Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Արտահանման շղարշի ներքո՝ ներմուծման խրախուսում

Արտահանման շղարշի ներքո՝  ներմուծման խրախուսում
23.02.2016 | 00:39

Հայաստանի Հանրապետությունում արտահանումը գերակա խնդիր համարելն ու հռչակելը սովորականից էլ պարզունակ հարց է դարձել: Սակայն տարիները տասնամյակ են դառնում, տասնամյակը՝ 20-25-ամյակ, իսկ ՀՀ տնտեսությունը հանրության շահերը սպասարկելու որևէ նշան ցույց չի տալիս: Եթե ինչ-որ շարժ նկատվում է, ապա միայն որոշ վերամշակողների մոտ, որոնք իրենց գնային պահանջներն են ներկայացնում և այդկերպ անձնապես արդյունքներ ապահովում: Ֆինանսական իհարկե, հետն էլ՝ արտարժութային: Իսկ ՀՀ տնտեսության հիմնական շահառու միլիոնավոր քաղաքացիներից կազմված հանրությունն այդպես էլ չի զգում երկրի տնտեսական աճը, որը շուկայական գների պարբերաբար բարձրանալու պայմաններում աղքատության հերթական ալիքի է վերածվում:
Իրոք տարօրինակ է, եթե այլ որակում չօգտագործենք: Ինչը չենք այնպես անում, որ մեզանում հիմնականում անցանկալի դրսևորումներն են շատանում, կոռուպցիան հաղթահարելու անհաղթահարելիությունից մարդկանց տրամադրությունն է անկումային դառնում իրավունքի պարզ ու հասարակ նորմերն են այլանդակվում, թիվ 1 պաշտոնյայի բնորոշմամբ՝ գաղջ միջավայրում ենք ապրում: Վերջին 10-ամյակում այլ միջավայրերում հայտնվելու արդյունքում նկատել եմ, որ եվրոպացի ու հյուսիսամերիկացի շարքային քաղաքացիները, որոնց թվում՝ տեղացիները, մեզնից որոշակիորեն տարբերվող այլ մտահոգություններ ունեն: Ասենք, տնտեսության շարժիչ միջոց հռչակվող արտահանումների հանդեպ: Չէ՞ որ մեզ իրոք համոզել են (իշխանության համառ ջանքերի շնորհիվ իհարկե), որ միայն ու միայն հարկ է մտածել արտահանումների մասին: Իսկ քանի որ գործընթացը չի ստացվում, պարտադրված ենք համակերպվել, քանզի համաշխարհային հանրության մաս ենք: Փորձենք իշխանության այսօրինակ տրամաբանությունը դիտարկել այդ նույն համաշխարհային ոչ թե ընդհանրական ձևակերպումների, այլ կոնկրետ թվերի ու փաստերի օգնությամբ: Բնականաբար նախապատվությունը տալիս ենք Երկիր մոլորակի գերհզոր տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ին, օգտվելով այնտեղ 1868 թվականից մինչ օրս տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2016» 1007 էջ կազմող տեղեկատուից:
Վիճակագրությունն սկսվում է 1790 թվականից, երբ երկրի բնակչությունը 4 մլն էլ չկար: Այդ տարում արտահանումը կազմել է 20 մլն դոլար, ներմուծումը՝ 23 մլն դոլար: Այս վիճակը շարունակվել է ամբողջ 90 տարի, հասնելով 513 և 533 մլն դոլարների: Այս ընթացքում բնակչությունը հասել է 50 մլն-ի, երբ արտահանումը երբևէ գերակա խնդիր չի համարվել: Անշուշտ, հումանիտար կրթությամբ լրագրողիս համանման դիտարկումները սիրողական են, այսուհանդերձ նկատելի է, որ զարգացող երկրի պայմաններում արտահանումը որևէ խնդիր չի հռչակվել, առավել ևս՝ գերակա: Այդպիսին համարվել է երկրի բնակչության պահանջմունքների առաջնահերթ բավարարումը, մարդկանց ապրելու և աշխատելու բարերար միջավայրի ստեղծումը: Այս չափորոշիչներով դիտարկելով նորօրյա Հայաստանի տնտեսությունը, նկատում ենք, որ այն անգամ նվազագույնս չի բավարարում հանրության սպասումներն ու արդյունքում ակնկալվող ՀՀ պետականության կայացման ու ամրապնդման պահանջները: Անշուշտ դժվար գործ չէ իր ընտանիքի հոգսերի շուրջ խորհրդածող ցանկացած մեկի ստամոքսով մտածող հռչակել, նրան երշիկամոլ համարել, անգամ եթե այդ մեկը բուսակեր է, իսկ ընտանիքի անդամները դեմ չեն տարին 1-2 անգամ խոզի խորոված ուտելուն: Մեծ բան չէ մեր համերկրացու ուզածը, որն արդեն 20 և ավելի տարիներ չի կարողանում հաղթահարել իր ընտանիքի պարզ ու հասարակ սննդակարգը: Փոխարենը նրան առաջարկում են քաղաքացիական պահվածք դրսևորել և ահազանգել, ասենք, բակում իրականացվող որևէ ապօրինաշինության մասին: Բայց չէ՞ որ այդ նույն տարածքում տասնյակ պաշտոնյաներ, իրավապահներ ու նրանց գաղտնի գործակալներ են ապրում: Հանրությունը նրանց աշխատավարձ է տալիս, համազգեստով ու ծառայողական ավտոմեքենայով է ապահովում, արտերկրներ գործուղումների ուղարկում, իսկ հարևանին մատնության ակնարկ արվում է չեզոք երրորդ կողմին: Ի՞նչ կապ ունի այստեղ արտահանում-ներմուծումը. այն, որ հանրությունը համոզված, առավել վստահ է, որ հանրային միջավայրը խեղում, խեղանդամ են դարձնում երկրի տնտեսությունը տնօրինողները, հատկապես պատասխանատուները, ՀՀ կայացումը ձևելով ըստ սեփական պահանջի, մի նեղ շրջանի հայեցողության: Այսկերպ մարդկանց առաջնահերթ անհրաժեշտություններից առաջնայինը՝ քաղաքացիների պարենապահովությունն ու երկրի պարենանվտանգությունը, փոխարինվում է արտահանման խթանման շուրջ ինչ-ինչ ցանկություններով: Փոխարենը երկիր ներմուծումները շարունակվում են անվերջ, բոլոր այն տեսականիներով, որոնք անհրաժեշտ են մարդ-արարածի գոյության համար: Իշխանությունն ու մասնագիտական միտքը, որքանով որ վերջինս կա, այն համոզումն է սերմանում, որ Հայաստան երկրում հնարավոր չէ անգամ 1 մլն տոննա հացահատիկ ստանալ, 50-60-հազարական տոննա խոզի ու հավի միս արտադրել, տանտիրուհիներին անչափ անհրաժեշտ սոխ-սխտորի ծավալներն ապահովել, կարճ ասած՝ մարդկանց ապրելու միջավայր ստեղծել: Իմա՝ այն կապահովվի միայն արտահանումը բազմապատկելու արդյունքում. գերխնդիրն այդ է: Փորձենք այն դիտարկել մերօրյա ԱՄՆ-ի օրինակով:
1980-ին ԱՄՆ-ի արտահանումը կազմել է 270 մլրդ դոլար, ներմուծումը՝ 290 մլրդ դոլար, ստացվում է արտաքին ապրանքաշրջանառության 20 մլրդ դոլարի բացասական հաշվեկշիռ: Ծանոթանալով հետագա տարիների վիճակագրությանը՝ համոզվում ենք, որ այն ոչ թե տնտեսական ինչ-ինչ խնդիրների հետևանք է, այլ տնտեսական քաղաքականության դրսևորում: Ընդամենը 5 տարի անց, 1985-ին առևտրային հաշվեկշիռն արդեն բացասական էր 120 մլրդ դոլարով: Շատ կարճ ժամանակ անց, 1997-ին ներմուծումն առաջին անգամ անցնում է 1 տրիլիոն դոլարից, երբ արտահանումը 930 մլրդ դոլար էր: Արդեն 25-րդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի տնտեսությունն ապրում է արտահանման հանդեպ ներմուծման գերակայության պայմաններում, առանձին տարիների կազմելով 600-700 մլրդ դոլար, 2010-2013 թվականներին կայունանալով 500-ական մլրդ դոլարի սահմաններում: Ինչո՞ւ, պարոնայք տնտեսագետներ ու տնտեսավարներ, տնտեսագիտության դոկտորներ ու ակադեմիկոսներ, որոնցով մշտապես հպարտանում ենք, նրանցից օգնություն ենք ակնկալում: Ի՞նչ նրբություններ ու գաղտնիքներ, ելակետեր ու սկզբունքներ, հենման կետեր ու ցատկահարթակներ է պարունակում այդ տնտեսագիտություն կոչվածը, տնտեսավարում համարվածը, որը հասու չէ հայաստանյան կողմին: Նախորդ շաբաթ հեռուստահաղորդումների միջոցով ունկնդրեցի հատկապես հաճախ էկրաններին հայտնվող տնտեսագիտության դոկտորներից մի քանիսի ելույթները: Մեկը խոսում էր Գեղարքունիքի մարզում վաղահաս կարտոֆիլի մշակման ծավալների ավելացմամբ արտահանումները մեծացնելու մասին, երկրորդն ինչ-որ ընդհանրական արտահայտություն արեց հայկական մեղրի արձանագրած հաջողություններից, երրորդը խոսում էր ՀՀ բանկային համակարգի կայունությամբ Իրան-Հայաստան-տարածաշրջան հարաբերություններում լավագույն դերակատարումից: Ոչ մի խոսք գործընթացների արդյունավետության շուրջ: Արդյո՞ք կարտոֆիլն է այն մշակաբույսը, որն առավել բարձր ավելացված արժեք է ապահովում, և այն հարկ է անխտիր մշակել ու արտահանել: Իսկ ի՞նչ է գնելու գեղարքունիքցին իր վաստակածով. արտերկրներից ներմուծված, տեղականի համեմատ կեսգին, անհայտ որակի հավի միս, չգիտես ինչ բաղադրության էժանագին երշիկեղեն, բուսական յուղեր, հատիկաընդեղեններ, որոնք հարկ է, որ տեղում արտադրվեն և մատչելի գնով վաճառվեն: Ամեն օր է խոսվում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ասել է՝ բազմաճյուղ դարձնելու մասին, իսկ գյուղոլորտում խնդիր է համարվում հազիվ 4-5 մշակաբույսերի մշակում ծավալելը. դու խաղող ու լոլիկ, կարտոֆիլ ու վարունգ աճեցրու, մենք գնումների ու արտահանումների միջավայրը կստեղծենք: Բայց չէ՞ որ տասնամյակներով այս մեխանիզմն արդյունք չի երաշխավորում, որին պարբերաբար միջամտում են տարերային աղետներն ու համաշխարհային գնաքաղաքական գործընթացները: Օրերս դիտում էի մի հեռուստահաղորդում, ուր ճապոնացի ֆերմերը պատմում էր իր 3 հեկտարի վրա աճեցվող 60 անուն մշակաբույսերի մասին: Պարզվում է՝ դրանք թե բուսական ու բուսաբուծական առումներով, թե պահանջարկի ու ֆինանսական նպատակներով փոխլրացնում են միմյանց, կոնկրետ պատվիրատուների միջավայր են ստեղծում, որոնք իրենց հերթին հետաքրքրվում ու մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքներին: Ահա որտեղ է պետք խորհրդատվություն իրականացնել, իրոք գումարներ ծախսել:
Հիշատակված մեղրի մասին: Եթե արտահանումը կիլոգրամների շուրջ է, վկայեմ, որ տողերիս հեղինակն էլ է տարիներ առաջ հայկական մեղրը Եվրոպա տարել: Տարել է և համոզվել, որ եվրոպական միածաղիկ ու բազմածաղիկ արտադրության մեղրը ոչնչով չի զիջում հայկականին, այն առևտրային ցանցում կարելի է գնել անգամ կիլոգրամը 4-5 եվրոյով, երբ մեզանում վաճառվողը նվազագույնը 7 եվրո է, 3800 դրամ: Չեմ վիճարկում ոմանց հայկականին նախապատվություն տալը, հարկ համարելով նաև նշել, որ մերոնց գինը պայմանավորված է առաջարկ-պահանջարկի հանգամանքով: Ըստ գրանտներից օգտվող մի կառույցի, ՀՀ-ում մեղվաընտանիքների թիվը 500 հազար է, մի այլ ուսումնասիրության արդյունքով՝ 250 հազար: Ստացվում է, որ մեղրարտադրության լավագույն տարում ՀՀ-ում կարելի է ակնկալել 3-4 հազար տոննա մեղր, 1 բնակչի հաշվով տարեկան 1 կգ: Եթե մեղրասեր համարենք բնակչության 10 տոկոսին, որքան որ է իրական գնողունակների թիվը, ստացվում է առաջարկ-պահանջարկը բավարարելու համար հարկ է գները փոփոխել: Մեղրասեր հեղինակս վկայում եմ, որ նույն մեղր արտադրողից 2013-ին 1 կգ-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ, հաջորդ տարում՝ 3000 դրամ, իսկ 2015-ին՝ 3500 դրամ: Վստահեցնում եմ, որ այսօրինակ գնագոյացման պարագայում կդադարեցնեմ գնումս, որից, կարծում եմ, արտահանումը ոչնչով չի շահի: Ի դեպ նկատեմ, որ նման վիճակ է խոզի ու տավարի տեղական մսի առումով, երբ գներն անհասանելի են հարյուր հազարավոր ընտանիքների: Նկատեմ նաև, որ Եվրոպայում ու Չինաստանում դրանք կարելի է գնել մերոնց առաջարկածի կես գնով: Չինաստանում, օրինակ, արտադրվում է խոզի մսի համաշխարհային 100 մլն տոննա արտադրության 50 մլն տոննան, 1 չինացու հաշվով տարեկան 40 կգ, ՀՀ-ում՝ 2-3 կգ: Ավստրիայում, օրինակ, 1 բնակչի հաշվով խոզի մսի տարեկան արտադրությունը մոտենում է 80 կգ-ի, սուպերմարկետներում այն երբեմն առաջարկվում է 2-3 եվրոյով, մեզ մոտ՝ 1200-1500 դրամով: Եվ սա երկրի առևտրային բացասական հաշվեկշռի պայմաններում: Պատկերը նույնն է Ֆրանսիայում. ներմուծումը՝ 650 մլրդ, արտահանումը՝ 550 մլրդ դոլար, զարգացման ուղում գտնվող Թուրքիայում՝ 250 մլրդ և 170 մլրդ դոլար, համեստ Էստոնիայում՝ 17 և 15-միլիարդական դոլար, գերզարգացած ճապոնիայում՝ 770 և 700-միլիարդական դոլար: Անշուշտ կան նաև ՌԴ-ի, Ադրբեջանի հակառակն ապացուցող թվերը, որոնք պետք չէ միանշանակ դրական գործոն դիտարկել և մեր էլ ունեցած հողային կարողունակությունը այլոց շահերը սպասարկելուն ուղղել: Համաշխարհային տնտեսավարությունը փաստում է, որ Երկիր մոլորակի վրա որևէ պարենհումքի ու սննդամթերքի պակաս չկա, դրանք շատ զգալի քանակներով ու ծավալներով արտադրում են գերհզոր երկրները, այլոց թողնելով սեփական բնակչության պարենապահովման ու պետության պարենանվտանգության խնդիրները: Մեր ստեղծածը նկատի ունենալով՝ պարտադրված ենք ընդունել, որ մենք այլոց շարքում ենք: Փոխարենը հպարտորեն նշում ենք, որ հայկական ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, աղացած ու հատիկ սուրճը մեծ պահանջարկ ունեն եվրասիական թող որ ոչ գնողունակ տնտեսական տարածքում: Կարևորը արտահանումն է, նպատակը՝ ներմուծումով երկիր պահելը: Իսկ ազգի խնդիրները… դեռ կսպասեն:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ