ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ավարտվեց «տանջալից» պայքարի երեք շաբաթը

Ավարտվեց «տանջալից» պայքարի երեք շաբաթը
31.05.2016 | 00:38

Կոռուպցիայի և մենաշնորհի դեմ «քրտնաջան» պայքարի երեք շաբաթն անցավ: Կառավարության խոստումով մենք արդեն պետք է այլ պետությունում ապրեինք, բայց ամեն ինչ առաջվանն է ու նույնիսկ ավելի վատ: Առայժմ մեզ այդ մարտից օգուտ մնաց հուշաթերթիկը, վերջին օրերին էլ դրան գումարվեց ևս մեկ «գործիքակազմ»:


Էկոնոմիկայի նախարարությունը «տնետուն» է ընկել, մարդկանց զանգում-հարցուփորձ Է անում, թե դուք գիտե՞ք՝ մեր երկրում մենաշնորհ կա՞, որտե՞ղ է թաքնված, ո՞ր ապրանքների գծով: Հասարակությունը իբր քիչ է հիասթափված կառավարությունից ու նրա խաղացած թատրոն-պայքարից, մի հատ էլ նրա դարդերն են իրար տալիս: Մեր տեղեկություններով, արդեն դաշնակցական նախարարը փոշմանել է, որ նախաձեռնել է սոցհարցումներն ու ընդհանրապես մտել այս «գետը», քանի որ քաղաքացիները հերիք չէ բոլոր պաշտոնյաներից լավ ներկայացնում են իրավիճակը, մի բան էլ «շան լափ» թափում վերից վար բոլորի գլխին: Երբ ՀՅԴ-ն ընդդիմադիր էր, Արծվիկ Մինասյանը չգիտե՞ր, թե որտեղ են մենաշնորհն ու կոռուպցիան, թե՞ հենց իշխանություն դարձան, սկսեց ամնեզիայով տառապել: «Մենք կարող ենք ամենաբարձր պաշտոնատար անձանց խոսքերում լսել, որ, այո, մենք պետք է պայքարենք մենաշնորհային տնտեսության դեմ, պետք է կարողանանք հավասար մրցակցության պայմաններ ստեղծել, բայց իրականում դրանք խոսքից այն կողմ չեն գնում: Եվ պատահական չէ, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը կարող է վկայակոչել մեր չափազանց մեծ մենաշնորհացման աստիճանը տնտեսության մեջ, և դրանից հետո կառավարությունը կարող է ընդամենը կրկնել և ասել, որ մենք պաշտոնատար անձանց կոռուպցիայի դեմ պետք է պայքարենք:

Ինչքան մենք խոսենք, որ կոռուպցիան պետք է ներքևից արմատախիլ անել, վերևի դերակատարությունը չափազանց մեծ է: Եթե երկրի ղեկավարը կարող է անընդհատ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բայց իր շրջապատում կա որևէ մեկը, որ թաթախված է այդ երևույթի մեջ, նրա խոսքերն անկեղծ չեն դառնում, և հասարակությունը սկսում է ակնհայտորեն չհավատալ, չվստահել: Այլ կերպ ասած, այստեղ հասարակությանը անկեղծ ներկայանալու և սեփական վարվեցողությունը ճիշտ ներկայացնելու խնդիր կա: Եթե մարդը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նախ և առաջ ինքն իրենից պետք է սկսի: Վարչապետը, ում անվանական աշխատավարձը 350000 դրամ է, հայտարարում է պաշտոնատար անձանց կողմից բարեխիղճ, պատշաճ աշխատանք և ծառայություն մատուցելու և կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ի վերջո, ակնհայտ է, որ 350000 դրամը բավարար չէ վարչապետին ապրելու համար: Բայց ինչո՞ւ ենք մենք թաքցնում, ինչո՞ւ չենք բարձրաձայնում դրա մասին, ինչո՞ւ քայլ չենք անում այդ ուղղությամբ»,- դեռ տարիներ առաջ հայտարարել է ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը, ով դժվար թե պատկերացներ, որ մի գեղեցիկ օր ինքն անձամբ է պայքարի ելնելու այդ կոռուպցիայի դեմ, սակայն, ինչպես ինքն էր ասում, պայքարը «խոսքից այն կողմ չի գնալու»: Հետաքրքիր է, այսօր այս դիրքորոշումը քանի՞ աստիճանով է փոխել պարոն նախարարը:


Փաստն այն է, որ ողջ կառավարությունը մատը մատին չի տալիս ինքն իրենից սկսելու և արատավոր երևույթներին վերջ դնելու համար: Այս ամենը անհաջող ներկայացում է հիշեցնում, որի ավարտը վաղուց արդեն կանխորոշված է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ