«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Հայերի ցեղասպանության հիշատակի օրվա պատճառով՝ լարվածություն Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև

Հայերի ցեղասպանության հիշատակի օրվա պատճառով՝ լարվածություն Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև
27.04.2019 | 11:43

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է Ֆրանսիային, որ մտադիր է նպաստել հայերի ցեղասպանության ճանաչմանը իբրև ոճրագործություն մարդկության դեմ՝ գրում է Մարի Ժեգոն Le Monde-ում։ Վիրավորված` ապրիլի 24-ը հայերի ցեղասպանության հիշատակի ազգային օր դարձնելու Ֆրանսիայի որոշումից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց դատափետել «սովորեցնել սիրողներին»՝ այդ թվում՝ Ֆրանսիային, մեղադրելով, որ «նրանք էլ արյունոտ անցյալ ունեն»։ Ապրիլի 24-ին ելույթ ունենալով Անկարայում, Բեստեպի իր պալատում, որտեղ անցկացվում էր արխիվների ու պատմական հետազոտությունների հարցերով սիմպոզիում, նա հարձակվեց Ֆրանսիայի վրա. «Մեզ շատ լավ հայտնի է՝ ով է սպանել 800 000 մարդու Ռուանդայում ցեղասպանության ժամանակ, 25 տարի առաջ: Մեղավորը ֆրանսիացիներն էին։ Եվ հիմա Ֆրանսիան հանդգնում է մեզ դասեր տալ»։ Երկրներին, որ «խառնաշփոթ են սերմանում հայերի այսպես կոչված ցեղասպանության մասին իրենց պնդումներով, հատկապես Ֆրանսիային», առաջարկվեց ծանոթանալ օսմանյան արխվների հետ: «Մենք ոչինչ չունենք թաքցնելու»՝ հայտարարեց Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Twitter-ի իր էջում շարադրեց 1915-ի իրադարձությունների իր պատկերացումը. «Հայ ապստամբների և նրանց կողմնակիցնրի՝ մուսուլմաններին սպանողների, այդ թվում՝ կանանց ու երեխաների, տեղափոխումը արևելյան Անատոլիա, ամենախելամիտ որոշումն էր այդ շրջանում»։ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը, որ չորեքշաբթի օրը Փարիզում մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակի առաջին օրվան, արձագանքել է՝ հայտարարելով, որ «Ֆրանսիան թույլ չի տա իրեն վախեցնել որևէ ստով, որևէ ճնշումով» և «մտադիր է նպաստել հայերի ցեղասպանության ճանաչմանը իբրև մարդկության ու քաղաքակրթության դեմ ոճրագործության»։ Պատմաբանների գնահատականով՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացվել է մեկուկես միլիոն հայերի կազմակերպված սպանություն։ Անկարան հերքում է այդ թվերը՝ հղում անելով պատերազմի քաոսում փոխադարձ զանգվածային ոչնչացմանը։ Այդ իրադարձություններից 104 տարի անց թուրք պաշտոնյաները լսել չեն ուզում ցեղասպանության մասին, թեպետ բազմաթիվ պատմաբաններ ու 20 երկրներ ճանաչել են հայերի նպատակային բնաջնջումը 1915- 1917-ին: Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ տղամարդկանց ձերբակալել են ու սպանել, իսկ կանանց ու երեխաներին արտաքսել են Միջագետքի անապատներ՝ «մահվան քարավաններով»։ Այսօր Անկարան ու Երևանը չունեն դիվանագիտական հարաբերություններ և երկու երկրների ընդհանուր սահմանը փակ է։

Մարի Ժեգո, Le Monde

Հ.Գ. Մինչ Էրդողանն Անկարայում արխիվներ բացելու կեղծ կոչեր էր անում՝ ապրիլի 23-ից թուրք վարձկանները սիրիական Էլ Բաբ քաղաքում հարձակվել են հայ ընտանիքների վրա, կողմերի միջև բախումներ են տեղի ունեցել՝ հայտնում է քրդական hawarnews.com կայքը: Թուրքական բանակի և վարձկանների կողմից շրջափակված Էլ Բաբի աղբյուրները լրագրողներին հայտնել են, որ ուժեղ բախումները սկսվել են ապրիլի 23-ի երեկոյան ժամը 7-ին և մի քանի ժամ տևել: Թուրք վարձկանները հարձակվել են քաղաքում բնակվող հայկական արմատներով ընտանիքների վրա: Հրազենային վիրավորումներ ստացած մի քանի վարձկաններ տեղափոխվել են հիվանդանոցներ: Տուժած հայերի մասին տեղեկություն չի հաղորդվում: Ինչպե՞ս է Էրդողանը դա բացատրում:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը Պետական արխիվում Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթերի վերաբերյալ հարցում է ուղղել նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթային. «Թուրքիայի Հանրապետության նախագահի օգնական Ֆուաթ Օքթային հղել ենք հետևյալ հարցումը` պատասխանի պահանջով.

Հանրապետության նախագահ Էրդողանի` Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առթիվ 2019թ. ապրիլի 24-ի հայտարարության մեջ նշված է. «Մեր արխիվների դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնց նպատակն է բացահայտել ճշմարտությունը: Մենք գաղտնիք չունենք»: Այսպիսով, շեշտելով, թե բոլոր պետական արխիվները բաց են բոլոր ուսումնասիրողների առջև: Ուստի, հարցնում ենք` հայ ժողովրդի նկատմամբ գործած մարդկային հանցագործությունների ոճրագործներին դատելու նպատակով 1919-1922թթ. գործած Պատերազմական ատյանի ատենագրությունների ճակատագիրը: Ուսումնասիրողները հայտնում են, թե հիշյալ ատենագությունները հասանելի չեն իրենց:

Պատերազմական ատյանի ատենագրությունները պետական արխիվում չե՞ն գտնվում: Հիշյալ ատենագրություններն առաջին անգամ ե՞րբ են արխիվ մուտքագրվել: Ատենագրությունների տվյալները վերջին անգամ ե՞րբ և ո՞ր արխիվի գրացուցակի վրա էին: Որտե՞ղ են և ո՞ր արխիվի մեջ են պահված այս ատենագրությունները, եթե իրականության չեն համապատասխանում բնագրերի բացակայության կամ դրանց անհասանելիության վերաբերյալ պնդումները: Ուսումնասիրողները, որոնք «ուզում են բացահայտել ճշմարտությունը», ի՞նչ միջոցով պետք է կարողանան հասնել այդ ատենագրություններին»:

Հետաքրքիր է՝ ի՞նչ են պատասխանելու Գարո Փայլանին: Փաստաթղթեր են ներկայացնելու՞՝ ինչպես են հայերը բնաջնջել խաղաղ «թուրքերին», թե՞ ինչպես են քրդերը հարձակվել հայերին ուղեկցող թուրքերի վրա՝ հաստատելու թուրքական ավանդական քարոզչության պոստուլատները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ





Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ