Լրագրող Ջեյկ Ադելշտեյնը, որ զբաղվում է հետազոտություններով ու Ճապոնիայում կազմակերպված հանցավորության փորձագետ է, բացում է հակառակ կողմը այդ խմբավորումների, որոնց մի մասի ծագումը հասնում է Մեյձիի դարաշրջանի սկզբին՝ գրում է Վենսան Ժյոլին Le Figaro-ում։ Այսօր, երբ մարդիկ մտածում են յակուձայի մասին, պատկերացնում են տատուներով տղամարդկանց, որ նվազագույնը 2 կտրված մատներով սրեր են ճոճում: Իրականում մենք ավելի շուտ բախվում ենք Goldman Sachs-ի պես բանկիրների հետ, բայց՝ ատրճանակներով՝ բացատրում է Ադելշտեյնը։ Ջեյկն առաջին արտասահմանցի լրագրողն է, որ աշխատել է Ճապոնիայի Yomiuri Shimbun թերթում՝ նախքան կազակերպված հանցավորության հարցով մասնագիտանալը։
«Պետք է հասկանալ, որ եթե այսօր Ճապոնիան ունի անվտանգ երկրի համբավ, որտեղ ձեզ հետ ոչինչ չի պատահի, մասամբ պարտական է յակուձային,-բացատրում է փորձագետը:-Ի տարբերություն այլ մաֆիաների, յակուձան շատ խիստ կանոններ ունի և բոլորովին այլ կառուցվածք։ Յակուձայի անդամները իբրև ընտանիքներ կազմակերպված չեն, չկան ազգակցական հարաբերությունների կամ արիստոկրատիայի հասկացություններ։ Յակուձայի բոլոր հայտնի 24 խմբերը Ճապոնիայում գործում են իբրև ակումբներ։ Դուք կարող եք հեշտությամբ անդամակցել՝ վճարելով անդամակցության գումարը»: «Եթե դուք առաջարկ ունեք, բավականին արագ կարող եք բարձրանալ ծառայողական սանդղակով: Դուք կարող եք յակուձայից դուրս գալ, երբ ցանկանաք և մատը կտրելու ոչ մի անհրաժեշտություն չկա»,- բացատրում է Ադելշտեյնը։ Դա յակուձայի մասին ամենատարածված միֆերից մեկն է, որ կազմակերպությունից հեռացողը պետք է կտրի ճկույթն ու անանուն մատը: Այդ ավանդույթը սամուրայներինն է՝ զինվորների կաստայի, որ Ճապոնիան կառավարում է 1000 տարուց ավելի: Կենդզյուցուի՝ սամուրայի թրին տիրապետելու արվեստի մեջ այդ 2 մատերը շատ կարևոր դեր ունեն: Երբ մարդիկ ապրում էին հանուն սրի ու սրի շնորհիվ, երկու մատները կտրելը նշանակում էր կամավոր թուլանալ՝ սխալի դիմաց ներում ստանալու համար՝ շինիյուբի (մեռած մատ)՝ սեփական մեղքը քավելու համար կամ իկիյուբի (ողջ մատ)՝ ուրիշի սխալի դիմաց ներում ստանալու համար։
«Երկրորդը, որ պետք է հասկանալ, Ճապոնիայում քաղաքականությունն ու մաֆիան անքակտելի կապված են միմյանց, և դա շոկ չի հարուցում: Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որ նորագույն պատմության մեջ ամենից շատ է եղել իշխանություն և վարչապետ Սինձո Աբեի կուսակցությունն է, մասնակի ֆինանսավորվում է յակուձայի փողերով: Հնարավո՞ր է այդ մաֆիայի անհետանալը: Ոչ մի դեպքում: Յակուձայի անդամները միակ մարդիկ են, որ համաձայնում են անել այն աշխատանքը, որ ոչ ոք չի ցանկանում անել»։ Օրինակ՝ ատոմային արդյունաբերության մեջ։ Ճապոնիայում դուք չեք կարող մարզասրահում անդամագրվել, եթե յակուձայի տատու ունեք, բաց առանց դժվարության կարող եք աշխատել էլեկտրակայանում։ 2017-ին The Washington Post-ում Ջեյկ Ադելշտեյնը գրել էր. «Փոխվում են յակուձայի անդամների փող աշխատելու միջոցները։ Նրանք ներդրումներ են անում կիբեռհանցագործության մեջ։ Նրանք հրաժարվում են պատվի ու խորհրդանիշների իրենց կանոններից, որ նրանց երևացող ու պաշտոնական էին դարձնում։ Նրանք չեն կործանվում, նրանք ձևափոխվում են: Նրանք չեն անհետանում, այլ ավելի խելամիտ են դառնում»։
Վենսան Ժոլի, Le Figaro
Հ.Գ. Իվերջո, մաֆիան կյանքի կազմակերպման ձև է, որ մրցակցում է պետության հետ՝ համագործակցելով պետական պաշտոնյաների հետ ու գործելով նրանց դեմ։ Ինչպես Կոզա նոստրան, յակուձան էլ ունի դարավոր ավանդույթներ և հեռանկարներ, քանի պահանջարկ ունի: Իսկ պահանջարկն ապահովում են մարդիկ, որ պետության պաշտոնական կառուցվածքը չեն ընդունում իբրև գերակա և ստեղծում իրենց կառույցները, ու աշխատում իրենց փողերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ