ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Արևմո՞ւտք, թե՞ Արևելք
27.05.2016 | 01:24

Չորս օրից հունիսն է, իսկ հունիսին նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կա երկու տարբերակ՝ գնալ կամ չգնալ: Վիեննայի հանդիպումից հետո Բաքուն որոշեց խաղարկել ժամանակը՝ նախ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ Ադրբեջանը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնումը, մի քանի օրից նույն Մամեդովը տրամագծորեն հակառակը հայտարարեց: Բաքուն դիվանագիտական հերթական խաղը խաղաց և պարզ է, որ ստացավ ինչ-որ հավաստիացում կամ փոխհատուցում, որ համաձայնի՝ ինչին Վիեննայում համաձայն էր: Հայաստանը խաղեր չի տալիս, ապրիլյան դիրքերից նահանջում է ամենաբարձր մակարդակով: Նախագահը հորդորում է մարդկային հնարավոր կորուստները հաշվի առնել՝ տարածքային կորուստները հետ բերելու հարցում, պաշտպանության նախարարը հորդորում է ամեն մեկին իր գործով զբաղվել, ԱԳ նախարարը համարյա Երևանում չի լինում: Այս ընթացքում Բաքուն այնպես է ամրացրել նվաճած դիրքերը, որ լուրջ ռազմական գործողություն է պետք՝ նրանց ելման դրություն վերադարձնելու համար: Հայաստանում «մոռացան» նաև ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին: Ասում են՝ նախագիծը պատրաստ է, ասում են՝ խնդիրներ կան ընդունմանն առնչվող:

Կա՞ որևէ նախագիծ, որի ընդունման հետ խնդիրներ չկան: Փաստորեն, Հայաստանը հունիսյան հանդիպումից առաջ նախապատրաստական աշխատանքներ չի անում՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Նշանակո՞ւմ է, որ հանդիպում կարող է չլինել: Ի՞նչ օրակարգ են ունենալու բանակցությունները: Առայժմ տեղեկություններ չկան շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին: Այդ մեխանիզմնե՞րն են լինելու բանակցության թեմա: Ստորագրվելու է «տեխնիկական համաձայնագի՞ր», որ կոչված է թուլացնել լարվածությունը շփման գծում: Բաքուն դա համարում է ԼՂՀ կարգավիճակի լեգիտիմացման մաս և ստատուս քվոյի պահպանում: Օրերս 1in.am-ը հրապարակեց լուր, որ մասամբ սպասելի էր: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը գաղտնազերծել է Վիեննայում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո պետքարտուղարության 2 բարձրաստիճան պաշտոնյաների (անուններ չկան) բրիֆինգը՝ նրանք գործընկերներին ծանոթացնում են բանակցությունների մանրամասներին։ Նշվում է, որ քառօրյա պատերազմում կողմերը 350 զոհ են տվել, հանդիպման խնդիրն էր՝ համոզվել, որ կողմերը հավատարիմ են 1994-ի զինադադարի համաձայնագրին, մշակել վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ։ Ամերիկացի դիվանագետը նշում է, որ ղարաբաղյան բանակցությունները ռուսների հետ ուղղակի շփումների հարթակ են, և նրանց հետ էական տարաձայնություններ չկան, բայց նշվում է, որ ռուսներն են նախագահներին հորդորում ձգձգել բանակցություններն ու համաձայնությունը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն ասում են, որ նախագահները միմյանց հետ բանակցելուց չեն հրաժարվում: «Մենք ընտրում ենք քննարկումների մեկ այլ ձևաչափ՝ սեղանին մի շիշ վիսկի ենք դնում ու թողնում, որ դեմ առ դեմ զրուցեն այնքան, որքան ցանկանում են»։ Նշվում է, որ կարևոր խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է։ Նախագահները համաձայն են, որ այդ խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, ժամկետներն ու ձևերն են քննարկման հարց։

Հարց է բարձրացվել նաև այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչման մասին, պաշտոնյաները նշել են, որ այլ երկրներ դեռ չեն ճանաչել Ղարաբաղը, Հայաստանում հարցը բարձրացվել է փոքրամասնական ընդդիմության կողմից և չունի լայն օժանդակություն, Ադրբեջանը հարցն ընկալում է որպես պատերազմի հայտարարություն։ Բրիֆինգի ժամանակ քննարկվել է ռուս խաղաղապահների հարցը, կողմերից ոչ մեկն այդ գաղափարին կողմ չէ։ Վերջին պատերազմում տարածքային փոփոխությունների հետ կապված՝ պետդեպի պաշտոնյան ասում է, որ ադրբեջանցիները դա համարում են մեծ ռազմական հաղթանակ, հայերն ասում են, թե մի քանի հարյուր մետրը էական չէ։ Մանրամասնվել է նաև դիտորդների հարցը։ Պաշտոնյան ասում է, որ ներկա 6 դիտորդները կարևոր խնդիր չեն լուծում, անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ներմուծել գործիքակազմ, որը հնարավորություն կտա տեսնել, թե ով է խախտողը։ Ադրբեջանը դեմ է ցանկացած միջոցառման, որը պահպանում է ստատուս քվոն, և այս բանակցությունների նպատակն է Ադրբեջանի մոտեցումը փոխելը։

Պետքարտուղար Ջոն Քերին խիստ մտահոգ է խնդրով։ Նա ընդունում է տարածքի ռազմավարական կարևորությունը, դերը Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։ Պետդեպի ներկայացուցիչն ասում է, որ խնդիրը լուծվող է և կախված է նախագահների քաղաքական կամքից։ Նա նշում է, թե սա կարող է երկու կողմերի համար էլ հաղթանակ լինել: Ադրբեջանի նպատակը Ղարաբաղի շուրջ տարածքների նկատմամբ վերահսկողություն վերցնելն է, Հայաստանի համար խնդիրը ԼՂՀ կարգավիճակն է: ՈՒրեմն հնարավոր է, որ նախագահները կամք ցուցաբերեն իրավիճակից դուրս գալու։ Ի՞նչ է սա նշանակում: Փաստորեն՝ պետդեպի դիվանագետները նկարագրել են Մադրիդյան սկզբունքները՝ առանց անուններ տալու, և ամեն ինչ հանգեցրել են նախագահների քաղաքական կամքին: Կարո՞ղ են նախագահներն այդ կամքն ունենալ ստեղծված իրավիճակում: Բաքուն որևէ նախադրյալ չի տալիս՝ ենթադրելու, որ ԼՂՀ անկախության կարգավիճակը կընդունի, Երևանը ձգում է դադարը, Ստեփանակերտը ազդարարել է «Ոչ մի թիզ հող» ու ոչինչ այլևս չի հավելել: Եթե նախագահները համաձայն են, որ կարգավիճակի խնդիրը պետք է լուծվի ժողովրդի կամարտահայտությամբ, այսինքն՝ հանրաքվեով, և հարցը ժամկետներն ու ձևերն են, բանակցությունները ևս մի քանի տարի կշարունակվեն: Պարզ է, որ Բաքվի նպատակը իր առասպելական «մեկ միլիոն փախստականներին» Արցախում վերաբնակեցնելն է և հանրաքվեում անկախությանը դեմ պատասխան ստանալը: Քառօրյա պատերազմից հետո որքա՞ն է հավանական (եթե մինչ այդ հավանական էր) հայերի և ադրբեջանցիների համակեցությունը։ Նույն տրամաբանությամբ՝ հայերի վերադարձը Ադրբեջանի ներկա տարածքում գտնվող իրենց տներն ու ծննդավայրը: Ի՞նչ է մնում: ԼՂՀ ճանաչումը կամ միացումը Հայաստանի՞ն, որ, ինչպես պետդեպի պաշտոնյաներն են նշել, Հայաստանում բարձրացվել է փոքրամասնական ընդդիմության կողմից և չունի լայն օժանդակություն, իսկ Ադրբեջանը հարցն ընկալում է պատերազմի հայտարարություն։ Իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմը կա ու ամեն պահի կարող է շարունակվել, նույնիսկ եթե շփման գծում լինում են եզակի գիշերներ, երբ ադրբեջանցիները չեն կրակում:


Ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում ու հարևանների հետ:
Անշեղ պայքարում ենք մենաշնորհների, կոռուպցիայի ու հովանավորչության դեմ, անցել ենք շեշտակի խնայողության: Փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանն էր նոր խնդիրներ դրել, մայիսի 12-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Առաջին արդյունքներն էլ կան՝ կրճատվում է պետական սպասարկման ավտոմեքենաների թիվը: Փաստացի՝ ևս 700-800 գործազուրկ է ավելանում, և դա դիտարկվում է մեծ ձեռքբերում: Գուցե իրոք այդ մեքենաներն էին խժռում պետբյուջեի սուղ միջոցները, և Հովիկ Աբրահամյանը սխրանք է գործել, որ ըստ արժանվույն չի գնահատվում: Նրա հայտարարությունից հետո բոլորովին այլ քայլեր էին ակնկալվում՝ կոռուպցիայի դեմ պայքար ու մենաշնորհների, համարյա թե արդարության հաստատում: Բացարձակ ու անդառնալի հրապարակայնություն, «կայուն և երկարատև տնտեսական աճ», նոր աշխատատեղեր և այլն, և այլն: Լուծումները վարչապետը դնում է հասարակության և հանրային երկխոսության, հաշվետվության՝ բոլորի վրա, բայց ո՞րն է իր դերը այդ դեպքում: Ասել, որ ինքը տնտեսության վիճակի համար մեղավոր չէ՞, հարցերը ինքը չի լուծում: Ոչ մի դեպքում թույլ չտալ, որ ապրիլյան պատերազմից հետո կուտակված հանրային էներգիան ներքին փոփոխությունների ուղղվի, իսկ եթե ուղղվում է՝ շեղել Հանրապետության հրապարակի՞ց: Ես արդեն ասել եմ՝ ինձ չմեղադրե՞ք:

Ապրիլից հետո նույնիսկ Ընտրական օրենսգրքի քննարկումներն ու առաջին, երկրորդ, երրորդ ընթերցումներով ընդունելը ողջ խորքով չարժևորեց փաստը, որ 2017-ին խորհրդարանական ընտրություններ են: Իշխող ՀՀԿ-ն չի կողմնորոշվել խորհրդարանական կառավարման պարագայում վարչապետի անձի հարցում: Կա ազդեցիկ բացատրություն՝ ընտրությունների արդյունքներն են որոշում օրենսդիր ու գործադիր իշխանության կազմը: Տեսական բացատրություն: Քանի՞ մարդ Հայաստանում ունի հարցի պատասխանը՝ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում ո՞վ է լինելու վարչապետը՝ Հովիկ Աբրահամյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը, երբ 2018-ին դուրս գա Բաղրամյան 26-ից: Յուրաքանչյուրի դեպքում տարբեր սցենարներ են զարգանալու՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում: Կա անակնկալ տարբերակ՝ խորհրդարանական ընտրություններում դաշինք են կազմում ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը, և միասին, իբրև երդվյալ ռուսամետներ, կազմում են մեծամասնություն: Քաղաքական նոստալգիա՞: Վազգեն Սարգսյանի ՀՀԿ-ի ու Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի պատմական փո՞րձը: Հիշում եք, չէ՞, հայտնի ասույթը՝ պատմության ու ֆարսի մասին: Կարող է կրկնվել, ու թող ՀՅԴ-ն մտածի՝ ի՞նչ անի: Նաև՝ մյուսները որոնեն իրենց տեղը խորհրդարանական արևի տակ: Եվ գուցե 2017-ը կփակի 2008-ի մարտի 1-ի էջը: Քաղաքականության մեջ բարեկամներ ու թշնամիներ չկան, կան շահեր: Չստացվե՞ց Գագիկ Ծառուկյանի հետ, չստացվե՞ց Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանին մնում է Սերժ Սարգսյանը: «Միասնության» հաջողության պատճառը Վազգենի ու Դեմիրճյանի դաշինքն էր, ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը ձևական միասնություն կլինեն, բայց ֆոկուսը կարող է և ստացվել՝ նրանք Ռուսաստանի հետ չափազանց հաշտ են:


Ի՞նչ կատարվեց Թուրքիայում: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրեց նոր նախագահ ու նոր վարչապետ: Ահմեդ Դավութօղլուին Էրդողանի թիվ մեկ հավատարիմի պաշտոնում փոխարինեց Բինալի Յըլդըրըմը ու հենց համագումարի ամբիոնից ձոն կարդաց «ուստաների ուստա» նախագահին, որ առաջնորդում է ազգն ու պետությունը դեպի նոր հաղթանակ ու նոր պատմություն: Թուրքիան սլանում է դեպի նախագահական հանրապետություն: Ամենայն հավանականությամբ, դա կարվի խորհրդարանում, ոչ թե հանրաքվեով: Դավութօղլուի պաշտոնանկությունը և Ազգային մեծ ժողովի ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը այդ ճանապարհի քայլերն են: Թուրքիայի, նաև խորհրդարանական կառավարում ունեցող Վրաստանի փորձը մտածելու տեղիք է տալիս, թե ինչ է լինում երկրում, երբ նախագահն ու վարչապետը միմյանց քաղաքական հայացքները և որոշումները չեն կիսում: Աշխարհը Թուրքիան անվանում է բռնապետական երկիր, Էրդողանին՝ սուլթան: Նոր Սահմանադրությամբ նախագահը Հայաստանում ունի ընդամենը արարողակարգային դեր, և պետության ղեկավարը վարչապետն է լինելու: Թուրքիայի օրինակը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ երկրի առաջին դեմքը հրաժարական տվեց, երբ պահանջեց նման լիազորություններ չունեցող նախագահը՝ անձերն են որոշում քաղաքականությունը Արևելքում: Հիմա մեզ մնում է խորհրդարանական ընտրություններում որոշել՝ Արևմուտքո՞ւմ ենք ուզում ապրել, թե՞ Արևելքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Այդ հարցի պատասխանից կախված է նաև Արցախի հարցը, որի լուծումը չի կարող անվերջ հետաձգվել: Խաչմերուկը փակվում է, ուժերի հավասարակշռությունը խախտվել է, և ուրեմն, ստատուս քվոն դարձել է միֆ, որը, ինչպես ցանկացած միֆ, չի պաշտպանում, միայն հիշեցնում է:

Դիտվել է՝ 2596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ