ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հանեք գլխարկը ԱԶԿ-ի առաջ

Հանեք գլխարկը ԱԶԿ-ի առաջ
27.05.2016 | 10:15

Հիշեք հունիսի 7-ի երեկոն: Կառավարող կուսակցության գլխին, կարծես, երկնակամարը փլվեց: Սկսվեցին խոսակցություններ կոալիցիայի մասին, դուռը թակում էր ինչ-որ այլ կուսակցության հետ իշխանությունը կիսելու անհրաժեշտությունը: Նրանք այդ քաոսից դուրս եկան: Անկասկած, այդ ելքը սոցիալական ծանր հետևանքներ ունեցավ: Ահաբեկչության դեմ պետության պայքարի քաղաքականությունը փոխվեց: Փչեց ազգայնականության ուժեղ քամին: Հաճախացած ահաբեկչությունները հասարակությանը վերքեր էին հասցնում: Այն պահին, երբ հասարակությունը կայունություն էր ուզում (օրակարգի առաջին կետ դարձած ահաբեկչության ազդեցությամբ), ասվեց՝ «Կրկնակի ընտրություններ»: Նոյեմբերի 1-ի ընտրություններում միլիոնավոր ընտրողներ, որ հեռացել էին իշխող կուսակցությունից հունիսի 7-ին, ոչ միայն վերադարձան, այլև բերեցին այն կուսակցության ընտրողների նշանակալից մասին, ումից հեռացել էին: Այդ պատճառով «Ազգայնական շարժում» կուսակցությունում ճգնաժամ սկսվեց: Ոգևորությունը, որ իշխում էր ԱԶԿ-ի շարքերում վարչապետ Բինալի Յիլդիրիմի ելույթի ժամանակ, այնքան բուռն էր, կարծես կուսակցությունը ոչ թե տարիներով իշխում է, այլ նոր է եկել իշխանության:
Ինչպե՞ս նրանց հաջողվեց: Դա ԱԶԿ-ի գլխավոր առանձնահատկությունն է: Միշտ մեկ նպատակ, միշտ տագնապ, միշտ թշնամի, որին նրանք գտնում են ժամանակի փոփոխվող պայմաններում: Նրանք մշտապես նորանում են (բացի ղեկավարից): Նրանք շատ անուններ են ջնջել, թեպետ նրանց մասին ասում էին՝ «չեն հեռանա»: Չնայած դրան, նրանք ոչ միայն ուժը չկորցրին, այլև հակառակը՝ կարողացան դառնալ քաղաքական կենտրոն և միասնական օրգանիզմ: Թող ձեզ չմոլորեցնեն իրենց առաջնորդին հավատարմության պատկերները: Ներքուստ նրանք մեծ կոալիցիա են՝ կողմնորոշված երկրի կառավարմանը: Իհարկե, իշխող կուսակցության կառուցվածքի՝ և քննադատվող, և այլընտրանք դառնալու ունակ, նրա ներկա կառավարման գաղտնիքների մասին պատմությունը կգրի: Ինչ կգրի պատմությունը, կախված է, թե ով և ինչպես կձևավորի ապագան: Փոփոխությունները, որոնց մենք այսօր հաճախ նշանակություն չենք տալիս, վաղը կարող են բերել ինչպես բարեկեցություն, այնպես էլ քաոս: Այդ կուսակցության տեղը պատմության մեջ կորոշի Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակն ապագայում: Աճե՞լ, թե՞ կրճատվել է մեր տնտեսությունը, մոտեցե՞լ ենք մենք Արևմուտքին, թե՞ հեռացել, աճե՞լ է մեկ անձի հաշվով ՀՆԱ-ն, ժողովրդավարությունը խորացե՞լ, թե՞ ծանծաղացել է, լուծվե՞լ է քրդական խնդիրը, սկսե՞լ ենք մենք տեխնոլոգիաներ արտադրել, նվազե՞լ է օտարերկրյա կապիտալի մեր պահանջը, նվազե՞լ, թե՞ աճել է խնայողությունների մակարդակը:
Ինչպիսի՞ն է նոր կառավարությունը: Բինալի Յիլդիրիմը զարգացման կողմնակից քաղաքական գործիչ է: Թերևս նա կպահպանի այդ որակը և խոսող վարչապետին կփոխարինի գործողը: Մեհմեդ Շիշմեկի մասնակցությունը (2009- 2015՝ ֆինանսների նախարար, նոր կառավարությունում՝ փոխվարչապետ) տնտեսական կառավարմանը ազդանշան է, որ քաղաքականությունը մշակվում է Թուրքիայում ու ամբողջ աշխարհում իրականության համապատասխան: Միևնույն ժամանակ, դա նշանակում է, որ բարենորոգումների մոտեցումը կպահպանվի:


***
Ինֆլյացիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղությունը գյուղատնտեսության և անասնապահության նախարարությունն է: Որ Ֆարուկ Չելիկը մնաց նախարար, զգուշացում է նրանց, ովքեր հույս ունեին, որ պարենի գինը կբարձրանա: Չելիկը լուրջ աշխատում է այդ խնդրով, կարևոր էր, որ գործընթացը չընդհատվեր: Մնաց Սուլեյման Սոյլուն (աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար 2015-ի նոյեմբերի 24-ից), որ մասնակցել էր աշխատավարձի ֆոնդի ստեղծման աշխատանքներին, և դա քաղաքական կամքի դրսևորում է:


***
Բինալի Յիլդիրիմի ելույթից՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նպատակները… Մենք հավատարիմ ենք սոցիալական, աշխարհիկ, իրավական պետությանը: Մենք կունենանք ավելի շատ բարեկամներ և ավելի քիչ թշնամիներ», կարող ենք դրական ազդակներ արձանագրել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի ու Սիրիայի հետ կարող են փոխվել, ԵՄ-ի հետ՝ զարգանալ:


***
Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին՝ Յիլդիրիմը, ըստ էության, կոչով դիմեց Քրդական աշխատավորական կուսակցությանը. «Դուք չեք հարձակվի քաղաքացիական բնակչության վրա, դուք չեք կրակի անվտանգության ուժերի վրա, դուք զենքը վայր կդնեք, այլապես այս պայքարը չի ավարտվի»: Ես հասկացա, որ ինչպես առաջ, բանակցությունների սեղանի շուրջ չեն նստի, բայց եթե ՔԱԿ-ը ասվածն անի, այդ սեղանը կստեղծվի:


***
Ես փորձեցի չփառաբանել ԱԶԿ-ին, այլ գնահատական տալ նրա գործունեությանը: Ի վերջո, ձեզ դուր է գալիս այդ կուսակցությունը թե ոչ, կառավարում է երկիրը և մեր բարեկեցության, մեր անվտանգության ապահովումը, մեր աշխատանքը և մեր հանգստությունը կախված են այդ կուսակցության քաղաքականությունից: Ամբողջ հասարակության պարտքն է՝ խոսել նրանց սխալների մասին, նախազգուշացնել և աջակցել նրանց ճիշտ քայլերին:
Յավուզ ՍԵՄԵՐՋԻ, Habertürk


Հ.Գ. Ինչո՞ւ թուրքերը չեն կախում Ահմեդ Դավութօղլուին, փաստորեն, ինչքան ժամանակ է նա կանխել Թուրքիայի զարգացումն ու բարեկեցությունը, փչացրել է հարաբերությունները Սիրիայի, Ռուսաստանի, Եվրամիության հետ: Փորձագետները վաղուց էին կանխատեսում, որ Ահմեդ Դավութօղլուին են վերագրվելու բոլոր սխալներն ու ձախողումները և նրան դարձնելու են քավության նոխազ: Գործընթացը սկսված է՝ առանց անուններ տալու: Չգիտի՞ Յավուզ Սեմերջին այդ մասին: Իհարկե, գիտի, բայց նա գրում է՝ ինչ կարող է գրել, իսկ եթե գրի ինչ կա, կհայտնվի բանտում, նվազագույնը կկորցնի աշխատանքը: Թուրքիայում հայտնվել է նոր փրկիչ և նրա անունը Բինալի Յիլդիրիմ է, որովհետև այդպես է ուզում Էրդողանը, բայց ինչքա՞ն ժամանակով: ԱԶԿ-ն կմտնի՞ պատմության մեջ և ի՞նչ անունով, պատմաբանների գործն է, բայց Թուրքիայի պատմությունը վկայում է, որ պատմաբանները պատմությունը գրում են քաղաքական դեմքերի թելադրանքով: Դա Թուրքիայի առանձնահատկությունը չէ, դա բռնապետությունների բնորոշ գիծն է: Հունիսից՝ նոյեմբեր, Թուրքիան պարտվեց ինքն իրեն՝ Էրդողանը կարողացավ ԱԶԿ-ի հաղթանակը կորզել բռնություններով, ահաբեկչություններով, քաղաքացիական պատերազմով, սպառնալիքով, որ եթե ոչ ԱԶԿ-ն, որևէ այլ կուսակցության իշխանության գալը երկրին սպառնում է մասնատումով: Նոյեմբերին հաղթեց շանտաժը, մայիսին՝ նույնպես: Ահմեդ Դավութօղլուն բնավ ոչնչով չէր տարբերվում ԱԶԿ-ի մյուս անդամներից, պարզապես նա իրեն թույլ էր տվել հավատալ Սահմանադրությանը, մինչդեռ հավատալ պետք էր Էրդողանին, որ վեր է Սահմանադրությունից: Ի՞նչ կանի Բինալի Յիլդիրիմը, որ ասում է՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նպատակները… Մենք հավատարիմ ենք սոցիալական, աշխարհիկ, իրավական պետությանը: Մենք կունենանք ավելի շատ բարեկամներ և ավելի քիչ թշնամիներ»: Կամ նա անկեղծ չէ, կամ՝ Աթաթուրքի գաղափարների վերանայում է կատարվելու, ու իսկապես հայտնի չէ՝ երկրում բարեկեցություն, թե քաոս է լինելու: Իսկ այդ երկիրը մեր հարևանն է և մեր թշնամու բարեկամը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ