ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Բաքուն վախեցնում է բոլորին, բայց վախեցող չկա

Բաքուն վախեցնում է բոլորին, բայց վախեցող չկա
03.05.2016 | 00:34

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թարթառի շրջանի զորամասեր այցելության ժամանակ հայտարարեց, որ «ամեն անգամ, երբ Հայաստանի վրա ուժեղանում է միջազգային ճնշումը, Հայաստանը դիմում է սադրանքների, որպեսզի խուսափի բանակցային գործընթացից»: Ալիևը ասել է, որ «այս տարեսկզբին շնորհիվ Հայաստանի վրա միջազգային ճնշման՝ բանակցային գործընթացում որոշ առաջադիմություն էր զգացվում»:

Բայց ի՞նչ առաջադիմություն և ինչու՞ Ադրբեջանը, ինչպես ադրբեջանական ասույթն է վկայում՝ տարիներով ասում է «Մուս-Մուս», բայց չի համարձակվում վերջապես «Մուստաֆա» ասել: Ադրբեջանի նախագահ աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին հարցազրույցում նորից է ընդգծել, որ «հայկական կողմը և Հայաստանի ղեկավարությունը չի կարողանում որոշել, թե ինչ անի»: Նրա խոսքով՝ «Հայաստանի ղեկավարությունը հակասական հայտարարություններ է անում» և «Ադրբեջանի համբերությունը կարող է հատել», որ «բոլոր երկրները պիտի հաշվի առնեն»: Ինչո՞ւ:

Ապրիլի 2- 5-ի իրադարձությունները շփման գծում ներկայացնելով իբրև «հաղթանակ», (եթե դա, իհարկե, հաղթանակ էր) Բաքուն ի վիճակի չէ այդ ՛՛հաղթանակը՛՛ վերածել որոշակի քաղաքական-դիվանագիտական նվաճումների: Կառնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը Politico Europe-ում հիշեցնում է, որ «1994-ին Հայաստանը ռազմական հաղթանակ է տարել և Բաքուն ու Երևանը ստորագրել են Բիշկեկի հրադադարը, որ ամրապնդում էր ներկա ստատուս քվոն տարածաշրջանում»: Իսկ հիմա, փորձագետի խոսքով, բարեբախտաբար «չկա լիարժեք պատերազմ, ինչպես 1990-ականների սկզբին, բայց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ավելի ու ավելի խոր են դիրքավորվում իրենց ռազմական դիրքերում, որտեղից նահանջելը շատ դժվար է»:


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իշխող ՀՀԿ-ի նիստում արդեն բարձրաձայնել է պայմանները, որոնց կատարման դեպքում Երևանը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը: Նշված են միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, հասցեական հայտարարությունները և երաշխիքները, որ Ադրբեջանը նոր հարձակման չի դիմի և Լեռնային Ղարաբաղն անվտանգ կլինի: Բաքուն պատասխանեց արտգործնախարար Էլմար Մամեդյարովի շուրթերով. «Չի կարելի ինչ-որ պայմաններով բանակցությունները սկսել: Եթե Երևանում կարծում են, որ պայմանների միջոցով կարող են գործընթացը երկարացնել, շատ պարզունակ մոտեցում է: Գործընթացը պետք է տեղից շարժվի: Ամենամեծ սպառնալիքը Հայաստանի բանակի ներկայությունն է Ադրբեջանի օկուպացված հողերում: Որքան արագ լուծվի այդ հարցը, այնքան արագ հնարավորություններ կհայտնվեն: Պայմաններ առաջադրելով հարցը չի լուծվի, դա խաղաղ գործընթացի ավարտ է նշանակում»:


Բաքուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերով Ղարաբաղում հաստատված փխրուն զինադադարի վերաբերյալ չգիտես ինչու հաշվարկում էր, որ Մոսկվան իր վրա «կքաշի դիվանագիտական ծածկոցը»: Չքաշեց: «Ռուսաստանը հնարավոր է համարում Բաքվի ու Երևանի ռազմական շփումների շարունակությունը, թեպետ խոսքը բարձր մակարդակի հանդիպման մասին չէ դեռ»՝ հայտարարեց ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Ի պատասխան Բաքուն հանդես եկավ (ճիշտ է՝ ոչ պաշտոնական) մեղադրանքներով Մոսկվայի հասցեին, որ «իր համար կարևոր է համարում կոնֆլիկտի սառեցումը»: Ասենք: Բայց և ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարեց, որ «անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը» և «ԱՄՆ-ը կոնֆլիկտի կողմերին կոչ է անում լիցքաթափել իրավիչակը և վերադառնալ խաղաղ գործընթացին»: Դիվանագիտական ընկալումով «իրավիճակի լիցքաթափումը» կամ անցումը կառուցողական լիցքաթափման և խնդրի լուծման առաջին հերթին նշանակում է կոնֆլիկտի կառավարելիության վերականգնում: Եթե ելակետ ընդունենք կոնֆլիկտոլոգիական փորձաքննությունը, դա ենթադրում է ճանապարհների վերհանում և կոնֆլիկտի նախազգուշացման մեխանիզմների ստեղծում: Այսինքն՝ նախ լիցքաթափում, հետո մնացածը: Այդպիսով՝ ԱՄՆ-ը նույն դիրքորոշումն ունի, ինչ շարադրել է Ալեքսանդր Լուկաշևիչը, որ համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշման հետ: Ադրբեջանը հրաժարվում է ընդունել Ղարաբաղի շփման գծում վերահսկողության համակարգը, ենթադրելով, որ այդ միջոցները միայն կնպաստեն ստատուս քվոյի ամրապնդմանը: Բայց Բաքվում մինչև հիմա չեն գիտակցել, որ ապրիլի 2-5-ի իրադարձությունները փոխել են ուժերի դասավորությունը տարածաշրջանում նաև արտաքին խաղացողների կամ նրանց ազդեցության տեսակետով:


Արևմուտքը լայն իմաստով Ադրբեջանի կողմից չէ, իսկ Ռուսաստանը և Իրանը առայժմ կառուցում են հավասար հեռավորության քաղաքականություն, Թուրքիան՝ է Ադրբեջանի գլխավոր գործընկերը, ինչպես արձանագրեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Handelsblatt-ին հարցազրույցում: Ճիշտ է՝ ուշադրությունը կենտրոնացնելով փախստականների խնդրի վրա, նա հայտարարեց, որ «այս պահին ռեալ չէ Անկարայից պահանջել միջոցներ ձեռնարկել, որոնց նախադրյալը կառավարության վերահսկողությունն է երկրի ամբողջ տարածքի վրա»: Իրոք, Թուրքիան, չնայած մերկապարանոց հայտարարություններին Ղարաբաղի կոնֆլիկտի հարցով, այսօր Ադրբեջանի ժամանակը չունի: Անկարային մտահոգում է իր տարածքային ամբողջականության պահպանումը, ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպումը:
Այս գործոնները խթանում են ղարաբաղյան ինտրիգի բոլոր բացահայտ ու քողարկված մասնակիցների կոնֆլիկտային վարքագծի ռազմավարության ու մարտավարության փոփոխություն: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ ոչ լուծման խումբ: Առաջինը նշանակում է որ նրա նպատակը կոնֆլիկտի, որ լիովին հաղթահարված չէ, մեղմացումն է: Այդ հասկացությունը նաև կարող է նշանակել, որ ինչ-որ պրոբլեմների լուծումը հետաձգվում է (հետաձգված կոնֆլիկտ): Երկորդը նշանակում է, որ գոյություն ունեցող պրոբլեմները ամբողջությամբ հաղթահարված են և կոնֆլիկտն ավարտված է: Ադրբեջանը ապրիլի 2-5-ի իրադարձություններից հետո Հայաստանի նկատմամբ գերազանցություն չստացավ և չի կարող պարտադրել կոնֆլիկտի դադարեցման իր պայմանները: Նրա հղումները միջազգային տարբեր ինստիտուտներին արդյունք չեն տալիս նախևառաջ այն պատճառով, որ նրանք ունեն իրավիճակի իրենց պատմաքաղաքական ախտորոշումը: Այդ պատճառով, եթե բռնկվի լայնամասշտաբ պատերազմ, Բաքուն միջազգային մեկուսացման մեջ կհայտնվի և որոշ ժամանակից կսկսի գործել երրորդ ուժի գործոնը և առաջին հերթին ինստիտուցիոնալ կդարձնի կոնֆլիկտը նրա ավարտման առաջարկների տեսակետից, ինչպես եղել է Բիշկեկյան փաստաթղթերը նախապատրաստելիս 1994-ին: Այդ պատճառով է ադրբեջանական դիվանագիտությունը փորձում դուրս գալ փակ շրջանակից՝ ցանկացած միջոցներով նախաձեռնելով բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ձևաչափով և նախկին օրակարգով:


Երևանն ունի ուրիշ մարտավարություն, քանի որ շանս է ստացել ևս մեկ փոխզիջումային առաջարկության՝ բանակցությունների մեջ մտցնել Ստեփանակերտին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հաղորդեց, որ ամսվա կեսին Եվրոպայի քաղաքներից մեկում մտադիր է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հետաքրքիր է՝ ի՞նչ են հիմա նրանք առաջարկելու Ադրբեջանին: Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման շուրջ իրավիճակն անորոշ է մնում:
REGNUM


Հ.Գ. Ապրիլի 2-5-ի իրադարձությունները ուժերի դասավորությունը տարածաշրջանում ոչ այնքան փոխեցին, որքան փոխեցին իրավիճակի միջազգային գնահատականը: Հարձակման մի քանի ժամում Բաքուն ապացուցեց՝ ինչ մի քանի տարի Երևանն ասում էր, բայց չէր ընկալվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը կարող է ապահովված լինել միայն անկախության կարգավիճակով, իսկ Բաքուն ի ցույց դրեց, որ իրեն պետք է տարածք՝ առանց հայերի: Թալիշում գործված վայրագությունները փաստեր են, որ ոչ մի հայտարարությամբ հերքել հնարավոր չէ: Հայ զինվորը վերականգնեց հայոց պետականության նկատմամբ: Եթե ռուսական լրատվամիջոցը հետևողականորեն համոզում է, որ հայերս ճիշտ ենք, ուրեմն մենք անում ենք այն, ինչ ուզում է Մոսկվան, իսկ դա միշտ ավարտվում է կոտրված տաշտակի պատմությամբ: Առավելևս, եթե Մոսկվան գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ի՞նչ հարց է, թե Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանին ի՞նչ են առաջարկելու: Գուցե հենց դա է բանալին, թե ինչու՞ են ռուսական լրատվամիջոցները փոխել կոնֆլիկտի ու ստեղծված իրավիճակի ընկալումը՝ ապրիլի սկզբին խաղալով Բաքվի, մայիսի սկզբին՝ Երևանի կողմից: Եվ Բաքվի ոչ պաշտոնական բողոքը, որ Մոսկվան կոնֆլիկտը սառեցնում է, գուցե նրա զարմանքն է, թե ինչու՞ էր, ուրեմն, հանել սառեցված վիճակից, եթե նորից սառեցնելու էր: Իվերջո, ի՞նչ է կատարվում կոնֆլիկտի շուրջը, ի՞նչ նոր «Բիշկեկ» է նախապատրաստվում վերստին փակ վարագույրների հետևում: Որքանո՞վ է Հայաստանի հրապարակային դիրքորոշումը համարժեք իրավիճակին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2672

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ