Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

6.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին

6.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին
09.02.2016 | 09:10

Արևելյան Ասիա


Չինաստանը կդադարի լինել արագ աճի և ցածր աշխատավարձերի տնտեսություն: Որքանով չինական տնտեսության աճը դանդաղի, այնքանով կծագի տնտեսական ենթակառույցների ստեղծման անհրաժեշտությունը՝ ցածր աշխատավարձով աշխատատեղերի պահպանման համար: Նավահանգստային քաղաքներում դա հնարավոր է անել արագ, բայց ներքին Չինաստանում որոշակի ժամանակ կպահանջի: Չինաստանը նորմալացնում է իր տնտեսությունը, ինչպես ժամանակին արել են Ճապոնիան, Թայվանը, Հարավային Կորեան: Վիթխարի ընդարձակումը միշտ հասնում է իր տրամաբանական ավարտին և տնտեսության կառուցվածքը փոխվում է: Չինաստանի հիմնական պրոբլեմը հաջորդ տասը տարում կլինեն սոցիալական ու տնտեսական հետևանքները: Մերձափնյա տարածքները հիմա պահպանում են բարձր աճը՝ եվրոպացի ու ամերիկացի սպառողների հաշվին: Երբ այդ կապերը թուլանան, կսկսվեն քաղաքական ու սոցիալական մարտահրավերները: Միևնույն ժամանակ՝ հույս չկա, որ ներքին ռեգիոնները նույնքան արագ կզարգանան, որքան ափամերձները: Հաջորդ տասնամյակը այդ խնդիրների լուծմանը կնվիրվի:
Պեկինի դիկտատուրայի ուժեղացումը և մասշտաբային հակակոռուպցիոն արշավը, որ իրականում իշխանության կենտրոնացման փորձ է, ցույց է տալիս ինչպիսին է լինելու Չինաստանը հաջորդ տասնամյակում: Չինաստանն ընտրել է հիբրիդային ճանապարհը, որ ենթադրում է քաղաքական ու տնտեսական իշխանության կենտրոնացում՝ ամրապնդելով կուսակցության իշխանությունը բանակի վրա և մինչ այդ բաժանված ճյուղերի համախմբումը, օրինակ, ածխի և պողպատի, միաժամանակ, շուկայական զգույշ բարեփոխումներով պետական արդյունաբերության մեջ ու բանկային համակարգում: Հնարավոր է, որ արդյունքը լինի կոշտ դիկտատուրան՝ ավելի համեստ, քան առաջ տնտեսական հավակնություններով: ՈՒրիշ սցենարը սակավ հավանական է, բայց հնարավոր է՝ ծովափնյա շրջանների քաղաքական էլիտաները կարող են ապստամբել Պեկինի դեմ՝ բողոքելով հարստության վերաբաշխումից հօգուտ կենտրոնական շրջանների՝ հանուն քաղաքական կայունության ապահովման: Չինաստանում այդպես արդեն եղել է, թեպետ դա ամենահավանական ելքը չէ, պետք է նկատի ունենալ: Մեր կանխատեսումն է՝ կոմունիստական դիկտատուրայի հաստատում, տնտեսական ու քաղաքական կենտրոնացման բարձր մակարդակ, ազգայնականության ուժեղացում:
Չինաստանը չի կարող ազգայնականությունը հեշտությամբ վերածել արտաքին ագրեսիայի: Չինաստանի աշխարհագրությունը նման փորձերը ցամաքում բարդացնում է, եթե անհնար չի դարձնում: Բացառություն կարող է լինել ռուսական ափամերձ շրջանի վերահսկողությունը վերցնելու փորձը, եթե մեր կանխատեսումը ճիշտ է, և Ռուսաստանը կմասնատվի: Չինաստանը կհանդիպի Ճապոնիայի դիմակայությանը: Չինաստանը մեծ նավատորմ է կառուցում, բայց անհրաժեշտ ծովային պատերազմի փորձ ու փորձառու սպայակազմ չունի, որ մարտահրավեր նետի ավելի փորձառու նավատորմերին, ներառյալ ամերիկյանը: Ճապոնիան բավականաչափ ռեսուրսներ ունի առավել հզոր նավատորմի կառուցման համար, հավելեք ռազմածովային ավանդույթները: Ճապոնիան խիստ կախում ունի Հարավ-արևելյան Ասիայից ու Պարսից ծոցից հումքի ներկրումից, ուստի ամրացնելու է իր նավատորմը:
Պատերազմ չի լինի փոքր կղզիների համար, որ էժան, ոչ շահութաբեր էներգիա են արտադրում: Փոխարենը խաղը տարածաշրջանում կծավալվի երեք խաղացողների միջև: Ռուսաստանը թուլացող կողմ է և աստիճանաբար կկորցնի իր ծովային հետաքրքրությունները: Չինաստանն ու Ճապոնիան շահագրգռված են դրանց տիրելու: Մենք ենթադրում ենք, որ Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ այդ կոնֆլիկտը կվերածվի տարածաշրջանի գլխավոր պայքարի, և չին-ճապոնական թշնամությունը կուժեղանա:


Հ.Գ. Փաստացի՝ ամեն դարասկիզբ չին-ճապոնական հարաբերությունները սրվում են, եթե հավատանք կանխատեսումներին: Եթե նկատեցիք, Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը կառուցվում է օղակ-օղակ, և որևէ օղակի խաղից դուրս գալու դեպքում շղթան փլուզվում է: Հավելեք, անակնկալի գործոնը և այն, որ Stratfor-ի վերլուծաբանները ոչ մի խոսքով չեն հիշել Մետաքսի մեծ ճանապարհը, որի վերականգնման վրա է կենտրոնացած չինական քաղաքական ու տնտեսական ներուժը: Հանուն այդ նպատակի՝ Պեկինը հազիվ թե փորձի Տոկիոյի հետ հիմա հին ու նոր խնդիրներ պարզել: Դա ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթություն է, բայց Stratfor-ի վերլուծաբանները, որպես կանոն, հայտնին չեն տեսնում ու ընկնում են անհայտի հետևից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1127

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ