ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սիրիա և Իրաք. վճռորոշ մարտերի ժամանակն ու թուրքական սադրանքների ճակատագիրը

Սիրիա և Իրաք. վճռորոշ մարտերի ժամանակն ու թուրքական սադրանքների ճակատագիրը
31.05.2016 | 00:10

Հետևենք այն բանին, թե ինչպես է Իրանը շարունակում միջնորդավորված պայքարն ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների: Շատերդ լսած կլինեք, որ սիրիացի քրդերն ու ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող սիրիական «ժողովրդավարական կոալիցիան» ռազմական գործողություններ են սկսել Էր-Ռաքքա քաղաքի ազատագրման համար, որը տխրահռչակ «իսլամական խալիֆայության» մայրաքաղաքն է համարվում:

Այդ նույն ժամանակ Իրաքի բանակն ու շիա կամավորականները ձեռնամուխ են եղել Էլ-Ֆալուջա կարևոր նշանակություն ունեցող քաղաքի ազատագրմանը, կարևոր, որովհետև ճանապարհ է հարթում դեպի Էր-Ռամադա, այնտեղից էլ՝ Սիրիայի սահման, ապա՝ Դեյր-Էր-Զոր: Էր-Ռաքքայում և Էլ-Ֆալուջայում հաղթանակ տանելով շնորհիվ Ռուսաստանի և Իրանի՝ դաշնակիցներն առավելություն կստանան, այսպես կոչված, «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ: Միաժամանակ, Ռուսաստանը հետաձգեց ԻՊ-ի և մյուս ահաբեկչական ավազակախմբի՝ «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալներին Հալեպում և քաղաքի արվարձաններում ճզմելու գործում սիրիական բանակին ու աշխարհազորայիններին օգնություն ցուցաբերելու՝ մայիսի 26-ին հայտարարված գործողությունը: Իրենց ԱՄՆ-ի և «ամերիկյան կոալիցիայի» դաշնակից հայտարարած խմբավորումներին լրացուցիչ ժամկետ է տրված, որպեսզի հեռանան ԻՊ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալների տեղակայման վայրերից:


Հյուսիսում Սիրիայի և Ռուսաստանի նպատակը հասկանալի է՝ դուրս գալ Աֆրին և Ազազ բնակավայրերի մոտ, որից հետո Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը կվերահսկեն Դամասկոսի և նրա դաշնակիցները: Թերևս առաջին անգամ, բացի սիրիական ԶԼՄ-ներից, լրատվամիջոցներն էլ են վերջին օրերին սկսել ակտիվորեն խոսել այն մասին, որ Էր-Ռաքքայի ազատագրման գործողությանն ու Հալեպի ազատագրմանը մասնակցում են քրիստոնյա աշխարհազորայիններ՝ հայերն ու ասորիները: Նրանց կազմավորումները, ինչպես նաև քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության» ¥YPG¤ ջոկատները, արդեն ներկայացվում են որպես կանոնավոր բանակ կամ, առնվազն, առանձին բանակային կորպուս: Ինձ համար զարմանալի չէ, որ արտատարածաշրջանային երկրներից առաջինն այդ մասին խոսեց Ռուսաստանը: Եվ զարմանալի չէ նաև, որ հենց այս օրերին է բրիտանական Բի-Բի-Սին «հանկարծ» հիշում, որ, պարզվում է, աշնանային օդային հարվածների ժամանակ Ռուսաստանի օդուժը ոչ միայն ջախջախել է ԻՊ-ին, այլև ոչնչացրել է Թուրքիայի կանոնավոր բանակի մի քանի ստորաբաժանում, որոնք գտնվել են Սիրիայի տարածքում և պաշտպանել են Իրաքից ու Սիրիայից կողոպտված նավթի՝ դեպի Թուրքիա ընթացող քարավանները: Իրականում Սիրիայի հայկական աղբյուրները դեռ 2012 թվականից էին հաղորդում, որ մեր հայրենակիցները մասնակցել են և մասնակցում են ահաբեկիչների դեմ մղվող մարտերին: Եվ ամենևին էլ միշտ չէ, որ նրանք հանդես են եկել որպես քրդերին «աջակցող», «օգնող» խմբեր: Ոչ, կան տեսակադրեր, որոնք վկայում են՝ Էլ-Ղամշլիում, ճեղքելով իսլամիստների շրջափակումը, առաջինը քաղաք են խուժում հենց հայ աշխարհազորայինները: Տեսակադրերում և լուսանկարներում երևում են մարդիկ՝ վեր պարզած Հայաստանի դրոշը:
Այսպես թե այնպես, աշխարհը բազմիցս առիթ է ունեցել համոզվելու, որ Իրաքի և Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի և Իրանի դաշինքն անսասան է: Եվ այն փաստը, որ ԱՄՆ-ը մայիսին հերթական անգամ մերժեց Ռուսաստանի առաջարկությունը՝ համատեղ ջանքերով վերջ դնելու ահաբեկիչներին թե՛ Հալեպում, թե՛ Էր-Ռաքքայում, ոչ միայն վկայում է, որ Պալմիրայի ազատագրումից հետո ամերիկացիները որոշել են գոնե մի բան «ինքնուրույն» ազատագրել Սիրիայում: Իսկ որ սիրիացի քրդերի և Սիրիայի «նոր ժողովրդավարական կոալիցիայի» շարքերում կան ԱՄՆ-ի մի քանի հարյուր հատուկջոկատայիններ, այդ մասին աշխարհի լրատվամիջոցները բազմիցս են հաղորդել: Իհարկե, ամերիկյան քաղաքականության «կաղ բադը», այսինքն՝ «հեռացող նախագահ» Բարաք Օբաման, շատ կցանկանար գնալ հաղթանակած և իր «հովանավորյալին» (բացառված չէ՝ ԱՄՆ-ի հաջորդ նախագահ Հիլարի Քլինթոնին) թողնել մի մեծ «փոքր հաղթանակ». թեկուզ և միայն Էր-Ռաքքայի տեսքով: Օրինակ, ԻՊ-ի երկրորդ «մայրաքաղաք» Մոսուլի ազատագրման գործողությունը ամերիկացիները ամիսներ շարունակ ուշացնում են: Ասենք, այնտեղ շատ բան անհասկանալի է. ԱՄՆ-ի «բարեկամ» ու դրածո, Իրաքի հյուսիսի քրդական տարածաշրջանային կառավարության (KRG) նախագահ Մասուդ Բարզանին այժմ խայտառակ վեճերի կիզակետում է, և պարզ չէ, կկարողանա՞, արդյոք, ԱՄՆ-ը գոնե մասնակի վերահսկողություն պահպանել Իրաքի Քրդստանում: Սակայն Սիրիայի զինուժի և Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) գործողություններին միանալուց և, իր հերթին, Էր-Ռաքքայի ազատագրմանը Ռուսաստանի ՌՏՈՒ-ի մասնակցությանը համաձայնելուց ամերիկացիների հրաժարման ավելի էական պատճառն այն է, որ Ռուսաստանի կողքին Իրանն է, իսկ ամերիկացիները բնավ չէին ցանկանա Սիրիայում բախվել այն նույն բանին, ինչ հիմա արդեն տեսնում և ինչի պտուղները «քաղում» են Իրաքում: Խոսքը Իրանի հարաճուն ազդեցության մասին է:


Մամուլը շատ ժլատ է լուսաբանում Իրանի ակտիվությունը Իրաքի և Սիրիայի տարածաշրջաններում, ուր, կարծես, ակնհայտ է ԱՄՆ-ի ու ամերիկացի զինվորականների գերակշռությունը: Մասնավորապես, բառ անգամ չի ասվում Իրանի հետ ԱՄՆ-ի իբր դաշնակից Սիրիայի քրդական ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Սալեհ Ալ Մուսլիմի կապերի մասին: Այնինչ, հենց նրան ու PYD-ին են, վերջին հաշվով, ենթարկվում YPG-ի քրդերի մարտական խմբերը: Մինչդեռ, Ալ-Մուսլիմը հաճախակի և ցանկալի հյուր է Թեհրանում: Մի շարք հիմունքներով կարելի է պնդել, որ ամերիկացիների համար, ցավոք, սիրիացի քրդերն էլ են իրականում Իրանի տարածաշրջանային դաշնակիցը: Ավելին, Ալ-Մուսլիմը և PYD-ն սերտորեն գործակցում են թե՛ ալավի աշխարհազորայինների, թե՛ հայերի, թե՛ շիական կամավորականների, բնականաբար, նաև Սիրիայում գտնվող իրանցի բազմաթիվ ռազմական խորհրդականների հետ, որոնցից շատերը ներկայացնում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Այսպիսով, թեև Ռուսաստանը «թույլտվություն չունի» մասնակցելու Էր-Ռաքքայի ազատագրման ռազմական գործողություններին, դրա փոխարեն նա դեֆակտո (Իրանի և Ալ Մուսլիմի միջոցով) ԱՄՆ-ի «թույլտվությունն ունի» անսահմանափակ տեղեկություններ ստանալու այն ամենի մասին, ինչ արդեն եղել է և լինելու է Էր-Ռաքքայի ազատագրման մարտերում:


Մայիսի 26-ի մամուլի ասուլիսում ԻՀՊԿ-ի գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին հայտարարեց, որ ԱՄՆ-ը նպատակ է հետապնդում տապալելու «իսլամական հեղափոխությունը» և Իրանի կառավարությունը, և դա անել Սիրիայում և Իրաքում միջդավանական հակամարտություններ բորբոքելու միջոցով: Նա կարծում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար օրակարգային հարցը Իրանի շահերին հակադրվելն է, դրա համար էլ «իրանական զինվորները կռվում են Սիրիայում»: Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ գեներալ-մայոր Սոլեյմանին ԻՀՊԿ-ի կազմում գտնվող «Կոդս» հատուկ ջոկատի հրամանատարն է և, ըստ էության, անմիջականորեն ղեկավարում և մշակում է Իրաքի շիական «Հաշդ աշ-Շահաբի» աշխարհազորային զորամիավորումների գործողությունները: Հետաքրքիրն այն է, որ մինչև 2015 թվականը համարվում էր, թե «Հաշդ աշ-Շահաբին» ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների «հաճախորդն» է, և ամերիկացի հրահանգիչները աշխարհազորայիններին զենք-զինամթերք էին մատակարարում, նրանց հետ վարժանքներ էին անցկացնում: Բայց հիմա «Հաշդ աշ-Շահաբի» շիա կամավորականները իրանամետ ակտիվ մարտիկներ են ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում: Այո, աշխարհը գիտեր, որ 2003 թ. Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից և 2011 թ. սիրիական քաղաքացիական պատերազմն սկսվելուց հետո, Իրանը շարունակ փորձեր է անում ուժեղացնելու իր ազդեցությունն այդ երկրում, օգտագործելով շիա խմբավորումները։ Հիմա իրադարձությունները շատ ավելի արագ են զարգանում։ Ինչպես հաղորդում են քրդական լրատվամիջոցները, Քասեմ Սոլեյմանին անձամբ մասնակցություն է ունեցել Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողության ղեկավարմանը, որ իրաքյան ուժերն սկսեցին երկուշաբթի՝ մայիսի 23-ին։ Դա հաստատվում է ճակատային գծի «իրաքցի» մարտիկների հարցազրույցով, ովքեր միայն պարսկերեն են խոսում։ Մամուլի ասուլիսում էլ «Կոդս» հատուկ ջոկատի հրամանատարը կոշտ հայտարարում է, որ Իրաքի ու Սիրիայի պատերազմներին Իրանի մասնակցության նպատակը միջդավանական (ամենայն հավանականությամբ, խոսքը սուննիների ու շիաների փոխհարաբերությունների մասին է) հրդեհ բորբոքելու ԱՄՆ-ի ձգտմանը հակազդելն է։ Այսինքն, Իրաքում և Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելն Իրանի համար հեռավոր բնագծերում սեփական պաշտպանություն է նշանակում։


Այս ամենը տեղի է ունենում Սիրիային սահմանակից շրջաններում Թուրքիայի հակաքրդական գործողությունների սաստկացմանը զուգընթաց։ Այսպես, մայիսի 25-ին թուրքական կառավարությունը որոշում ընդունեց երկարացնելու պարետային ժամը Մարդինի նահանգի Օմեռլիի շրջանում՝ նպատակ ունենալով քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ուղղված ռազմական գործողությունների մի նոր փուլ սկսել։ Տեղի աղբյուրները հաղորդում են, որ այդ հայտարարությունից հետո Օմեռլիի բնակիչներն սկսեցին շտապ հեռանալ իրենց տներից։ Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշել էր չեղարկել կես տարի շարունակված պարետային ժամը Դիարբեքիրի քրիստոնեական Սուրի շրջանում, որը դաժան տառապանքներ է կրում վերջին ինն ամսում թուրքական բանակի և PKK-ի միջև տեղի ունեցող ընդհարումներից։ Կարելի է հասկանալ, որ դիմադրությունը Դիարբեքիրում թուլացել կամ ջախջախվել է, ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս պատրաստվելու սիրիական սահմանի շրջանում նախատեսվող ինչ-ինչ գործողությունների։ Դա համադրելով Էր-Ռաքքայի և Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողությունների հետ, կարող ենք սպասել, որ թուրքերն ինչ-որ կերպ, «քրդական սպառնալիքի» թեզի օգտագործմամբ, խոշոր սադրանք են նախապատրաստում Սիրիայի հյուսիսում։


Համացանցը լի է Դիարբեքիրի, Շիրնակայի, Ջիզրեի, Յուկսեկովայի, ինչպես նաև Թուրքիայի առավելապես քրդերով բնակեցված այլ քաղաքների ավերակները պատկերող լուսանկարներով ու տեսակադրերով։ Երևի թուրքերը վախենում են, թե «իրենց» քրդերը կշարժվեն Սիրիայի կողմը, ոչ թե այլ՝ Թուրքիայի ավելի անվտանգ շրջաններ։ Եվ հաշվի առնելով, որ Անկարայի դաշնակիցները՝ ի դեմս «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալների, Հալեպում առավել կատաղի գրոհում են հենց քաղաքի ու արվարձանների քրդական և քրիստոնեական շրջանները, հասկանալի է դառնում, որ Սիրիայի, Իրանի ու Ռուսաստանի ուժերը բախվում են վաղուց նախապատրաստված թուրքական պլանին, և եթե ԱՄՆ-ը ոչինչ չձեռնարկի Թուրքիային ու նրա արբանյակներին աջակցելու ուղղությամբ, ապա Սիրիան, Իրանը և Ռուսաստանը կխափանեն Անկարայի ծրագրերը։ Սակայն Էր-Ռաքքայի առնչությամբ ամերիկացիների դրսևորած վարքագիծը ստիպում է ենթադրել, որ ամենավճռական պահերին ԱՄՆ-ը կարող է անկանխատեսելի հետևանքներով հղի սադրանքներ ձեռնարկել։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ