ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շարունակիր քո արդար գործը, ով հայ ժողովուրդ

Շարունակիր քո արդար գործը, ով հայ ժողովուրդ
26.04.2016 | 09:45

Մի քանի օր առաջ Ստրասբուրգում Դավութօղլուի մեկ ժամ տևած ելույթին չէ, որ ցանկանում եմ անդրադառնալ, այլ այդ ելույթի մի դարձվածին.


-Անհանգիստ է վիճակը նաև Նախիջևանի սահմանին:
Ճիշտ է, Եվրախորհրդի և ոչ մի պատգամավորի մտքով չանցավ անդրադառնալ նրա արտահայտած մտքին, բայց ասածին չանդրադարձավ նաև մեր արտաքին գերատեսչությունը, անգամ մեր մամուլում որևէ արձագանք չեղավ Դավութօղլուի նուրբ շանտաժին:


Սույն ամսվա 21-ին թերթերից մեկում կարդացի, որ Ռուսաստանի Պետդումայի ՆԳԱԱ մշտական հանձնաժողովի անդամների պատվին տված ճաշկերույթի ժամանակ հայ գործիչներին տեղեկացրել են, թե լուրջ անհանգստություններ ունեն Թուրքիայի կողմից Նախիջևանում կատարվող զորային կուտակումների առնչությամբ: Անշուշտ, այդ «նամյոկը» ինչ-որ տեղ արված է ղարաբաղյան հակամարտության Ռուսաստանի պլանի իրականացման օգտին նաև:


Կարելի է հարցնել՝ Ռուսաստան, իսկ դու ո՞ւր ես նայում, որ Նախիջևանում Թուրքիան զորք է կուտակել: Հայաստանը Նախիջևանի սահմանին երբևէ զորք կուտակե՞լ է: Անշուշտ, ոչ:
ՈՒրեմն Թուրքիան ձվի մեջ մազ է ման գալիս, իսկ Ռուսաստանն էլ չեղած մազով իր դաշնակցին է փորձում ահաբեկել: Ռուսաստանի միջազգային մեկուսացումը, տնտեսական ահավոր ծանր վիճակը և այլ հանգամանքներ ներկա ռուս կառավարողներին կարծես պարտադրում են դարձյալ հայերիս հաշվին գնալ հերոսական զոհաբերության: Ի՜նչ իմանաս, Ռուսաստան-Ադրբեջան սիրախաղում ռուսները դարձյալ չե՞ն փորձում դուր գալ Թուրքիային:
Աստված իրենց հետ: Ընթերցողը, հավանաբար, կհիշի նախկինում ասած խոսքը, թե ընդունենք աշխարհը մեր դեմ է, ցանկանում է մեր մահը, թեպետ 100 %-ով այդպես չի կարող լինել, ուրեմն պիտի նայենք և սպասենք, թե ինչպես են միավորված ենիչերիներն ու կազակները մեզ սպանո՞ւմ: Իհարկե, ոչ: ՈՒրեմն ո՞րն է մեր անելիքը: Առաջինը ` չխարխլել չորսօրյա պատերազմի ժամանակ ժողովրդի ցուցաբերած միասնությունը: Կուզեմ հարցնել, այսօր Եվրոպան, կամ աշխարհն ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիային, Ադրբեջանին: Կարճ կասեմ` վախենում են նրանց շանտաժից: Ինձ անչափ դուր եկավ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակների օբյեկտիվ ագրեսիվությունը: Եթե չեն ուզում հարգել քո արդարացի իրավունքը, ուրեմն դու բարոյական իրավունք ունես չլսողի ականջը խլացնելու: Քաղաքականության մեջ պարկեշտության կատեգորիա չկա:


Երկրորդ: Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ որդուն կորցրած մայրը չի բարձրացնում իր սուգը, անգամ օրվա հացը հազիվ վաստակող մայրը, հայրը, կինը որևէ մեկից ողորմություն չեն ակնկալում, իրենց որդու, զավակի, ամուսնու մահը նրանք ի ցույց չեն դնում: Նրանք պարզապես երազում են, որ իրենց հարազատի արյունը զուր չկորչի, նրանց խիզախությունը ծառայի հայրենիքի հետագա հաղթանակներին: Կարճ պատերազմը ցույց տվեց, որ մեր զոհերի արյունը շատ բարձր զինվորականների խղճին է: Ի՞նչ է նշանակում անսպասելի հարձակում: Մեր և Ադրբեջանի միջև չհարձակման, բարեկամության պայմանագիր կա՞ր, որը հանգստացրել էր գեներալներին: Մի հարց ևս. շփման գիծը ականապատված եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս թուրքերն անցան, ո՞վ էր իրեն թույլ տվել ականազերծել այդ գոտին: Ճիշտ է, շատ բան պետք չէ բարձրաձայնել, բայց գոնե նախագահը իմացա՞վ՝ ում մեղքով թուրքերը մեզ անակնկալ մատուցեցին: Ասելիքս դա էլ չէ: Եթե աղքատ նվիրյալը հայրենիքին իր կյանքն է տալիս, ապա ինչպե՞ս արդարացնես այն պաշտոնյաներին, թե կուլակաթափություն չի լինելու:


Հարգելի պաշտոնյա, ես էլ դեմ եմ կուլակաթափությանը, որովհետև այն ազգի մեջ կբերի պառակտում: Ես չեմ հարցնում` ինչ ճանապարհով եք հարստացել, որևէ հարուստի չեմ հարցնում՝ գողացե՞լ ես, թալանել ե՞ս, անգամ չեմ հարցնում՝ հարկերը ժամանակին մուծե՞լ ես, թե՞ ոչ, պարզապես ասում եմ՝ այ ընկեր, եթե աղքատ մարդը որդուն է զոհաբերում հանուն ազգի, իսկ քո որդին եսիմ որ ջհանդամում ինչով է զբաղված, պարզապես քո հարստությունից 10, 20, 30 կամ փոքր-ինչ ավելի տոկոս կամավոր ներկայացրու, որպեսզի հաշվեհամար բացվի, և այն հսկվի ոչ թե «ազնիվ հայրենասեր, սեփական ձեռքի մատի ծծոցով բավարարվող փառաբանված մեր էլիտայի» կողմից, այլ նրանց, ովքեր դեռ քիչ չեն մեր երկրում: Այդ հաշվին հավաքվում է մեկ, երկու միլիարդ դոլար, և գումարը տնօրինող մարմինը հարցնում է պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին` ի՞նչ զենք է բանակին պետք, որտեղի՞ց է այն ձեռք բերվում, մատակարարի հաշվեհամարը և գումարը փոխանցվո՞ւմ է: Ինչու եմ այդքան թերահավատորեն լցված մեր շատ պաշտոնատար այրերի նկատմամբ, որովհետև կենսափորձս այդ է վկայում: Կարող է ոմանք ասեն` մենք մենակ ինչպե՞ս պիտի կռվենք երկու ճակատում։ Կասեմ՝ զինենք մեր բանակը:


Իսրայելի օրինակը թող մեզ ոգևորի: Արաբական աշխարհն ավելի հզոր էր, բայց ընդամենը յոթ օր և հրեաները հաղթեցին: Որովհետև իրենց ստեղծման առաջին իսկ օրից նրանք հոգ են տարել իրենց ապագայի մասին և դատարկ տեղում ստեղծեցին հզոր պետություն: Իսկ մենք հզոր արդյունաբերական երկիրը դարձրինք հարուստների համար մի ճոխ արոտավայր: Համաձայնել չեմ կարող այն տափակ պաշտոնյայի հետ, որի բութ խոսքն անգամ իր լսելիքը չի շոշափում, թե ազնիվ բիզնեսմեն է, ինչո՞ւ պետք է իր փողը տա: Այդ կապակցությամբ կհիշեմ Զորավար Անդրանիկին. գեներալը Առաջին համաշխարհայինի նախօրյակին դիմում է Բաքվի հայ հարուստներին, թե փող տվեք` զենք առնենք, որպեսզի մեզ պաշտպանենք, լսում է ավելի քան բութ պատասխան, թե ռուսները մեզ կպաշտպանեն: Քանդվեց Ռուսաստանը, Բաքվի հայ հարուստները չկան, միայն մի հայ, հարյուր տարի հետո գրած հոդվածներում նշում է, թե որքան է կազմել հայ կապիտալը նավթային Բաքվում: Այսօր ո՞ւր են նրանց կապիտալը և իրենք: Այսօր ես դիմում եմ ազգի «էլիտա» կոչվածին. մի՛ խնայեք ձեր փողերը հանուն ձեր կաշվի, տվեք, և ճորտը կմեռնի կռվի դաշտում, դուք նորից կհարստանաք: Այդ է աշխարհի կարգը դեռևս հնուց: Հանճարեղ Ֆիրդուսին է ասել. և կռվի դաշտում ճորտը մեռնում է, տերը՝ ճարպոտում: Հանուն ձեր ապագայի էլ ավելի ճարպակալման մի խնայեք այսօրվա ձեր փողերը: Բայց կասկածում եմ: Հիշեմ մի դեպք պատմությունից: Երբ Նապոլեոնը մտավ Եգիպտոս, նրա բնակչությունը լավ չընդունեց, և հաճախ էին բնակավայրերում գտնում սպանված ֆրանսիացի զինվորների: Երևույթի դեմն առնելու համար կայսրը կարգադրեց՝ որ բնակավայրում հայտնաբերվում է զինվորի դիակը, այդ տեղանքից 10 բնիկի սպանել: Հերթական անգամ մինչև կայսրի հրամանը կկատարվեր, նրան ասացին, որ սպանվողների մեջ է մի հարուստ արաբ, կարելի է մեծ փրկագնի պահանջով նրան ազատել մահից: Նապոլեոնը համաձայնում է: Երբ ազատման պայմանը ասում են մեծահարուստ արաբին, ավելի քան զարմանալի է հնչում պատասխանը. եթե Ալլահն ուզում է, որ ես ապրեմ, ինչո՞ւ պիտի փող տամ, իսկ եթե ուզում է, որ մեռնեմ, առավել ևս ինչու փող տամ: Բնականաբար, նրան սպանում են: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ մերօրյա հարուստների հոգեբանությունը ոչնչով չի տարբերվում մեծահարուստ արաբի հոգեբանությունից: Թե որն է ելքը, արդեն պիտի ժողովուրդն ասի: Ժողովուրդը չի կարող լռել, որովհետև հասարակ ժողովուրդը մեկ հայրենիք ունի: Նա չի կարող մի վերջին անգամ գաղթական դառնալ, որովհետև տեղ չկա գնալու:


Այսօր ոմանք, որ կոչվում են ազգի էլիտա, ավելի շատ են երևում էկրաններին, քան նրանք, ովքեր իսկապես կռվում են: Այսօր ոմանք իրենց նախկին փառավոր անցյալը դեռևս թմբկահարելով են զբաղված:


Հարգելի գեներալ, անունը չեմ ուզում տալ, ես գլուխ եմ խոնարհում Ղարաբաղի անկախության համար մղած քո հերոսական անցյալի համար, թուրքական բանտում քո դրսևորած անկոտրում ոգու համար, հանուն այդ անցյալի մի արատավորիր քո ներկան: Ղարաբաղն այսօր ջիպերով իրեն այցելողների կարիքը չունի, Ղարաբաղն այսօր զենքի կարիք ունի: Օգնիր սահմանը պաշտպանող տասնութ տարեկանին, տուր արդիական և ոչ թե անցած դարի 80-ականներից մնացած զենք: Ասել կուզեմ, անազնիվ ճանապարհով դիզած հարստությունիցդ բաժին հանիր հայրենիքին:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4743

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ