«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցները և Իրանի նախազգուշացումները իր բոլոր հարևաններին

Իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցները և Իրանի նախազգուշացումները իր բոլոր հարևաններին
29.03.2019 | 01:24

Հայաստանի քաղաքացիներին առաջարկում եմ փորձել հասկանալ, թե մարտի 10-ին և 12-ին ինչ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանին։ Այն եղել է Հայաստանից ու Արցախից ոչ շատ հեռու, և մենք պարտավոր ենք հասկանալու, թե ով և ինչ է սադրում Հայաստանի և Արցախի սահմանների մոտ։ Հանրահայտ է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից քիչ ուշ՝ մարտի 9-ին, Իրան այցելեց նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Թեհրան նրա այցի և բանակցությունների մասին բավականաչափ տեղեկատվություն, վերլուծական նյութեր են եղել։ Այնուամենայնիվ, այդ բանակցություններում, բացի հրապարակված հայտարարություններից ու հավաստումներից, եղել է նաև որոշակի փակ տեղեկույթ։


Այնուհետև Ադրբեջանը խոշոր զորավարժություններ անցկացրեց Արցախի սահմաններին՝ մշակելով բացառապես հարձակողական բնույթի գործողություններ։ Մարտի 12-ին, ինչպես հիշում են մեր երկրի բոլոր քաղաքացիները, Ստեփանակերտում կայացավ Հայաստանի և Արցախի ԱԱԽ-երի համատեղ նիստը, ընդ որում, հանրությունը դեռ գոնե մոտավորապես չգիտի, թե այդ նիստում ինչ որոշումներ են ընդունել ՀՀ և Արցախի իշխանությունները։ Մի խոսքով, միանգամայն նկատելի էր, որ Փաշինյանի և Մամեդյարովի՝ Իրան այցից հետո տարածաշրջանում սրվում է բանավեճը հենց Արցախի և այն բանի վերաբերյալ, թե իրականում քանի հակամարտող կողմ էր ճանաչել ԵԱՀԿ-ն, հետևաբար նաև ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան։ Եվ ահա այդ ֆոնին հաղորդվեց, որ Հայաստանի վարչապետն սկսել է պատրաստվել Իսրայել այցելելու։ Հաղորդումն արել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, որը հայտարարել է իսրայելյան «The Jerusalem Post» թերթին, որ Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանություն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների հարաբերությունները «նոր, ավելի բարձր մակարդակ» ստանան։ Իսկ Իսրայելում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Երևանում) Արմեն Սմբատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը, Գ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, Իսրայելում քննարկել է «Իսրայել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջիկա այցի հետ կապված կազմակերպական հարցեր»։ Սմբատյանն այդպիսի այցի և Իսրայելում հայկական դեսպանության բացման անհրաժեշտությունը բացատրել է այսպես. իբր, պետք է «ջանալ հետ պահել Իսրայելին Ադրբեջանի հետ չափազանց սերտ ռազմատեխնիկական համագործակցությունից», նույնիսկ ավելին. «Մենք պետք է ի վիճակի լինենք անելու դա, որպեսզի մենք էլ կարողանանք ունենալ այդ (այսինքն՝ իսրայելական) զենքը։ Մենք պետք է դառնանք ավելի ուժեղ։ Այլ բան է, որ մենք պետք է այնքան մոտ լինենք մեր գործընկերների, մեր իսրայելցի բարեկամների հետ, որ կարողանանք ինչ-որ ձևով հետ պահել։ Դա արդեն ցույց կտա ժամանակը»։ Ձեռքը սրտին դնելով՝ ասենք, որ վաղուց նման պարզունակ պատկերացում չէինք կարդացել իսրայելա-ադրբեջանական ռազմական, ռազմատեխնիկական և հետախուզական համագործակցության ակունքների մասին։


Բայց ուշադրություն դարձնենք այսպիսի մանրամասնի. աշխարհին հայտնի է, որ Իսրայելը բոլոր երկրներին առաջարկում է դեսպանությունները Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Հայաստանն ընդհանրապես դեսպանություն չի ունեցել Իսրայելում, ինչպես և Իսրայելը՝ Հայաստանում։ Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը Թբիլիսին է, որտեղից նա Երևան է գալիս շատ հազվադեպ և կարճ ժամանակով։ Միանգամայն պարզ է, որ «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք» ճանաչելու մասին ԱՄՆ-ի հայտնի որոշումներից հետո Իսրայելի իշխանությունները ցանկացած երկրի, որը կցանկանա երկկողմ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ և այնտեղ բացել իր դեսպանությունը, առաջարկելու են անմիջապես «հաստատվել» Երուսաղեմում։ Օրինակ, Ադրբեջանը, չնայած Իսրայելի հետ իր սերտագույն հարաբերություններին (իսկ դրանք ոչ միայն վերը թվարկված ոլորտներն են. համաշխարհային ԶԼՄ-ներում մեկ էլ տեսար հաղորդումներ հայտնվեցին այն մասին, որ եղբայրական երկրները նրբին գործակցություն ունեն հյուսվածքների «սև փոխպատվաստման» լաբորատորիաների գծով), այնուամենայնիվ, ԱՄՆ-ին դատապարտեց այդ որոշման համար և այն 128 երկրների շարքում էր, որոնք «կողմ» քվեարկեցին Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձևին, որը փաստորեն կոչ էր անում անվավեր ճանաչելու Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշումը։ Ընդունված բանաձևում ՄԱԿ-ի անդամ երկրները հաստատեցին Երուսաղեմի հատուկ կարգավիճակը և ընդգծեցին, որ նրա փոփոխմանն ուղղված ցանկացած միջոցառումներն «իրավական ուժ չունեն»։ Այնպես որ, Հայաստանի ներկայիս իշխանությունը պատրա՞ստ է իր երկրի հարաբերությունները վատացնելու մուսուլմանական աշխարհի հետ, մասնավորապես նույն Իրանի, որը նույնպես շատ սուր արձագանքեց Արևելյան Երուսաղեմի օկուպացման օրինականացմանը, եթե Փաշինյանի այցի ժամանակ նրան ընդունեն Երուսաղեմում (որպես մայրաքաղաքում) և առաջարկեն դեսպանությունը բացել այդ քաղաքում։ Սա հարց է, որի պատասխանը մենք չենք էլ փորձի կանխագուշակել։


Առաջարկում ենք այդ ամենը դիտարկել որպես այն բանի ֆոն, որ մարտի 10-ին և 12-ին իրանա-ադրբեջանական սահմանին ինչ-որ բաներ են տեղի ունեցել և կրակոցներ հնչել։ Այդ դեպքերի որոշ մանրամասնություններ մենք մեր ընթերցողներին արդեն հայտնել ենք՝ հիմնվելով միայն ադրբեջանական, ռուսական և հայկական ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա։ Մեկ անգամ ևս հիշեցնենք. մարտի 10-ի ընդհարումը տեղի է ունեցել Ֆիզուլիի շրջանի Բալա Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող «Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում, այսինքն հենց Արցախի և Ադրբեջանի հակամարտության գոտում։ Իսկ մարտի 12-ի ընդհարումը եղել է Թալիշստանում։ Մենք որոշեցինք «փորփրել» և հասկանալ, թե իրականում ինչ է եղել մարտի 10-ին և 12-ին։ Իսկույն ասենք, որ իրանական ինչպես պաշտոնական, այնպես էլ անկախ ԶԼՄ-ների հաղորդագրությունների ուսումնասիրությունը ոչինչ չտվեց։ Այնպիսի տպավորություն է, ասես Իրանում ընդհանրապես տեղյակ չեն, թե սահմանին ինչ է կատարվել։ Օրինակ, երբ 2016-ի ապրիլին Արցախի պաշտպանության բանակի և ադրբեջանական զինված ուժերի միջև մարտեր էին ընթանում Իրանի սահմանների երկայնքով, Իրանի բոլոր ԶԼՄ-ները, այդ թվում՝ կիսապաշտոնական, աշխուժորեն արձագանքում էին, սահմանամերձ նահանգների պաշտոնատար անձինք և Իրանի սահմանապահ զորքերի հրամանատարությունը մշտապես ժամանում էին հայերի և ադրբեջանցիների միջև ընթացող մարտական գործողությունների սահմանամերձ շրջան և այլն։ Վերջին տարիներին էլ, երբ ադրբեջանցիներն ինչ-որ կերպ Իրանին մեղադրում էին «սահմանի խախտման» փորձերի կապակցությամբ, հակահարվածը գրեթե միշտ լինում էր վայրկենական, այն էլ՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի (որի իրավասության տակ է գտնվում Իրանի սահմանների անվտանգության ապահովումը) բարձրաստիճան հրամանատարների կողմից։ Իսկ հիմա, ինչպես հաղորդել ենք նախորդ ամիսներին, Իրանի պետական սահմանների ակտիվ պաշտպանությանն է ներգրավվել նաև բանակը։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող է լինել, որ իրանական ԶԼՄ-ներում ընդհանրապես չլուսաբանվեն իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությամբ ուղեկցված ընդհարումները։


Հենց միայն նորությունների այն վերնագրերի թվարկումը, որոնցում գոնե ինչ-որ ձևով հիշատակվել է Ադրբեջանը, թույլ է տալիս հասկանալ, թե ինչին են ուղղում իրենց ընթերցողների ուշադրությունը իրանական առաջատար ԶԼՄ-ները. «Մշտական լուսանկարչական ցուցահանդես է բացվել Իրանի և Նախիջևանի պատմական հարաբերությունների մասին», «Սահմանափակումներ չկան իրանա-ադրբեջանական կապերի ընդլայնման ճանապարհին», «Իրանը սահմանափակումներ չունի Ադրբեջանի հետ հարաբերություններն ընդլայնելու հարցում», «Ռոհանի. Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագիծը կարևոր քայլ է համարվում տարածաշրջանի համար», «Ադրբեջանական բժշկական համալսարանը և իրանական «Ռոյան» ինստիտուտը համագործակցության համաձայնագիր են ստորագրել», «Ադրբեջանը և Իրանը ակտիվացնում են շփումները տրանսպորտային ոլորտում», «Իրանն ու Ադրբեջանը կկարգավորեն համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում», «Իրանն Ադրբեջանի Հանրապետության հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու կոչ արեց»։ Ինչպես նկատում ենք, նույնիսկ մի թույլ ակնարկ չկա, թե մարտի 10-ին և 12-ին հարևան երկրների սահմանին ընդհանրապես որևէ բան է տեղի ունեցել։ Հակառակը, բոլոր շեշտադրումներն ուղղված են հենց այն բանին, որ ոչինչ չի խոչընդոտում Իրանի և Ադրբեջանի կապերի ու համագործակցության զարգացմանը։ Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Իրաք այցի բոլոր օրերին, այդ թվում՝ մարտի 10-ին և 12-ին, իրանական ԶԼՄ-ները լի էին բանակցությունների ու հայտարարությունների, Թեհրանի ու Բաղդադի միջև կնքված փաստաթղթերի մասին հաղորդումներով։ Այսինքն, իրանական ԶԼՄ-ները հստակ խնդիր են ունեցել. ամեն կերպ և համակողմանիորեն լուսաբանել Իրանի ներկայիս արտքաղաքական նախաձեռնությունների հենց իրաքյան ուղղությունը, ինչը պատահական չէ։ Բայց մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է կատարվել իրանա-ադրբեջանական սահմանին, իսկ Իրանի տեղեկատվական հոսքերն այդ առումով այնքան էլ արդյունավետ չեղան։


Ի տարբերություն իրանական ԶԼՄ-ների, «Кавказский вестник» լրատվամիջոցը մի ողջ ուսումնասիրություն է արել սահմանային միջադեպերի մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների շուրջ։ Տեղեկատվական տեսակետից այնտեղ որևէ նոր բան չկա. ըստ էության, անփոփոխ կրկնվում են Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պաշտոնական հաղորդագրությունները։ Բայց մեզ հետաքրքրեց «Кавказский вестник»-ի տարօրինակ ու աչառու մեկնաբանությունը։ Մեջբերենք. «Կատարվածի առնչությամբ հարկ է նշել, որ վերջին ժամանակներս ադրբեջանցի ուժայինները պարբերաբար հաղորդում են Իրանի կողմից երկրի սահմանը, որպես կանոն՝ թմրամիջոցների մաքսանենգության նպատակով հատել փորձող անձանց ձերբակալությունների մասին։ Այսպես, անցյալ տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է Իրանի քաղաքացիների կողմից 1 կգ քաշով ափիոնի խմբաքանակ Ադրբեջանի տարածք տեղափոխելու փորձի կանխման մասին։ 2018 թ. նոյեմբերի 5-ին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Իրանից Ադրբեջանի Աստարայի շրջանի Շահագաջի գյուղի ուղղությամբ շարժվող մի լողամիջոց, որով Աստարայի շրջանի երկու բնակիչ փորձում էին սահմանով անցկացնել 2 կգ 420 գ ընդհանուր քաշով թմրամիջոցներ։ Այսպիսով, ադրբեջանա-իրանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը ցույց են տալիս, որ կա Իրանից Ադրբեջան մաքսանենգությամբ թմրամիջոցներ ներմուծելու անցուղի։ Հավանաբար դրան նպաստում է Իրանի տարածքում աֆղանական թմրամիջոցների բարձր առաջարկը։ Իրանի սահմանապահ ոստիկանական պաշտպանությունը կանոնավոր կերպով տեղեկացնում է Աֆղանստանի հետ 900-կիլոմետրանոց սահմանին իր աշխատանքի արդյունքների մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ Թեհրանն ավելի քան 700 մլն դոլար է ծախսել իր սահմանների վերահսկողության և եվրոպական, արաբական ու կենտրոնասիական երկրների համար նախատեսված թմրանյութերի տարանցման կանխման վրա։ Բայց, չնայած ձեռնարկված միջոցներին, իրանցի սահմանապահները, ամենայն հավանականությամբ, կարողանում են բռնագրավել Աֆղանստանի հետ սահմանով տեղափոխվող ոչ բոլոր թմրամիջոցները»։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ