ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ղարաբաղ. Ադրբեջանը աբսուրդի քաղաքական թատրոնում

Ղարաբաղ. Ադրբեջանը աբսուրդի քաղաքական թատրոնում
05.05.2016 | 11:55

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և անդրադարձան ղարաբաղյան կոնֆլիկտին: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Իլկա Կաներվան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Հելսինկիում նշեց, որ «ԵԱՀԿ ԽՎ-ն ամբողջությամբ աջակցում է միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որ ուղղված են ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնմանը»: Համանման հայտարարություններ են արել և միջազգային մյուս կառույցները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը: Նույնն են ասել և ասում հայտնի քաղաքական գործիչները: Արտաքուստ թվում է, որ նրանց խոսքը միատեսակ հասցեագրված է հակամարտող Բաքվին ու Երևանին: Սակայն հիմա ի հայտ են գալիս կարևոր առանձնահատկություններ: Նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին կոշտ քննադատությամբ էր հանդես գալիս Ադրբեջանը՝ մեղադրելով «անգործության և կոնֆլիկտի կարգավորումը չցանկանալու մեջ», առաջարկում էր փոխել կամ լրացնել համանախագահների կազմը Թուրքիայի ու Գերմանիայի ներկայացուցիչներով, որոնում էր բանակցային այլ հարթակներ: Իսլամական համագործակցության կազմակերպությանը կից ձևավորվեց, այսպես կոչված, շփման խումբ, որը պետք է զբաղվի ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ «այսպիսով մեր աջակցությունը եղբայրական Ադրբեջանին ինստիտուցիոնալ բնույթ է ստանում»:

Ղարաբաղյան հարցի լուծման հիմք են ընդունվում միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը: Այսինքն` այն, ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսադաշտից դուրս է, որ Մադրիդյան նորացված սկզբունքները բավարար է համարում կոնֆլիկտի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար:

Բաքուն դեռ չի հասկացել, թե ինչ պատմության մեջ է խրվել Թուրքիայի «ինստիտուցիոնալ աջակցության» շնորհիվ: Պակիստանի ներկայացուցիչը, ողջունելով ԻՀԿ շփման խմբի ստեղծումը Լեռնային Ղարաբաղի հարցով, առաջարկում էր նույն շարքում դասել իսլամական աշխարհի կոնֆլիկտները Պաղեստինում, Ջամմայում ու Քաշմիրում: Վերաձևակերպելով ռուսական հայտնի ասացվածքը՝ Ադրբեջանի համար ստեղծվել է մի իրավիճակ, երբ «որքան խորանում ես դիվանագիտական անտառում, այնքան փայտերն ավելանում են»։ Ադրբեջանական ԽՍՀ-ի Գերագույն դատարանի նախկին փոխնախագահ և անկախ Ադրբեջանի նախկին արդարադատության առաջին նախարար, փոխվարչապետ Ալիսաբ Օրուջևը Haqqin. Az-ին տված հարցազրույցում հայտարարում էր. «Եթե ժամանակին հաշվի առնվեր աջակցությունը, որ աշխարհում ցույց են տալիս Հայաստանին, ղարաբաղյան կոնֆլիկտի հաղթահարումը չէր փոխանցվի ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, Մինսկի խմբին և այլ կազմակերպությունների: Քանի որ այդ հարցը Ադրբեջանի ներքին գործն է, մենք պիտի ինքներս լուծեինք: Իբրև օրինակ, կարելի է բերել ՄԱԿ-ի բոլորին հայտնի 4 բանաձևերը, որ պահանջում են Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի անհապաղ դուրս բերում: Բայց բոլոր այդ բանաձևերը կեղծ բնույթի են»: Այնուհանդերձ, այսօր Բաքուն փորձում է բանակցային օրակարգը փոխարինել հենց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերով: Պարոն Օրուջևը, թերևս, գիտի Հեյդար Ալիևի ծրագրի գոյության մասին՝ ղարաբաղյան հարցը լուծել Երևանի ու Ստեփանակերտի հետ երկխոսության մակարդակում: Նա ռեալ շանս ուներ: Նրա որդի Իլհամ Ալիևը այդպիսի շանսեր չունի: Ապրիլի 2-5-ի իրադարձությունները նա հաղթանակ է գնահատում, թեպետ կարգին չի բացատրում՝ ում է հաղթել:

Հարցը աբսուրդի են հասցնում: Առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները միաձայն հայտարարում էին «հայկական զորքերի թուլության մասին», իսկ Ղարաբաղի բանակը նկարագրում էին համարյա թե բանդիտական կազմավորում: Հիմա ԶԼՄ-ները գրում են, որ Բաքուն կարողացավ կործանել «հայկական զինված ուժերի ոգու և անհաղթելիության մասին միֆերը», թեպետ վերջին պատերազմին մասնակցել են բացառապես Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները՝ Հայաստանից մարտական տեխնիկայի մասնակի ներգրավումով:
Հերթական աբսուրդը: «Հաղթողները» սկսեցին հեղինակավոր միջազգային կազմակերպություններին ու առանձին պետությունների խնդրել, որ «ավելի մեծ ջանքեր գործադրեն կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար»: Ավելին՝ երբ Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծն ընդունեց քննարկման, Երևանին սկսեցին մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելու և բանակցային գործընթացից դուրս գալու մտադրության մեջ, թեպետ մինչ այդ հենց Բաքուն էր գրոհում ու վարկաբեկում Մինսկի խմբին: Նույնիսկ եթե հավատանք Բաքվի հայտարարություններին, որ Երևանը իբր թե «օգտագործում է իրավիճակը», նման մանևրները հազիվ թե հասու լինեին «պարտված» կողմին:


Արժի միջազգային դիրքորոշումն ուրվագծել: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարում էր. «Ցավոք, կարելի է արձանագրել, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ անմիջականորեն զբաղվում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմամբ, այդ խմբում ընդգրկված պետությունները չարտահայտեցին ոչ մի վերաբերմունք, որ օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերը ծանր զինատեսակներով ինտենսիվ հրաձգության են ենթարկում Ադրբեջանի բնակավայրերը և խաղաղ բնակիչներ են զոհվում: Միջազգային կառույցների լռությունը ներկա իրավիճակում հիմքեր է տալիս ասելու, որ նրանք բոլոր ջանքերը ուղղել են ապահովելու Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի անվտանգությունը և գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումը հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում»: Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբն էր առաջարկում կողմերի շփման գծում տեխնիկական կամ այլ վերահսկողական մեխանիզմներ տեղակայել: Իսկ մերժողն Ադրբեջանն էր: Փաստորեն՝ երբ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ռուսական «Дождь» հեռուստաալիքին ասում էր, որ «Մինսկի խումբը չի առաջարկում իրական ելքեր ստեղծված իրավիճակից», խեղաթյուրում էր իրադարձությունները: Ճիշտ ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, որ հայտարարում էր՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է «մեղավոր ապրիլի 1-ի լույս 2-ին շփման գծում կատարվածի համար»: Նրա խոսքով՝ «եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ցուցադրեր արդար, ակտիվ գործունեություն հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ, ձեռնարկեր քայլեր, որոնք կարող էին կոնկրետ արդյունքներ բերել, պրոբլեմի լուծումը մինչև մեր օրերը չէր ձգվի»: «Արդարության» անվան տակ նկատի է առնվում Բաքվի դիրքորոշումը, որի համաձայն ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի միայն ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը կյանքի կոչելով:


Հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի համար բացվում է լուծման փաստացի միայն մեկ միջանցք՝ ճնշում գործադրել կողմերի վրա, որ վերահսկողության համակարգի միջոցով Ղարաբաղում կազմակերպվի հրադադարի ռեժիմի դիտարկում, առանց որի հնարավոր չէ վերսկսել կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացը: Այդ ճանապարհին, ինչպես հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը, կարող է փոխվել բանակցային ձևաչափը՝ Ստեփանակերտի ներգրավումով: Բայց իրադարձությունների այդ ընթացքն էլ Բաքվի համար նշանակում է «պարտություն դիվանագիտական ճակատում»:
Միանշանակ չեն գործերը և Թուրքիայի՝ Ադրբեջանի դաշնակցի հետ: Սկզբում ամենահեշտն էր բացատրել Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների վատացումով՝ սիրիական սահմանին 2015-ի նոյեմբերին թուրքերի խփած ռուսական ինքնաթիռի պատճառով: Դա Ադրբեջանին դրեց շատ անհարմար վիճակում՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ընտրության, և նախագահ Ալիևը, թեքվելով Անկարայի կողմը, արդարացրեց դեռ 1918-ին հայտնի հայ հասարակական-քաղաքական գործիչ, Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցի կանխատեսումը, որ 1918-ի ամռանը Իոսիֆ Ստալինին գրում էր` «աշխարհաքաղաքական ընտրության իրավիճակում ադրբեջանական թուրքերը միշտ կնախընտրեն անգորյան այծերի հոտը Բաքվի նավթի համից»: Անկարան իրոք էականորեն ընդլայնեց քաղաքական աջակցությունը Բաքվին: Միևնույն ժամանակ Գերմանիան, իբրև ԵԱՀԿ նախագահող երկիր, հետաքրքիր քայլ արեց՝ հունիսի սկզբին Բունդեստագը մտադիր է քննարկել Հայոց ցեղասպանության բանաձևը: Փաստաթուղթն արդեն երեք անգամ հետաձգվել է գերմանական խորհրդարանում, բայց այս անգամ, ինչպես կարծում են փորձագետները, «Գերմանիան կարող է վերջնական եզրակացություն տալ, թեպետ ոչ ոք չի ենթադրում՝ ինչ»:

Թուրքիայի ու ԵՄ հարաբերությունները կառուցվում են հիմնականում Գերմանիայի միջոցով: Թուրքիան նույնիսկ որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը Շենգենի գոտու երկրների համար և ի պատասխան սպասում է Թուրքիայի քաղաքացիների ԵՄ մուտքի ազատականացում: Այդ որոշումը պետք է ընդունվի հունիսին, Եվրահանձնաժողովի նիստում՝ ի նշան ԵՄ «երախտագիտության» փախստականների խնդրի լուծման համար: Վիզաները վերացնելու համար Թուրքիան պետք է կատարի ԵՄ 75 պահանջները, որոնցից կատարված են միայն 38-ը: Բայց նույնիսկ բոլոր պահանջների կատարման դեպքում Թուրքիան կարող է առանց վիզային ռեժիմ ԵՄ-ից չստանալ: Բեռլինը բարձրացրել է հայկական հարցը, որ կոնկրետ իրավիճակում ներառում է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները, այլև՝ ղարաբաղյան հարցը: Այնպես որ՝ ուր էլ պտտվես, պիտի համաձայնես այն փորձագետների հետ, որ արձանագրում են Ադրբեջանի դիվանագիտական ներուժի կորուստը ապրիլի 2-5-ի իրադարձություններից հետո: Հաշվարկը կրակը դադարեցնելուց անմիջապես հետո Մոսկվայի ուղղակի միջնորդությամբ բանակցություններ սկսելն էր՝ Բաքվի վերահսկողությանը կոնկրետ տարածքներ վերադարձնելու հարցով: Ոչինչ չստացվեց:
Աբսուրդի ևս մեկ կոնկրետ դրսևորում՝ երբ ադրբեջանական ԶԼՄ-ները սկսեցին շահարկել հայկական ընդդիմության հայտարարությունները, որ մեղադրում էին նախագահ Սերժ Սարգսյանին «Ղարաբաղում պարտության» համար, նրանք փաստացի ամրապնդեցին Մոսկվայի տեսակետը՝ ճնշում չգործադրել Սարգսյանի վրա՝ իբրև Անդրկովկասում միակ ռազմավարական դաշնակցի: Այսպիսի իրավիճակում հարցի լուծումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ուսերին, որը պետք է ելք գտնի դիրքային բարդ դիվանագիտական պայքարում: Ե՞րբ դա կլինի, կլինի՞, թե՞ ոչ, ոչ ոք չգիտի:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Հրաշալի վերլուծություն է, չէ՞, համոզիչ, համարյա հայամետ, բայց վերջին պարբերությունը ամեն ինչ վերածում է աբսուրդի՝ ռուսական աբսուրդի՝ որտե՞ղ է հեղինակը կարդացել «հայկական ընդդիմության հայտարարությունները, որ մեղադրում էին նախագահ Սերժ Սարգսյանին «Ղարաբաղում պարտության» համար»: Ինչ-որ գաղտնի ընդդիմությո՞ւն է գործում Հայաստանում, որի «մեղադրանքները» հայտնի են միայն Մոսկվային, թե՞ որոշումը կա, բայց դեռ մեղադրանքները չեն հնչել: Չի՞ ստացվում, որ բոլորը սպասում են միմյանց ձախողմանը՝ Արևմուտքը՝ Մոսկվայի, Մոսկվան՝ Մինսկի խմբի և համառորեն գործում են միմյանց դեմ «դիրքային բարդ դիվանագիտական պայքարում», իսկ երբ վերջանում են դիվանագիտական փաստարկները, Բաքուն սկսում է կրակել՝ գիտեք ումից գնած զենքով և ում վրա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ