Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Էներգետիկ ինքնաբավություն

Էներգետիկ ինքնաբավություն
09.02.2016 | 02:17

Խոսքն էլեկտրաէներգետիկայի մասին է, յուրաքանչյուր երկրի համար առաջնահերթություն համարվող ոլորտի, քանզի պարզից էլ պարզ է, որ առանց էլեկտրաէներգետիկ համակարգի կայացած տնտեսություն ունենալն անհնարին է: Իսկ կայացումը պայմանավորում է շարժ, շատ հաճախ ամենատարբեր շարժիչների միջոցով: Ինչի՞ նման կլիներ մեր կյանքը, եթե ավտոմեքենաները չշարժվեին, տուրբինները չպտտվեին, հաստոցները չաշխատեին, հարահոսները չընթանային, փողոցներն ու տները չլուսավորվեին: Չփորձենք ինչ-ինչ պատկերներ ուրվագծել, քանզի շարժումն ու շարժվելը մարդ արարածի բնական վիճակն են, նրա ապրելու կերպը: Այս ընթացքում ծախսված ու կորսված էներգիան վերականգնում է պարտադրում. կորսված գրեցի ու հիշեցի, որ, ըստ մեզ ուսանած իմաստության, կյանքում ոչինչ չի կորչում, այլ ընդամենը էներգիայի վերափոխում է տեղի ունենում:
Այսկերպ մեր գեղեցկուհի Սևանի ջրերն իրենց 1900 մետր բարձրությունից գահավիժեցին դեպի 900 մետրի վրա գտնվող Արարատյան դաշտավայրը, այդ ճանապարհն անցնելով մարդկանց կառուցած էլեկտրաէներգետիկ շինությունների միջով և արդյունքում արհեստական լույս արարելով: Բնակարանները լուսավորելուց զատ, ստեղծված էլեկտրաէներգիան ուղղվեց դեպի հաստոցներն ու ագրեգատները, փորձասենյակներն ու կոնստրուկտորական կենտրոնները, ամենուր, ուր արդյունք էր ստեղծվում, բարիք արարվում: Արդյունքում նախորդ դարի 50-ականներին ոտքի կանգնեց հազիվ մեկ տասնամյակ առաջ հարյուր հազարավոր իր լավագույն զավակներին զոհաբերած հետպատերազմյան հայության օրրան Հայաստանը, թեկուզ և ինչ-որ առումով տարաբնույթ անվանումով: ՀԽՍՀ տնտեսության փոքր-ինչ շարժը շարժվելու նոր ձգտում առաջացրեց, կառուցվեցին թե՛ նոր հիդրոկայաններ, թե՛ գազով ու մազութով աշխատող ջերմակենտրոններ ու անգամ տարածքին ինչ-որ առումով անհամապատասխան միջուկային կենտրոն, որտեղ տեղադրված ռեակտորի շնորհիվ այն ատոմակայան է կոչվում: Որ այն նաև այլ կիրառություն կարող է ունենալ, հետագայում արձանագրվեց բազմիցս՝ սկսած Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետից, վերջացրած Ճապոնիայում և Իրանի ատոմակայանի շուրջ ծավալված ու մինչ օրս չհանդարտված իրադարձություններով: Այսուհանդերձ, 1970-ականներին մեր հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմեց 15 մլրդ կՎտ.ժ, որի մեկ երրորդը ԱԷԿ-ի տվածն էր: Էլեկտրաէներգիայի այս քանակությունը, 1 բնակչի հաշվով 5000 կՎտ.ժ, ոչ միայն բավարարում էր հանրապետության պահանջները, այլև փոխանցվում էր ԽՍՀՄ այլ ժամային գոտիներ: Ընդունված է այդ տասնամյակը հայության ապրած լավագույն տնտեսական շրջան անվանել, քանզի աննախադեպ էին ժամանակակից արդյունաբերության ծավալումը, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում առաջընթացը: Որ էլեկտրաէներգետիկան կայացման ու զարգացման հիմնամիջոց է, դրա բացակայությունը՝ մութ ու ցուրտ միջավայրի ապացույց, հաստատվեց 1990-ականներին, որոնք անգամ արցախյան հաղթանակի պայմաններում մինչ այսօր իրենց տխուր արձագանքներն են թողնում: Նախ և առաջ, ինչ-ինչ համեմատությունների արդյունքում, որոնք հիմնականում առավել հուզական են, քան որևէ ձևով փաստարկված: Եվ դա ձևակերպվեց հիմնական այն մոտեցմամբ, թե 1990-ականների առաջին 5 տարիներին արտադրում էինք մեր էլեկտրաէներգետիկ լավ տարիների արտադրության մոտ կեսը, իսկ ահա ապահովվածության անգամ նվազագույն վիճակ չունեինք: Տողերիս հեղինակն այն տարօրինակ պահվածք է գնահատել, ամբոխահաճության դրսևորում համարել: Ինչո՞ւ. որովհետև սիրողական մակարդակով արտահայտություններով հնարավոր չէ զանազանել էներգիա և էլեկտրականություն հասկացությունները, որոնց մեջ, մեղմ ասած, սար ու ձոր կա: Էլեկտրաէներգետիկ առումով 1970-80-ականներին ՀԽՍՀ հաշվեկշիռը միայն էլհոսանքի տեսքով էր 15 մլրդ կՎտ.ժ, մոտ այդքան էր նաև գազի, մազութի ու քարածխի տեսքով օգտագործված էներգիան, որն այրվում էր բնակարաններում, տաք ջուր ու ջեռուցում ապահովող կաթսայատներում, ձեռնարկությունների ու հաստատությունների համապատասխան արտադրություններում: Ասվածի առավել հիմնավորումն այդ տարիներին ստացվող 7 մլրդ խմ գազն էր, երբ 2000-ականներին այն հազիվ 1,5 մլրդ խմ է կազմում, մազութի ու քարածխի իսպառ բացակայության պարագայում:
Մեր պատմության ոչ վաղ անցյալի տնտեսական այս կողմին անդրադառնալով, ՀՀ ապագայով շահագրգիռ շարքային քաղաքացիս փորձում է պարզել, թե էլեկտրաէներգետիկ ինչ ծավալ է մեզ անհրաժեշտ կայուն զարգացում արձանագրելու և այն երկարաժամկետ պահպանելու նպատակով: Ի վերջո, ինչպիսի՞ գործընթացներ են համաշխարհային տնտեսությունում, զարգացած ու զարգացող երկրներում: Դիտարկելով անգամ հզոր տնտեսություններ չունեցող երկրների վիճակագրությունը, նկատում ենք, որ էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները տարօրինակորեն զգալի են: Բերենք ՀՀ-ի հետ ինչ-որ առումներով համեմատելի Լիբանանի օրինակը: Հարավային այս երկրի տնտեսության վերաբերյալ մեր պատկերացումները, անգամ զգալի հայ համայնքի պայմաններում, պարզապես աղքատիկ են: Ընդամենը գիտենք, որ մերոնք առևտրով ու արհեստագործությամբ են զբաղվում, սպասարկման ոլորտներում են ընդգրկված, ասել է թե, երկիրն էլեկտրածախսատար հզոր գործարաններ չունի. այս պարագայում որտե՞ղ է ծախսվում Լիբանանում վերջին տարիներին արտադրվող մոտ 16 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիան (թիվը վերցրել ենք ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր. 2016» տեղեկատուից): Դիտարկելով երկրում ստեղծվող 65 մլրդ դոլար կազմող համախառն ներքին արդյունքը, 6 մլրդ դոլարի հասնող արտահանումը, մեր հայրենակիցների կենսապայմանները, համոզվում ենք, որ էլեկտրական հոսանք ծախսելու տեղ երկրում կա, լիբանանյան տնտեսությունը էլհոսանքի պարբերական աճի պայմաններում զարգացում է ապահովում: Ստացվում է, որ 1 կՎտ.ժ-ով այստեղ 4 դոլարի արդյունք է ստեղծվում, երբ ՀՀ-ում այս ցուցանիշը հազիվ 1,5 դոլար է. 6 մլրդ կՎտ.ժ արտադրություն և 10 մլրդ ՀՆԱ: Այն պատճառաբանությունը, թե հարավային երկրի պայմաններում ջեռուցման նպատակով էլեկտրաէներգիայի ծախսը համեմատելի չէ Հայաստանի հետ, նկատենք, որ համեմատաբար տաք երկրներում էլ այն օգտագործվում է փակ տարածքները հովացնելու նպատակով էլեկտրասարքեր օգտագործելով:
Պատկերը հետևյալն է Լիբանանի հարևանությամբ գտնվող Իսրայելում, որը զարգացած երկրների շարքում է. ընդամենը 1 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը 56 մլրդ կՎտ.ժ-ից հասել է 59 մլրդ կՎտ.ժ-ի, ՀՆԱ-ն՝ 268 մլրդ դոլարից 273 մլրդ դոլարի: 1 կՎտ.ժ-ին բաժին է ընկնում մոտ 5 դոլարի արտադրանք: Հումանիտար կրթությամբ լրագրողիս սիրողական մակարդակով արած վերլուծության փորձին առավել մասնագիտական մոտեցում կարող են ցույց տալ տնտեսագետներն ու տնտեսավարողները, բացահայտելով նաև վերջին տարվա մասնակի անհամապատասխանությունը ներկայացված գործընթացին: Այն շատ ավելի լրջագույն խնդիր ենք դիտարկում և հուսով ենք, չի ուշանա:
Ծանոթանանք համեմատաբար փոքր տարածք ու բնակչություն ունեցող եվրոպական որոշ երկրների վիճակագրությանը, որոնք նույնպես հայտնի չեն իրենց հզոր տնտեսական միավորումներով: Նշեմ հեղինակիս անցած ամիսներին հյուրընկալած Ավստրիայի օրինակը, որտեղ գործում են թե ավանդական, թե ժամանակակից էլեկտրաարտադրություններ, որոնց շարքում ատոմակայան պարզապես չկա: Երկրում զգալի է առանձնատների տանիքներին դրված ջրատաքացուցիչ և էլհոսանք տվող պանելային սարքերի համակարգը: Հենց միայն Գրացի Փայեր-Վայբրեխտշտրասսե փողոցի 35 առանձնատներից 7-ի տանիքներին դրանք տեղադրված են քաղաքապետարանի ակտիվ աջակցության շնորհիվ: Ինչ մնում է երկրին, այստեղ տարեկան էլեկտրաարտադրությունը 65 մլրդ կՎտ.ժ է, ՀՆԱ-ն 400 մլրդ դոլար, ստացվում է 1 կՎտ.ժ դիմաց 6 դոլարի արտադրանք: Մի փոքր հյուսիսում գտնվող Դանիայում էլեկտրաէներգիա տարեկան արտադրվում է 30 մլրդ կՎտ.ժ, ՀՆԱ-ն՝ վերջին տարիներին 250 մլրդ դոլարի սահմաններում է, ստացվում է 8 դոլարի արտադրանք 1 կՎտ.ժամի դիմաց: Այստեղ 1 բնակչի հաշվով տարեկան էլարտադրությունը 5500 կՎտ.ժ է, Ավստրիայում՝ 7000 կՎտ.ժ:
Ինչ պատկեր է մեր տարածաշրջանի հարավային երկրներում: Ոչ վաղ անցյալում Թուրքիա ասելիս խավարի մեջ գտնվող երկիր էինք հասկանում, որը հաստատվում էր թվերով: Ըստ ՀԽՍՀ հանրագիտարանի այս երկրի տնտեսությունը ներկայացնող թվերի՝ 1975-ին Թուրքիայում էլեկտրաարտադրությունը 15 մլրդ կՎտ.ժ էր, 1 բնակչի հաշվով տարեկան հազիվ 400 կՎտ.ժ: 2000 թվականին արդեն արտադրությունը գրեթե 10-ապատկվել էր, իսկ ըստ արդեն հիշատակված տեղեկատուի կազմում է 230 մլրդ կՎտ.ժ, 1 բնակչի հաշվով հասնելով 3000 կՎտ.ժ-ի: Թուրքիայի 1,5 տրիլիոն դոլար ՀՆԱ-ի պարագայում ստացվում է, որ 1 կՎտ.ժ-ին բաժին է ընկնում 7 դոլարի արտադրանք: Եթե 2000 թվականին երկրի ՀՆԱ-ն մոտ 420 մլրդ դոլար էր, արտահանումը` 30 մլրդ դոլար, մոտ 7 տոկոսը, ապա մերօրյա Թուրքիայում արտահանումը մոտենում է 200 մլրդ-ի, կազմելով ՀՆԱ-ի 12-13 տոկոսը: Մեր ընթերցողն անշուշտ տեղեկացված է, որ Թուրքիայում նոր էլհզորություններ են կառուցվում, նախատեսվում է նաև 4 հզոր ԱԷԿ-ների տեղադրում: Ֆինանսական միջոցներ ոչ վաղ անցյալում աղքատ այս երկիրն ունի, մնում է գտնել առավել անվտանգ ու ապահով միջուկային էլկայաններ առաջարկողներ, որոնք նույնպես աշխարհում քիչ չեն:
Հարևան Իրանում այս հարցն արդեն մասամբ լուծել են, շահագործել Բուշերի 915 ՄՎտ ատոմակայանը, որը նախորդ տարի 3,7 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն է իրականացրել, որն իր հերթին կազմում է երկրում արտադրված 240 մլրդ կՎտ.ժամի մոտ 1,5 տոկոսը: Իսկ ընդամենը 15 տարի առաջ Իրանում տարեկան էլեկտրաարտադրությունը 100 մլրդ կՎտ.ժ էր, 1 կՎտ.ժ-ի բաժին էր ընկնում 3,5 դոլարի արտադրանք, ողջ արտահանումը 12 մլրդ դոլար, ՀՆԱ-ի հազիվ 3 տոկոսը: Գիտեմ, որ թվերի ընթերցումը հոգնեցուցիչ է ընթերցողի համար, այնուամենայնիվ, փորձեմ նշել նաև մերօրյա Իրանի ցուցանիշները: Երկրի ՀՆԱ-ն 1,3 տրիլիոն է, ասել է՝ 1 կՎտ.ժ բաժին է ընկնում 6 դոլարի արտադրանք: Զարգացող Իրանի ապացույցներից է մոտ 100 մլրդ դոլարի մոտեցող արտահանումը: Սա դեռ պատժամիջոցների ժամանակահատվածում, որը, վստահ ենք, էապես կփոփոխվի նոր պայմաններում:
Անշուշտ նման վիճակագրությունը ոչ միայն ուսանելի է, այլև ոգևորող: Անգամ բարձրլեռնային երկիր Նեպալում են էլեկտրաարտադրության աճը գերխնդիր համարում, որի ապացույցն է վերջին 15-տարում 1,2 մլրդ կՎտ.ժ էլարտադրությունը 3,5 մլրդ կՎտ.ժ հասցնելը, ցուցանիշը եռապատկելը: ՀՀ-ում առայժմ նման արդյունք անգամ երազել հնարավոր չէ, քանզի առաջիկա 20-ամյակում հզոր որևէ էլեկտրակայանի կառուցում չի նախատեսվում: Ընդամենը խոսվում է Մեղրիհէկի մասին, թե երբ կկառուցվի, պարզ չէ, փոխարենը պարզ է, որ այն ՀՀ սեփականություն կդառնա շահագործվելուց 15 տարի անց: Թե ինչ գումար հարկ կլինի ծախսել հետագայում, կայանն իր հզորությամբ շահագործելու նպատակով, այսօր դժվար է գուշակել: Իսկը՝ աղքատ հարևանի կարգավիճակ:
Աշխարհն արդեն տասնամյակներ արևի հզորությունն է օգտագործում, քամու հոսանքներն է իր շահերին ծառայեցնում, կենցաղային աղբից է էլեկտրականություն ստանում, ընդերքի տաք ջրերն է տուրբիններ մղում, մերոնք մեր աննշան էլարտադրությունն են որպես ինքնաբավություն հրամցնում, որից տարօրինակորեն, թե ցավալիորեն մեր հիմնական մտահոգություն տնտեսությունը ոչինչ չի շահում: Այսպես էլ ապրում ենք:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ