ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գաղտնի և բացահայտ զենքերի մենամարտ

Գաղտնի և բացահայտ զենքերի մենամարտ
27.05.2016 | 10:18

Հարաբերական դադարից հետո ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում տեղաշարժ է սկսվել: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ տեղեկացրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հունիսի 2-ին Փարիզում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Երկու հանդիպում՝ Բրյուսելում ու Փարիզում, որից հետո պարզ կդառնա՝ կհանդիպե՞ն նախագահները, թե՞ ոչ: Բաքվի դիրքերում որևէ փոփոխություն չի եղել: Բրյուսել գնալուց առաջ Էլմար Մամեդյարովը նորից խոսել է ստատուս քվոյի անընդունելիության և «օկուպացված տարածքներն» ազատելուց հետո միայն կարգավորման շուրջ բանակցելու վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առանձին հանդիպումներ կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և որևէ փաստաթուղթ չի ստորագրվի. «Որևէ ստորագրման մասին խոսելն այս պահին ոչ միայն վաղաժամ է, այլև անիմաստ է, որովհետև այդպիսի մշակված փաստաթուղթ չկա, որը կարող է ստորագրվել: Այդ բանակցությունները պետք է նվիրված լինեն հենց դրան՝ շարունակել մշակել գլխավոր ուղղությունները՝ հիմնախնդրի կարգավորման: Ժամանակին մենք դա կոչում էինք սկզբունքներ, հիմա էլ կարող ենք ասել սկզբունքներ կամ հիմնախնդրի կարգավորման շրջանակային ձևաչափ, որպեսզի հնարավոր լինի մշակել այն իրավապայմանագրային փաստաթուղթը կողմերի միջև, որը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հնարավորություն կտա»: Նալբանդյանը մանրամասնել է, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու են միայն ղարաբաղյան բանակցությունները վերսկսելու հետ կապված հարցեր. «Բանակցությունները վերսկսելու համար պետք է նախ պայմաններ ստեղծվեն, այսինքն՝ լիովին կատարվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայի գագաթաժողովի ժամանակ: Եթե այդ պայմանները ստեղծվեն, եթե ստեղծվի այդ մեխանիզմը և եթե ստեղծվի մշտադիտարկման՝ մոնիտորինգի հնարավորությունը, և ընդլայնվեն նաև ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այսինքն՝ բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, իհարկե, հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ»:


Փաստացի՝ հայկական կողմը բարձր՝ նախագահների մակարդակով, հանդիպման համար խնդիր է դնում Վիեննայի պայմանավորվածությունները կատարումը, որից հետո իմաստ ունի հանդիպել, իսկ Բաքուն շարունակում է նույն կարծր դիրքորոշումը, որ որևէ խնդիր քննարկելուց առաջ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»: Բայց սա դեռ ոչինչ չի նշանակում՝ Բաքուն դիվանագիտական «գրոհ-նահանջ-գրոհ-նահանջ» ռազմավարությունը քանիցս կիրառել է և նորից կարող է փորձել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից առաջ դիրքի անփոփոխ կարծրացումը նպատակ ունի պահպանել բանակցային դիրքերը: Հայաստանը, ինչպես միշտ, ընտրել է երկրորդ քայլի մարտավարությունը՝ տեսնենք, թե Ադրբեջանն ինչ կանի, որ պատասխանենք:

Մարտավարություն, որ երբեք չի ապահովել հաղթական ելակետեր: Պատասխանի տարբերակները երկուսն են՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության պայմանագրի կնքումը և ԼՂՀ ճանաչումը: Քառօրյա պատերազմի դասերը մնացին չյուրացված՝ ոչ ռազմական, ոչ դիվանագիտական ասպարեզում հայկական կողմը փորձ չարեց ու չի անում օգտագործել ստեղծված իրավիճակը, դա ինքնին նյարդայնացնում է Բաքվին ու հիմք տալիս սահմաններին անվերջ կրակել՝ իր կարծիքով ստատուս քվոյի վրա, որ աշխարհը կոնֆլիկտի գոյությունը չմոռանա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայկական կողմը ունի նաև «գաղտնի զենք»: Բայց դա Հրանտ Բագրատյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրված և Իլհամ Ալիևին միջազգային մասշտաբով սարսափեցրած միջուկային զենքը չէ: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է, որ Մոսկվայից վերադարձել է Երևան և պատրաստվում է մեկնել Ղարաբաղ: Ոմանք համարեցին, որ նա վերադարձել է հանուն 800 հեկտար կորցրած հողերի և հիշելու է իր մարտական անցյալը: Հազիվ թե: Սամվել Բաբայանը վերադարձե՞լ է, թե՞ վերադարձրել են՝ նախ պետք է պատասխանել այս հարցին: Բոլոր դեպքերում նա մնալու է ռուսական ուղեծրում և որևէ քայլ չի անելու, որ տարբերվեր «Լավրովի ծրագրից», ուրեմն վերադարձել է նախկին հրամանատարը, թե ոչ, ունի սոսկ տեղեկատվական, բայց ոչ քաղաքական կամ ռազմական ռեալ նշանակություն: Մոսկվան չափազանց հաճախ է հայերի ձեռքով հայերին «կառավարելու» խաղը խաղում՝ սա մասն է այդ խաղի և նրա վերադարձը ինչ-որ պահի դառնալու է վտանգավոր՝ ռուսական շահի ամրապնդման տեսակետից, որ այդ շահը հայկականի հետ բազում տարբերություններ ունի, տեսանելի էր քառօրյա պատերազմից էլ առաջ:

Դիտվել է՝ 2648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ