Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Տամպլիերական պատվանդաններ (շնալող Կարապի լճում)

Տամպլիերական  պատվանդաններ (շնալող Կարապի լճում)
22.01.2016 | 10:11

Խառն է ժամը, պարոն, հասկանում եմ ես քեզ,
Քո Լիր արքան ներքուստ մռնչում է ցավից,
Զի դժվար է դատարկ միջավայրին տիրել
Թատերական գահից։


Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՐԱՔՍԻ ԱՓԻՆ
(այգաբաց է, ձյունեղ մշուշը տրամադրում է ֆելիետոնի)
«Մեր սև սիրտ, քո վարդագույն տրամադրություն»։ Այսպես են դիմել ծանր բեռան տակ կքածները վառվռուն անհոգությամբ օրը մաշողներին։ Այո, նոր-նոր էինք սթափվում խոզագրիպային համաճարակից, երբ արևմուտքից հերթական խորշակը շեփորեց յուր դղրդալից մուտքը Հայաստան, Տաճարական (Տամպլիերական) օրդենն է խարիսխ նետել երկրի սրտում։ Անկեղծ պիտի լինեմ, գրեթե համոզված էի, որ կառավարությունը հոտնկայս կողջունի տաճարականների մուտքը հանրապետություն։ Չողջունեց ո՛չ հոտնկայս, ո՛չ էլ սովորական դիրքում։ Եվ ահա թե ինչն է բանը. տամպլիերները վարկային ներդրումներ չեն կատարել, վարկատու չեն, հետևաբար նրանք անտարբերության են մատնվել։ Վաղո՜ւց, շա՜տ վաղուց է հանրահայտ, իշխանություններն ու կառավարությունն ինքնամոռաց հրճվանքով են դիմավորում ցանկացած վարկատուի, եթե անգամ վարկը ակնհայտ անհեթեթ բովանդակություն և նպատակ ունենա, ինչպես Զիմբաբվեից հրավիրված մասնագետների դեպքում էր, երբ վարկի շրջանակում ՀՀ կառավարությանը պիտի ուսուցանվեր ծիրանի տնկման, հավաքման, ծառաջրման, ծիրանից չիր և ջեմ պատրաստելու մշակույթը։ Այսինքն՝ ինչպես տնկել ծիրանի ծառը, երբ հավաքել հասած պտուղը և որ կողմից այն կծել։ Մի խոսքով, տաճարականները Հայաստանում են, ժամանել են ասպետական զենք-զրահով, առասպելական դրոշներով և անըմբռնելի խրատներով։

Երկնավոր մեր Տեր, որքան ենք մենք նվաստացել աշխարհի աչքում, դարձել գեղեցկուհի մի այրի, ով անհամար տռփախեղդ արուների անբարո գրոհների կիզակետում է։ Նաև շատ ենք հիշեցնում ոսկեգեղմ մաքիների այն հոտը, որը լքել են պահապան գամփռները` տուրք տալով գայլերի պատմած հեքիաթներին, հովիվներն էլ հարբել ու քնել են շնկշնկան հովին։
Մի խոսքով, Մայր Արաքսի ափերին պորտապար են բռնել նրանք, ովքեր պետք է որ «Բերդ» պարով ամոքեին Սիս-Մասիսի գերյալ և վիրավոր սրտերի ցավը։ Մի խոսքով, հայոց տամպլիերները պետք է որ հայտնվեն Ազգային անվտանգության ծառայության կիզակետում։ Գուցե նրանք կամենում են իրո՞ք Հայաստանը ձերբազատել տնտեսական տեղապտույտից, վարչաբյուրոկրատական համաճարակից և, բնականաբար, օլիգարխիայի վիշապային կլանումներից։
Կամ էլ գուցե թե այլ, մշուշոտ և անհեռանկար անակնկալներ են մեզ սպասում։ Ինչպես, օրինակ, թանապուրում հայտնված ճանճը։ Մի խոսքով, տամպլիերներն են հաղթարշավում և հնչեցրել են առաջին սպառնալիքը՝ Հանրապետության հրապարակում տեղադրել Տիգրան Մեծի արձանը։ Այո՜, դիմավորենք և դիմակայենք։

ԽՈՅԱԿԻՑ ԽՈՏ
(թախծոտ կեսօր է, պահն է պամֆլետի)
Մի խոսքով, տամպլիերներն են հաղթարշավում և հնչեցրել են առաջին սպառնալիքը՝ Հանրապետության հրապարակում տեղադրել Տիգրան Մեծի արձանը։ Դուք զարմացա՞ծ եք։ Մի՛ զարմացեք, զի Տիգրան Մեծ արքայից արքան, այո, ահռելի ջանքերի գնով ձևեց-կերտեց հայոց կայսրությունը, ազատագրեց շրջակա երկրները՝ նրանց իսկ վայրագ կառավարիչներից, բնակեցրեց երկրի սրտում գաղթյալ հրեաների, մայրաքաղաք Տիգրանակերտի պահպանությունը վստահեց հույն վարձկան պահակազորին, բայց ի զորու չեղավ նախ՝ հրաժարվելու հունադավությունից և այնուհետև՝ սանձելու ամբարիշտ որդուն՝ Տիգրան Կրտսերին, ով մասնատեց կայսրությունը։ Խորագետ մեր պատմաբանները զարմանահրաշ փաստեր են արձանագրել Տիգրան Մեծ արքայից արքայի տիրակալության փառահեղությունից։ Նրա օրոք հայկական մշակույթը տարածվում էր շուրջ 1 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա։ Նրա քաղաքական ազդեցության ընդգրկումները սարսափեցնում-հիացնում են՝ 3 միլիոն քառակուսի կիլոմետր։ Սակայն Տիգրան Բ-ի մեծագույն բացթողումը, ըստ իս, սա էր. թիկունքում ունենալով առնվազն մեկ հազարամյակի հայոց պետականության և քաղաքակրթության (մշակույթի և արվեստի) ահռելի ավանդույթը, նա հելլենիստական կարգի պետություն էր ստեղծում։ Սա էլ դարձավ նրա կործանման հիմքը (բորբոքված ընդդիմախոսներիս խնդրում եմ հանդարտվել)։ Բայց անդրադառնանք խոյակին և խոտին։ 1992 թվական։ Հրապարակը ցնծում էր, գահընկեց էր արվում բոլշևիկյան պետության ստեղծող-առաջնորդը (ոմանց համար նա կուստոմսի օրհնությամբ լենինյան ժառանգություն-պետության պահապան հրեշտակն էր, մանուկների համար Լենին պապին էր, երիտասարդությունը Գուլագ արշիպելագում անցկացրած վանեցի տպագրիչ վարպետ Մամիկոնի համար էլ՝ «Ղուշբազ Վալոդը», Լենինի արձանի պատվանդանի շուրջը բազմաթիվ աղավնիներ էին թրև գալիս, Մամիկոնը նրանց սկզբունքորեն չէր կերակրում)։ Արձանը տապալվեց, հոյաշեն պատվանդան-տրիբունան, բարեբախտաբար, պահպանվեց։ Մի իմաստուն առաջարկ էր շրջանառվում այն տարիներին՝ պահպանել պատվանդանը, ուղղակի ՀԽՍՀ դրոշը փոխարինել Եռագույնով։ 1996-ին հառաչում էր հրապարակը, ժամանակի ազատական վարչապետ Բագրատյան Հրանտն ու «անհայտ ծագմամբ» քաղաքապետ Միրզոյան Աշոտը որոշեցին քանդել պետական անկախության վերջնական կայացմանը խոչընդոտող պատվանդանը։ Եվ խոյակի փոխարեն ի հայտ եկավ խոտը՝ սիզամարգի տեսքով։
Մի խոսքով, հրովարտակում եմ լճիցլճյան տեսակետս՝ Հանրապետության հրապարակում պետք է վերականգնել պատվանդան-տրիբունան, վրան էլ տեղադրել Հանրապետության կոթողը։ Ի փառս այն դարաշրջանների, երբ հայկական պետություններ են կերտվել և պետականության մշակույթն են ժառանգել հետնորդներին։ Զորօրինակ, Արտաշես Աշխարհակալի, Արշակունյաց, Բագրատունյաց շրջափուլի, Կիլիկյան ժամանակաշրջանի և 2-րդ հայկական հանրապետությունները։ Անկասկած պատվանդան-տրիբունան պետք է պարտադրաբար վերականգնել Բագրատյան Հրանտի և Միրզոյան Աշոտի միջոցներով։

Սակայն արգո տամպլիերները մեր դատավճռին են սպասում, չանտեսենք նրանց, հենվենք ձեռքի տակ եղած նյութերի վրա՝ քաղված համացանցից։ Զորօրինակ սա. «Պատմաբանների կարծիքով՝ նրանք, ովքեր իրենց տամպլիերներ են անվանում, քիչ առնչություն ունեն օրդենի հետ։ Այնուամենայնիվ, ներկայիս տամպլիերները պնդում են, որ զբաղվում են բարեգործությամբ և խաչակիր ասպետների հետնորդներ են։ Բայց խորհրդանիշները՝ շրջված խաչերը, կրակը տաճարի գմբեթի տակ և այլն, հետազոտողներին թույլ են տալիս տամպլիերներին համարել սատանայապաշտական աղանդներից մեկը։ Պնդում են, որ աղանդի հետևորդները երկրպագում են այծի գլուխ ունեցող երկսեռ աստվածության։ Դրա խորհրդանիշը՝ շրջված հնգանիստը, օգտագործվում է սատանիստների սև մեսսաների արարողություններում»։
Սակայն հրապարակում է նաև հայ տամպլիերների կոմանդոր մեծարգո Բագրատ Լալայանի տեսակետը՝ բավականին վարդափրփուր ասելիքով։ Ըստ նրա, տամպլիեր-ասպետների համար կա մեկ պատմական նպատակ՝ քրիստոնեական սրբատեղիների և Սուրբ հողի, Երուսաղեմի պաշտպանությունը։ Արդիական նպատակների կամ տեղական խնդիրների շարքում են համագործակցությունն ազգային եկեղեցիների, ազգային դավանանքների հետ։ Նաև՝ աշխատանք երիտասարդության հետ։ Հարկավ դեմ չեմ, որ տիար Լալայանն ու մյուս ասպետները շենացնեն Հայաստանը, ի մասնավորի, լեթարգիկ ննջից դուրս բերեն սահմանամերձ գյուղերը։ Առայժմ հայ տամպլիերները գերհավակնոտ առաջարկով են հրապարակ իջել՝ կանգնեցնել Տիգրան Բ-ի արձանը։
Մի խոսքով, անհամբեր սպասում եմ (Դուք ևս սպասեք), որ արդի հայ քաղաքական մտքի «տիտաններն» իրենց դատավճիռներով կա՛մ կկասեցնեն հայ տամպլիերների ոտնձգությունները, կա՛մ էլ կխթանեն դրանք։

ԼԻՐ ԱՐՔԱՅԻ ՄՌՆՉՈՑԸ
(երեկոն զրնգուն տրամադրում է սարկազմի)
Պոետ Հովհաննես Ղազարյան, դատարկ միջավայրին տիրում են այսօր սինլքոր հացկատակները, ամենուր են թատերական գահերը, Համլետի հոր ուրվականները, ԼԳՏԲ-ականներն (լեսբուհի-գեյ-տրանսվեստիտ-բիսեքսուալներ) ու աղանդավորները։ Այսինքն, հանրապետությունը բարեփոխվում է և բարգավաճում։ Մենք ընդառաջ ենք գնում համաշխարհային մարտահրավերներին՝ հպարտ, անսասան, բայց և այնպես՝ հլու։ Մի խոսքով, Լիր արքայի մռնչոցից գուցե արթնանան նորհայկական-թատերական առյուծները։ Արթնանան և գահընկեց անեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ