ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Ղարաբաղ. Բանակցությունների գաղտնիությունը ստեղծում է առճակատում

Ղարաբաղ. Բանակցությունների գաղտնիությունը ստեղծում է առճակատում
29.05.2016 | 12:12

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության տոնի առիթով ընդունելության ժամանակ իր ելույթում տարօրինակ հայտարարություն արեց: Մի կողմից՝ նա վստահություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման լուրջ բանակցությունները շուտով սկսելու մասին: Մեջբերում նրա ելույթից. «Գտնում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր: Մենք սպասոմ ենք, որ շուտով, առանց հապաղման, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդերն են ասում, սուբստանցիոնալ, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Մյուս կողմից՝ Ալիևը հայտարարեց, որ «այդ կոնֆլիկտը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», որ «այլ ճանապարհ չկա», և «պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը»:


Ելույթը ուշադրության արժանի է, որովհետև Ալիևն առաջին անգամ է մեկնաբանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վիեննայում բանակցությունների արդյունքները: Հետևենք պաշտոնական հայտարարությունների տրամաբանությանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայի պայմանավորվածությունների արդյունքներով հայտարարում էր. «Պայմանավորվեցինք, և այդ մասին կասվի համատեղ հայտարարության մեջ, հասնել հրադադարի պահպանմանը, կրակի դադարեցմանը այն տեսքով, ինչպես եղել է անցած դարի 94−95 թթ.»: Վիեննայում պայմանավորվածություն է ձեռքբերվել մոնիտորինգի ուղղությամբ քայլերի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների մեծացման մասին կոնֆլիկտի կարգավորման գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:


Այդ դիրքորոշումը հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերով պետնախարար Արլեմ Դեզիրի. «Նախագահները հաստատեցին իրենց հակվածությունը կրակի դադարեցմանը և կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնության ռիսկի նվազեցման համար նրանք պայմանավորվեցին կարճ ժամկետներում ավարտել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրումը (սահմանային միջադեպերի): Նախագահները նաև պայմանավորվեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին»:


Այս փաստաթղթերում, ինչպես տեսնում եք, չկա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիշատակում, որի մասին խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունելության ժամանակ: Դա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի նախապատրաստվող համաձայնագիրը Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հունիսի վերջին ենթադրվող հանդիպման համար ավելի շատ տեխնիկական, անցումային է, որ կարող է ռեալ նախադրյալներ ստեղծել վերսկսելու ղարաբաղյան կարգավորման քննարկումները Մադրիդյան համաձայնությունների ձևաչափով: Եվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը ձեռքբերում է համարում, որ երկու կողմերը հաստատեցին իրենց պարտավորությունները 1994−95-ի զինադադարի համաձայնագրով: Նա անվանել է «բարի կամքի դրսևորում նրանց պատրաստակամությունը աշխատել շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծման վրա», իսկ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետևողական կլինեն և պատրաստ աշխատելու այդ հանձնարարականով».


Բաքուն, եթե հետևենք նախագահ Ալիևի տրամաբանությանը, «Վիեննայի հանդիպումը հաջողված» է համարում, բայց անսպասելի ի հայտ է գալիս հետաքրքիր ինտրիգ: Նախ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ասում է, որ Բաքուն մանդատ չի տվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Հետո նա կտրուկ փոխում է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը դեմ չէ», «մենք ասել ենք, որ չենք առարկում այդ առաջարկին»: Սակայն Day. Az-ի մեկնաբան Լեյլա Թարիվերդիևան մեղադրում է հայկական կողմին, որ «տեղեկատվական տարածքում ուժեղացված ներդրել է միտքը, թե քննարկումների ընթացքում լիակատար համաձայնություն է կայացել Երևանի պայմանների շուրջ, որոնց, իբր, ճնշման տակ համաձայնել է և Բաքուն»: Նա պնդում է. «Բաքուն միանշանակ հայտարարել է, որ Վիեննայում քննարկվել են ինչ-որ հարցեր, բայց այս կամ այն քայլին Ադրբեջանը ոչ մի համաձայնություն չի տվել»: Թարիվերդիևան հղում է անում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը. «Վիեննայի հանդիպման արդյունքներով՝ կողմերը ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ պայմանավորվել են այն, ինչ ներկայացված է համանախագահների հայտարարության մեջ, որ կարող էր լինել հնգակողմ, բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնությունը և այն դարձավ եռակողմ»: Ստացվում է, որ Հայաստանը Վիեննայում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, իսկ Ադրբեջանը հրաժարվել է:

Ամփոփիչ փաստաթուղթը հայտնի է, և նրա հիմքով, ըստ նախագահ Ալիևի, ձևավորվել է «վստահություն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման լուրջ բանակցությունների շուտով սկսվելու մասին»: Տիկին Թարիվերդիևան հաստատում է. «Հայաստանի ԱԳ նախարարը հստակ հասկացրեց, որ ոչ մոնիտորինգի մեխանիզմներին, ոչ Անջեյ Կասպրչիկի լիազորությունների ընդլայնմանը Ադրբեջանը համաձայնություն չի տվել, ինչպես և հայտարարել է ադրբեջանական կողմը ամենասկզբից»: Ո՞վ կարող է գլուխ հանել դատողությունների այս տրամաբանությունից:


Եթե Բաքուն իրոք հրաժարվել է ինչ-որ իրավական պատասխանատվություն ստանձնել Վիեննայի հայտարարությունների արդյունքներով, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մակարդակով ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Եթե Բաքուն գնում է բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերով պետնախարար Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության պայմաններով, ինչո՞վ բացատրել բացահայտ քաղաքական բլեֆի այս քաղաքականությունը:


Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բանակցային գործընթացի գաղտնիությունը կամ կիսագաղտնիությունն ինքն է դառնում կոնֆլիկտի կողմերի քաղաքական ու տեղեկատվական պայքարի աղբյուր: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգում Բաքվին ու Երևանին կոչ արեց «հեռանալ առճակատման քաղաքականությունից, առճակատման փորձերից, իրավիճակի վատացումից»:


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպելու են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, հունիսի 2-ին Փարիզում Հաաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Նա հայտարարեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերսկսկումը հնարավոր է այն պայմանների կատարման դեպքում, որոնք բարձրաձայնվել են Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ»: Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը, իբրև ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, նշեց, որ Բեռլինը մտադիր է «հատուկ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում»՝ չմեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսին հնարավոր հանդիպման հարցը: Ու ընդհանրապես՝ լինելու՞ է այդ հանդիպումը:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Իրավիճակը խճճված է ու տրամաբանության մեջ չտեղավորվող միայն առաջին հայացքից: Նախ՝ եթե Նալբանդյանը հայտարարել է՝ «Վիեննայի հանդիպման արդյունքներով՝ կողմերը ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ պայմանավորվել են այն, ինչ ներկայացված է համանախագահների հայտարարության մեջ, որ կարող էր լինել հնգակողմ, բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնությունը և այն դարձավ եռակողմ», դրանից չի հետևում, որ Հայաստանը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել՝ այդ դեպքում համաձայնությունը կլիներ ոչ թե եռակողմ, այլ՝ քառակողմ: Երկրորդ՝ Ալիևը միշտ էլ Բաքու վերադառնալով՝ սկսում է ՛՛խմբագրել՛՛ իր քայլերը, իսկ նրա պաշտոնյաները հարկադրված են լինում իրարամերժ հայտարարություններ անել, դա Բաքուն համարում է դիվանագիտական ճկունություն, ավելի պարզ՝ շարունակում է առևտուրը՝ փորձելով հետադարձ ուժով փոխել համաձայնությունները, այդ պատճառով էլ երբեք ոչինչ Ալիևը չի ստորագրում: Երրորդ՝ սուբստանցիոնալ բանակցությունների մասին ադրբեջանական կողմը ամբողջ ձայնով խոսում էր Վիեննաի հանդիպումից առաջ էլ: Եթե Բաքուն պնդելու է իր սուբստանցիոնալը՝ բովանդակային բանակցություններ՝ մի կողմ դրած հայտնի սկզբունքները, Երևանը իրավական բոլոր հիմքերն ունի առաջադրելու սուբստանցիոնալ բանակցությունների իր տարբերակը: Ասենք՝ Վիեննայում ստանձնած պարտավորությունների կատարումից հետո վերսկսված բանակցություններում՝ մի կողմ թողած բոլոր սկզբունքները՝ կողմերը Ստեփանակերտի մասնակցությամբ քննարկում են ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, և միայն համաձայնության կայացումից հետո անդրադառնում են տարածքներին՝ ներկայացնելով հայկական կողմի տարածքային պահանջները, ու ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը, եթե նրանք կարող են ապավինել սեփական պետության խոստումներին ու չվտանգել կյանքը՝ հենց ադրբեջանական կողմից արձակվող կրակոցների տակ: Բաքուն չափազանց հաճախ է իր քայլերը հայկական կողմին վերագրել՝ ինքը կրակել ու ասել՝ հայերը խախտում են հրադադարի ռեժիմը, որ ադրբեջանցիները ամբողջությամբ հավատան իրենց նախագահին: Իսկ միջազգային խաղաղապահների տեղակայումը շփման գծում կողմերից ոչ մեկին պետք չէ, և դա հասկանում է նաև Իլհամ Ալիևը: Գուցե նաև Էրդողանը, որ հրապարակային պաշտպանում է Ադրբեջանի քայլերը, բայց պատրաստ չէ պատերազմ հայտարարել Արցախին կամ Հայաստանին՝ ելնելով իր ներքաղաքական խնդիրների լուծման կարևորությունից և մի քանի ճակատներով կռիվներից՝ Իրաքում, Սիրիայում, սեփական երկրում՝ քրդերի դեմ: Նաև՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ չի կարող միայնակ որոշում կայացնել որևէ երկրի դեմ պատերազմ սկսելու: Իվերջո՝ Ալիևին էլ ձեռնտու չէ սեփական տարածք թույլ տալ թուրքական զորքի մուտքը՝ ոչ Արցախի կողմից, ոչ Նախիջևանի:


Կհանդիպե՞ն հունիսի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Ամենայն հավանականությամբ՝ այո, բայց մինչ այդ Բաքուն տասնյակ տարբերակներ կգործադրի Վիեննայի հանդիպման բովանդակությունը փոխելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը մեջտեղ բերելու համար: Խոսքը հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբինն է՝ նրանք պիտի պաշտպանեն Վիեննայի հանդիպման արդյունքները աղավաղումից: Հայաստանն էլ պիտի առաջադրի սուբստանցիոնալ բանակցությունների իր տարբերակը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ