«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Եվ ինչու՞ են այսօր Կարսում թուրքերը

Եվ ինչու՞ են այսօր Կարսում թուրքերը
29.03.2019 | 00:38

Կարսի մասին աշխարհի ամենահանճարեղ վեպը գրվեց ու …չհասկացվեց: «Սույն իմ այս պոեմանման վեպը» դատական եզրակացություն էր, քրեական մեղադրանք: Չհասկացվեց: ՈՒ շատ մեծ չափազանցություն է ասելը, որ Չարենցն ընդհանրապես հասկացվեց: Ամբողջ 20-րդ դարում: 21-ում էլ: Նա հանճար է, որ հենց այնպես ընծայվեց Հայաստանին:


Պատերազմները փոխվել են, հիմա զինվորները չեն կռվում, կռվում են բոլորը բոլորի դեմ: ՈՒ ընդհանրապես բազում տեսություններ կան կոշտ ու փափուկ ուժերի մասին, կիրառման տարբերակների ու արդյունքների: Ի վերջո, հաղթելն ու պարտվելը զուտ պայմանականություն է այսօր: Իբրև երկիր ու պետություն` կարող եք համարվել անկախ ու ոչ մի պատերազմում տանուլ չտված, բայց դա ընդամենը ՄԱԿ-ում ձեր պետության դրոշն ու միջազգային կազմակերպություններում քվեարկելու իրավունքն է: Որովհետև միշտ կա մի պետություն, որ առանց ձեզ պատերազմ հայտարարելու, տիրում է ձեր երկրին: Մեկ օրում չէ: Մեկ ամսում չէ, ոչ էլ մեկ տարում:


Ի տարբերություն պատերազմով հաղթանակի` soft power-ը պահանջում է համբերություն, բայց դուք չեք անում ռազմական ծախսեր ու զինվոր չեք կորցնում: Այս պատերազմում ձեր դաշնակիցը ձեր թիրախ երկրի ժողովուրդն է: Առանցքային հարցը` ինչպե՞ս ձևավորել և վերահսկել այդ երկրի բնակիչների միտքը, կամքն ու մտածողությունը: Դուք պետք է վերահսկեք կյանքն արժևորելու և գնահատելու բարոյահոգեբանական, կենցաղային ու հոգևոր արժեհամակարգը, որի վրա հիմնված է նրանց կեցությունը: Դուք ներսից պիտի փլուզեք հիմքերը, անկախության կռվանները, պիտի սկսեք ձեր արժեհամակարգը տարածել, գնեք այդ երկրի արվեստի ու մշակույթի, գիտության գործիչներին, քաղաքական կուսակցությունների ղեկավարներին ու ազդեցիկ անդամներին: Նրանց միջոցով գործեք մարդկանց մտքի վրա, ուղղորդեք նրանց մտածողությունը, ցանկությունները, անգամ երազները, ու հենց դա կարողանաք` նրանց կարող եք ուղարկել ձեր նախապատրաստած դժոխքը:


Ամեն երկիր ունի տնտեսության կարևորագույն ճյուղեր, որոնց վրա կառուցում է իր ներքին ու արտաքին քաղաքականությունը: Ռազմավարական օբյեկտները ցանկացած երկրի աքիլեսյան գարշապարն են: Ձեր նպատակը պիտի լինի ոչ թե կազմալուծել այդ ոլորտների աշխատանքը ու շարքից հանել, ասենք, ատոմակայանը, գազատարը, նավթատարը, երկաթուղին, օդանավակայանը կամ հեռահաղորդակցության հանգույցները, այլ դառնալ այդ ամենի տերն ու կառավարիչը, և երկիրն այլևս ձեր ձեռքում է, հետո՞ ինչ` պետական կառավարման մարմինների վրա իրենց դրոշն է ճոճվում` իրենց երկրում նրանք համարյա ոչինչ չեն վճռում, եթե տնտեսությունը ձեր ձեռքին է:


Նրանց շարունակ ներշնչեք, որ իրենք ազատ ու անկախ են իրենց որոշումների մեջ, իսկ դուք հարգում եք նրանց սուվերենությունն ու կարևորում գործընկերությունը: Երբեմն հրապարակային ժեստեր արեք, որ ընդունում եք նրանց տեսակետը ու նույնիսկ որոշում փոխում: Ի տրիտուր կստանաք հավատարմություն ու կբթացնեք զգոնությունը: Տնտեսությանը հավասար զենք են լրատվամիջոցները: ՈՒզում եք ձեր պատկերացումները պարտադրել ու տարածել, գործադրեք ձեր երկրի և թիրախ երկրի լրատվամիջոցների վրա ձեր ողջ ուժը: Փող մի խնայեք: Դա բիզնես է, քաղաքական բիզնես, որ ձեզ բերում է ազդեցություն: Ձեր քաղաքական գործիչներին հաճախակի գործուղեք թիրախ երկիր` տարատեսակ սկանդալային հայտարարություններով, որ մշտապես հայտնվեն հասարակության ուշադրության կենտրոնում: Ձեր երկրի փորձագետներին ու մերձքաղաքական գործիչներին թելադրեք հայտարարություններ, որ բացարձակ սադրանք են, բայց թիրախ երկրում առաջացնում են վտանգի ու սպառնալիքի զգացողություն ու հարկադրում իրավիճակ պարզել` այդտեղ արդեն կարող եք պնդել ձեր ցանկացած որոշումը:


Նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում լրատվամիջոցները և հեռուստատեսությունը ձևավորում են կյանքի պատկերը: Եթե այդ պատկերն անընդհատ խեղաթյուրվում է, հասարակությունը խեղաթյուրումն ընդունում է որպես ճշմարտություն: Սուտը կամ խեղաթյուրված ճշմարտությունը պետք է անընդհատ կրկնել, և հասարակությունն այդ սուտն ի վերջո կընկալի իբրև փաստ:

Օգտագործելով մեդիան ու սոցիալական ցանցերը` դուք կարող եք ազդել, իշխել և վերահսկել հասարակության ճնշող մեծամասնության միտքը, կառավարել ցանկացած պահի: Այդ կործանարար ազդեցությունը պետք է ներառի «մեկ փլուզող խումբը մյուսի նկատմամբ բորբոքելու» ռազմավարությունը, որ հասարակության ներսում առաջանան ներքին տարաձայնություններ: Անհրաժեշտ է տարածել վարկաբեկող նյութեր, խարխլել ազգային արժեքներն ու բարոյական սկզբունքները, թերահավատություն սփռել ազգային մշակույթի ու ավանդույթների նկատմամբ: Դա հեշտ է, եթե թիրախ երկրում տնտեսական վատ վիճակ է, գործազրկության բարձր մակարդակ, կամ տարածված է աշխատանքային միգրացիան, և երկրից պարբերաբար հեռանում են միջին տարիքի տղամարդիկ: Այդ դեպքում աղքատությունը, ապատիան ու ծուլությունը դառնում են նոր ավանդույթ:


Եթե իսկապես ուզում եք թիրախ երկիրը ձեզ ենթարկել, պետք է տարածեք ձեր լեզուն ու աշխատեք հատկապես դպրոցականների ու երիտասարդների հետ: Ձեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն այդ երկրի դասագրքերը և ուսումնական ծրագրերը` հնարավորինս պետք է բացառվի ազգայինը, կրոնականը, հոգևորը: Ձեզ պետք են կրթված զոմբիներ, ուստի խրախուսեք, առաջարկեք ձեր երկիր ճանաչողական ուղևորություններ, ուսման զեղչային պայմաններ նրանց համար, որ հետաքրքրված են ձեր առաջարկներով` իրենք էլ չգիտակցելով, որ կուլ են տալիս խայծը: Նրանց պետք է դարձնել մտքով, մարմնով ու հոգով թույլ: Խուսափեք դասավանդման ժամանակ երեխաներին փաստեր ներկայացնել պատմությունից և սահմանադրական իրավունքներից: Սովորեցրեք նրանց, որ բնական ագրեսիան սխալ է, իսկ հնազանդությունը` խելամիտ, որ բարոյական արժեքներին հետևելը թուլություն և ստրկություն է, այդ արժեքներից պետք է հրաժարվել հանուն նոր կյանքի ու ազատության: Պետք է ներշնչել, որ վերանայեն հայրենասիրության հին հայեցակարգը և ընդունեն նորն ու առաջադեմը` ձերը: Սովորեցրեք դեն նետել հին իրերը, արժեքներն ու ավանդույթները, համոզեք, որ չեք ուզում վիրավորել որևէ մեկին, ցանկանում եք միայն կրթել և կյանքում առաջ գնալու ճանապարհ հարթել:


Պարտադիր պայման է թիրախ երկրի իշխանության մեջ սեփական մարդիկ ունենալը` կառավարության ու հատկապես խորհրդարանի: Պատգամավորների հետ ավելի հեշտ է աշխատելը` նրանք ժողովրդական դիվանագիտության շրջանակներում բազում շփումներ են ունենում: Նրանք ավելի շատ են խոսում ու ավելի արդյունավետ կտարածեն ձեր գաղափարները` հարմարեցնելով թիրախ երկրի առանձնահատկություններին: Վերջապես միշտ գալիս է պահ, երբ նրանք քվեարկում են, անկախ ինչ հայտարարություններ են նրանք անում` քվեարկությամբ պարտավոր են պաշտպանել ձեր, ոչ թե իրենց երկրի շահերը` դուք նրանց պիտի լավ վճարեք ու ապահովեք նրանց վերընտրությունը: Թիրախ երկրում ձեր ներկայացուցիչները պետք է հնարավորինս շատ պաշտոններ ստանան, որքան բարձր, այնքան լավ: Նրանք կարող են անգամ ձեր երկրի դեմ հայտարարություններ անել, իրենց պետական շահը պաշտպանել ու ջատագովել` դա կոչվում է քաղաքական պոպուլիզմ և հայտնի է հին Հռոմի ժամանակներից, դա նաև քողածածկույթ է` պաշտոնը պահելու ու պաշտպանված լինելու համար, անհրաժեշտ պահին նրանք պետք է ընդունեն միայն ու միայն ձեզ անհրաժեշտ որոշումը: Երբ արդեն տնտեսության լծակները, իշխանության կարևոր օղակները ձեր ձեռքում են, ապահովեք դատական իշխանության կախվածությունն ու ծախվածությունը: Նրանք ոչ մի դեպքում չպետք է օրենքով գործեն, օրենքն իրավունքն է:

Իրավունքը ձեր ձեռքում է: Ձեզ պետք են հնազանդ, գործիմաց ու կոռումպացված դատավորներ, որ չեն գործի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում, որ հասկանում են` կարևորը իշխանությանը հաճո լինելն է: Գերնպատակը` հասարակության մեջ անպատժելիության մթնոլորտ, անվստահություն, դժգոհություն, անհուսության զգացողություն տարածելն է: Եթե կարողացել եք ներթափանցել և հասնել բարձր պաշտոնական դիրքերի, ամենաբարձր մակարդակներում կարող եք անցնել գերնպատակին` բյուջետային կրճատումների միջոցով թուլացնել թիրախ երկրի բանակը: Առաջարկեք ձեր սպառազինությունը, էժան կամ վարկերով նրանց տվեք ձեր զենքերը` միշտ ձեր ձեռքում պահելով այդ զենքերի օգտագործման ուսուցումը` այդ պարզ միջոցով դուք ներթափանցում եք թիրախ երկրի բանակ, տեղեկանում ռազմական գաղտնիքների: Հարձակողական սպառազինության վաճառքի դեպքում միանշանակ պնդեք, որ զենքի գործարկման մասին պետք է տեղեկացված լինեք, իբր ապահովելու զենքի անվրեպ կիրարկումը: Բանակի համար ստեղծեք և ավելացրեք անհարկի սահմանափակումներ ու պարտավորություններ, ստեղծեք սպայական կազմին ու շարքային զինվորին նվաստացնող մթնոլորտ և կկարողանաք բարոյալքել բանակը հոգեբանորեն ու մարտունակության առումով: Առանց ուժեղ բանակի թիրախ երկիրն անպաշտպան է ու խոցելի: Երբ արդեն չեզոքացրել եք նաև բանակը, վերադարձեք ազգի ապակայունացման հիմքերին` մշակույթին, գիտությանը ու լեզվին:

Ապազգայնացնելով հասարակությանը՝ թուլացրեք մշակույթի ու լեզվի կարևորությունը: Արժեզրկեք թիրախ երկրի անցյալի ու ներկայի ազգային հերոսներին, ձեզ ենթակա լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերում տարածեք նրանց վարկաբեկող «անմեղ» պատմություններ, ծաղրեք ու ծիծաղեք նրանց վրա: Նրանք չպիտի լինեն ուղենիշներ, նրանք պիտի դառնան անկարևոր, նրանց վարքը պիտի քննադատվի, որ հասարակության, հատկապես երիտասարդների համար չլինեն հերոսության կերպարներ: Թիրախ երկրում ձեր նպատակը անդեմ ու անորոշ, թույլ ու կամակատար կերպարներ կերտելն է: Միանշանակ պետք է վարկաբեկվեն մշակույթ ստեղծողներն ու ազգային սրբությունները: Լեզուն պիտի այլասերվի: Մշակույթն ու լեզուն են միավորում ժողովրդին: Եթե օրենքներով, սոցիալական ճնշման միջոցով կարողանաք վնասազերծել երկու կարևորագույն թշնամիներին, կկարողանաք թուլացնել ցանկացած երկրի հիմքերը: Ազգայինից հրաժարումը և բազմաբնույթ մշակութային հայեցակարգը հասարակությանը հանգեցնում են ապատիայի ու դարձնում հեշտ կառավարելի:


Տնտեսությունը դարձրեք ծախսարար՝ հարկեր, հարկեր, հարկեր` սա պիտի լինի թիրախ երկիրը ներսից փլուզելու ձեր ծրագիրը: Երկիրը հզոր է, երբ տնտեսությամբ և ֆինանսապես անկախ է: Այդպիսի երկրում ժողովուրդը շատ պահանջներ չունի կառավարությունից, երբ ազատ ժողովուրդը կախում չունի կառավարությունից, կառավարության իշխանությունը և վերահսկողությունը սահմանափակ են:
Օրենքի և օրինականության հիմքով պետական գանձարանից վերցրեք հնարավորինս մեծ գումարներ և իրականացրեք երկու կարևոր նպատակ:
Առաջին՝ հանրային և մասնավոր բիզնեսը, որոնք ունեն կանոնակարգված օրենքներ, դրեք պետությունից ուժեղ կախման մեջ, որից հետո սկսեք թելադրել նոր պայմաններ: Երկրորդ՝ երկիրը դրեք «պարտքի տակ» և նվազեցնելով արժույթի դրամային արժեքը՝ խափանեք տնտեսության զարգացումը: Հոգալով բոլոր ծախսերը, այս գործընթացը պետք է ներկայացնեք իբր թե կառավարության հոգատարություն` շահեկան նպաստների դիմաց ժողովուրդը պետք է «ներդրում անի», դուք նրանց պետք է բերեք հարկային դաշտ ու հարկեք: Այդպես դուք գողանում եք թիրախ երկրի քաղաքացու գրպանի փողը և անկախությունը: Եթե բավարար չափով, անընդհատ, բարձրացնում եք հարկերը և ապրանքների գինը, մյուս կողմից ավելացնում երկրի արտաքին պարտքը, կկարողանաք ֆինանսապես այն աստիճանի ճնշել ժողովրդին, որ ստրկությունից ծանրաբեռնված երկիրը կփլուզվի` առանց ձեր «անշահախնդիր» օգնության: Դուք կդառնաք փրկիչ ու բարերար` բոլոր ժամանակների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Soft power-ի ու hard power-ի տարբերությունը` կոշտ ուժը ծնում է դիմադրություն, փափուկ ուժը ընդունվում է առանց դիմադրության: Հիմա ինքներդ համեմատեք ու եզրակացրեք` ո՞ր երկրներն ու ի՞նչ ուժով են պատերազմ հայտարարել Հայաստանին, ու ինչու՞ մենք կորցրինք Կարսը:

Դիտվել է՝ 2303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ