Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

ՀՀԿ-ի վիրտուալ բռնաբարությունը

ՀՀԿ-ի վիրտուալ բռնաբարությունը
01.03.2016 | 12:24

ԱԺ էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել է և էթիկապես խախտում չի գտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի` «Ֆեյսբուք» սոցիալական կայքում մեկ այլ օգտատերի ուղղված գրառման մեջ, որ նրա աչքերը կհանի, եթե իր գարշելի երախը բացի ու «էժան ու հավուղեղ մակարդակի» արտահայտվի Հայաստանի, մեր բանակի, ՀՀ պաշտպանության նախարարի մասին: Էթիկայի հանձնաժողովը կարծում է, որ պատգամավորի գրառումը կտրուկ սաստելու միտում է ունեցել, սպառնալիք կամ վիրավորանք չկա: Փետրվարի 29-ի նիստից հետո հանձնաժողովի նորընտիր նախագահ Խոսրով Հարությունյանը բացատրել է. «Հարցը կայանում էր հետևյալում, սահմանային միջադեպի արդյունքում զոհված զինվորներից մեկի հուղարկավորության առիթով օգտատեր Գայանե Շահինյանը բավականին կոշտ մտքեր էր արտահայտել, որին արձագանքել էր պատգամավոր Շուշան Պետրոսյանը` փորձելով սաստել նրա այդ մտքերի ընթացքը»: Դիմումատուն` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հրավիրվել է հանձնաժողով, սակայն չի ներկայացել, չի եկել և «հավուղեղ մակարդակի» մեջ մեղադրված Գայանե Շահինյանը, ավելին՝ անձամբ բողոք չունի ու զարմանում է՝ ինչո՞ւ են իր փոխարեն ուրիշները բողոքում: Հանձնաժողովը դիմել է փաստաբաններին՝ պարզելու, թե «լակոտ»-ն ու «աչքերդ կհանեմ»-ը ո՞ր դեպքերում է պարունակում սպառնալիք: Փաստաբանների հիմնական մասն ասել է՝ հաշվի առնելով Շուշան Պետրոսյանի էությունը, նրա խոսքերը չի կարելի որակել սպառնալիք: Հետաքրքիր է՝ ի՞նչ է ասել փաստաբանների ոչ հիմնական մասը: Ո՞Ւմ էր պետք էթիկայի հանձնաժողովի այս ամբողջ խեղկատակությունը: Խոսրով Հարությունյանը փորձում է համոզել, որ ասվածը վիրավորական չէ, որովհետև վերաբերում է բանակին ու արտահայտում է Շուշան Պետրոսյանի հայրենասիրությունը: Շուշան Պետրոսյանն իր հայրենասիրությունը փայլուն արտահայտում է Ղարաբաղում դպրոց ու մշակույթի տուն վերականգնելով, գրքեր ու կարի մեքենաներ ընծայելով, իր մշտական հոգածությամբ՝ փառք ու պատիվ նրան: Իրավունք տալի՞ս է դա վիրավորել մարդկանց: ԱԺ էթիկայի հանձնաժողովն ասում է՝ այո, որովհետև սպառնալիք չի պարունակել, լավ, պարզ է, որ Շուշան Պետրոսյանը չէր պատրաստվում գնալ ու Գայանե Շահինյանի աչքերը հանել, ինչպես Առաքել Մովսիսյանը՝ սպանել ու բռնաբարել, բայց դա ի՞նչ շփման մակարդակ է: Իսկ եթե Գայանե Շահինյանը Շուշան Պետրոսյանին իր «հավուղեղ մակարդակով» ասեր՝ աչքերդ կհանեմ՝ սպառնալի՞ք կլիներ՝ ըստ փաստաբանների «հիմնական մասի»: Խոսրով Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը ապացուցում է, որ Հայաստանում մարդիկ անհավասար են ոչ միայն օրենքների առաջ, այլև՝ էթիկայի նորմերի: Հասարակության որոշակի անդամների (չասենք՝ միայն ՀՀԿ-ականների) արտոնություն է տրվում անպատիժ սպանել, բռնաբարել, սպառնալ, վիրավորել խոսքով՝ գռեհկության ու անվայել վարքագծի նորանոր բարձունքներ նվաճելով, իսկ մյուսներին «իրավունք» է տրվում սպանվել, բռնաբարվել, չսպառնալ, վիրավորվել: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Խոսրով Հարությունյանի գլխավորած հանձնաժողովը, բացատրելով հանդերձ Շուշան Պետրոսյանի նման վարքագծի պատճառները (թեպետ մեծ հարց է, թե ինչո՞ւ Շուշան Պետրոսյանը բանակում զոհված ու սպանված զինվորների համար նման բռնկումներ չի ունենում՝ ադրբեջանցիների ու հայրենակիցների հասցեին), հայտարարեր, որ նման պահվածքն անհարիր է և նվազագույնը պետք է ներողություն խնդրել բառապաշարի համար, որքան էլ ցասումը արդար համարի հուզական խառնվածքի տեր հեղինակը: Ինչո՞ւ է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընդվզել, եթե Գայանե Շահինյանը չի բողոքում՝ նույն պատճառով, բոլորն ուզում են ուրիշի տնկած ծառից իրենց պտուղները քաղել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, հայոց բանակին, Հայաստանին պե՞տք է նման «էժան ու հավուղեղ մակարդակի» պաշտպանություն՝ այս հարցը իրեն տվե՞լ է ԱԺ էթիկայի հանձնաժողովը: Թե՞ ՀՀԿ-ի վիրտուալ բռնաբարությունը բնական իրավունք է, որ օրենքներով չի վիճարկվում:

Դիտվել է՝ 1566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ