Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Էլիտար հարսանիք՝ «Նաիրիտի» բակում (կոալիցիոն հեղաշրջման առաջարկ)

Էլիտար հարսանիք՝ «Նաիրիտի» բակում (կոալիցիոն հեղաշրջման առաջարկ)
04.03.2016 | 10:38

Իսկ միաչքանի կենտավրոսը
դեռ գործում է իր սև խոռոչում,
որ Անաստաս Միկոյանի
տունն է եղել նախկինում...
Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՍՈՑԻԱԼԻՍՏ-ՆԺԴԵՀԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ
(տրագիֆարս-նախերգանք)
Հանկարծ երկնեց Սևանա լճի նշավոր թերակղզին և փորձեց կղզիանալ, միաժամանակ կայծակները շվարած որոտացին սեգ Աժդահակի գագաթին։ Ի մի եկան դաշնակցական բահն ու հանրապետական թուրը, կամ՝ եթե կուզեք, հայ հեղափոխական բամբիռն ու ազգային-արմատական թմբուկը խաչասերվեցին՝ հանուն նվագախմբի ներդաշնակ մենահամերգի։ Ցնցվեցի՞ք։ Ո՞չ։ Իզո՜ւր, բահը կհերկի մեր պետականության ամլացող հողը, թուրը կհսկի նրա արարչագործական աշխատանքը։ Մի խոսքով` կարմիր օղակի մեջ վերցնենք 2016-ի փետրվարի 12-ն ու 24-ը։ Նախ՝ երկրի նախագահի ուղերձը հայերին և հակահայերին և ուղերձի գործնական ուղեցույցը՝ ճանապարհային քարտեզը՝ որպես դարի փաստաթուղթ, այն է՝ որպես պետության վերածննդի առհավատչյա, կամ էլ որպես մահավճիռ՝ երկրին։ Կոալիցիան այսպիսով բախտաբաժան ճամփաբաժնում է։ Ձախ ճանապարհն ուղեկցում է դեպի օլիգարխիկ-գաղութային քավարանը, ուր դրության, ժամանակի և մեր կյանքի անվերապահ տերն են մականունակիր գանձագողերն ու վարչական խաժամուժը։
ՈՒղին դեպի աջ կանաչազարդ է և ուղեկցում է մեզ մարդակենտրոն 4-րդ հանրապետություն։ Դեպի ո՞ւր կուղղվեն բահն ու թուրը, հայտնի կդառնա գալիք մայիսի 28-ին։

ՄԵՐ ՍՐԵՐԸ ՊՍՊՂԱՆ, ՄԵՐ ՁԻԵՐԸ ՎՐՆՋԱՆ
(պամֆլետ՝ լավատեսական վերջաբանով)
Այո՛, ուղին դեպի աջ կանաչազարդ է, ուղեկցում է մեզ դեպի մարդակենտրոն 4-րդ հանրապետություն։ Բարի, բայց ի՞նչ պետք է անեն բահազեն սոցիալիստներն ու մրրկաթուր ազգայնականները։ Պետք է հագնեն 1990-94 թթ. իրենց զինվորական հանդերձանքն ու անցնեն գրոհի։ Հուշեմ-հիշեք՝ հենց ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն փառավոր հուշ թողեցին արցախյան ազատամարտում, սկսած ֆիդայական մարտերից, մինչև ազատագրական պատերազմ։ Սակայն նրանք չարաչար պարտվեցին սոցիալական պատերազմում, ուր Մամոնան էր թելադրում կուսակցական վարքականոնը։ Անցածն անբեկանելի է, այն հետ չես բերի, հետևապես մոռանանք նախկին սխալներն ու ապավինենք ներկա սխրանքներին։ Անհրաժեշտ է, որ մինչև 2017-ի գարունը նշյալ կուսակցությունների ղեկապետերը խիստ ասկետիկ կյանքով ապրեն։ Զորօրինակ, նրանք պետք է հրաժարվեն ցանկացած գայթակղությունից, հանդիսանան դրամային միլիոնատերեր, երթևեկեն հանրային տրանսպորտով (գերադասելի է տրոլեյբուսը) և պատերազմ հայտարարեն մենաշնորհված Հայաստանին՝ հանուն Հայաստանի Հանրապետության։ Սա հեքիա՞թ է, թե՞ զառանցանք։ Ամենևին, սա թավշյա հեղաշրջման փորձ է, զի դիվահարված դևին (իմա՝ Բոշայա-փաշայական դաշինքին) պետք է ո՛չ թե բիրտ աքցանով ամորձատել, ո՛չ էլ, հարկավ, թունդ հաշիշով թմրեցնել։ Անհրաժեշտ է դևի ժանգոտ ժանիքներն արմատից պոկել։ Տեղն էլ այրել, մոխիր ցանել և մի յոթնակունք հուշաղբյուր կառուցել՝ վրան հարթաքանդակված ահավասիկ սույն ուղերձը սերունդներին։

ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆՆ Է
Այստեղ տեղին է հիշել համաշխարհային տեսլականը (դաշնակցության իշխանության գալեն ետքը գրիչս ևս դաշնակվել է և սիրով է քարագրում դաշնակցական երազկոտ-ամպագոռգոռ բառեր, այս դեպքում՝ տեսլական), որի համաձայն աշխարհը հայտնվել է ճամփաբաժանում, ձախ ճանապարհը տանում է դեպի «Ոսկյա միլիարդի» համաշխարհային տիրակալություն, որտեղ 1 միլիարդ ձայնազուրկների կառավարելու են 1 միլիոն արտոնյալները։ Աջ ճանապարհն ուղեկցում է դեպի ներդաշնակ աշխարհ։ Մի՞թե կասկած կա, որ ՀՀ-ն մինչ օրս ընթանում է ձախակողմյան ճանապարհով։ Է, ինչ համ ու հոտ կունենա, դիցուք, ձախ ձեռքով եփած բոզբաշը։

Լավ, բավ է, նախ՝ ԱԺ-ն ՀՀԿ+ՀՅԴ դաշնագրի ոգեշունչ նվագի ներքո ընդունում է Ազգայնացման մասին օրենքը։ Ի դեպ, նման օրենքները շուկայական տնտեսության անբաժանելի բաղադրիչն են և բուժական նշանակություն ունեն պետության կյանքում, ինչպես բարձրորակ պատվաստանյութը դաբաղի համաճարակի ժամանակ։ Ի դեպ, կապիտալիստական զարգացած երկրներն անցնում են հենց այս ճանապարհով։ Ճանապարհը, որը տաճար է տարել, տաճար, որը խորհրդանշում է պետականությունը։ Սկսենք նվազագույնից. անխտիր բոլոր տոնավաճառներն ու գյուղմթերքների շուկաները պետականացնենք, դրանց նախկին սեփականատերերին էլ վստահենք կառավարչի պաշտոնը, ի վերջո մարդիկ ջանք ու եռանդ են ներդրել, հինգ մատի պես գիտեն գործը և նյութապես բավարարված են մինչև իրենց 13-րդ պորտը։ Մոտավոր հաշվարկով յուրաքանչյուր ամիս պետական բյուջեն կհամալրվի 1 մլն դոլարով։ (Մալաթիա-Սեբաստիա համայնքը. հավանաբար, ամենաառևտրաշահն է ողջ հանրապետությունում։ Սեբաստիա փողոցում է գտնվում ԽՍՀՄ թեթևարդյունաբերության պանծալի ձեռնարկություններից մեկը՝ նշանավոր Մետաքսի կոմբինատը։ Երկար անգործությունից հետո այն սկսեց շնչել 2000-ին, երբ կոմբինատը պատրաստ էր վերագործարկման, պահեստները լի էին մետաքսի բոժոժներով, կոմբինատը թթենու անտառ էր ստեղծել Սյունիքում և պատրաստ էր փառավոր մեկնարկի։ Անձամբ հույսերով լի էի, չէ՞ որ նախագահ տիար Քոչարյանը ժամանակին նշյալ կոմբինատի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրենն էր։ Ավաղ, հենց նրա ջանքերի գնով էլ կոմբինատը լուծարվեց։ Այժմ այնտեղ արտասահմանյան մակնիշի մեքենաների վաճառատուն է։ Իսկ երկու կանգառ ներքև մականունակիր-մանդատավորն անվճար լավաշ է բաժանում համայնքի սովալլուկներին)։ Տոնավաճառներին կհետևեն (իմա՝ կազգայնացվեն) անխտիր բոլոր մարկետ-մոլերը, անպատճառ ՀԷՑ-ը, անշուշտ հանքերը և անվերապահորեն՝ ներկրումները։ Թե չէ այսօր ուղղակի բորբոսնած ուղեղի և թլպատված բարոյականության արգասիք է ՀՀ տնտեսակարգը։ Եվ հենց այն է, որ պիտի գլխիվայր վերափոխել։ Տե՜ր իմ Երկնավոր, այդ որ բաշիբոզուկային ողնուղեղը, միտքն ու հոգին երկնեցին երկրի տնտեսության նման աղետալի կործանումը, երբ պետության և ազգի սեփականությանը փոխարինում էին պետայր բոսերն ու, հազար ներողություն, տնտեսա-քաղաքական-քրեական եռանկյունագանգ գանգստերները։ Հարկավ, սա տեղի ունեցավ նախագահ Տեր-Պետրոսյանի և վարչապետ Բագրատյանի տիրակալության օրերին՝ հանգուցյալ Տեր-Հուսիկի դոփապարի ներքո։ Վերջ։ Դադարեցնում եմ մեր «հերոսական-հերձվածողական» անցյալի փաստագրումը։ Այսօր «Բաղրամյանական մայդանների» պահն ու ժամն է։ Սակայն ծուռ կքանստենք և շիտակը շեփորենք, մի՞թե արդի կոալիցիան անկարող է ազգայնացնելու շահութաբեր ոլորտները, զուգահեռաբար հանդարտեցնելով վերնակույտի մոլագար կրքերը։ Անկարող է, թե կարող է, կարևոր չէ, զի այս ճահիճը պահպանելը հավերժորեն անհնար է։ Սա պատմության անբեկանելի դատավճիռն է։ Եվ այսօր ժամանակն է վերհիշելու ՀՀՇականության տիեզերական ամբարտավանությունն ու պետությունն ամորձատելու նրանց անբասիր վարքը։ Հիշեցի՞ք, տիարք և տիկնայք իշխանապետեր։ Սքանչելի է, ուրեմն ի զեն և ի գործ, զարկեք թմբուկները, ուսեք բահերը և պարզեք թրերը։

Բարի, դարձյալ եկեք ծուռ կքանստենք և շիտակը շեփորենք. այդ ի՞նչ ծառայություն են մատուցել երկրին վերնակույտի անդամները։ Նրանք մի՞թե ազատագրել են ոսոխից 3-րդ հանրապետությունը, Արցախը՝ ներառյալ։ Ո՛չ։ Միայն մենաշնորհների ազգայնացմամբ հնարավոր է 1 ամսում պետական գանձարանը հարստացնել շուրջ 100 մլն դոլարով։ Համաձայն եմ` սրտահոժար, մականունավոր հաստաքսակները որ մեկական վաճառատան հասույթով ապրեն և վե՛րջ, մնացածը մերն է, ազգինը, երկրինը, ապագայինը։
Ի դեպ, ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական հզոր սինդիկատի հետ պետք է մրցակցի ձևավորվող մյուս քաղմարմինը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ Այստեղ օլիգարխներ ոնց որ թե չկան։ Կան հույսեր, խոստումներ, տառապանք և քնաթաթախ հառաչանք։ Առա՜ջ վերածնյալներ, երկիր ենք կառուցում։
Մի խոսքով, արտոնյալ հարսանիքները պետք է կազմակերպվեն կործանվող «Նաիրիտ» ձեռնարկության բակում։ Այսինքն, արտոնյալները պետք է վարձակալեն բակը, վճարեն դրա դիմաց համապատասխան գումար և ազնվացնեն իրենց գողոնը՝ աստիճանաբար վերակենդանացնելով երբեմնի քիմիական հսկան։ Առհասարակ թող որ կոալիցիայի գաղափարական ուժակենտրոնները պատասխանեն այս դարանակալ հարցին՝ երբ երկրում բռնկուն արտագաղթ է, վարարուն աղքատություն և հոգեմաշ տրտմություն, սակայն իշխանակառավարական հոգում և սրտում հարսանիք ու զեխ խնջույք է, դա, պաղատում եմ, լուսաբանեք, ինչի՞ նշան է...

ԿԵՆՏԱՎՐՈՍԻ ՈՐՍԸ. ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ
(վերջնագրային վերջերգ)
Արցախահայ խրոխտ պոետ Արտեմ, այն էլ Հարությունյան, ի՞նչ անենք, գուցե շրջափակե՞նք վերնակույտի դղյակները, և միգուցե երկարաժամկետ բանտե՞նք նրանց իրենց իսկ ոսկեզարդ լոգարաններում և ստիպենք ապաշխարել, ցամաք հացով և ոռոգման ջրով։ Անհրաժեշտ է, զի յուրաքանչյուր դղյակ այսօր սև խոռոչ է, որը և ոթում է արտագաղթ և աղքատություն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Նորհայկական պետական օլիգարխիատի կարկառուն ներկայացուցիչ Երվանդ Զախարյան-մազութի Երվանդը ճանապարհվեց վաստակած հանգստի։ Նրան փոխարինեց իրական պետայր, անկուսակցական Լևոն Յոլյանը՝ Յոլյանների նշանավոր տոհմից։ Սառույցը հալչո՞ւմ է։ Հուսանք։ Նաև երազենք, որ վաստակած հանգստի ճանապարհվող տիար Զախարյանի վաստակածը կտեղազննվի լումայի ճշգրտությամբ, հարկավ բահի և թրի դաշինքի կողմից։

Դիտվել է՝ 2438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ