ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
27.05.2016 | 00:37

(սկիզբը` այստեղ)

«ԵՍ ԼԵՆԻՆԻ ԱԶԻԶ ԱԴԵՆ..., ՕՐ ՄԵՐ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻՆ ԶՐԳԵՑ ՄԸՐ ԷՐԳՐԻՑ ՈՒ ԹՈՒՐՔԻՆ ՏՎԵՑ, ԵՍ ԷՍ ԿՈԼԽՈԶԻ ՄԵՐԸ»


ԽՍՀՄ փլուզման հարցում մեղադրելով միայն Գորբաչովին, մենք, բնականաբար, փորձում ենք դատավորի դեր ստանձնել, ջայլամի քաղաքականություն վարել ու չտեսնելու տալ խորհրդային իմպերիայի կործանման հարցում իմ, քո ու խորհրդային մյուս բոլոր քաղաքացիների անմիջական պատասխանատվության հանգամանքը, որը բխում է երկրում ստեղծված յուրատեսակ հասարակական ու արտադրական հարաբերություններից: Յուրաքանչյուրս մեր չափով, յուրաքանչյուրս մեր ձևով, յուրաքանչյուրս մեր տեղում, բոլորի աչքի առաջ արեցինք հնարավոր ու անհնար բոլոր քայլերն ու գործողությունները այնպիսի համառությամբ ու ներդաշնակությամբ, որից հետո խորհրդային երկրի փրկությունը միայն հրաշքով կլիներ: Խորհրդային քաղաքացիները երկիրը հանձնեցին առանց պայքարի, տարիներ շարունակ կիսատ-պռատ աշխատելուց հետո երկիրը այլևս փրկվել չէր կարող: Պետք է բավարար ազնվություն ունենանք և մինչ Գորբաչովին մեղադրելն ու հայհոյելը, նախ և առաջ ինքներս մեզ մի հարց տանք. մենք՝ անձամբ, ի՞նչ էինք անում, ինչո՞վ էինք զբաղված, երբ խորհրդային երկիրը կայուն հետընթաց էր ապրում, երբ մեր երկրի տնտեսությունը մեր աչքի առաջ քայքայվում, հալվում ու մաշվում էր, երբ մեր երկիրը մտնում էր բացահայտ հոգեվարքի ոլորտ:


Այս հոդվածաշարում ես բազմիցս եմ անդրադարձել ԽՍՀՄ փլուզման պատճառներին՝ կապված, հատկապես, ներքին գործոնների հետ, որտեղ իր անմիջական դերն ունեցավ Լենինի ստեղծած ու մեր դարաշրջանի միտքը, խիղճն ու պատիվն իրեն համարող Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը: Խրուշչովից հետո այդ կուսակցությունը մեծ չարիք դարձավ խորհրդային ողջ ժողովրդի գլխին՝ իր գործելակերպով, իր կազմակերպված թալանով ու, հատկապես, իր սոցիալիստական կաշառակերությամբ, կարողացավ այլասերել ու այլանդակել երկրի ներսում ստեղծված հասարակական հարաբերությունները, այն հարաբերությունները, որոնք հաստատվել էին մարդկանց միջև՝ իրենց համատեղ գործունեության ընթացքում: Եթե բաց թողնենք հասարակական հարաբերությունների հաստատման գաղափարախոսական բաղադրիչը, որը Խրուշչովից հետո վերացավ ու հեռացավ մեր առօրյա կյանքից, ապա կտեսնենք, որ տակը մնացել էր միայն հասարակական հարաբերությունների հաստատման երկրորդ կարևոր՝ նյութական բաղադրիչը: Խոսքը 1980 թվականից կոմունիզմին անցնելու Խրուշչովի ծրագրի մասին է, որի վրա էր խարխսված խորհրդային երկրում ձևավորված առաջավոր հասարակական հարաբերությունների հաստատման ողջ գաղափարախոսությունը: Խոստացված կոմունիզմը տեղի չունեցավ, իսկ կոմունիստական գաղափարախոսության հաջորդ մեծապատիվ կրողները հարկ չհամարեցին անգամ հասկանալի լեզվով բարձրացնելու, բացատրություններ տալու ու անդրադառնալու այդ ամբիցիոզ ծրագրի ճակատագրին՝ մարդկանց թողնելով անորոշության ու գաղափարական վակուումի մեջ:


Լենինի և Ստալինի կիրառած ռեպրեսիվ մեթոդների շնորհիվ մահվան սպառնալիքի տակ հաջողվեց խորհրդային ժողովրդին ժամանակավորապես պարտադրել իշխանությունների առաջ քաշած պաշտոնական կոմունիստական գաղափարախոսությունը, որը ներդրվում էր որպես միասնական դավանանք՝ քրիստոնեության, մահմեդականության, բուդդայականության ու այլնի փոխարեն: Խորհրդային Միությունում կոմունիզմի ու կոմունիստական գաղափարախոսության կյանքը շատ կարճ տևեց: Եթե Հայ առաքելական եկեղեցին արդեն անցել է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 տարվա շեմը, ապա խորհրդային պետական կոմունիստական գաղափարախոսության կյանքը տևեց ընդամենը 50 տարի՝ տեղը զիջելով ավելի անհասկանալի մի գաղափարի կամ գաղափարախոսության, որը Բրեժնևի շուրթերով կոչվեց զարգացած սոցիալիզմի գաղափարախոսություն, որն այդպես էլ անհասկանալի մնաց խորհրդային ժողովրդի համար. աշխարհին՝ խաղաղություն, իսկ մարդկանց՝ ապրուստի միջոցներ հայթայթելու ու ավելի լավ կյանքով ապրելու դատարկ խոստումներ, լավ կյանքի բարեմաղթանքներ (մոտավորապես կոմունիզմի մակարդակի մի բան)։


Իհարկե, ցանկացած երկրի մեջ ձևավորված հասարակական հարաբերություններում նյութական բաղադրիչը միշտ էլ ունեցել է իր վճռորոշ դերն ու նշանակությունը, բոլոր ժամանակներում դրվել է մարդկային հասարակությունների (ստրկատիրական, ֆեոդալական, կապիտալիստական, ենթադրվող կոմունիստական) գոյության ու զարգացման հիմքերում: Հասարակական հարաբերությունների համատեքստում, առաջին հերթին, կարևորվում են մարդկանց միջև ձևավորված արտադրական, տնտեսական հարաբերությունները, որոնցից հետագայում ածանցվում ու ձևավորվում են քաղաքացիական, քաղաքական, բարոյական, իրավական ու հասարակական հարաբերությունների մնացած դրսևորումները: Եթե մենք ցանկանում ենք հասկանալ ու գնահատել Գորբաչովի արածը, ապա առնվազն պետք է փորձ անենք ուսումնասիրելու արտադրական հարաբերությունների այն որակը, որը ձևավորվել էր Խորհրդային Միությունում մինչև Գորբաչովի իշխանության գալը, այլապես, Գորբաչովի դավաճանության վարկածը դեռ երկար է մնալու հետխորհրդային մարդկանց գիտակցության մեջ՝ անգործության մատնելով ու նրանց հեռու պահելով նոր ձևավորվող տնտեսական հարաբերություններում ակտիվ դերակատարում ունենալու խնդրից:
Կարևոր ու շրջադարձային պատմական երևույթների բացատրությունը հնարավոր չէ փնտրել և գտնել միայն սուբյեկտիվ գործոնների դաշտում: Չտեսնելով ու չհասկանալով հասարակական հարաբերությունների փոփոխությունների օբյեկտիվ պատճառները՝ կարելի է շատ հեռուն գնալ ու, Գորբաչովից բացի, մեղադրել նաև բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում ԽՍՀՄ փլուզման գորբաչովյան վարկածը:


Մեր հոդվածաշարը այսօր ակտիվորեն քննարկվում է հասարակության լայն շրջանակներում, ավելին, արդեն ունենք համախոհների լուրջ բանակ: Քիչ չեն նաև երդվյալ ընդդիմախոսները, ովքեր համաձայն են միայն մեկ տարբերակի հետ. ԽՍՀՄ-ը քանդեց Գորբաչովը՝ Ամերիկայի պատվերով, կաշառքի դիմաց: Շատերի կարծիքով, ես Գորբաչովին լավ չեմ քննադատում, ավելին՝ նրան արդարացնում եմ: Այդպես չէ, Գորբաչովը արդեն չկա, հետդարձի ճամփա ևս չունենք, հետդարձի բոլոր կամուրջները հիմնավորապես այրված են, մեզ մնում է միայն առաջ շարժվել՝ հասկանալով ու գիտակցելով ԽՍՀՄ փլուզման օբյեկտիվ պատճառները, հասկանալով այն արտադրա-տնտեսական ու հասարակական նորագույն հարաբերությունները, որոնք, ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորվել են հետխորհրդային երկրներում, նաև Հայաստանում՝ փորձելով դրանցից որոշակի եզրահանգումների գալ, փորձելով երկիրը դնել զարգացման այնպիսի կայուն ռելսերի վրա, որ միայն կայուն ձևով զարգանա, հզորանա ու բարգավաճի: Ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների, Հայաստանում գործերն այնքան էլ անհույս չեն. դրանք կարող են արագ կարգավորվել ու դրական արդյունք տալ, որովհետև զարգացման համար մեր ժողովուրդն ունի շատ կարևոր, գաղափարախոսական մոտիվացիա: Այս տեսակետից մենք աշխարհում յուրահատուկ ազգային միավոր ենք, որի համար նյութական շահագրգռությունը առժամանակ երկրորդ պլան է մղվում, երբ օրակարգ են մտնում հայ դատի հրատապ խնդիրները: Սրա վառ վկայությունն էր մեր ժողովրդի վերաբերմունքը ղարաբաղյան քառօրյա պատերազմին: Հասարակության մեջ հարաբերությունների զարգացման նյութական, նյութապաշտական բաղադրիչի փոխարեն, 2016 թվականի ապրիլի սկզբին մենք ականատես եղանք հասարակական հարաբերությունների ձևավորման, հասարակության համախմբվածության մի ֆենոմենալ երևույթի, որը հիմնված էր հայապահպանության բացառապես գաղափարախոսական ազգային հողի վրա:


ԽՍՀՄ փլուզման սկիզբը դրեցին Խրուշչովը (թուլացնելով, նսեմացնելով ու, հետագայում, հասարակական հարաբերությունների ձևավորման պրոցեսից դուրս մղելով զարգացման գաղափարախոսական բաղադրիչը) և Բրեժնևը, որը, գիտակցաբար, թե անգիտակցաբար, խեղաթյուրեց ու գլխիվայր շուռ տվեց հասարակական հարաբերությունների հիմքում դրված արտադրական հարաբերությունները, այն արտադրական հարաբերությունները, որոնք ձևավորվել էին Խորհրդային Միությունում ու լավ, թե վատ գործում էին պետական պլանային տնտեսության շրջանակներում: Մեր քաղաքագետներն ու տնտեսագետները պետք է ընդունեն, որ քննարկելով և շահարկելով ԽՍՀՄ փլուզման թեման, նրանք այդ հարցում շարունակում են շրջանցել Խորհրդային Միությունում ձևավորված արտադրողական ուժերի ու արտադրական հարաբերությունների գործոնը, որի մանրակրկիտ վերլուծությունից հետո միայն հնարավոր կլինի բացատրել և օբյեկտիվ գնահատականներ տալ խորհրդային իմպերիայի կործանման պատմական իրողությանը, ինչը, իր հերթին, մեր շարքային քաղաքացիներին թույլ կտա զերծ մնալ անհիմն ու անօգուտ սուբյեկտիվ գնահատականներից, որոնց հիմքում դրված է Գորբաչովի դավաճանության վարկածը. Խորհրդային Միությունում ամեն ինչ շատ լավ էր, մարդիկ կարողանում էին լավ ապրել ու, խնդրեմ, Գորբաչովը եկավ ու տեղնուտեղը ամեն ինչ փչացրեց, երևի այդ օրը լավ չէր քնել: Այդպես չէր կարող լինել, դա լուրջ չէ:


Փորձենք ԽՍՀՄ փլուզման խնդրին մոտենալ ինժեներական տեսակետից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեց սառը պատերազմը, որի հիմնական կողմերն էին Խորհրդային Միությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները: Միմյանց չզիջող երկու գերտերություններն ունեին հասարակարգերի ու տնտեսավարման ձևերի սկզբունքային տարբերություններ ու պայքարում էին, թե նրանցից որը, ի վերջո, կկարողանա բացարձակ առավելության հասնել սպառազինությունների խնդրում, ռազմական տնտեսության բնագավառում: Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ երկու երկրներում էլ ռազմական ոլորտները զարգանում էին պլանային տնտեսության կանոններով՝ մեկը մյուսին նայելով, մեկը մյուսից վերցնելով, ընդօրինակելով, ավելի հաճախ, գիտության ու տեխնիկայի բնագավառում կատարած նորարարությունները, գյուտերն ու հայտնագործությունները իրարից գողանալով: Երկու կողմից էլ այս բնագավառում աշխատելու համար ընդգրկված էին լավագույն մասնագետները, որոնք հավելյալ ինֆորմացիա էին ստանում նաև արդյունաբերական լրտեսության ճանապարհներով: Խորհրդային քաղաքացիական տնտեսությունը, որը հիմնականում զբաղված էր սննդի, առաջին անհրաժեշտության ու լայն սպառման ապրանքների արտադրությամբ, մշտապես աշխատել է պլանային տնտեսության կանոններով այն դեպքում, երբ սառը պատերազմի տարիներին ամերիկյան քաղաքացիական տնտեսությունը աշխատել ու մինչ օրս շարունակում է աշխատել ազատ շուկայական տնտեսության օրենքներով: Սառը պատերազմում Խորհրդային Միությունը պարտություն կրեց, հատկապես քաղաքացիական տնտեսության բնագավառում. բնական հարստություններով գերհարուստ երկիրը ստիպված եղավ անցնելու առաջին անհրաժեշտության ապրանքների բաշխման կտրոնային համակարգի ներդրմանը: Տնտեսական երկու, իրար հակադիր համակարգերի պայքարը վերածվել էր հասարակությունների արտադրողական ուժերի զարգացման տեմպերի ցուցադրական մրցակցությանը: Խորհրդային Միությունում արտադրողական ուժերը սկսել էին ավելի դանդաղ զարգանալ, գնալով ավելի ու ավելի էին հետ մնում ամերիկացիներից:
Հիշենք, որ արտադրողական ուժերի մեջ Մարքսը մտցրել էր արտադրության միջոցները (գործիքները, հաստոցները, հոսքագծերը, ռոբոտացված արտադրությունները, տեխնոլոգիաները, որոնց միջոցով ստեղծվում են նյութական բարիքները) և մարդկանց, որոնք սպասարկում են արտադրության միջոցները՝ անընդհատ զարգացնելով ու կատարելագործելով դրանք:


Արտադրության միջոցները, որոնք դրված էին ամերիկյան արտադրողական ուժերի հիմքում, սկզբունքորեն ոչնչով չէին կարող տարբերվել այն արտադրության միջոցներից, որոնք դրված էին Խորհրդային Միության արտադրողական ուժերի հիմքում: Դրանք բոլորն էլ նախագծված ու պատրաստված էին գիտնականների, ինժեներների ու բանվորների համատեղ ուժերով՝ հիմքում ունենալով ֆիզիկայի ֆունդամենտալ օրենքները, որոնք երբեք չեն ենթարկվում իշխանական ուժերի կամքին՝ ժամանակ առ ժամանակ փոխվելով, փոփոխվելով ու հարմարեցվելով տարատեսակ գաղափարախոսական հոսանքներին ու դոգմաներին: Նույնը կարելի է ասել նաև արտադրության միջոցները սպասարկող մարդկանց վերաբերյալ:
Ամերիկացի (խորհրդային) գիտնականը, ինժեները կամ բանվորը առանց դժվարության կարող էր աշխատել ու սպասարկել Խորհրդային Միության (ամերիկյան) արտադրության միջոցները, եթե ունենար համապատասխան գիտելիքներ ու փորձառություն: Խորհրդային ու ամերիկյան հասարակարգերի սկզբունքային տարբերությունը գալիս էր այդ երկրներում ձևավորված յուրահատուկ արտադրական հարաբերություններից, այն հարաբերություններից, որոնք ձևավորվում են մարդկանց միջև՝ նյութական արժեքների ստեղծման ու, առանձնապես, բաշխման պրոցեսում:


Ստալինը հասկացել էր, որ արտադրական հարաբերությունների հիմքում դրված են արտադրության միջոցների նկատմամբ եղած սեփականության ձևերը: Կապիտալիստական հասարակությունում արտադրության միջոցները մարդկանց որոշակի խմբերի մասնավոր սեփականությունն են, որոնք աշխատանքի են վերցնում ու շահագործում են աշխատավոր մարդկանց: Խորհրդային Միությունում, եթե հավատալու լինենք խորհրդային պաշտոնական աղբյուրներին, մարդիկ չէին շահագործվում, որովհետև արտադրության միջոցները հանրային սեփականություն էին: Խորհրդային պայմաններում արտադրական հարաբերությունները կարող են խարսխված լինել միայն ազատ մարդկանց միջև կայուն համագործակցության ու փոխադարձ օգնության վրա, որը իր հերթին պետք է զարկ տար արտադրողական ուժերի առավել տեմպային զարգացմանը, և արդյունքում Խորհրդային Միությունը Ամերիկայի նկատմամբ պետք է որ մշտական հաղթանակներ տաներ տնտեսական ճակատներում: Բայց այդպես չստացվեց, Ստալինի հաշվարկները ճիշտ դուրս չեկան, նրանք չափից դուրս իդեալականացված էին ու հաշվի չէին առնում կապիտալիստների և աշխատավորների աշխատանքային մոտիվացիաների մեջ մշտապես հանդես եկող յուրահատուկ մարդկային գործոնը: Մարդը ոչ միայն արտադրության գործիքները սպասարկող օբյեկտ է, այլ նաև արտադրական հարաբերություններում իր տեղը փնտրող ու գտնող սուբյեկտ է, որը փորձում է կանխավ իր համար լրացուցիչ բարիքներ ստեղծել՝ մինչև գործերը կհասնեն որոշակի արտադրական հարաբերությունների ձևավորմանը: Ստալինի ժամանակ այդ գործոնը հասցված էր մինիմումի՝ օրենքները խախտողների նկատմամբ անմարդկային պատիժներ կիրառելու միջոցով: Խրուշչովի ժամանակ մարդիկ կարող էին լրացուցիչ եկամուտներ ստանալ և օգտվել իրենց գործունեության ընթացքում առաջացած բարիքների մի չնչին մասից:
«Մեղր վաճառողը իրավունք ունի լպստելու իր մատները»,- սրանք Խրուշչովի խոսքերն են, որոնց տրամաբանությունը գալիս է Նոր կտակարանից և վերաբերում է միայն հասարակ մարդկանց, բայց ոչ խորհրդային հողի վրա կոմունիստական գաղափարախոսությունը տարածողներին: Կոմունիստական կուսակցության կարկառուն դեմքերը պետք է իրենց մեջ ուժ գտնեին ու կարողանային գործել համաձայն Պողոս առաքյալի. «...Եթե ուտելիքը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որ իմ եղբորը չգայթակղեցնեմ» (Կորնթացիներին Ա, 8-13)։ Կամ դա շատ ճիշտ է, բայց խորհրդային իրականության մեջ նման գաղափարները հարգի չէին: Խորհրդային Միությունում իրենց մատները լպստողների մեջ մեծ թիվ էին կազմում կոմունիստական կուսակցության ընտրյալները, որոնց թիվը գնալով միայն աճում էր ու իր գագաթնակետին հասավ Բրեժնևի ժամանակ: Եթե խորհրդային բանվորները կամ գյուղացիները գործից դուրս գալիս իրենց հետ պետք է մի մեխ, մի բան տանեին (ժողովրդի մեջ նրանք ստացել էին «վպրցվօ» հատուկ անունը), ապա իրեն հարգող կոմունիստ ղեկավարները իրենց թույլ չէին տա նման բաներ անել, դա քիչ էր, պետք էր այնպիսի մասշտաբային քայլեր կատարել, որ արտադրողական ուժերին հնարավոր լիներ ճնշել, խաբել ու ստիպել, որ նրանք աշխատեին իրենց համար, իրենց գրպանների համար՝ ստանալով առասպելական շահույթ, որն իր ծավալներով կարող էր տասնապատիկ գերազանցել կապիտալիստական երկրներում ընդունված շահույթի չափաբաժինը: Նման հնարավորություն նրանց տրվեց 1977 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Բրեժնևի նախաձեռնությամբ ընդունվեց ԽՍՀՄ նոր սահմանադրությունը: «Բրեժնևյան սահմանադրության» 6-րդ կետը օրենսդրորեն ամրագրում էր, որ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությունը կյանքի բոլոր բնագավառներում իր վրա է վերցնում ղեկավարողի ու ուղղորդիչի դերը, հանդիսանում է ԽՍՀՄ քաղաքական ու տնտեսական համակարգի կորիզը: Այդ կորիզը շատ դառը դուրս եկավ ու թանկ նստեց խորհրդային հասարակության վրա: Կոմունիստական գաղափարախոսության ու համամարդկային արժեքների փոխարեն 6-րդ կետի տակ հստակ հաշվարկներ էին դրված: Որո՞նք էին Բրեժնևի հաշվարկները: Առաջին. պետք էր փրկել կոմունիստական կուսակցության հեղինակությունը, այն շատ էր ընկել, ուղղակի աղետալի վիճակ էր առաջացել: Խրուշչովից հետո կուսակցության շարքերը գնալով նոսրանում էին, դեպքեր կային, երբ մարդիկ կամավոր լքում էին կուսակցության շարքերը: Կուսակցությունը կորցրել էր իր երբեմի փայլն ու հեղինակությունը, խորհրդային քաղաքացիների մեջ նվազել էր ԽՄԿԿ անդամ դառնալու նախկինում եղած հետաքրքրությունը, հատկապես մտավորականության շրջանում: Քիչ չէին դեպքերը, երբ արդեն պատանիներն էին սկսում հրաժարվել պիոներ կամ կոմերիտական դառնալու մտքից, որը սկզբունքորեն պարտադիր էր բոլորի համար ու չէր քննարկվում: Մինչ այդ, կոմունիստական կուսակցության բարձր դերի մասին հիշեցնելու և հաստատելու նպատակով 1970 թվականին, Բրեժնևի նախաձեռնությամբ, մեծ շուքով նշվեց կոմունիստական կուսակցության հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակը, հատուկ մեդալներ թողարկվեցին, որով պետք է պարգևատրվեին լավագույն կոմունիստներն ու կոմունիստական աշխատանքի հարվածային քաղաքացիները: Հաշվարկված էր, որ յուրաքանչյուր երկրորդ-երրորդ խորհրդային քաղաքացին պետք է շքանշան ստանար: 100-ամյակը նշվեց, որը, սակայն, մասսայական դժգոհությունների առիթ դարձավ: Բանն այն էր, որ այդ պատվին հիմնականում արժանանում էին աշխատանքի մեջ առանձնապես աչքի չընկնող, հաճախ նաև անարժան մարդիկ՝ կուսակցական կոմիտեների հայեցողությամբ, որոնք, հաճախ, այդ պատեհ առիթը բաց չէին թողնում իրենց հակառակորդներին ճնշելու ու նվաստացնելու համար: Եթե շքանշան հանձնելը դիտվում էր որպես ուշադրության արժանանացնելու, շարքային մարդկանց չնեղացնելու, ոգևորելու ու ոչինչ չտվող մի պրոցեդուրա, ապա այն չտալը վատ նշան էր, հատկապես ղեկավար անձանց համար: Եթե հիմնարկի կուսակցական կոմիտեն որոշում էր, որ տվյալ ղեկավար անձը արժանի չէ ստանալու Լենինի ծննդյանը նվիրված մեդալը, ապա դա լավ պատրվակ էր նրա նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու ու, որոշ դեպքերում, նաև պաշտոնավարումը կասեցնելու համար: Այդպես ստացվեց ԽՍՀՄ ռազմարդյունաբերության հուսալիության ֆիզիկայի կենտրոնական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր ու իմ գիտական ղեկավար Նիկոլայ Նիկոլաևիչ Գորյունովի դեպքում: Լաբորատորիայի գրեթե բոլոր աշխատողները ստացան այդ մեդալներից, իսկ Գորյունովին չտվեցին, թեև նա մեծ գիտնական էր ու կարևոր մասնագետ: Դա մեծ դժգոհություն առաջացրեց մեր կոլեկտիվում, ու բոլոր մեդալակիրները, ի նշան բողոքի և համերաշխության, հրաժարվեցին իրենց սուտ պարգևներից: Ճիշտ է, Գորյունովին աշխատանքից չազատեցին, նա խոշոր դեմք էր էլեկտրոնիկայի ու կոսմիկական սարքաշինության բնագավառում, բայց մեր աշխատակիցների մեջ դժգոհության այդ նստվածքը մնաց մինչև վերջ:


Լենինի ծնունդը նշելու և նախատեսված մեդալները բաժանելու շատ օրիգինալ ձև էին ընտրել ու կյանքում կիրառել Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղում: Լենինի 100-ամյակը այդ գյուղում նշեցին մեծ շուքով ու հանդիսավորությամբ, ինչպես դա վայել էր համաշխարհային պրոլետարիատի մեծ առաջնորդին: Ողջ գյուղը հավաքվել էր կոլխոզի ակումբում, կոլխոզի հաշվին մեծ սեղան էին գցել, դուրս էին գրել ու խորոված-խաշլամայի համար մորթոտել էին կոլխոզի ստերջ մնացած բոլոր ոչխարներն ու կովերը: Սկզբում, ինչպես կուսակցական խիստ կարգապահությունն էր պահանջում, ելույթի համար ձայնը տվեցին կոլխոզի պարտկոմին.
-Հլա խելոք մացեք, կնգտիք ու էրեխեք թըղ ուրանց անգջնիր փագին, փագիք, լավ ի, ես բդի արտահայտվիմ, ես Լենինի ազիզ ադեն...., օր մեր սասունցիներին զրգեց մըր էրգրից ու թուրքին տվից, ես էս կոլխոզի միրը...., օր մզի օր ու արիվ չի դա, կերեք ու խմիք կոլխոզի հաշվին,- ու շարունակեց,- մեր սկզբունքային դիրքորոշման պատճառով Լենինի վեհ գաղափարները բոլորովին չեն տուժի, բայց թյուրըմբռնությունից խուսափելու համար, թե ինչո՞ւ այդ մեդալներից բոլորին չհասավ, մի առաջարկություն ունեմ անելու, բոլոր մեդալները բերեք տանք երեխաներին, թող գնան դրսում խաղան ու մեծերի քեֆին չխանգարեն, ովքեր համաձայն են, խնդրում եմ ձեռք բարձրացնել:


Բոլորը երկու ձեռքով կողմ քվեարկեցին, երկու օր, երկու գիշեր քեֆ արեցին ու վերջ. հաջորդ օրը ապրիլի 24-ն էր՝ համազգային սգի օր: Կոլխոզի պարտկոմի այս փոքրիկ ելույթը ինձ շատ էր դուր եկել, որովհետև հայրենիքը կորցրած հասարակ մարդու լեզվով, մի քանի բառով ցույց էր տալիս Խորհրդային Միության գաղափարական, տնտեսական ու կազմակերպչական բլեֆի ողջ էությունն ու մոտալուտ վախճանը: Այս պատմությունը ես արեցի Գորյունովին, նա հիացած էր.
-Իսկապես որ ձեր հայերը հպարտ ու խելացի մարդիկ են:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ