Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հզոր կենդանիները միշտ տերն են կենդանական աշխարհի

Հզոր կենդանիները միշտ տերն են կենդանական աշխարհի
09.02.2016 | 02:11

Կենդանական աշխարհում տիրում է հզորի օրենքը: ՈՒժեղ կենդանիներին կեր են դառնում թույլերը: Նույնն է նաև մարդկության պարագայում. հզոր ազգերը հարստանում, բարգավաճում են թույլ ազգերի հաշվին: Թույլ են այն ազգերը, որոնք ինքնուրույն չեն կարողանում ապահովել իրենց երկրի ֆիզիկական գոյությունը:
Իրենց ենթադրյալ անվտանգությունը պաշտպանելու համար հրավիրում են մի հզոր պետության կամ պետությունների ռազմական դաշինքի, բայց որտեղ վերջին հաշվով հիմնական դերակատարը մեկ պետություն է: Թույլ են այն ազգերը, պետությունները, որոնք միշտ պարտվում են պատերազմներում, նաև այն պետությունները, որոնք հաղթում են, բայց այդ հաղթանակի պտուղները ի վերջո հզորների կամքով ի չիք են դառնում: Գերմանացիները կազմակերպված քյալլագյոզ, թույլ ազգ են: Գուցե ոմանց ծիծաղն առաջացնեն դատողություններս, բայց փորձեմ հիմնավորել: Երբ հզորներն աշխարհը բաժանում էին, գերմանացի ազգը դեռևս մասնատված ֆեոդալական պետություններից էր բաղկացած: Անգլիան աշխարհն էր նվաճում կամ էլ Եվրոպայում իրար դեմ էր հանում ֆրանսիացուն, գերմանացուն, ռուսին, թուրքին, շվեդին: Նապոլեոնյան Ֆրանսիան Անգլիան կործանեց: Ինչ գործ կամ շահ ուներ Նապոլեոնը Ռուսաստանում: Գերմանացիները երեք անգամ կռվել են ֆրանսիացիների հետ, բազմիցս՝ ռուսների հետ: Կռվի դաշտում միլիոնավոր գերմանացի զինվորներ են անթաղ մնացել, գերմանական հողը բազմիցս տրորվել է օտար զինվորների սապոգների տակ: Ճիշտ է, այսօր վերամիավորված Գերմանիան հզոր արդյունաբերական երկիր է, մի ամբողջ Եվրոպա է կերակրում, բայց նա թույլ ու անպաշտպան երկիր է, որովհետև չի կարող վերջին հաշվով պաշտպանել իրեն, այլապես թույլ չէր տա ամերիկյան պերշինգների տեղադրումն իր երկրում: Ինչ խոսք, գերմանական արդյունաբերությունը անհամեմատ հզոր է անգլիականի նկատմամբ, բայց գերմանացիք թելադրող չեն անգլիացիների նման: Վիկինգներից հետո ոչ մի օտարերկրյա զինվոր չի տրորել անգլիական հողը, և անգլիացու արյունը չի հեղվել օտար երկրներում, միլիոնավոր անգլիացի զինվորներ էլ նահատակ չեն եղել կռվի դաշտերում: Գերմանացին ի շահ իրեն չի կարողացել հրահրել անգլիացուն իր ենթադրյալ թշնամու դեմ, իսկ անգլիացին այդ խաղը վարպետորեն խաղացել է գերմանացու հետ, այն էլ ոչ մեկ անգամ: Նապոլեոնի ոխերիմ թշնամին Անգլիան էր և ընդամենը երեք ոչ մառախլապատ եղանակ էր երազում իր նավերը Անգլիա մտցնելու համար, բայց եղավ ճիշտ հակառակը: Նապոլեոնը հարյուրհազարավոր զինվորներ անշունչ թողեց ռուսական ցրտաշունչ տափաստաններում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Անգլիայի տված զոհերը ժողովրդի քանակի հետ համեմատած մի չնչին թիվ են: Մինչդեռ գերմանացու, ռուսի արյունը գետի նման էր հոսում: Ստալինգրադը նվաճելու գերմանական պլանը սկսվեց 1942 թվականի հուլիսին և տևեց մինչև 1943 թվականի փետրվար: Եվ ինչ, մեկ միլիոն զինվոր է կորցրել գերմանական վերմախտը: Նշված ժամանակաշրջանում այդքան էլ խորհրդային զինվոր է սպանվել: Հինգհարյուրհազարանոց Ստալինգրադից, Ստալինի հրամանով, արգելվել էր քաղաքի խաղաղ բնակչության էվակուացիան, ընդամենը ութ հազար մարդ է կենդանի մնացել: Նշված մեկ միլիոն խորհրդային զինվորը հաղթանակ ապահովեց և փրկեց աշխարհը ֆաշիզմից: Ընդամենը հարյուր տարի և Գերմանիան ավերվում էր իր կառավարողների անհեռատես քաղաքականության արդյունքում, իսկ Ռուսաստանը կանգնում է կործանման եզրին: Բոլշևիկները տապալեցին ռուսական կայսրությունը, բայց փառք ու պատիվ նրանց, որ ստեղծեցին գերհզոր մի նոր կայսրություն, և այն այս անգամ էլ տապալեցին ոչ ռուսները: Յոթանասնամյա կայսրության ողջ պատմությունը Ռուսաստանի ոչ ռուս մտավորականությունը ջնջեց և ոչնչացնում է առայսօր: Կարծես ռուս մտավորականությունը արթնացել է քնից և սկսել է արժևորել իր ոչ հեռու անցյալի ողբերգական, բայց փառավոր անցյալը: Վերջերս Վլադիմիր Սոլովյովի «Մենամարտ» հաղորդման հյուրն էր հայտնի Վլադիմիր Ժիրինովսկին, որը ներկայացնում էր, այսպես ասած, հակաբոլշևիկյան թևը և անվանի գրող, հրապարակախոս Ալեքսանդր Պրոխանովը, որը ներկայացնում էր բոլշևիկյան Ռուսաստանը և նրա առաջնորդներին:
Ժիրինովսկին իրեն հատուկ խեղկատակությամբ «ոչնչացնում էր» այն ամենը, ինչը ստեղծել էին բոլշևիկները, անգամ լենինյան հանճարեղ մտքերի ենթատեքստից կտրում և հանում էր այն, ինչն իրեն ձեռնտու էր և հրամցնում էր հանրությանը: Եվ եթե նրան այդ ճարպիկ «խաբեությունների» մեջ հմտորեն բռնում էր Վլադիմիր Սոլովյովը, նա փորձում էր լսելու չտալ այդ ամենը և շարունակում էր կրկնել, որ Լենինը չուներ ռուսասիրություն, որովհետև նա ընդամենը 20 %-ով էր ռուս:
Սոլովյովի՝ «Իսկ Ձեր քանի՞ տոկոսն է ռուս»՝ հարցին Ժիրինովսկին պատասխանեց՝ 50:
Ճիշտ է, Ժիրինովսկու խոսքերից այն տպավորությունն էր ստացվում, որ Լենինն ու Ստալինն իրենց անձնական իշխանության հաստատման համար ոչ մի քայլի առաջ չեն կանգնել, բայց տեղին էր հարցնել, մարդկային պատմության ընթացքում ցանկացած իշխանավորի դիկտատուրան ծառայել է առաջին՝ հերթին իր կամ իր հետևորդների հարստացմանը, իսկ վերոհիշյալ երկու առաջնորդների դիկտատուրայից ո՞վ է հարստացել: Պատասխանը միանշանակ է՝ իրենց ժառանգներից և ոչ մեկը: Այ թե որն է անձնական դիկտատուրայի բոլշևիկյան ղեկավարների առավելությունը: Եվ ինչ, «Մենամարտ» կոչված բանավեճում Պրոխանովը ջախջախեց խեղկատակին, այսինքն հետխորհրդային բոլոր լիբերալներին: Ինչո՞ւ մեջբերեցի այդ օրինակը։ Հաստատելու, որ ռուսները իրենց ողջ պատմության ընթացքում, երբ թույլ է իշխանավորը, միշտ ընկնում են ինչ-որ փոսի մեջ և այնտեղից դուրս են գալիս միայն կառավարչի ուժեղ ձեռքի պարագայում: Մի բան, որ չես ասի անգլոսաքսերի պարագայում: Անգլոսաքսերի էլ ավելի խելացի տարբերակն են ամերիկացիք: Սրանք իրենց խելքի միջոցով տիրել են ամբողջ աշխարհին: Ամերիկացիները սովորական թղթին կանաչ գույն են տվել և կոչել դոլար, որի մեջ չկա ոսկու կամ թանկարժեք մետաղի որևէ ապահովագրություն, և իրենց հոգսերը փաթաթել են ուրիշ ժողովուրդների վզին և այդպես ապահովել իրենց հաջողությունները կյանքի ցանկացած ոլորտում: Եվ հիմքից զուրկ չեն ԱՄՆ-ի նախագահի այն խոսքերը, թե՝ մենք աշխարհի ամենահզոր պետությունն ենք, որ մեր ռազմական բյուջեն ավելի շատ է, քան մեզ հետապնդող ութ երկրների ռազմական բյուջեները միասին վերցրած: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի ներքին և արտաքին պարտքը կազմում է տրիլիոն դոլարներ: Ոչ մի երկիր չէր դիմանա նման ծախսերին, եթե չլինեին աշխարհին տիրող այդ թղթե փողերը: «Հաղթել պատերազմում առանց պատերազմի» սկզբունքը ԱՄՆ-ը լավ է յուրացրել: ԱՄՆ-ի համար իր քաղաքացին արժեք է, և նրան սովորեցնում է փոքրուց ոչ թե տանկի տակ պառկել և պայթեցնել այն, այլ պայթեցնել տանկը և ողջ մնալ: Խորհրդային պետությունը փրկեց աշխարհը, նաև ԱՄՆ-ին (ԱՄՆ-ը չէր կարողանում կռվել Ճապոնիայի դեմ), և ինչ, նրանք ավելի շատ օգտվեցին, քան ԽՍՀՄ-ը: Եվ այսօր իրենց քարոզչությամբ (այդ գործում նրանց շատ են օգնել «ռուս» լիբերալները: «Ռուս» բառը վերցրի չակերտների մեջ, որովհետև նրանց մեջ համարյա ազգությամբ ռուսներ չկան ) ռուս մարդու տարած մեծագույն, ծանր հաղթանակն անամոթաբար իրենց են վերագրում: Ինչու, որովհետև այսօր, գուցե ևս մի զգալի ժամանակ չի գտնվի որևէ պետություն, անգամ Պակիստանը, Հնդկաստանը, Չինաստանն իրենց մարդկային ռեսուրսով և զարգացող արդյունաբերությամբ, որ կարողանան գլուխ բարձրացնել ԱՄՆ-ի դեմ: Այսօր միակ պետությունը Ռուսաստանն է, որ իր ռազմական պոտենցիալով կարողանում է ի չիք դարձնել ԱՄՆ-ի (այսինքն` անգլոսաքսերի) աշխարհում միանձնյա ռազմական լիդերի երազանքը: Այսօր Եվրոպան, նրա լիդերները` Ֆրանսիան, Գերմանիան, հատկապես Գերմանիան, ԱՄՆ-ի խամաճիկներն են: Սառը պատերազմի տարիներին Ֆեդերատիվ Գերմանիայի քաղաքական գործիչներն ավելի հեռատես և շատ հարցերում ինքնուրույն էին (էլ չասած Ֆրանսիայի մասին), քան այսօրվա այդ երկու երկրների լիդերները: Ֆրանսիայի որևէ նախագահ Մոսկվա գալուց առաջ չէր մեկնի ԱՄՆ քաղաքական կոնսուլտացիաների, չխոսենք էլ Վիլի Բրանդտի մասին, որը կարողացավ ձեռք մեկնել Մոսկվային, ընդունել Օդեր-Նեյսեով անցնող սահմանը: Ոչ Վիլի Բրանդտը, և ոչ էլ Ֆրանսիայի նախագահները չէին տեսնում ԽՍՀՄ-ից իրենց եկող վտանգը, որովհետև այդպիսին չկար, իսկ այսօր իրեն գաղտնալսող ամերիկացիներին անվերապահորեն հավատում է Անգելա Մերկելը: Տեղին է հարցնել, եթե անհամեմատ հզոր ԽՍՀՄ-ը վտանգ չէր Ֆեդերատիվ Գերմանիայի համար, ապա այսօր տնտեսապես թույլ Ռուսաստանը մի՞թե վտանգ է ներկայացնում միացյալ Գերմանիայի համար: Գերմանիայի միավորմանը չխանգարած Վարշավայի պայմանագրի երկրներին, անգամ մերձբալթյան երկրներին անկախություն տված Ռուսաստանը, որն ընդամենը գազ ու նավթ է արտահանում, երբվանի՞ց դարձավ Արևմուտքի համար վտանգավոր, որ Արևմուտքը որոշում է Գերմանիայում ատոմային հրթիռներ տեղադրել:
Սառը պատերազմի տարիներին Արևմուտքում միշտ գտնվում էին առողջ ուժեր ոչ ասելու պատերազմին, իսկ այսօր ԱՄՆ-ն այնպիսի վիճակ է ստեղծել գաղթականների հոծ բազմությամբ Եվրոպայի համար, որ Եվրամիության ապագան դրվել է հարվածի տակ: ԱՄՆ-ը Եվրոպայում հակահրթիռային բազաներ տեղադրելու համար անամոթաբար հայտարարում է, թե դրանք ուղղված են Իրանի դեմ, մինչդեռ պարզ էր, թե ում դեմ են ուղղված դրանք:
Վերջերս ԱՄՆ-ի ԿՀՎ-ի մի գործակալ թերթերից մեկին տված հարցազրույցում պարզ նշում էր, թե Սերեբրիցայի գենոցիդը ով էր նախապես ծրագրել` ԱՄՆ-ը: Եվ ԱՄՆ-ի կողմից մարզված բոսնիական զինված ուժերը ինչպես են սկսել քաղաքի խաղաղ բնակչության ոչնչացումը, որին հետևել են սերբական ուժերի գործողությունները: Արդյունքում խնամքով կազմակերպված գենոցիդի միակ պատասխանատուն ճանաչվեց սերբ ժողովուրդը: Պատկերացնում եմ, եթե նման բան երբևէ կազմակերպեին ռուսները, ինչպիսի զանգվածային լրատվական հարվածի տակ կգտնվեին նրանք: Ասելիքս մեկն է, որ նրանք ոչ միայն լավ են տիրապետում սպանելու արվեստին, այլև կարողանում են ուրիշների վրա դնել իրենց կատարած մեծագույն ոճրագործությունները: Եթե աշխարհում ԱՄՆ-ը միանձնյա չլիներ վերջին տասնամյակների ընթացքում, ապա զոհված միլիոնավոր իրաքցիների (ոչ միայն նրանց) համար նրանց նախագահը կկանգներ միջազգային ռազմական տրիբունալի առաջ:
Անգլոսաքսերը տիրապետում են նաև մեկ այլ՝ մարդկանց, պաշտոնյաներին կաշառելու, ինչպես նաև անհնազանդ պաշտոնյաների վրա կեղտ գտնելու և վարկաբեկելու արվեստին: Նրանք կաշառելու ճանապարհով տապալեցին ԽՍՀՄ-ը, Հարավսլավիան, Քադաֆիին, Սադամին: Կաշառելու նուրբ արվեստը առայժմ սկսել են նրբորեն օգտագործել ԵԽԽՎ-ում:
Ճիշտն ասած, կաշառք տալն էլ արվեստ է, թերևս չհաստատվեց ռուսների կողմից Բլատերին կաշառելու փաստը: Բայց դա ապացուցելու համար Ամերիկան ինչպիսի ջանքեր ասես, որ չներդրեց: Չապացուցեց, բայց աշխարհով մեկ ցեխ շպրտեցին Ռուսաստանի վրա: Ասել կուզեմ, իրենց նպատակին հասնելու համար անգլոսաքսերը միջոցների մեջ խտրականություն չեն դնում: Նրանք չեն գնա Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման, որովհետև դա կործանարար կլինի նաև իրենց համար: Այսօրվա աշխարհում ստեղծված վիճակի համար միայն և միայն ԱՄՆ-ն է մեղավոր: Միլիոնավոր գաղթականներ, միլիոնավոր զոհեր, հիմնահատակ ավերված քաղաքներ, և չկա մեկը, որ կանգնեցվի միջազգային տրիբունալի առաջ: ԱՄՆ-ը ավերեց Հարավսլավիան, սերբական պատմական հող Կոսովոն պոկեց նրանից, նախագահին էլ հանձնեց Եվրոպայի ռազմական տրիբունալին և աշխարհում հայի պես տառապած սերբ ժողովրդի ճակատին դաջեց որպես անմեղ բոսնիացիներին գենոցիդի ենթարկողների խարանը: Անգլոսաքսերը ԽՍՀՄ-ի տապալումից հետո Եվրոպայի վրա պինդ են նստել, գուցե ավելի պինդ, քան սառը պատերազմի ժամանակ: Իսլամական տեռորիզմը ԱՄՆ-ն օգտագործում է որպես միջոց Եվրոպան իր կրնկի տակ պահելու համար: Մերձավոր Արևելքում պատերազմը դեռ երկար կշարունակվի, և այդ պատերազմը հրահրած ԱՄՆ-ն էլ ավելի է խորացնելու այդ պատերազմը: Այն միջոց է Եվրոպան, Ռուսաստանը կռվի մեջ պահելու համար: ԱՄՆ-ը երազում է այն օրը, երբ Ռուսաստանը ցամաքային զորք կմտցնի Սիրիա, որտեղ նրա դեմ կկռվեն բոլոր «ազնիվ», Մուհամեդին նվիրված իսլամիստները: Մերձավոր Արևելքն այսօր չունի իր մարգարեն, քաղաքական ընդգծված լիդեր, որ իր հոտի անդամներին ասի` հեռու մնացեք սատանայից: Ասենք, ով պիտի ասի, երբ սուննի դավանող մահմեդականները միլիոնավոր մարդկանց արյուն են հեղում մի ալավի, ԱՄՆ-ին անհնազանդ Ասադին իշխանությունից ազատելու համար: Ընթացող հնգամյա պատերազմում ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ տապալել Ասադին, և այսօր, երբ նրա հաջողությունները ռուսական ուժի առկայության պայմաններում ակնհայտ են, ԱՄՆ-ը բռնել է ՌԴ-ի նախագահին վարկաբեկելու կուրս: Իրոք, պետք չէ ծաղրել դեռ հոտի հոգեբանությամբ ապրող շատ ազգերի, որովհետև անհամեմատ զարգացած Եվրոպան էլ հեռու չէ այդ հոգեբանությունից: Ե՞րբ Եվրոպան կզգա և կհամոզվի, որ ինքը Եվրոպայում թշնամիներ չունի, և դասեր կքաղի բյուզանդական կայսրության պատմությունից, որպեսզի չկրկնի անցյալի սխալները, կանխի ազգերի գաղթը, որը հնարավոր է գլուխ բերել միայն խաղաղ պայմաններում: Այդ գաղթից պիտի օգտվի միայն սուննի Թուրքիան, որովհետև կրոնական միաբանությունը և նրա առկա ռազմական, արդյունաբերական հզորությունը կտան հնարավորություն գողացած մուսուլման հոգին ըստ ցանկության կառավարելու: Պատկերացնել կարելի է, թե ինչ կլիներ Եվրոպայի ապագան, եթե Չինաստանի և իր միջև ընկած տարածքը չկոչվեր Ռուսաստան: Ընդամենը չորս տասնյակ կիլոմետր լայնությամբ Լամանշը եվրոպական ոչ մի ռազմական գործիչ այդպես էլ չկարողացավ անցնել, իսկ ինչու համոզվել, որ օվկիանոսներից այն կողմ գտնվող ԱՄՆ-ին հեշտ կլինի հասնել, թեկուզ ռազմական տեխնիկայի արդի ժամանակներում:
Անհայտ է՝ ինչպես կավարտվի անգլոսաքսերի կեղտոտ խաղը Ռուսաստանի հետ, բայց որ այն կարող է ճակատագրական լինել Եվրոպայի համար, անկասկած է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ