ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Պատերազմը Ղարաբաղում՝ մեկ ամիս անց

Պատերազմը Ղարաբաղում՝ մեկ ամիս անց
02.05.2016 | 01:48

Մեկ ամիս է անցել հերթական կտրուկ սրացումից Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում, որը համարում են ամենալուրջ բախումը 1994-ին հրադադարի համաձայնագրի կնքումից հետո: Բայց շատ փորձագետներ դեռ չունեն հարցի պատասխանը՝ իսկ ի՞նչ կատարվեց: Ճիշտ նույն կերպ՝ դժվարանում են թեկուզ միջնաժամկետ հեռանկարում կանխատեսել իրադարձությունների զարգացումը: Առայժմ բոլորը ընդունում են, որ տարածաշրջանում լուրջ փոփոխություններ են լինում՝ բազմաքայլ գործողություններից հետո:


Հակամարտող կողմերի շփման գծում միջազգային դիտորդների կամ իրավիճակի վերահսկողության տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի կամ Հայաստանի հասցեին՝ զինված բախումների նախաձեռնության մեղադրանքները հռետորական են հնչում, թեպետ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակի եզրակացությունների է մղում: Լեհական Biznes Alert-ի կարծիքով՝ տարածաշրջանում իրավիճակը լավ զգացողի համար «դժվար է բացատրել, թե ինչու Ադրբեջանը որոշեց գրոհել հենց հիմա»: Որովհետև ինչպես խոստովանել է Բաքվի Эхо.az թերթը «հայկական կողմի համար իմաստ չկա իր զինվորներին ուղարկել մերձակա շրջաններ»:

Այդ եզրակացության հետ համաձայն է և ԱՄՆ-ի National Interest-ը, որ նշում է «ամենալուրջ խախտումը կատարելով 1994-ի հրադադարի համաձայնագրի, որ ստորագրվել է պատերազմից հետո, ադրբեջանական բանակը ապրիլի 2-ի լուսաբացին հարձակման դիմեց մի քանի ուղղություններով և հետ մղեց Ղարաբաղի հայկական ուժերին՝ պայմաններ ստեղծելով լայնածավալ կոնֆլիկտի համար, որի մեջ կարող են ներքաշվել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, և այդ դեպքում Սև ծովից մինչև Կասպից ծով կստեղծվի քաոսի ու տառապանքի կամար, իսկ պատերազմը կվերածվի ամենամեծ կոնֆլիկտին Եվրասիայում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո»: Տեսականորեն՝ այո, բայց ռուս ռազմական փորձագետները հաստատում են՝ ադրբեջանական կողմը, իր զորքերի տեղակայումից դատելով՝ որոշել է լոկալ խնդիր լուծել՝ շոշափելով շփման գիծը՝ «Օհանյանի պաշտպանության գիծը»՝ «անվտանգության գոտին» Ղարաբաղի շուրջ:

Բուն փաստը, որ Բաքվի ԶԼՄ-ները «Օհանյանի գոտին» համեմատում են «Մաներհեյմի գոտու» հետ, որ ժամանակին գծված էր սովետաֆիննական սահմանին, վկայում է հայկական կողմի պաշտպանական, այլ ոչ հարձակողական ռազմական հայեցակարգի մասին: ՈՒ ի՞նչ: Հաղթական զեկույցները 400- մետրանոց ականապատված գոտին անցնելու, մի քանի բարձունքներ գրավելու մասին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարկանիշի անսովոր աճ: Հանած՝ բանակցային գործընթացի հետ շպրտվելը, երբ ամեն ինչ պետք է սկսել զրոյից:

Համոզիչ վարկած կա, որի համաձայն` Ադրբեջանը, սրելով իրավիճակը Ղարաբաղում, մտադիր էր ձախողել և իբր արդեն ձախողել է կոնֆլիկտի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագիրը: Բայց ԱՄՆ-ի EurasiaNet-ի գնահատականով՝ Ադրբեջանը, որ «նշանակալից փորձ ունի միջազգային վառ միջոցառումներ անցկացնելու, ներառյալ «Եվրատեսիլը» 2012-ին և 2015-ի Եվրոպական խաղերը, չոր հաշվով տանուլ տվեց տեղեկատվական պատերազմը ապրիլի սկզբի բախումների ժամանակ»՝ չնայած բազում ծախսերին, նախ և առաջ ԱՄՆ-ում «բարդ ռազմավարական ծրագրերի ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքի վրա, չապահովեց ղարաբաղյան հարցի իր տեսակետի լուսաբանումը»: Ձախողվեց և դիվանագիտությունը, որի վկայությունն են ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հիմա տրտնջում է. «Ներկա իրավիճակում միջազգային կառույցների լռությունը հիմք է տալիս ասելու, որ նրանք բոլոր ջանքերն ուղղել են Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի անվտանգությունն ապահովելուն և հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում ստատուս քվոն պահպանելուն»:

Մեղմ ասած՝ իրականությանը չի համապատասխանում՝ համարյա բոլոր միջազգային կառույցները կոնֆլիկտի կողմերին կոչ են անում պահպանել հրադադարը և սկսել բանակցային գործընթացը: Համանման հայտարարություն արեց և ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Բայց այն չհնչեց, ինչ ուզում էր Բաքուն լսել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները խոչընդոտեցին ԵԽԽՎ-ում հայ-ադրբեջանական գոտում լարված իրավիճակի մասին բանաձևի ընդունմանը»: Նրա խոսքով՝ «ՄԱԿ-ը ևս այդ կետը թողել է, տվյալ հարցը ոչ մի անգամ չի բարձրացվել Անվտանգության խորհրդում: ՄԱԿ-ը և մյուս միջազգային կազմակերպությունները լռում են, միջազգային իրավունքի մասին ոչ ոք չի հիշում»: Ո՞վ է մեղավոր: Հայկական լոբբի՞ն: Իսլամաֆոբիա՞ն: Գուցե խնդիրը հենց Բաքուն է, որ փորձում է բարդ իրավիճակից դուրս գալ, որտեղ հայտնվել է ապրիլի 2-5-ի պատերազմից հետո:


Հայկական կողմը բանակցային գործընթացի վերսկսման պայմաններ է ներկայացրել, որոնցից մեկը Ղարաբաղում շփման գծում վերահսկողության համակարգի և անվտանգության երաշխիքներին է վերաբերում: Դա չի նշանակում, որ հայկական կողմը դուրս է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վարվող բանակցային գործընթացից: Սակայն Բաքուն փորձեց դա ներկայացնել իբրև բանակցային գործընթացից Հայաստանի միակողմանի դուրս գալ, որ ռուս հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի խոսքով՝ նշանակում է «սայլը ձիուց առաջ դնել»՝ նախ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, հետո քննարկել ղարաբաղյան կարգավորման կետերը: Բայց Բաքուն, եթե հավատանք Առաջընթացի աջակցության ամերիկաադրբեջանական հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինին՝ կարծում է, որ «կոնֆլիկտի գոտում տարատեսակ մոնիտորների ու սարքերի տեղակայումը նշանակում է, որ անջատողական վարչակարգը լեգիտիմության նշաններ է ստանում»: Դա՝ առաջին:


Երկրորդ՝ Մոսկվան, որ իրոք իր ձեռքն է վերցրել կոնֆլիկտի գոտում հրադադարի հաստատման նախաձեռությունը, գործում է Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համաձայնեցված, բայց Բաքուն նախընտրում է խոսել միայն «ռուսական նախաձեռնության» մասին՝ հույս ունենալով սրել Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները: Օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի արտգործնախարար Ջորջ Վելոյի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում խոսելով «ռուսական ծրագրի» մասին՝ հայտարարեց. «Դեռ վաղ է մանրամասները բացահայտել: Նրանք որոշ հետաքրքիր մտքեր են բարձրաձայնել, որոնց հիմքում նույնպես Մադրիդյան նորացված սկզբունքներն են: Ռուսաստանի առաջարկները մեզ հետաքրքրում են: Ռուսաստանը մեզ փուլային լուծում է առաջարկում: Սակայն առաջին հերթին հայերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Հետո նա հաղորդեց, որ ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցչությունը նոտա է հանձնել ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը. «1994-1995 թթ. կնքվել են հրադադարի համաձայնագրերը: Երբ ապրիլին հրադադարը խախտվեց, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանի գործողությունները այդ համաձայնագրերը հարցականի տակ են դնում: Ռուսական կողմը և համանախագահները մեզ հաղորդում են, որ լիակատար աջակցում են 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագիրը: Ինչպես գիտեք, կրակի դադարեցման նոր փուլի համաձայնությունը կայացավ Մոսկվայում: Մենք ևս կարծում ենք, որ կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է»: Եթե այդպես է, ինչո՞ւ էր Ռուսաստանը ստիպված հիշեցնելու Ադրբեջանին 1994−1995-ի համաձայնագրերը: Ինչպես ընդգծեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով, այսպես կոչված, ռուսական ծրագրին՝ «Ես կարծում եմ ճիշտ չէ ասել, որ դա ծրագիր է, նախագիծ, փաստաթուղթ»: Մի խոսքով՝ ամեն տեղից երևում են սպիտակ թելերը, որոնցով Բաքուն փորձում է «ինչ-որ կոմբինացիա կարել»: Դա ևս ապրիլի 2-5-ի իրադարձությունների գլխավոր արդյունքներից մեկն է:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Կհարցնեք՝ ի՞նչ է կատարվում: Մեկ ամիս անց Մոսկվան հաստատում է, որ ինքը չունի սեփական՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ չհամաձայնեցված ծրագիր, նախաձեռնություն, առաջարկ: Թեպետ հանուն իրադարձությունների ամբողջական պատկերի՝ հիշեցնեմ նույն Մարիա Զախարովայի հայտարարությունը, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ մի տեղ դատարկաձեռն չի մեկնում: Լավրովը եկավ Երևան, և նոր ոչինչ չառաջարկեց հրապարակային հայտարարությունների մակարդակով: Միակ սենսացիան, որ ՌԴ-ն համաձայն է շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայմանը, ավելին՝ զարմանում է, թե ԵԱՀԿ գործող նախագահ Գերմանիան ինչո՞ւ հարցով չի զբաղվել: Ավելին՝ Ադրբեջանից հնչող ու հակառակը պնդող հայտարարությունները որակվում են Ռուսաստանի ու Հայաստանի միջև լարում հաստատելու փորձ: Նաև առաջադրվում են տեղին հարցեր, որ Բաքուն ինքն է իրեն դիվանագիտական ճգնաժամի մեջ մտցրել ու իզուր է բողոքում, որ միջազգային հանրությունը չի հանում իրեն ճգնաժամից՝ Հայաստանի հաշվին: Այսպես կամ համարյա այսպես: Իսկ ճշմարտությունը ինչ-որ տեղ է՝ շուրջբոլորը, բայց ոչ իրավիճակի գնահատման ու եզրակացությունների հիմքում, որովհետև հավաքվում է իրադարձությունների ոչ ամբողջական պատկեր: Բայց դա մեր՝ հայերիս տեսակետով, անհեթեթ է սպասել, որ ռուսական շահը պիտի համընկնի մեր շահին: Ապացույցները չարժի թվարկել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ