(սկիզբը` այստեղ)
Դատավորների վարկածով, քառամյա պատերազմի ընթացքում հանցանքներ են գործել միայն սերբերը, ինչը հակամարտությունը վերածում է «բարու և չարի պայքարի»։ Հորվաթների, բոսնիացի մուսուլմանների և ալբանացիների ռազմական հանցագործությունների նման փաստացի և իրավական արդարացումը ուժեղ հարված է հասցրել սերբերի ինքնագիտակցությանը և շարունակում է վիրավորել նրանց զգացմունքները, էլ չենք խոսում Կոսովյան Միտրովիցայում և Կոսովոյի ու Մետոխիայի մյուս սերբական «կղզյակներում» սերբերի աղետալի վիճակի մասին։ 2015-ի հունվարին ՄԱԿ-ի ԱԽ-ն ՆՀՄԴ-ի դատավորների լիազորությունները երկարաձգեց մինչև դեկտեմբերի 31-ը, Ռուսաստանը որոշումը չպաշտպանեց, բայց ընդամենը ձեռնպահ մնաց քվեարկությունից և վետո չդրեց Սերբիայի նկատմամբ ֆաշիզմի ակտերի երկարացման վրա։ Եվ ահա 2016-ի գարունն է, այսինքն, այն ժամանակը, երբ ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներում պետք է, վերջապես, կամ ցրեն ՆՀՄԴ-ն, կամ նորից երկարացնեն նրա ժամկետը։ Հարցը հռետորական չէ. գեներալ Տոլիմիրի մահից հետո Հաագայի բռնակալների ձեռքին են մնում բոսնիացի սերբերի քաղաքական առաջնորդներ Ռադովան Կարաջիչը և բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչը։ Բժիշկ-պոետ ու կադրային զինվորական, երկուսն էլ` Սերբիայի ազգային հերոս։ Ավելորդ է ասել, որ ոչ ոք Սերբիայում չի հավատում Հաագայի անաչառությանը և ոչ էլ այն բանին, որ Կարաջիչն ու Մլադիչը արդարացման կամ մեղքի չապացուցման դեպքում ¥ինչպես Միլոշևիչի պարագայում էր¤ Բալկաններ կվերադառնան թեկուզ քաղցկեղով հիվանդ վիճակում։
Ինչպես հայտնի է, 2015-ի հուլիսին մի խումբ ռուս բժիշկներ հասան Հաագայի համաձայնությանը և ՆՀՄԴ-ի բանտում հետազոտեցին գեներալ Մլադիչի առողջական վիճակը։ Բացի այդ, ինչպես հաղորդվեց, ռուս բժիշկները պետք է խորհուրդներ տային Մլադիչին բուժող բժիշկներին ¥Նիդերլանդներից են¤, ինչպես նաև հանդես գային իրենց առաջարկություններով։ Նրանց մեկնելուց առաջ ռուսական լրատվամիջոցները հաղորդում էին, որ ռուս բժիշկների այցի նպատակն է Մլադիչին նախապատրաստել բուժման համար տեղափոխելու Մոսկվա։ Եվ դրանից հետո փաստորեն հրապարակայնորեն ոչ մի տեղ չի հաղորդվել, թե ինչ վիճակում է Մլադիչը, և ինչ են պայմանավորվել Մոսկվան ու Հաագան սերբ գեներալի առնչությամբ։ Բայց հայտնի է, որ, ըստ էության, գեներալ Տոլիմիրին ձերբակալել էին հենց այն բանի համար, որ նա կեղծ վկայություն տար իր հրամանատարի վերաբերմամբ` կապված մուսուլմանական Սրեբրենիցա միջնատարածքում զանգվածային սպանությունների հետ։ Եվ վերջին տվյալներից մեկն այն հաղորդագրություններն են եղել, որ ողբերգությունից ոչ շատ առաջ այդ միջնատարածքի մոտակայքում երևացել են հենց նիդերլանդցի խաղաղապահներն ու բրիտանական հատուկջոկատայինները։ Իսկ Մլադիչի վերաբերյալ կան վավերագրական կադրեր, ուր նա, դիմելով մուսուլման կանանց ու երեխաներին, ասում է. «Ես ձեր բոլորիդ կյանքը երաշխավորում եմ, թեև դուք Սրեբրենիցայում սպանել եք բոլոր ուղղափառներին»։ Եվ դրա համար էլ Սերբիայում շատերը համոզված են, որ գեներալ Տոլիմիրը «շտապ կարգով» սպանվել է և՛ այն պատճառով, որ հրաժարվել է կեղծ վկայություն տալուց ընդդեմ Մլադիչի, և՛ այն պատճառով, որ շուտով պետք է լուծվի ՆՀՄԴ-ի ճակատագիրը, իսկ եթե Տոլիմիրը ողջ դուրս գար բանտից, ապա... Բանտում սերբերի կոտորման մեխանիզմը, կամ նույնիսկ պարզապես վկայություններն այն մասին, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել ՆՀՄԴ-ի դատավորներն ու դատախազները, այս ամենը ջրի երես կհաներ։
Ահա հենց դրանից հետո ՆԱՏՕ-ն Սերբիային ստիպեց փետրվարի 18-ին «շտապ կարգով» ստորագրել, իսկ սերբական խորհրդարանին` վավերացնել «Սերբ-նատոյական համաձայնագիր թիկունքի ապահովման ու մատակարարման մասին», ինչպես նաև «Գործընկերության անհատական պլան», որը, մասնավորապես, ենթադրում է ՆԱՏՕ-ի զորքերի ազատ տեղաշարժ և ՆԱՏՕ-ի զինվորների դիվանագիտական անձեռնմխելիություն երկրի տարածքում։ Սերբիայի հայրենասիրական ուժերն անմիջապես սկսեցին բողոքի գործողություններ ձեռնարկել, և դրանցում նշանակալի դեր էին խաղում Վոյիսլավ Շեշելը և ՄԱԿ-ի նրա կուսակիցները։ Հենց այդ ժամանակ էլ` փետրվարի 18-ին, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգում դատապարտեց Արևմուտքի վարքագիծը. «Այդ ձգտումը խիստ պարտադրական է։ Մենք դրանում նախ և առաջ տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ն փորձում է ամեն կերպ առավելագույն թվով երկրներ ներգրավել իր աշխարհաքաղաքական ազդեցության ուղեծիր։ Այդ առումով առանձնապես նշում ենք ռազմական չեզոքության կուրսին Բելգրադի հավատարմության մասին Սերբիայի պաշտոնական դիրքորոշման անփոփոխությունը, որը հաստատված է կառավարության նախագահ Վուչիչի կողմից»։ Արդեն փետրվարի 21-ին, այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին Սերբիայում ծայր առած զանգվածային բողոքների մասին, և երբ հայտնի դարձավ, որ Լիբիայի վրա ամերիկյան ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է երկու սերբ դիվանագետ, որոնք պատանդ էին «Իսլամական պետության» զինյալների մոտ, հենց նա էլ հայտարարեց, որ Սերբիան դաշինքի մեջ ներառելու ՆԱՏՕ-ի փորձերը նվաստացուցիչ են այդ երկրի համար, որովհետև ամեն ինչ նման է նրան, որ փորձում են Սերբիային պարտադրել «ստոկհոլմյան համախտանիշ», այսինքն, երբ բռնության զոհին ստիպում են «սիրել» բռնացողին և այլն։ Սերբ դիվանագետներ Ստանկովիչի ու Ստեպիչի մահը սուր արձագանք է գտել Բելգրադում, իսկ «ստոկհոլմյան համախտանիշի» մասին Զախարովայի խոսքերը յուղ լցրին կրակի վրա։
Երկրի վարչապետ Վուչիչը համոզված է, որ այդ առևանգված դիվանագետներին կարելի էր ազատել, եթե չլինեին ռմբակոծությունները։ Իսկ թե ինչու նրանց չազատեցին ավելի շուտ, Վուչիչը լռում է, տեղեկացնելով, որ Բելգրադը Վաշինգտոնին ճիշտ ժամանակին է տեղեկացրել իր պատանդ դիվանագետների մասին։ Ո՞վ կարող է հերքել, որ ամբողջ վերոհիշյալի փոխադարձ կապը, ինչպես նաև փետրվարի 12-ի, որպես Սերբիայի նոր բողոքների հաշվարկման սկզբնակետի առկայությունը խիստ ակնհայտ է. ՆՀՄԴ-ի ճակատագրի լուծման ժամկետների մոտեցում-գեներալ Տոլիմիրի մահ-Սերբիայի բողոքի նոտա-Բելգրադին «Թիկունքի ապահովման և մատակարարման համաձայնագրի» պարտադրում-բազմահազարանոց հակաարևմտյան բողոքներ ու քայլերթեր...
ՆԱՏՕ-ն վաղուց է նշան բռնել Բալկանների վերջին ուղղափառ երկրների` Չեռնոգորիայի և Սերբիայի վրա, և սաստկացրել է ճնշումը (2014 թվականից) Պոդգորիցայի և Բելգրադի վրա։ Չեռնոգորիայում բողոքներն անտեսվում են ծախու վերնախավի կողմից, թեև Արևմուտքում էլ գիտեն, որ հանրապետության բնակչության ավելի քան 70 %-ը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը. չէ՞ որ Չեռնոգորիան էլ է շատ տուժել 1999 թ. ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից։ Սերբիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Բայց նկատելի է, որ ընթացքը ավելի բուռն կլինի և ավելի դրամատիկ, քան Չեռնոգորիայում, և հատկապես Կոսովոյի և Մետոխիայի երկրամասի պատճառով։ Ահա հիմա միայն կգա այն պահը, երբ կարելի կլինի տեսնել նաև Կիրիլ պատրիարքի և Ֆրանցիսկոս պապի փետրվարի 12-ին Կուբայում կայացած հանդիպման կապը այն բանի հետ, որ սերբերը իրենց ներկա պայքարն սկսեցին հենց այդ օրը։ Բանն այն է, որ 2008-ից հետո 7 տարի շարունակ Արևմուտքն ու այլ երկրներում, այդ թվում նաև ԱՊՀ անդամ երկրներում, նրա գործակալները միտումնավոր կերպով ապատեղեկատվություն էին տարածում այն մասին, թե իբր ԱՄՆ-ի հովանավորությամբ Կոսովոյի և Մետոխիայի երկրամասում ալբանացիների «սողացող» կաթոլիկացման գործընթաց է տեղի ունենում։ Ճիշտ է, 2011-15 թթ. մի շարք իրադարձություններ ապացուցել են, որ եթե նույնիսկ ենթադրելու լինենք, թե ինչ-որ ուժեր ջանում են կաթոլիկություն տարածել ալբանացի մուսուլմանների շրջանում, իրականում ուժեղանում է ալբանացիների ձգտումը իսլամական արմատական ահաբեկչության նկատմամբ։ Օրինակ, նույնիսկ փարիզյան ահաբեկչական ակտերի կապակցությամբ լուրեր էին պտտվում Եվրոպայում գործող ահաբեկիչների շրջանում «Կոսովոյի ալբանական հետքի» առկայության մասին։ Բայց չէ՞ որ ԿոսՄետը, Կոսովո-Պոլեն սոսկ ուղղափառության տարածք չեն, դրանք նաև սերբերի սրբավայրն են (Սերբիայի արևմտամետ քաղգործիչներից մեկի` Վուկ Դրաշկովիչի խոսքերով ասած` սերբական Երուսաղեմը) և Բալկաններում ուղղափառության օրրաններից մեկը (սերբական մայրաքաղաք Պրիզրենը, սերբական պատրիարքությունը Պեչում և այլն)։ Ոչ, մենք չենք պնդում, թե Կիրիլ պատրիարքն ու Ֆրանցիսկոս պապը քննարկել և պայմանավորվածության են եկել ԿոսՄետի կամ էլ երկրամասի ուղղափառ սրբավայրերի առնչությամբ։ Սակայն լիիրավ ենք հանգուցալուծումներ ակնկալելու թե՛ կոսովյան խնդրի, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակներ Սերբիային ու Չեռնոգորիային «քարշ տալու» հարցում, ուրեմն և` ամբողջ Բալկանների ապագայի հարցում, իհարկե «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հարցի պատասխանով։
Վերջում մի երկու խոսք Արևմուտքի մեր հայ «փաստաբաններին». Կոսովոն սերբական Նախիջևանն է, այսինքն, երբ մի ինչ-որ պետություն բնիկ ժողովրդի սրբազան հողերը նվիրում է եկվոր զավթիչներին։ Եվ զուր չէ, որ օրերս Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է, որ սերբերից ավելի լավ ոչ ոք չի կարող հասկանալ հայ ժողովրդի կսկիծը։ Ճակատագրերը, ախր, շատ են նման, ասես դրանք մեկ «պլանով» արված լինեն։
Սերգեյ
ՇԱՔԱՐՅԱՆՑ