Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Ցինիզմ, որ չունի սահմաններ

Ցինիզմ, որ չունի սահմաններ
16.02.2016 | 11:02

1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակը ցուցադրական քայլ է՝ Tert.am-ին ասել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովը. «Այդ նախաձեռնությամբ հանդես գալու պատճառը Թուրքիայի հետ կոնֆլիկտն է: Հեղինակներն ասում են, որ նախաձեռնությունը որևէ հետևանք չի ունենա, նրանք սա հասկանում են: Սա պարզապես դեմոնստրացիա է»: Կոլերովը համաձայն չէ, որ Ռուսաստանը կրկին Հայաստանի միջոցով է փորձում լուծել Թուրքիայի հետ իր խնդիրները. «Ոչ: Այս նախաձեռնությունն իշխանությունների կողմից չի ներկայացված: Սա կոմունիստների գաղափարն է, որտեղ Ռուսաստանը հանդես չի գալիս որպես պետություն: Խորհրդարանական ուժի նախաձեռնած գաղափարն է, որը իշխող ուժը չէ»: Նա համոզված է, որ իշխանություններն այդ կարծիքին չեն, նախաձեռնությունն էլ չի ընդունվի, Ռուսաստանը հասկանում է նամակի ցուցադրական բնույթը: «Ժամանակակից աշխարհում, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Ղրիմի միացումից, Աբխազիայի անկախության ճանաչումից հետո այդ փաստաթուղթը ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային աբստրակցիա: Ռուսաստանը Թուրքիային սահմանակից է Սև ծովով և հիմա արդեն սահմանային ջրերով, որոնք Ղրիմում են: Գործադրել ջանքեր՝ խզելու այդ համաձայնագիրը, որն ամբողջովին անցյալի փաստ է, իմաստ չունի»,- շեշտել է Կոլերովը: Հարցին, թե կա՞ հնարավորություն վերադարձնելու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները, Մոդեստ Կոլերովը պատասխանել է. «Կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև լավ հարաբերությունները կարող են վերադառնալ, երբ ներկայիս Թուրքիան այլևս չլինի, լինի անկախ Քրդստան, որ օրինակ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանն այլևս լինի Հայաստանի և անկախ Քրդստանի սահման»:
Մոդեստ Կոլերովը գուցե նույնպես արել է «ցուցադրական» հայտարարություն, ինչպես ինքն է որակում ռուս կոմունիստների դիմումը ՌԴ նախագահին ու ԱԳ նախարարին: Ի սկզբանե պարզ էր, որ 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ՝ ՌԴ Պետդումայի կոմունիստ պատգամավորների նամակը հերթական քարոզչական քայլն է, որին նույնիսկ Գենադի Զյուգանովը հավանություն չէր տվել: Բայց որ ռուս վերլուծաբանները «միջազգային աբստրակցիա» կանվանեն իրենց կոմունիստների նամակը ու անմիջապես կանցնեն մեկ այլ աբստրակցիայի՝ անկախ Քրդստանին Հայաստանին սահմանակից դարձնելով, արդեն ցինիզմ է՝ ռուսական անպարագիծ ցինիզմ, եթե հաշվի առնենք՝ ի՞նչ հողերի վրա է այդ պետությունն ուզում ստեղծվել և ո՞վ է այդ հողերը Թուրքիային տվել ու ընդհանրապես ի՞նչ դեր է ունեցել Ռոմանովների ու Լենինի Ռուսաստանը հայկական հարցում ու ցեղասպանության մեջ: Իսկ որոշ հայ «վերլուծաբաններ», հակառակ նույնիսկ ռուս վերլուծաբանների, շարունակում են այս թեման ծաղկեցնել ու նույնիսկ պնդել, որ Հայաստանը կարող է օգուտ քաղել: Ինչի՞ց: Որ Հայոց ցեղասպանությունը ռուս քաղաքական էլիտայի համար պահեստային խաղաթուղթ է, որ հայկական հողերը նրանց համար քաղաքական առևտրի թեմա՞ են: Թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ: Հիշեցնեմ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի պատասխանը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը, թե «վտանգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի պատճառով, որին աջակցում է Ռուսաստանը»՝ «Ռուսաստանն ու Ադրբեջանը բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային հարաբերություններ են կառուցում: Թուրքիային չի հաջողվի սեպ խրել հարաբերություններում»՝ ասել է Մարիա Զախարովան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Պատկերն ամբողջացնելու համար նաև հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը՝ շփման գծում հրադադարի խախտման դեպքերը ուսումնասիրելու համար տեսանկարահանող սարքեր տեղակայել, չի ընդունում ոչ միայն Բաքուն, Մոսկվան որևէ քաղաքական հայտարարություն չի արել մեխանիզմի ներդրման օգտին, հակառակ, որ Հայաստանը համաձայն է, իսկ Մոսկվան «աջակցում է» Հայաստանին՝ ելնելով Դավութօղլուի տրամաբանությունից:

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ