Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ծուղրուղուն գիշերվա կեսին (բաց նամակ նորընծա կոալիցիային)

Ծուղրուղուն գիշերվա կեսին (բաց նամակ նորընծա կոալիցիային)
19.02.2016 | 09:21

Ճերմակ ձյունին փաթիլ-փաթիլ
հոգեհանգիստ...
«Հոգեհանգիստ»,
Սլավիկ ՉԻԼՈՅԱՆ

ԴԻՏԱՀՈՐԵՐԻ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԱՐՈՒՑԻՉ
(տրագիֆարս՝ նախաբանի տեսքով)
Վստահեցնում եմ, որ Երևանի (ինչու չէ, նաև ողջ երկրի) դիտահորերը արտագաղթի շարժառիթ են։ Չե՞ք հավատում, ուրեմն հետևեք տրագիֆարսիկ մտքիս ընթացքին։ Առհասարակ, ինչո՞ւ է ՀՀ դյուրագրգիռ քաղաքացին արտագաղթում։ Կա 3 հիմնական պատճառ։ Նախ՝ նա չի դիմանում միջանցիկ քաղաքական-խորշակաբեր քամիներին, որոնք փչում են և՛ իշխանական օթյակներից, և՛ ընդդիմադիր պատշգամբներից։ Այսինքն՝ դյուրագրգիռ (նաև ազնվասիրտ և հայրենանվեր), քաղաքացին տարին բոլոր քաղաքականացված հարբուխ է տանում։ Բնականաբար, նա կամենում է փոխել բնակության վայրը։ Երկրորդ, նրա ականջներում անդադար աղմուկ է որոտում, հաճախ՝ կանխատեսելի, բայց և ոչ՝ անտեսելի։ Մայրաքաղաքի Զաքյան փողոցի սկզբում, 3 մ հեռավորության վրա երկու դիտահոր է դղրդում, հենց որ մեքենայի անիվն է անցնում նրանց վրայով։ Խնդիրը պարզ է, դիտահորերի կափարիչներն ամրացված չեն և աննշան հպման դեպքում անգամ «բողոքում» են։ Իսկ եթե բեռնատար է անցնում դիտահորի վրայով, ապա դղրդյունից ողջ փողոցն է ցնցվում։ Ցավոք, Զաքյան փողոցը եզակի չէ, նման «խուժան» դիտահորերով լիացած են Աբովյան փողոցը, Երևանը, երկիրը։ Տեսնում եք, դիտահորը դղրդում է, քաղաքացին ցնցվում է, սակայն ոչինչ անել չի կարող։ Սա, իհարկե, անզորություն է սերմանում նրա հոգում։ Բնականաբար, նա կամենում է բնակվել այնպիսի վայրում, ուր դիտահորերը պահպանում են խաղաղ համակեցության նորմերը, չեն դղրդում օրն ի բուն։

Անզորությունը դաժան զգացողություն է և մարդուն կարող է հասցնել անկանխատեսելի արարքների։ Անզորության զգացողության մեջ է մխրճվում ՀՀ դյուրագրգիռ-հայրենանվեր քաղաքացին, երբ կեսգիշերին վեր է թռչում անկողնուց, իսկույն հագնվում է (չի լվացվում, չի սանրվում և, հասկանալի է, չի էլ նախաճաշում), ձեռքն է առնում տան ամենազորեղ առարկան (զորօրինակ՝ գրտնակը) ու նետվում է մարտի, վասն հայրենյաց անկախության և սեփական օջախի պահպանության։ Դուք ինչ եք կարծում, նա վատ երա՞զ էր տեսել։ Բնավ։ Անհասկանալի աղմուկն էր նրան քնից հանել։ Մի խոսքով՝ քաղաքացին դուրս է նետվում գրտնակը գրկած։ Հարևանի թևատակին սղոցն է, մյուսը մարտական ձևով գրկել է շերեփը։ Պարզվում է, որ ստահակների խումբը բակի ծառերն արդեն հատել և մարկետ մոլի հիմքն է գցում։ (Մայրաքաղաքի կենտրոնում սովորաբար նման գողունի ձևով պատմամշակութային գողտրիկ շինություններն են կլանում)։ Դյուրագրգիռ-հայրենանվեր քաղաքացիները ձեռնունայն վերադառնում են անկողին, զի աղմկարար ստահակները նրանց են ներկայացրել պետական կառույցների վճռաբեկ որոշումը՝ քանդել պատմամշակութային շինությունը, արմատախիլ անել հարյուրամյա կաղնին և այլն։ Ինչ խոսք, քաղաքացիները ողջ գիշեր անզոր տառապանքից աչք չեն փակում։ Իսկ առավոտյան նրանց մտատանջում է նորհայկական գերհարցը՝ գնալ-հեռանա՞լ, թե՞, այնուամենայնիվ, մնալ և հնազանդվել։

ԳԻՇԵՐՆ ԱՆՈՒՇ Է, ՀՈԽՈՐՏԱՑ ԱՊՈՒՇԸ
(խեղված կատակներ)
Սակայն դառնանք մեր բանին և գիշերային շրջայցի դուրս գանք մայրաքաղաքի բանուկ հատվածներում։ Գիշերային ցանկացած ակումբի, սրանց թվում՝ զանազան խաղային-համացանցային կենտրոնների շրջակայքում ապրող մի քանի հազար բնակչի քունն ու անդորրը խաթարվում են հենց լուսաբացից առաջ, երբ մարդիկ ամենաքաղցր քնի մեջ են։ Զի լուսաբացից առաջ ակումբականները լքում են գիշերային զվարճավայրն ու իրենց բարի առավոտն են մաղթում քաղաքին սուլոցով և հայհոյանքով, հոխորտանքով և հարայ-հրոցով։ Սա տրամաբանական է, չէ՞ որ ժամեր շարունակ երիտասարդը գամված էր համացանցային էկրանին, խաղադրույքներ էր կատարում, զանազան «կազդուրիչ» ըմպելիքներ էր կլանում, այսինքն՝ ժամեր շարունակ նա դառնում է համացանցային խարդավանքների սարդոստայնում գերի ընկած ճանճ։ Մաքուր օդի գալով նա, բնականաբար, թոքերը լցնում է թթվածնով ու փորձում է կուտակած գորշ էներգիան դուրս նետել։ Սա երբեմն արտահայտվում է փսխման ճանապարհով։ Երբեմն էլ՝ ձայնային-ոռնոցային ազդանշաններով։ Հասկանալի է, վերոնշյալ զուտ մարմնական գործընթացներն ուղեկցվում են բարոյա-հոգեբանական խրատանու լայնաբերան ճարտասանությամբ, այսինքն՝ հիշոցներով՝ ուղղված անհայտությանը։ Սարդոստայնի թմրած ճանճը փոխվել է հաշմված առյուծին ճարակող շնագայլի։ ՈՒ թող փորձի որևէ քնաթաթախ բնակիչ գլուխը դուրս հանել պատուհանից ու սաստել ստահակների այս կոհորտային։ Փորձը, այո, վերածվում է փորձանքի, զի հիշոցներն ավելի բարձր են հնչում, դառնում են առավել յուղափթիթ։

Եթե քաղաքացին զանգահարում է ոստիկանություն, խնդիրը, անշուշտ, լուծվում է, քանզի ոստիկանական պարեկը, այո՛, կանխում է այս ստորաքարշ ահաբեկչությունը, բայց չէ՞ որ հաջորդ լուսաբացին պատկերը նույնն է, ոստիկանությունն էլ ակումբի դռները զմռսել անկարող է, զի ողջ հանրապետությունը կապանքված է վարչական իրավախախտումների մասին օրենքի 180-րդ տխրահռչակ հոդվածով, որը տառացիորեն ճանապարհ է բացում աղմկարար ստահակների առաջ և նպաստում է բնակչության շրջանում սրտանոթային-աղեստամոքսային և այլ կարգի հիվանդությունների բարգավաճմանը։

Լավ տեղյակ եք, որ նույն օրենքով գիշերային ժամերի հրավառություն կազմակերպողները տուգանվում են առաջին անգամ 100 հազար դրամով, կրկնվելու դեպքում՝ արդեն 200 հազարով։ Մի՞թե այս մանրադրամ-տուգանքը կարող է կանխել հրավառությամբ հասարակության վրա սեփական անլիարժեքության բարդույթը թոթափելու ցանկությունը։ Այո, պատվարժան իմ ընթերցողներ, անլիարժեքությունն ու ստորությունն են դրդում վերնակույտային «ասպետներին» կրակելու քաղաքի և երկրի վրա։ Այնպես որ, վերոնշյալ տուգանքը պետք է հազարապատկվի։ Ի դեպ, վերջերս ուշ երեկոյան ռմբահարում-հրավառությունները գրեթե դադարել են։ Սկսվել են գիշերային գունազարդ պայթյունները՝ հրավառության անվան տակ։ Ի դեպ, երբ վերնակույտը հրավառություն է կազմակերպում լուսաբացից քիչ առաջ, վերնակույտային մանչերը գիշերային ակումբներում նստում են «լանչի»։ Տուգանք վճարելը, ի դեպ, մտնում է գիշերային վակխանալիայի հերոսների «ճաշացանկի» մեջ։

Վստահ եղեք, եթե գիշերային-համացանցային ակումբների (ինչու ոչ, նաև կիսալեգալ գործող հասարակաց տների), իրական սեփականատերերի անունները կարմիր տառերով գրվեն սև պաստառների վրա և պաստառներն այդ փակցվեն ակումբների շքադռանը, պարզ կդառնա, որ պետք է կա՛մ արտագաղթենք, կա՛մ էլ պաշարվենք քնահաբերի հսկա խմբաքանակով։ Քանի որ երկրի բարձրագույն իշխանակառավարական անձանց բիզնես-նախագծերն են դրանք։ ՈՒ դրանց գործունեությունը խափանել առայժմ հնարավոր չէ։ Զի իշխանակառավարական վերնադասի գերնպատակը մեկն է՝ հնարավորինս ստորացնել ժողովրդին, քայքայել նրա առողջությունը, սերմանել նրա ներաշխարհում կատարյալ անհուսության թունահաբերը՝ ցանկալի արդյունքին հասնելու նպատակով։ Այն է՝ հզորացնել արտագաղթի տեմպերը, որակյալ ու նվիրական աշխատուժով պարարտացնել ռուսական կիսամեռ տափաստանները և խենթանալ, երջանկանալ ու պորտապար բռնել ավերակվող-անապատացվող երկրի իշխանակառավարական օազիսներում։ (Ծուղրուղո՜ւ, բտած ու բութ, խաղամոլ և թմրամոլ աքաղաղը ծղրտում է լուսաբացից առաջ)։
Ե՞լքը։ Ահավասիկ ստեղծում ենք բարձրագույն մի ատյան, որի կազմն այս տեսքն ունի. իշխանակառավարական վերնակույտի ներկայացուցիչներ, մտավորական քծնասպետներ և աղանդավորական գլխադաս։ Նրանք պետք է սահմանեն նոր աշխարհակարգը ՀՀ-ում, գիշերը դարձնեն ցերեկ, ցերեկն էլ գիշեր։ Այսինքն՝ ժողովուրդն իր ղեկապետերով հանդերձ մութն ընկնելուն պես ու մինչև այգաբաց իր ապրուստը կհայթայթի, ցերեկն էլ քուն կմտնի։ Այսպիսով աքաղաղը մահկանացուն կկնքի, զի մի՞թե նույն հրաբորբոք հաճույքը կպարգևեն նրան էկլեկտիկ հաճույքները ցերեկային ակումբներում և արևի տակ բոցավառվող հրավառությունները։
Տեղին է մեջբերել այս ամենի հետ անմիջական կապ ունեցող մի դրվագ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի վերջնագրային ուղերձից՝ ուղղված հենց հայոց բտած ու բութ աքաղաղներին. «Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ»։

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՏԵՐԵՎԱԹԱՓ
(վերջնագիր)
Վաղամեռիկ-ըմբոստ պոետ Չիլոյան, քո պաշտելի Հայաստանում հոգեհանգիստ է ամեն օր և ամենուր։ Ի՞նչ անել, գինովնալ շարունակ ու «անդարդ» քո՞ւն մտնել։ Բնավ։ Պետք է կարդանք Չիլոյան և տոգորվենք նրա խենթ-ազնվական ոգով։ Ամե՜ն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ