«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Մի օմբուդսմենի պատմություն

Մի օմբուդսմենի պատմություն
23.01.2016 | 10:09

Հունվարի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երկրորդեց հրաժարականը և հիմա Հայաստանում թափուր է հասարակական նշանակություն ունեցող երկրորդ պաշտոնը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարից հետո՝ Մարդու իրավունքների պաշտպանի: Եթե ԱԽ քարտուղարի հրաժարականից հետո այդպես էլ արժանի թեկնածու չգտնվեց, չի նշանակում, որ ՀՀԿ կադրային բանկը ևս պետական գանձարանի վիճակում է: Ոչ: Պարզապես Անվտանգության խորհուրդը վերակառուցվեց (անգամ իբրև շենք) Արթուր Բաղդասարյանի համար, իսկ նրանից հետո վերադարձավ նախագահին կից կառույցի, որ առանց քարտուղարի էլ կաշխատի: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դեպքում նույն խաղը չի խաղացվի՝ նրա հրաժարականից հետո արդեն հասցրել են իրենց ափսոսանքը հայտնել ԱՄՆ դեսպանատունը և Եվրամիությունը (իսկ Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին): Ինչո՞վ էր Կարեն Անդրեասյանը այդքան նշանակալից իր պաշտոնավարման մեջ: Հրաժեշտի նամակում նա գրում էր, որ ստանձնելով իր «երբևէ ցանկացած միակ պետական պաշտոնը», փորձեց որպես իրավաբան պաշտպանել մարդկանց հավասարությունն օրենքի առաջ, որ իր համար միշտ եղել է կարևորագույն սկզբունք, որպես պրակտիկ մարդ` իմանալով, որ դա ամենադժվար իրականացվող նորմերից է: Այսինքն՝ լավ էլ գիտեր հայ իրականությունն ու պատրանքներ չուներ: Առաջին դիմումից հետո նա լսել է հրաժարականի պատճառի և «ողջամիտ բացատրություններ», և «ցնդաբանություններ»: Իր բացատրությամբ՝ եթե 2016 թվականին էլ մնար օմբուդսմեն, այդ կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ: Իսկ դա նշանակում է՝ ինձ չէին թողնի աշխատել, թող գա նա, ով կանի ավելին կամ՝ ում իշխանությունն ընդունում է:
Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ափսոսանքով է ընդունել նրա հրաժարականի որոշումը և հարկ է համարել արձանագրել. «Նա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր»: Իսկ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարեց. «Ափսոսանքով տեղեկացանք, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, մենք ողջունում ենք նրան գերազանց աշխատանքի համար»:
Բացի Կարեն Անդրեասյանի աշխատանքային որակները գնահատելուց՝ այս հայտարարություններն իրականում նախազգուշացում են Հայաստանի իշխանությանը, որ հաջորդ օմբուդսմենը չի կարող կամակատար լինել, ինչպես Բաղրամյան փողոցի հայտնի հասցեներում ուզում են տեսնել: Հաջորդ օմբուդսմենը պիտի «շարունակի լավագույնս ծառայել ի նպաստ Հայաստանի հասարակության շահերի: Մենք պատրաստ ենք շարունակել մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՄԻՊ գրասենյակի և վերջինիս անձնակազմի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում»՝ ըստ ԱՄՆ-ի և ըստ ԵՄ-ի՝ «Հայաստանի հաջորդ օմբուդսմենը կնշանակվի ԱԺ-ի կողմից փոխհամաձայնությամբ և ի վիճակի կլինի պահպանել այդ կարևոր հաստատության անկախությունը»:
«ԱՄՆ-ը պատրաստակամ է աշխատել ՀՀ կառավարության և մեր հայ գործընկերների հետ՝ առաջ մղելու ժողովրդավարական զարգացումներն ու մարդու իրավունքները: Մեր անմիջական նպատակը եղել և մնում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանը, որն անվտանգ է և խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ»,- արձանագրում էր դեսպանատունը, իսկ ԵՄ-ն հաջորդում էր. «ԵՄ-ն նվիրված է Հայաստանում բարեփոխումներին աջակցությանը, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և օրենքի գերիշխանության բնագավառում»: Այսինքն՝ եթե Կարեն Անդրեասյանին Հայաստանի Հանրապետությունն այլևս պետական ու մասնավոր հատվածում պաշտոնավարելու հնարավորություն չտա, Արևմուտքի դռները նրա առաջ բաց են՝ սա մեկ, երկրորդ՝ ով էլ լինի հաջորդ օմբուդսմենը, նրա աշխատանքը գնահատվելու է ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության չափանիշներով և ոչ թե իշխանության ու ճշմարտության պահանջների համադրմամբ: Սա են նշանակում երկու հայտարարությունները, որ ավելի շատ վերաբերում են Հայաստանի հինգերորդ օմբուդսմենի պատմությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ ո՞ւմ կհամոզի՝ Արևմո՞ւտքը՝ Հայաստանին, որ ժողովրդավարությունը տոն օրվա հագուստ չէ որոշակի դեպքերում հագնվող, այլ՝ կենսակերպ, թե՞ Հայաստանը Արևմուտքին, որ ժողովրդավարությունը հնարք է, որով կարելի է շրջանցել օրենքները: Համենայն դեպս՝ Եվրամիությունը ոչ միայն բառեր է ասում, այլև վճարում է՝ «Օմբուդսմենի հաստատությանը Եվրամիության կողմից տրվող մեծ կարևորությունը հաստատում է վերջերս Հայաստանի համար մարդու իրավունքների բյուջետային աջակցության 2016-18-ի 12 միլիոն եվրոյի ծրագրի ստորագրումը», - եզրափակվում է ԵՄ հայտարարությունը:

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ