«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցները և Իրանի նախազգուշացումները իր բոլոր հարևաններին

Իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցները և Իրանի նախազգուշացումները իր բոլոր հարևաններին
02.04.2019 | 02:45

(Նախորդ մասը)

Մի կողմից, կարծես թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ «Кавказский вестник»-ը Իրանին ոչ մի բանում չեն մեղադրում։ Ընդհակառակը, տվյալ հանդեսում նշված օրինակները պարզապես ծիծաղաշարժ են, ակնհայտ է, որ դա այն մաքսանենգությունը չէ, որի մասին համաշխարհային հանրությանը դեռ մարտի 6-ին նախազգուշացրել էր թմրամիջոցների վերահսկողության իրանական կենտրոնակայանի գլխավոր տնօրեն Էշկանդար Մոմենին Ռուսաստան այցի ժամանակ։ Նա հայտարարել էր, որ Վիեննայում ՄԱԿ-ի առաջիկա նիստում որոշում է ընդունվելու կանեփի օգտագործումն օրինականացնելու մասին։ Ըստ Մոմենիի, որոշ երկրներ, ներառյալ Կանադան, կանեփը հանել են արգելված թմրամիջոցների ցուցակից։ Հարավային Ամերիկայի կանեփ արտադրող երկրների մեծամասնությունը և ԵՄ-ի անդամները ձգտում են կանեփի օգտագործումն օրինականացնելու այն պատճառով, որ նրա իրացումը եկամտաբեր է։ Մոմենին նշել է, որ Իրանը գտնվում է թմրանյութերի դեմ պայքարի առաջնագծում, իսկ եվրոպական երկրները պետք է իրենց լուման ներդնեն այդ պայքարում։ Հիշատակելով Աֆղանստանում ափիոնի մշակումը, իրանցի պաշտոնյան նշել է, որ Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը 2000 թ. 200 տոննայից 2019-ին հասել է 10000 տոննայի։ Հավարտ Մոմենին ասաց, որ Իրանը ռուսական և չինական կողմերի հետ խորհրդակցել է կանեփի մասին ընդհանուր որոշումներ ընդունելու համար։


Բայց մյուս կողմից, ուշադրություն դարձնենք, «Кавказский вестник»-ում տպագրված նյութի և՛ վերնագիրը («Ադրբեջանա-իրանական սահմանին կանխվել է թմրանյութերի մաքսանենգությունը»), և՛ մեկնաբանության մի քանի տողը («...վերջին ժամանակներս ադրբեջանցի ուժայինները պարբերաբար հաղորդում են այնպիսի անձանց ձերբակալելու մասին, որոնք փորձում են հատել Իրանի հետ երկրի սահմանը, որպես կանոն, թմրանյութերի մաքսանենգության նպատակով») սադրիչ ապատեղեկություն են պարունակում։ Մանավանդ որ նշված դեպքերից մեկում խոստովանվում է, որ սահմանը ջրով փորձել են հատել... Ադրբեջանի քաղաքացիները և ոչ թե Իրանի կամ, ասենք, Աֆղանստանի։ Բայց չէ՞ որ բոլորը գիտեն, որ թմրանենգության, ափիոնի ու կանեփի աղբյուրը Աֆղանստանն է և Պակիստանի որոշ նահանգները։ Դեռևս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր կառավարման օրոք առնվազն 5-6 անգամ հայտարարել էր, որ հենց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանի օկուպացումն է կտրուկ աճ հաղորդել Աֆղանստանում թմրանյութերի արտադրությանը և այնտեղից Իրանի տարածք զինված թմրանենգների թափանցման փորձերին։ Իրանից Ադրբեջան այդ ի՞նչ «թմրանենգության կապուղիների» մասին են խելոքի դեմքով դատում «ԽՈՉՍՈջրՍՌռ ՉպրՑվՌՍ»-ի հեղինակները։ Կասկածում ենք, թե ինչ-որ բան այն չէ, քանի որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարությունը» 2013 թ. զեկույցում նշված է, որ «ամեն տարի Ադրբեջանով տարանցվում է մինչև 11 տոննա հերոին»։ Զեկույցում նշվում է, որ «2011 թ. Ադրբեջանում բռնագրավվել է ընդհանուր հաշվով 557 կգ թմրանյութ, այդ թվում՝ 164,9 կգ կանեփ և 14,1 կգ ափիոն» և այլն։ Համեմատենք, թե որն է ավելի շատ. «Кавказский вестник»-ի հրապարակած «1 կգ ափիոնը, 2 կգ 240 գ կանեփը» կամ 2019 թ. մարտի 12-ի «4 հակ հերիոնը և ափիոնը, մեծ քանակով ուժեղ ազդող հոգեմետ պատրաստուկնե՞րը. թե՞, այնուամենայնիվ, «ամեն տարի Ադրբեջանով տարանցվում է մինչև 11 տ հերոին», ինչպես 2013 թ. նշել էր ԱՄՆ-ի պետդեպարտամենտը։
Պարզ է, որ Ադրբեջանն է թմրանյութերի տարանցման գոտին, ոչ թե Իրանը։ Մանավանդ որ, ինչպես հաղորդել է IRNA-ն մարտի 13-ին, Իրանի թմրամիջոցների դեմ պայքարի ոստիկանության նախագահ Մոհամադ Մասուդ Զահեդիանը հայտարարել է, որ անցյալ տարվա համեմատ այս տարի ձերբակալված թմրավաճառների թիվը կրկնապատկվել է, իսկ ԻՀՊԿ-ն իրանական տարվա սկզբից (սկսվել է 2018 թ. մարտի 21-ին) հայտնաբերել և բռնագրավել է 670 տ թմրամիջոց։ Հիմնական ուղղությունը նույն Աֆղանստանն է։ Իրանը թմրանենգության դեմ պայքարի առաջնագծում է. իրանական ոստիկանության ջանքերով տարեկան կանխվում և բռնագրավվում են ափիոնի համաշխարհային շրջանառության 80 %-ը, հերոինի և մորֆինի 40 %-ը, ընդգծել է Զահեդիանը։ Մարտի 14-ին IRNA-ն հաղորդել է, որ, Հարավային Խորասանի ոստիկանապետ Մաջիդ Շոջանի փոխանցմամբ, գազ տեղափոխող մեքենայի զետեղարանում հայտնաբերվել և բռնագրավվել է 167 կգ մետամֆետին։ Հանցագործները ձերբակալված են և դատի են սպասում։ Երկու դեպքում էլ IRNA-ն ընդգծել է. «Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունն ավելացել է 2001 թ. այդ երկիր ԱՄՆ-ի ներխուժումից հետո»։ Վերափոխելով հանրահայտ արտահայտությունը, կստանանք` ուղեղ ունեցողը թող հասկանա և գիտակցի։


Ի դեպ, մարտի 15-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ վերը հիշատակված Էշկանդար Մոմենին հայտարարել է տարածաշրջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցություն նախաձեռնելու մասին։ Մոմենին ասել է, որ այդ նախաձեռնությունն ուժի մեջ կմտնի, հենց որ Չինաստանն այդ հարցով հայտնի իր կարծիքը։ «Եթե այդ եռակողմ համագործակցության մասին ամփոփիչ փաստաթուղթը վերջնականապես պատրաստվի և հավանության արժանանա, ապա կարող է արդյունավետ դեր խաղալ թմրանյութերի առևտրի դեմ պայքարում եռյակի ջանքերի խորացման գործում»,- ավելացրել է նա։ Չինաստանի ներկայացուցիչ Վեյ Սյաոցզյունը նույնպես նշել է, որ Թեհրանը, Պեկինը և Մոսկվան պետք է համաձայնեցնեն իրենց ջանքերն ու գործողությունները թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում, նշել, որ իր երկիրը պատրաստ է օգնելու իրանական լաբորատորիաները սարքավորելուն։


Այժմ նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններն ավելի են խորացել, այնքան, որ նույնիսկ մի նյութի շրջանակում հնարավոր չէ ընդգրկել Թեհրանի ու Մոսկվայի ներկայացուցիչների քննարկած բոլոր խնդիրները։ Երկրորդ, IRNA-ն հաղորդել է, որ մարտի 9-ին Իրանի նախագահ Ռոհանին Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ հեռախոսազրույցում Պակիստանին կոչ է արել վճռական քայլերի դիմելու փետրվարյան միջադեպի կապակցությամբ և հայտարարել, որ Իսլամաբադի անգործությունը կարող է վտանգի տակ դնել հարևանների հարաբերությունները։ «Մենք սպասում ենք այդ ահաբեկիչների դեմ ձեր վճռական գործողություններին,- Մենք չպետք է թույլ տանք, որ երկու երկրի բարեկամության ու եղբայրության տասնամյակները խարխլվեն ահաբեկչական փոքրիկ խմբերի, որոնց ֆինանսավորման ու սպառազինության աղբյուրը հայտնի է երկուսիս, գործողություններով»։ Հիշեցնենք. խոսքը ԻՀՊԿ-ի զինծառայողների դեմ այն ահաբեկչության մասին է, որից զոհվեց իրանցի 27 սահմանապահ։ Պակիստանի տարածքից ահաբեկիչների այդ և այլ հարձակումների համար Իրանը մեղադրեց իր տարածաշրջանային հակառակորդ Սաուդյան Արաբիային ու երդվյալ թշնամի Իսրայելին, ինչպես նաև ԱՄՆ-ին։ Ռոհանին նաև նշեց, որ Թեհրանը պատրաստ է համագործակցելու Իսլամաբադի հետ ահաբեկչական ճամբարները ոչնչացնելու գործում։ Իմրան Խանն ի պատասխան ասաց, որ «Պակիստանի շահերից է բխում թույլ չտալը, որ մեր տարածքն օգտագործվի ահաբեկիչների կողմից, և պակիստանյան բանակը պատրաստ է ավելի վճռականորեն դիմակայելու ահաբեկիչներին այն տեղեկությունների օգնությամբ, որոնք կտրամադրի Իրանը։ Հայտնում եմ, որ պակիստանյան ուժերը մոտեցել են ահաբեկիչների թաքստարանին, ու շուտով Իրանի համար լավ նորություններ կլինեն»։


Այնուհետև, ինչպես մարտի 12-ին հաղորդել է «Fars News»-ը, Իրանի նախագահ Ռոհանին, Բաղդադում ելույթ ունենալով Իրաքի պետական գործիչների, ցեղապետերի և կրոնական առաջնորդների առջև, նախազգուշացրել է. «Ահաբեկչության հիմնախնդիրը դեռ չի վերացել, և լիովին հնարավոր է, որ տարածաշրջանի բնակիչների համար ահաբեկիչները տարատեսակ նոր խնդիրներ կստեղծեն, որովհետև ամերիկացիները նոր դավադրություն են ծրագրում տարածաշրջանի դեմ և ահաբեկիչներին տեղափոխում են Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և Կովկաս»։ Դա 2019-ի մարտին Թեհրանի երկրորդ հիշեցումն է այն մասին, որ տարածաշրջանի ժողովուրդների ու երկրների դեմ ԱՄՆ-ը, ահաբեկչական խմբավորումների օգտագործմամբ, նոր սադրանքներ է պատրաստում։ Ամսի սկզբին Իրանի ՌՕՈՒ-ի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Շադմանին Չինաստանին, Ռուսաստանին և տարածաշրջանի մյուս պետություններին զգուշացրեց, որ ԱՄՆ-ը փորձում է Իսլամական պետության (ԻՊ) ահաբեկիչներին տեղափոխել Աֆղանստան։ «Թշնամին այսօր փորձում է Իրաքում և Սիրիայում իրականացրած ԻՊ դավադրությունը շարունակել Աֆղանստանում, և դա վնաս կհասցնի Չինաստանին, Ռուսաստանին ու տարածաշրջանի բոլոր պետություններին»,- ասել է գեներալը։ Նա նշել է, որ որոշ արաբ ղեկավարներ ֆինանսական ու նյութատեխնիկական օժանդակություն են ցույց տալիս ԱՄՆ-ին ԻՊ-ը Աֆղանստան տեղափոխելու համար։ Բայց մենք ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք այն բանին, որ Ռոհանին արդեն խոսում է նաև Կովկասի մասին՝ որպես ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներին տեղափոխելու հնարավոր վայրի։ Մեր կարծիքով, դա չափազանց էական լրացում է մարտի սկզբին գեներալ Շադմանիի արած հայտարարությանը։ Լիովին պարզ է, որ Ռոհանիի զգուշացումն ուղղակիորեն վերաբերում է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Արցախին, և՛ նույնիսկ Վրաստանին։ Անպայման՝ նաև ՌԴ-ին։ ՈՒ բացառված չէ, որ այս տարվա հետագա ամիսներին Կովկասի անվտանգության գծով մասնագետներն ու փորձագետները դեռ շատ անգամ վերադառնան Բաղդադում նախագահ Ռոհանիի ասածներին։


Վերջապես, լուրջ ուշադրության է արժանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, դերծովակալ Ալի Շամխանիի մարտի 13-ի հայտարարությունը. «Վերջին 2 տարում հակահեղափոխական խմբերը, որոնց աջակցում են որոշ տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրներ, զանազան ջանքեր են գործադրել երկրի հյուսիս-արևմուտքում անվտանգությունը խախտելու համար, բայց անհաջողության են մատնվել անվտանգության ու զինված ուժերի անձնակազմի զգոնության պատճառով։ Մենք հետևում ենք արտատարածաշրջանային երկրների կողմից մեր սահմանների մերձակայքում ռազմաբազաներ ստեղծելու փորձերին։ Իրանը վճռական կանխիչ հարվածներ կձեռնարկի մեր ազգային սահմանների անվտանգությանն սպառնացող ցանկացած գործողությունների դեմ»։
Բաղդադում Իրանի նախագահ Ռոհանիի հայտարարությունները, ինչպես և դերծովակալ Շամխանիի գրեթե բացահայտ սպառնալիքը իրանական սահմանների հնարավոր սպառնալիք հանդիսացող անձանց և խմբերի կանխիչ ոչնչացման մարտավարության անցնելու Իրանի պատրաստականության մասին, մեր կարծիքով, ոչ միայն նոր ուղղություն են ԻԻՀ սահմանների երկայնքով տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Դրանք նաև լրացուցիչ ակնարկներ են նույն Պակիստանին և Ադրբեջանին, որոնց կապակցությամբ վերջին ամիսներին և օրերին չափազանց հաճախ են հիշատակվել իրանական սահմանները։ Բայց այդ զգուշացումները վերաբերում են Իրանին սահմանակից բոլոր երկրներին, այդ թվում և մեզ՝ Հայաստանին ու Արցախին։ Թեկուզ այն պատճառով, որ ահաբեկիչներին Կովկաս տանելու ուղիները լավ հայտնի են՝ Թուրքիայից Վրաստան և Ադրբեջան։ Իսկ դրանցից՝ արդեն ում դեմ ուզեն, նրանց դեմ էլ կօգտագործեն ահաբեկիչների «տերերը»։ ՈՒ՞մ նկատի ունեմ որպես ահաբեկիչների «տերերի»։ Վկայակոչեմ այն, որ Իրանն ապացույցներ ունի, որ ահաբեկիչներին կազմակերպել և ղեկավարում են ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունները։ Իսկ Իսրայելը վաղուց է Ադրբեջանի կազմում, 1992-ից։ ԱՄՆ-ը և Իսրայելը իրենց վարժեցրած ահաբեկիչների թիրախ անպայման կընտրեն և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Այդ պատճառով էլ Իրանի իշխանությունները նախապես զգուշացնում են և՛ Կովկասին, և՛ այլ տարածաշրջաններին, և՛ ողջ աշխարհին, որ կանխիչ հարվածներ են հասցնելու այն երկրներին, որոնցից սպառնալիք կլինի Իրանի պետական սահմաններին։ Հայաստանի և Արցախի բոլոր քաղաքացիներին կխնդրեմ խորապես մտածել և ճիշտ եզրակացություններ անել Ռոհանիի և Շամխանիի նախազգուշացումներից։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ