«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ի վերջո, որտե՞ղ է Թուրքիան պատերազմում ՔԲԿ-ի դեմ, թե՞ դա բոլորովին էլ ՔԲԿ-ի դեմ չէ

Ի վերջո, որտե՞ղ է Թուրքիան պատերազմում ՔԲԿ-ի դեմ, թե՞ դա բոլորովին էլ ՔԲԿ-ի դեմ չէ
09.04.2019 | 01:07

(Նախորդ մասը)

Այդ դեպքում հարց է ծագում. այդ ի՞նչ է, թուրքերը թույլ են տվել, որ իրանական զորքերը, թեկուզ ոչ բանակը, այլ իրանական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները, մտնեն թուրքական տարա՞ծք։ Թե ինչու ԻՀՊԿ-ն, հասկանալի է. իրանական օրենքներով Իրանի սահմանների անվտանգության ապահովումը դրված է ԻՀՊԿ-ի վրա։ Հասկանալի է նաև, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չէր տա, որ թուրք զինծառայողները մտնեին իր տարածք։ Նկատի ունենալով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, դերծովակալ Ալի Շամխանիի վերջերս արած հայտարարությունը՝ Թեհրանը պատրաստ է կանխիչ հարվածներ հասցնելու ցանկացած երկրի, որից վտանգ կսպառնա իրանական սահմաններին։ Այնպես որ, միայն մի տարբերակ կարող է լինել. ԻՀՊԿ-ի որևէ զորամաս ներխուժել է թուրքական տարածք և «տրորել» ՔԱԿԿ-ի ջոկատը կամ ջոկատները, բայց ոչ ՔԲԿ-ի։ Ի դեպ, դերծովակալ Շամխանիի նախազգուշացումը վերաբերում է ոչ միայն Թուրքիային կամ Իրաքին, այլև Միջին Ասիայի հանրապետություններին, Աֆղանստանին, Պակիստանին և, պարզ է, նաև Հարավային Կովկասի հանրապետություններին, այդ թվում՝ Հայաստանին ու Արցախին։
Ցույց տանք, թե ինչու թուրք-քրդական ՔԲԿ-ն չի կարող լինել իրանական հատուկ ծառայությունների և ԻՀՊԿ-ի թիրախը։ ՔԱԿԿ խմբավորումը գոյություն ունի 1997-ից, ձևավորվել է քրդական ուսանողական իրավապաշտպան շարժման հիման վրա։ Միայն 2004 թ., ընդ որում, ամերիկացիների և անգլիացիների կողմից արդեն օկուպացված Հյուսիսային Իրաքի տարածքում, կազմավորվեց որպես ՔԱԿԿ կուսակցություն։ Կազմակերպության հիմնադիրները, ոգևորված Իրաքում քրդական ինքնավար մարզի ստեղծման հաջողությամբ, ինչպես նաև Թուրքիայի հետ ՔԲԿ-ի պայքարով, որոշեցին քաղաքական ու զինված պայքար մղել Իրանի հետ քրդական ինքնավարություն հաստատելու համար։ Կազմակերպության համանախագահներն են Աբդուլ Ռահման Հաջի Ահմադին և Էվինդար Ռենասը։ Նրանք կուսակցության գաղափարական ու պատվավոր առաջնորդ հռչակեցին Աբդուլա Օջալանին, որի քաղաքական գաղափարներն ու ռազմավարությունը դարձան կազմակերպության գործունեության հիմքը։ Ինչպես ՔԲԿ-ում, ՔԱԿԿ-ի անդամների կեսը կանայք են, որոնցից շատերը դեռահաս են։ ՔԱԿԿ-ն կանանց ակտիվորեն զինվորագրում է Իրանի դեմ պարտիզանական պայքարի համար։ Հենց այդ պատճառով Անկարան ՔԱԿԿ-ն անվանում է «ՔԲԿ-ի իրանական նմանակը»։ Բնական է, որ Իրանի իշխանություններն այդ կուսակցությունը համարում են ահաբեկչական և արգելում, բայց երբեք այն չեն անվանել «ՔԲԿ-ի մասնաճյուղ»։
2011 թ. ՔԱԿԿ-ից, ըստ էության, հրաժարվեցին նաև ՔԲԿ-ի առաջնորդները. ՔԲԿ-ի փեշմերգայի (քրդական աշխարհազորի) գլխավոր հրամանատար Մուրադ Կարայիլանը, որը հիմնավորվել էր հենց Կանդիլի լեռներում, հայտարարեց, որ ՔԱԿԿ-ի բոլոր ջոկատները հանվել են Իրանի տարածքից, դադարեցված է զինված հակամարտությունը իրանական զորքերի հետ, և հայտարարված է զինադադար։ Հենց այդ ժամանակ ՔԱԿԿ-ի ակտիվիստներն ու զինյալներն անցան Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների լիակատար հսկողության, ինչպես նաև Բարզանիի կլանի և նրա ՔԺԿ կուսակցության խնամակալության տակ։ Նշենք, որ ՔԲԿ-ի զինվորական հրամանատարության՝ ՔԱԿԿ-ի զինյալներին «սեղմելու» որոշումը ծնվել է հենց այն տարիներին, երբ Արևմուտքը Թուրքիայի և այլ խամաճիկ երկրների լիակատար աջակցությամբ պատերազմ սկսեց Սիրիայի դեմ։ Եվ դա պատահական զուգադիպություն չէ. հետագայում հենց ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի հիման վրա կայացավ ՔԲԿ-ի փեշմերգայի մերձեցումը և համագործակցությունը իրանամետ շիական աշխարհազորերի հետ Սիրիայում և Իրաքում, և պետք է ենթադրել նաև, որ իրանական ԻՀՊԿ-ի և հատուկ ծառայությունների հետ։ Սակայն ՔԱԿԿ-ի ջոկատների մի մասն առաջվա պես, Բարզանիի կլանի խնամակալությամբ, գործում է Իրաքյան Քրդստանում և պարբերաբար փորձում է անցնել Իրան։ Դատելով 2017 թ. իրադարձություններից, նրանց հետ ակտիվորեն «աշխատում են» նաև թուրքական հատուկ ծառայությունները։ Մենք կարող ենք միայն ենթադրել, որ թուրքերի և ՔԱԿԿ-ի գործակցությունն սկսվել է այն բանից հետո, երբ իրաքյան «Ալ-Խաշդ աշ-Շաաբիի» շիաների համաձայնությամբ 2016 թ. նոյեմբերին Իրաքի հյուսիսում Բաշիկ քաղաքը ԻՊ-ի օկուպացիայից ազատագրեց հենց ՔԲԿ-ի աշխարհազորը։
Այդ ժամանակ էլ քրդերը Բաշիկից վռնդեցին նաև թուրք օկուպանտներին, ոչնչացնելով նրանց բազան և պատժիչ կորպուսի շտաբը։


Այնուամենայնիվ, մեր ձեռքի տակ է իրար հերքող երկու հայտարարություն՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սոյլուի և Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբում աղբյուրի։ Արդեն ճաշակի հարց է, թե ով ում կհավատա։ Մեր կարծիքով, Կանդիլի լեռներում ՔԲԿ-ի ուժերի գլխավոր հրամանատար Կարայիլանի և Իրանի միջև համաձայնագիրը դեռևս ուժի մեջ է։ Եվ դրանով է բացատրվում այն փաստը, որ նրան ենթակա մի շարք ջոկատներ միավորված են եզդիական ՍԴՋ-ի աշխարհազորի հետ։ Այստեղից էլ Անկարայի անթաքույց ատելությունը Իրաքի եզդիների և Սինջարում նրանց կենտրոնի նկատմամբ, քանի որ Կանդիլի նման այդ տեղն էլ է մշտապես գտնվում թուրքական ՌՕՈՒ-ի թիրախում։ Բայց այդ դեպքում ճիշտ է աղբյուրը Իրանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբում, որովհետև ՔԲԿ-ն և Մուրատ Կարայալանը պահպանում են պայմանավորվածությունները ՔԱԿԿ-ի վերաբերյալ, իսկ իրանցիները չէին կարող մասնակցել և չէին մասնակցում ՔԲԿ-ի փեշմերգայի դեմ Թուրքիայի գործողություններին։


Տարօրինակ է, բայց այդ ամենից հետո էլ Անկարայի և Թեհրանի միջև շարունակվում էր խոսքակռիվը, թե ով և ինչ է ձեռք առել ՔԲԿ-ի քրդերի դեմ։ Բանն այն է, որ Թեհրանի անանուն աղբյուրի հերքումներից հետո էլ թուրքական կողմը համառորեն կրկնում էր, և կրկին պաշտոնական մակարդակով, որ իրանա-թուրքական համատեղ գործողությունը եղել է և հենց ՔԲԿ-ի քրդերի դեմ։ Մարտի 20-ին թուրքական ՆԳՆ-ն հաղորդել է, որ Թուրքիան և Իրանը պայմանավորվել են շարունակել համատեղ գործողությունը ՔԲԿ-ի դեմ։ ՆԳՆ-ի տվյալներով, «Թուրքիայի և Իրանի ՆԳ փոխնախարարներ Մուխթերեմ Ինջեն և Հոսեյն Զոլֆաղարին հեռախոսով բանակցել և քննարկել են երկու երկրների սահմանի համատեղ գործողությունը, որն սկսվել է մարտի 18-ին»։ Հաղորդվել է նաև, որ հեռախոսով շփվել են թուրքական ոստիկանության հրամանատար, գեներալ Արիֆ Չեթինը և Իրանի սահմանապահ գվարդիայի պետ, բրիգադային գեներալ Կասեմ Ռեզային ու պայմանավորվել շարունակել գործողությունը ՔԲԿ-ի ուժերի դեմ։ Թուրքերի համառությունը հավանաբար զայրացրել է իրանցիներին, և մարտի 21-ին Իրանի ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին հայտարարեց ի լուր ամենքի. «Սահմանին իրանական զինված ուժերը թուրքական բանակի հետ համատեղ գործողություն չեն կատարել քրդական բանվորական կուսակցության անդամների դեմ»։


Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններով մենք ստուգեցինք՝ հեռախոսազրույց եղե՞լ է Անկարայի և Թեհրանի միջև։ Պարզվում է՝ եղել է։ «Mehr News» գործակալությունն այսպես է ներկայացրել այդ փաստը. «Իրանի ՆԳ նախարարի անվտանգության և ոստիկանության հարցերով տեղակալ Հոսեյն Զոլֆաղարին հեռախոսով խոսել է Թուրքիայի ՆԳ նախարարի տեղակալ Մուխթերեմ Ինջեի հետ... Իրանցի պաշտոնյան բավարարվածություն է հայտնել անվտանգության բնագավառում համագործակցության վիճակով՝ ընդգծելով, որ ահաբեկչական խմբերն իրենց անվտանգ չպետք է զգան երկու երկրների տարածքում»։ Ինչպես տեսնում ենք, համատեղ սահմանների շրջանում ինչ-որ իրողությունների մասին Թուրքիայի և Իրանի գնահատականների տարբերությունը հանգեցրել է նրան, որ արդեն հնչել է իրանական բանակի ձայնը։ Հանձն չենք առնում ասել, թե հետագայում ինչի կհանգեն Անկարան ու Թեհրանը այդ յուրահատուկ վեճում։ Բայց կարծում ենք, որ Թուրքիայի և Իրանի այդ գնահատականների տարբերությունները ժամանակի առումով պատահաբար չեն համընկել և՛ Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի ջանքերին Չինաստանի աջակցության, և՛ այն առնչությամբ, որ կրկին ուժեղանում են ԻՊ-ի ահաբեկիչների հետ սերտ կապերի առնչությամբ Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքները։


Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի հերքմանը Անկարայի արձագանքի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ անձամբ նախարար Սոյլուն շատ է վհատված։ Թուրքիայի և Իրանի առավել բարձրաստիճան իշխանություններն առայժմ լուռ են։ Բայց նշենք, որ թուրքական կողմի սադրանքը երևի ամբողջովին չի հաջողվել, անգամ լիովին խափանվել է։ Իսկ մենք հիանալի հասկանում ենք, թե Իրանը և՛ Սինջարի եզդիների, և՛ Կանդիլի լեռներում ՔԲԿ-ի շտաբի հետ կապի ինչքան միջոցներ ունի, նաև գիտակցում ենք, որ և՛ ԻՀՊԿ-ի, և՛ Իրանի բանակի անցումն Իրանի սահմանների «ակտիվ պաշտպանության» դատարկ խոսք չէ։ Եվ եթե 10 օր առաջ հարց էինք տալիս, թե այդ ում հետ է Անկարան պայմանավորվել «ՔԲԿ-ի դեմ համատեղ գործողության մասին», ապա հիմա պակաս հրատապ չէ հետևյալ հարցը. «Իսկ դա եղել է հենց ՔԲԿ-ի՞, թե՞ ՔԱԿԿ-ի դեմ»։ Հավանաբար ժամանակն է, որ Թուրքիան հետևի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խորհրդին և ճշտի իր պատկերացումները, թե տարածաշրջանում այդ ինչ քրդական կուսակցություններ են ՔԲԿ-ն ու նրա «մասնաճյուղերը», և ով է նրանց ընդունում որպես այդպիսիք։


Թուրքիան հարկադրված կլինի խորապես մտածելու և շտապ որոշում ընդունելու, թե ում հետ է. ահաբեկիչների ու նրանց ամերիկացի և իսրայելցի խնամակալների՞, թե՞, այնուամենայնիվ, Իրանի և Ռուսաստանի։ Ժամանակը խիստ սեղմում է քաղաքական ասպարեզում մանևրելու թուրքերի հնարավորությունները։ Բանն այն է, որ այն նույն օրը, երբ գեներալ Շեկարչին մեկ անգամ էլ հերքեց Թուրքիայի պնդումները ՔԲԿ-ի քրդերի դեմ համատեղ գործողության մասին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության գծով կոմիտեի նախագահ Հեշմաթոլահ Ֆալահաթփիշեն հայտարարեց, որ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը պետք է միություն ստեղծեն տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումները ԱՄՆ-ի կողմից որպես գործիք օգտագործելու դեմ։ Վաշինգտոնն ահաբեկչական խմբավորումներ է ծավալում Աֆղանստանում և Պակիստանում, իսկ այդ խմբերն ավելի վտանգավոր են, քան ԻՊ-ը, հայտարարել է Ֆալահաթփիշեն։ Ահաբեկիչներին ԱՄՆ-ը Սիրիայից և Իրաքից նետում է Աֆղանստան ու Պակիստան, ասել է նա և ավելացրել. «ԻՊ-ի ջախջախումից հետո ԱՄՆ-ը բանակցություններ է վարել և աջակցել մի շարք ահաբեկչական խմբավորումների»։ Հետո նա ասել է, որ Վաշինգտոնը ձգտում է անհանգստություն պատճառելու Իրանին, Հնդկաստանին, Ռուսաստանին և Չինաստանին՝ ահաբեկչական խմբերին աջակցելու միջոցով։


Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Չինաստանը պետք է պայմանագիր կնքեն տարածաշրջանային անվտանգության մասին ահաբեկչության դեմ պայքարելու համար, ընդգծել է Ֆալահաթփիշեն, ավելացնելով, որ ահաբեկիչները կարող են զարմացնել տարածաշրջանը, եթե գործնական միջոցներ ձեռք չառնվեն։ Նա նաև ասել է, որ այդ հարցով նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտիերեշին՝ կոչ անելով հետաքննելու ԱՄՆ-ի դերը ահաբեկիչներին Իրանի արևելյան սահմաններ տեղափոխելու գործում, ինչպես նաև կանխիչ միջոցներ ձեռք առնելու համար։ Ես, իմ հերթին, ուզում եմ ընդգծել, որ Ֆալահաթփիշեն Թուրքիան չի նշել այն երկրների ցանկում, որոնց վրա հույս է դնում Իրանը ԱՄՆ-ի դեմ պայքարում։ Այսպիսով, տարածաշրջանային մակարդակով Ֆալահաթփիշեն հստակ տարանջատում է կատարել, չնայած Իրանը և Ռուսաստանը Թուրքիան որպես գործընկեր են ընկալում Սիրիայի հարցով «Աստանայի գործընթացում»։ Այսպիսով, Թեհրանի բարձրագույն իշխանական վերնախավը բացահայտ անվստահություն է հայտնում թուրքերին, ահա թե ինչու Անկարան շուտով ստիպված պետք է լինի մտածելու, թե ինչպես վարվի Ռուսաստանի և Իրանի հետ և ինչպես ապացուցի Մոսկվային ու Թեհրանին իր անմասնակցությունը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ կապված ահաբեկչական հրոսակախմբերին։ Մտածում եմ նաև, որ Իրանն իզուր չի թուրքական ՆԳՆ-ի պնդումները հերքելու և Ռուսաստանին, Չինաստանին ու Հնդկաստանին դիմելու քայլերը նախաձեռնել հենց Նովրուզի՝ Գարնան տոնի, իրանական Նոր տարվա նախօրյակին։ Դա չափազանց խորհրդանշական է. «Նովրուզը» ֆարսիից թարգմանած նշանակում է նոր օր։ Այս տարի Իրանի և նրա բարեկամ երկրների Նոր տարին սկսվում է Թուրքիային անվստահություն հայտնելուց։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ