ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

ԵՄ-ն կորցնո՞ւմ է Արևելյան գործընկերությունը

ԵՄ-ն կորցնո՞ւմ է Արևելյան գործընկերությունը
30.05.2016 | 13:36

Երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում Սկանդինավյան երկրների և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պատմական հանդիպման ընթացքում կողմերը հնարավորություն ստացան ամրապնդել մեծ կոնսենսուսը՝ ի դեմս մարտահրավերների, որ կարող են տրանսատլանտյան կապերը խարխլել: Հանդիպման Հռչակագրում ուրվագծված են կոնկրետ դիրքորոշումներ մարդասիրական օգնության, կլիմայի հարցերի, միգրացիայի վերաբերյալ, ընդգծվել է հակառուսական պատժամիջոցների պահպանման կարևորությունը և ընկալումը, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի պաշտպանունակության անկյունաքարն է: Հընթացս նշվեց, որ պետք է շարունակել Արևելյան գործընկերությունը՝ վաղեմի, բայց լավ մոռացված գործիք եվրոպական երկրների ընդհանուր զինանոցում, որը կիրառվում է՝ ամրապնդելու կայունությունը, համագործակցությունը և տնտեսական զարգացումը հարևան տարածաշրջաններում: Նախագիծը մեկնարկել է Պրահայի սամմիթում, 2009-ին՝ եվրոպական շրջանակներում մի քանի գործիչների ջանքերով, առաջին հերթին՝ Շվեդիայի ու Լեհաստանի: Այդ գործընկերության ռազմավարական իմաստը պարզ բացատրել է տարածաշրջանային հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Վաշինգտոնում ելույթ ունենալով՝ նա ընդգծեց, որ «ԵՄ-ն հայտնվեց ընտրության առաջ՝ հարևան երկրներ արտահանել կայունությո՞ւն, թե՞ հարևան երկրներից ներմուծել անկայունություն»: Հաշվի առնելով իրավիճակի սրընթաց վատացումը Բալթիկայում և նկատելի էսկալացիան Դոնբասում այս գարնանը, քչերն են կասկածի տակ առնում Եվրամիության և իր արևելյան հարևանների քաղաքական ու գործնական մերձեցման կարևորությունը:


Գործընկերությունը ներառում է վեց երկրներ՝ ՈՒկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Հայաստան և Ադրբեջան, և ենթադրում է ընդարձակ համագործակցություն ազատ առևտրի համաձայնագրերից մինչև վիզաների չեղարկում, ուսանողների փոխանակում ու համատեղ աշխատանք կլիմատիկ խնդիրների վրա: Փոխգործակցության գոտիների ընդլայնումը Եվրոպայի շուրջ հաճախ տեղի է ունենում գործընկեր երկրներում խորքային ու ցավոտ բարեփոխումների իրականացումով՝ նպատակ ունենալով կանխել ինստիտուցիոնալ կոռուպցիան, ուժեղացնել իրավական համակարգի անկախությունը և նրա ներդրումը պետական գործընթացներում: Պահանջվում են կոնկրետ քայլեր՝ բարելավելու մարդու իրավունքների վիճակը և խթանելու մակրոտնտեսական աճը: Հակիրճ՝ խոսքը ԵՄ-ի փափուկ իշխանության մասին է իր լավագույն ձևի մեջ, երբ մահակի ու քաղցրաբլիթի համադրումը ապահովում է ինտեգրացիայի փոխշահավետ ու երկարատև գործընթաց ԵՄ 28 անդամների և նրանց հարևանների միջև Եվրոպայի արևելքում ու Կովկասի հարավում: Գործընկերությունը կենտրոնացվում է ԵՄ-ի և յուրաքանչյուր երկրի երկկողմ հարաբերությունների վրա, որի արդյունքում իբրև օժանդակ հետևանք ձևավորվում են բազմակողմ հարաբերություններ: Ինչպես ԵՄ-ի և Իսպանիայի, Պորտուգալիայի ու Հունաստանի նախկին բռնապետությունների հետ բանակցություններում 70-ականներին կամ 90-ականներին նոր անկախություն ձեռքբերած մերձբալթյան պետությունների հետ, ամբողջ գործընթացը նպատակաուղղված է կայունության ու կանխատեսելիության հաստատմանը, չնայած երկու կողմերի կարճաժամկետ զոհաբերություններին:

Կա՞ն հաջողություններ: Հավանաբար դրական արդյունքներն առավել նկատելի են Վրաստանի դեպքում և մասնակի ՈՒկրաինայի, որ կարճ ժամանակում մեծ քայլեր են արել առաջ և կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացրել՝ ապահովելով պայմանագրերը ազատ առևտրի և ԵՄ-ի հետ ասոցացման համար: Մոլդովան տատանվում է դեպի Եվրոպա իր ձգտումների մեջ և վերջին տարիներին աճում են կասկածները, որ քաղաքական տուրբուլենտությունը և խորապես արմատավորված կոռուպցիան արգելակում են երկրի հաջողության շանսերը: Ադրբեջանի, Հայաստանի ու Բելառուսի դեպքում ակնհայտ է, որ գործընկերությունը հանգեցվում է մի քանի առանձին հարցերի և բազում վեկտորներից մեկն է միայն, որ ձևավորում են այդ երկրների արտաքին քաղաքականությունը: Նրանց դեպքում պետք է ուշադրություն դարձնել գազային կախվածությանը Ռուսաստանից և նրանց տարածքներում ռուսական ռազմաբազաների առկայությանը: Այս երկրները չեն ձգտում խոր ինտեգրման և Արևելյան գործընկերության ռուսական տարբերակի՝ Եվրասիական միության հետ: Նրանք հստակ հասկացնում են, որ ցանկանում են սահմանափակել նրա ազդեցությունը ֆինանսների ոլորտում համագործակցությամբ: Եթե ընդհանուր իրավիճակը գնահատենք, ակնհայտ է, որ Արևելյան գործընկերությունն առաջարկում է նոր լուծումներ զրոյական գումարով քաղաքական խաղերի փոխարեն, որ վաղուց արգելակում են տարածաշրջանի զարգացումը: Չնայած շատ մարտահրավերներ պահպանվում են, հարևանային գործընկերությունը հինգ տարւմ ավելի մեծ ձեռքբերումներ ունի, քան ԵՄ հարավային հարևանների հետ Բարսելոնայի գործընթացը 15 տարում, նաև ավելի քիչ ֆինանսական միջոցներ է պահանջել:


Այսօր բազում միֆեր են շրջանառվում, որ ԵՄ նախաձեռնությունները անակնկալ էին Ռուսաստանի համար, ուստի արժի ուշադրություն դարձնել այն փաստին, որ Բրյուսելի ու Մոսկվայի միջև հաղորդակցության խողովակները ստեղծված էին դեռ ամենավաղ փուլում՝ խուսափելու համար չհասկացվածությունից: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանը համեմատաբար քիչ էր շահագրգռված հարևանության առավել ընդգրկուն քաղաքականությամբ, որին ընթացք տվեց Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին 2000-ականների սկզբին: ՈՒկրաինայի հետ ասոցացման բանակցությունները սկսվելու պահից՝ 2007-ի մարտից, Եվրոպական հանձնաժողովը և Ռուսաստանը 30 խորհրդակցություն են անցկացրել՝ մինչև պայմանագրի երկու հազար էջանոց նախագիծը հինգ տարի անց ներկայացվել է: Անընդհատ երկարացվող տնտեսական պատժամիջոցների և նվազ բարեկիրթ քաղաքական ճնշման արդյունքում Կրեմլն անհրաժեշտ համարեց Յանուկովիչին ստիպել հրաժարվել համաձայնագրի ստորագրումից, որը պատճառ դարձավ զանգվածային բողոքների Կիևի Անկախության հրապարակում: Բայց վերջին տարիներին փոխվեց ոչ միայն արտաքին աշխարհաքաղաքական ենթատեքստը, այլև ԵՄ անդամների հետ հարաբերությունների ներքին դինամիկան, որը ավելի հակվում է մեկուսացման ու դեպի ներս ուղղված հայացքին: Աճող անվստահությունը Բրեկզիտի հետ կապված, Վիշեգորոդյան քառյակի հակասական գործողությունները Եվրոպական խորհրդում և ամբողջ Եվրոպայում կուսակցությունների աճող դժգոհությունը խարխլում են ԵՄ-ի և հարևան պետությունների կայուն ալյանսների ստեղծման նախադրյալները: Նիդերլանդների հանրաքվեն նկատելի մթագնեց ԵՄ երկրների ցանկությունը՝ շարունակել Արևելյան Եվրոպայի հարևանների հետ քաղաքական ու տնտեսական ինտեգրման գործընթացը: Բայց հանրաքվեի արդյունքները չեն ազդի ազատ առևտրի պայմանագրի վրա, իսկ ԵՄ 27 երկրներ արդեն վավերացրել են ՈՒկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը: Դա նշանակում է, որ հիմա Նիդերլանդները պետք է հետագա զարգացման առաջարկներ անեն: Սակայն ազդանշանը հստակ է՝ շահագրգիռ անձանց առանձին խմբերի համար հեշտացել է խոչընդոտներ հարուցել ԵՄ-ի կոլեկտիվ նախագծերին՝ երբեմն միայն ստիպելու լսել իրենց ու ներքաղաքական միավորներ հավաքելու համար:


Շվեդիան պետք է շարունակի աշխատանքը՝ ցույց տալու, որ գործընկեր երկրներում համագործակցությունը նկատելի փոփոխություններ է բերում շարքային քաղաքացիների կյանքում, պաշտպանելու միության հիմնարար գաղափարը՝ ընդհանուր խնդիրները պահանջում են ընդհանուր լուծումներ: ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականությունը արդիականության ամենաարդունավետ գործիքներից մեկն է՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության ապահովման համար: Այդ ոլորտում հաջողություններն ընդգծելը և հավակնությունների բարձր մակարդակը պահպանելը օգնում է դիմակայել արտաքին գործիչների ազդեցությանը, որ ձգտում են թուլացնել և մասերի բաժանել Եվրոպան:

Կառլ ԽՎԵՆՄԱՐԿ ՆԻԼՍՈՆ, Svenska Dagbladet, Շվեդիա


Հ.Գ. Մի քանի ընդգծումներ՝
*«ԵՄ-ն հայտնվեց ընտրության առաջ՝ հարևան երկրներ արտահանել կայունությո՞ւն, թե՞ հարևան երկրներից ներմուծել անկայունություն»:
*Փոխգործակցության գոտիների ընդլայնումը Եվրոպայի շուրջ հաճախ տեղի է ունենում գործընկեր երկրներում խորքային ու ցավոտ բարեփոխումների իրականացումով՝ նպատակ ունենալով կանխել ինստիտուցիոնալ կոռուպցիան, ուժեղացնել իրավական համակարգի անկախությունը և նրա ներդրումը պետական գործընթացներում: Պահանջվում են կոնկրետ քայլեր՝ բարելավելու մարդու իրավունքների վիճակը և խթանելու մակրոտնտեսական աճը:
*Արևելյան գործընկերությունն առաջարկում է նոր լուծումներ զրոյական գումարով քաղաքական խաղերի փոխարեն, որ վաղուց արգելակում են տարածաշրջանի զարգացումը:
*Այսօր բազում միֆեր են շրջանառվում, որ ԵՄ նախաձեռնությունները անակնկալ էին Ռուսաստանի համար, ուստի արժի ուշադրություն դարձնել այն փաստին, որ Բրյուսելի ու Մոսկվայի միջև հաղորդակցության խողովակները ստեղծված էին դեռ ամենավաղ փուլում՝ խուսափելու համար չհասկացվածությունից: Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանը համեմատաբար քիչ էր շահագրգռված հարևանության առավել ընդգրկուն քաղաքականությամբ, որին ընթացք տվեց Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին 2000-ականների սկզբին:
*Գործընկեր երկրներում համագործակցությունը նկատելի փոփոխություններ է բերում շարքային քաղաքացիների կյանքում, պաշտպանելու միության հիմնարար գաղափարը՝ ընդհանուր խնդիրները պահանջում են ընդհանուր լուծումներ:
Իսկ հիմա համեմատեք ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, և մեր ընտրության հետևանքները՝ 2013-ի սեպտեմբերից ու հատկապես 2015-ի հունվարի 1-ից հետո, երբ ԵԱՏՄ անդամ դարձանք պաշտոնապես՝ հիմնավորելով անվտանգության ապահովման խնդրով և, իհարկե, էժան գազով: Պարզվեց, ոչ գազն էր էժան, ոչ անվտանգությունը՝ ապահովված: Մենք շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ՝ փորձելով ինչ-որ հարաբերություններ պահպանել ԵՄ-ի հետ՝ համաձայնագրի տեսքով: Այս ընթացքում և ԵՄ-ն է փոխվել, և Հայաստանը, և տարածաշրջանը: Միայն Ռուսաստանն է մնում անփոփոխ արգելակ՝ իրական փոփոխությունների առաջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ