին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Վաշինգտոնին մեղադրել է «տնտեսական ահաբեկչության» մեջ։ «Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշումը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անտեսում է, ինչպես նաև խոչընդոտում է աննախադեպ ջրհեղեղից ավերված համայնքներին իրանական Կարմիր մահիկի ընկերության կողմից օգնություն ցույց տալուն»,- «Թվիթերի» իր էջում գրել է Զարիֆը։ Ըստ նրա, Իրանին մատակարարվող արգելված սարքավորանքի և տեխնիկայի ցուցակի մեջ են ընկել նաև մարդկանց էվակուացիայի համար անհրաժեշտ փրկարարական ուղղաթիռները։ «Դա սոսկ տնտեսական պատերազմ չէ, դա տնտեսական ահաբեկչություն է»,- ընդգծել է Զարիֆը։ Համաձայնենք, որ պաշտոնական Թեհրանի այդ գնահատականները գրեթե 100 %-ով համընկնում են ԱՄՆ-ի պատժամիջոցների և իրենց էլեկտրաէներգետիկ օբյեկտների վրա վերջին կիբերհարձակումների մասին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գնահատականին։ Հիշենք այս տարվա մարտին նրա արած հայտարարությունը. «Վենեսուելայի էլեկտրական համակարգերի վրա կատարած կիբերհարձակումը ԱՄՆ-ի կառավարության ահաբեկչական գործողությունն է Վենեսուելայի ժողովրդի դեմ։ Վենեսուելայի ժողովուրդը հաղթահարել է Դոնալդ Թրամփի կառավարության ահաբեկչական հարձակումը, իսկ այժմ մենք պատրաստվում ենք առաջ շարժվելու»։
Ամերիկյան «The American Conservative» հանդեսն ապրիլի 8-ին գրել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում ջրհեղեղից տուժածներին ուղարկվող մարդասիրական օգնության շրջափակումը ենթադրում է, որ Թրամփի վարչակազմը խաղաղ մարդկանց չի տարբերում Իրանի կառավարությունից, չնայած «գեղեցիկ խոսքերին», և ոչ մի օգնություն ցույց չի տալիս ջրհեղեղից տուժածներին։ Հանդեսի գլխավոր խմբագիր Դանիել Լարիսոնն իր «Թրամփը ջրասույզ է անում ջրհեղեղից տուժած իրանցիներին» հոդվածում գրում է, որ «ԱՄՆ-ի պատժամիջոցները խանգարեցին տուժած մարդկանց միջազգային օգնությանը։ Ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 70 մարդ, մոտ 1900 գյուղ էլ դեռ ջրի տակ է... Իրանցիներին օգնելուն խանգարելը լիովին խորհրդանշում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականությունը։ Թրամփի վարչակազմը ձևացնում է, թե անհանգստանում է Իրանում աղետի մեջ հայտնված մարդկանց համար... Բայց ամեն ինչ անում է Իրանի համար իրավիճակը վատթարացնելու և ավելի բարդացնելու նպատակով։ Թրամփի վարչակազմը մարդկանց օգնելու փոխարեն խորտակում է նրանց։ Անցյալ տարի այդ քաղաքականությունը ղեկավարում էր Վաշինգտոնը, բայց օգնություն ցուցաբերելու ջանքերի շրջափակումն ամեն ինչից լավ ցուցադրեց այդ քաղաքականությունը»։ «Իրանի դեմ ԱՄՆ-ի բանկային պատժամիջոցների պատճառով Իրանի Կարմիր մահիկին միջազգային դրամական որևէ օգնություն չի տրամադրվել»,- իրավիճակի կապակցությամբ իր հայտարարությունն է հրապարակել նաև Իրանի Կարմիր մահիկը։
Դրա փոխարեն Թրամփի վարչակազմը ապրիլի 8-ին արեց այն, ինչի մասին կանխագուշակում և Վաշինգտոնին վաղօրոք զգուշացնում էր ՌԴ ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ դեռ ապրիլի 4-ին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Իրանի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի ավելի վաղ ասածը, թե Թեհրանը մեղավոր է Իրաքում պատերազմի ժամանակ (2003-2011. նկատի ունի հակաամերիկյան ապստամբությունն Իրաքում շեյխ, այժմ՝ այաթոլահ Մուքտադա աս Սադրի գլխավորությամբ) ամերիկացի 608 զինվորականների ոչնչացման համար, կոշտ կերպով ընդգծել է, որ Մոսկվան Վաշինգտոնին զգուշացնում է Իրանի հետ հարաբերություններում լարվածությունն ուժեղացնելու համար առիթներ փնտրելուց։ Նշելով, որ Վաշինգտոնը պետք է բացատրի, թե ինչ նկատի ունի այդ հայտարարություններով, քանի որ Մոսկվան տեղեկություններ չունի Իրաքում ամերիկացիների և իրանցիների միջև մարտական բախումների մասին, Զախարովան հայտարարել է. «Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնում հակաիրանական տրամադրություններն անցնում են ամեն աստիճան, բայց այնուամենայնիվ, ինչ-որ արդարացում պետք է լինի արվող հայտարարությունների համար։ Մենք այն տպավորությունն ենք ստանում, որ Վաշինգտոնում փորձում են հերթական առիթը հորինել արդարացնելու համար Իրանի հետ հարաբերությունների կտրուկ ծավալումը, եթե դա նպատակահարմար համարեն։ Մեր կողմից կցանկանայինք նախազգուշացնել նման քայլերից, որովհետև դրանք հղի են ամբողջ Մերձավոր Արևելքի կայունության համար աղետալի հետևանքներով, որն առանց այդ էլ տագնապի մեջ է»։ Իսկ Հուքի հայտարարությունը Զախարովան անվանել է «ցնցող», միաժամանակ անդրադարձել Իրաքի պատերազմի ժամանակ ամերիկացիների գործողություններին, նշելով, որ 2003 թ. ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք հանգեցրել է երկրի փաստացի ավերմանը և հարյուրհազարավոր իրաքցիների ոչնչացմանը, նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը 1988 թ. Պարսից ծոցում խփել է իրանական քաղաքացիական ինքնաթիռ, ինչից զոհվել է 300 մարդ, և Հուքին առաջարկել է արտահայտվել նաև այդ թեմայով։ Զախարովան ԱՄՆ-ի պաշտոնյաներին իրենց հայտարարությունների համար պատասխանատու լինելու կոչ է արել և հիշեցրել, որ Ռուսաստանը նպատակ ունի կանխելու ԱՄՆ-ի կողմից այնպիսի միջոցառումների կիրառումը, որոնք աղետալի հետևանքներ կունենան Մերձավոր Արևելքի համար։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ