«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է

Խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է
22.01.2016 | 10:08

Ասեմ միանգամից. ներկայիս տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներին Հայաստանը բացարձակ պատրաստ չէ: Բացի տնտեսության անմխիթար վիճակից, չկա տնտեսության առողջացման որևէ տակտիկական կամ ռազմավարական ծրագիր: Ամեն ինչ մատնված է ինքնահոսի, հանձնված է ճակատագրի քմահաճույքին: Իշխանություններն անընդհատ սպասումների մեջ են, սպասելը սպասում են, բաղձալի երկունքը չկա ու չի էլ երևում: Բաց են թողնված Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորությունները։ Նման է, որ մեր կողքով է անցնելու նաև Իրանի Իսլամական Հանրապետության մեծ հեռանկարներ ունեցող գնացքը՝ Իրանի վրայից միջազգային պատժամիջոցները հանելուց հետո: Մինչև ե՞րբ: Ասեմ նաև, որ իր պատմության վերջին հազարամյակների ընթացքում Հայաստանը երբեք այսպիսի նպաստավոր իրավիճակներում չի հայտնվել: Աշխարհաքաղաքական խաղերում Հայաստանը կարծես թե ստանում է անցողիկ զինվորի կարգավիճակ՝ նախկին «պեշկայի» փոխարեն: Ճշգրիտ հաշվարկների վրա հիմնված հետևողական արտաքին և ներքին քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը կարող է իր միջազգային դիրքերը ամրապնդել այն աստիճանի, որ համաշխարհային քաղաքականության օբյեկտից վերջապես վերածվի ու դառնա համաշխարհային քաղաքականության սուբյեկտ: Ի՞նչ է պետք անել, որ պատերազմական լարվածության կիզակետում հայտնված մեր երկիրը շատ չտուժի, որ ստեղծված իրավիճակից օգուտներով դուրս գա: Միակ բանը, որը մենք կարող ենք անել, առանց փչացնելու երկրի գործերը, արդյունավետ աշխատանքն է: Պետք է աշխատել, աշխատել ջանասիրաբար, աշխատել ազգովին, վերակենդանացնել ու առաջ մղել մեր արդյունաբերությունը, զարգացնել մեր գյուղատնտեսությունը: Լեռնահանքային արդյունաբերության զարգացման ներկայիս դրվածքին ես դեմ եմ: Հարստացված կամ անմշակ հանքաքար արտահանելով հեռու չես գնա: Բացառում եմ, որ երբևէ Հայաստանը կարողանա դառնալ նաև սպասարկող երկիր, Հայաստանը մեծ հույսեր չի կարող կապել տուրիզմի հետ: Որքան էլ զարմանալի թվա, համարվելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետ, ես լավատես չեմ նաև այդ կարևոր ոլորտում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, դեմ եմ այդ կարևորագույն ոլորտի ներկայիս մակերեսային ու ֆետիշացված ընկալմանը: Գործազրկության պայմաններում այդ ոլորտը շարունակում է կլանել մեր կադրային սերուցքը՝ վտանգի տակ դնելով գիտատար այլ ոլորտների զարգացման հեռանկարները: Ո՞րն է ելքը, ո՞րն է մեր տնտեսության զարգացման ճշմարիտ ուղին:
Ելքը հետևյալն է։ Հայաստանում, սփյուռքի ակտիվ մասնակցությամբ, պետք է ստեղծվեն արտահանմանը միտված մրցունակ արդյունաբերություն ու առավել մրցունակ գյուղատնտեսություն: Տարբերակները շատ են: Ակադեմիկոս Պարիս Հերունին համոզված էր, որ Հայաստանի արդյունաբերությունը պետք է դրվի նոր ռելսերի վրա, կուտակի ուժերը և անցում կատարի դեպի արևային տեխնիկայի զարգացող ու հեռանկարային ոլորտը: Հերունու «Արև» էլեկտրակայանների պահանջարկը միջազգային շուկայում հսկայական էր: 1993 թվականին 100 միլիարդ դոլարի արևային էլեկտրակայանների պահաջարկ էր ներկայացրել միայն Չինաստանը: Արևային տեխնիկայի զարգացումը մեզ համար շատ իրատեսական է նաև այն առումով, որ իր տեխնիկա-տեխնոլոգիական առանձնահատկություններով այդ ոլորտը համատեղելի է գիտական սարքաշինության, էլեկտրոնիկայի, մեքենաշինության, հաստոցաշինության ու գիտատար արդյունաբերության այլ կայացած ճյուղերի հետ, կան բավարար գիտական, ինժեներական ու որակյալ բանվորական կադրեր: Հերունու «Արև» ծրագրի կոնտեքստում պետք է դիտարկել նաև իմ մշակած հելիոֆիկացիայի ծրագիրը, որը ենթադրում է բազմաֆունկցիոնալ անհատական հելիոհամակարգերի զանգվածային արտադրության կազմակերպումը Սպիտակի երկրաշարժի գոտում, դրանց մասսայական կիրառումը (հելիոֆիկացիա) Հայաստանի ու Ղարաբաղի գյուղերում, դրանց արտահանումը դեպի 8 տրիլիոն դոլարի ծավալներ ենթադրող միջազգային շուկա: Ցավոք, մեր ծրագրերը կյանք չեն մտնում՝ հիմնականում իշխանական-օլիգարխական անգրագետ դատողությունների պատճառով: Չկան տեղական ներդրումներ, չկա նպաստավոր բիզնես միջավայր, հուսադրող չեն դրսից սպասվող ներդրումների անվտանգության ապահովման երաշխիքները և այլն: Արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք. գործազրկություն, օրեցօր թուլացող տնտեսություն, ահագնացող արտագաղթ, կոռուպցիա ու վստահությունը կորցրած իշխանությունների անճարակության բազմաթիվ այլ դրսևորումներ: Այսպես շարունակել չի կարելի, պատմությունը մեզ չի ներելու: Մեր շարունակվող անգործությամբ մենք հանցանք ենք գործում մեր ազգի, մեր ապագա սերունդների, մեր հայրենիքի ապագայի նկատմամբ: Եթե մեր իշխանությունները կամք դրսևորեն, դադարեցնեն իրենց թալանն ու ասպարեզը զիջեն մեր պրոֆեսիոնալ մասնագետներին, գիտնականներին ու արդյունաբերողներին, ապա Հայաստանը շատ արագ կարող է դուրս բերվել ներկայիս տնտեսական կոլապսից: Գիտությունն է, որ կարող է մրցունակ տնտեսություն ստեղծել` կես քայլով առաջ անցնելով մրցակիցներից: Դա համաշխարհային առևտրային պատերազմի պայմաններում տնտեսական հաջողության հասնելու փորձված միջոց է: Մի կողմ թողնելով հելիոֆիկացիայի իմ համալիր ծրագիրը, որը շատերի համար այդպես էլ անհասկանալի ու անըմբռնելի մնաց, հնարավոր է իր խիստ գիտատարության պատճառով, ես առաջարկում եմ Հայաստանում իրագործել մի հեռանկարային բիզնես նախագիծ, որի միտքը իմ մեջ ծագեց 2015 թվականի խաղողի ու վարունգի պատմություններից ելնելով:
Թե ի՞նչ կատարվեց մեր գյուղերում արտադրված 310 հազար տոննա խաղողի աննախադեպ բերքի հետ, հայտնի է բոլորիս: Այդ առատ բերքը մեր գյուղացիների գլխին փորձանք դարձավ: Գարնանը մեր պատկան մարմինները խոստանում էին, որ խաղողը, մինչև վերջին հատիկը, ընդունվելու է 150 դրամով, հետո 120 դրամով, վերջում ընդունվեց 50 դրամով կամ չընդունվեց: Շատերի մոտ բերքը մնաց դաշտում՝ մեծ վնասներ հասցնելով գյուղացիներին: Ինչո՞ւ: Պարզվում է՝ Ռուսաստանում մեր գինին չի վաճառվել, հավաքված բերքը հասել է մթերակայան, հյութը չռալով գնում է ու նոր է պարզվում, որ հայկական գինիները Ռուսաստանում չեն վաճառվում, հետևաբար փող չկա: Ի՞նչ է, գարնանը դա պարզ չէ՞ր: Ի միջի այլոց, ՀՀ գյուղնախարարը այսօր ոչ թե պետք է հպարտությամբ խոսեր բերքի 16-տոկոսանոց աճի մասին, այլ ՀՀ դատախազությանը ու մեր հասարակությանը բացատրություններ տար կորցրած խաղողի յուրաքանչյուր ողկույզի ու երկրին հասցրած մասշտաբային տնտեսական վնասի վերաբերյալ։ Շատ ցավալի է, բայց վնասը 2015 թվականով չի սահմանափակվելու, արդեն կասկածի տակ է դրվում հաջորդ տարիների խաղողի բերքը: Լուրեր են պտտվում, որ գյուղացիները այս տարի խաղողը չեն թաղել, այգիները կարող են ցրտահարվել: Նման դեպքերում Ստալինը հարցը լուծում էր գեղական կարգով՝ մեղավորները մեկիկ-մեկիկ գնդակահարվում էին: Ժամանակակից Չինաստանում ստալինյան այդ մեթոդը հիմա էլ է կիրառվում պետական վնասարարների ու կաշառակերների նկատմամբ: Չնայած իր դաժանությանը, այն ստիպում է, որ չինովնիկները նախօրոք մտածեն ու ստեղծված իրավիճակներից ելքեր փնտրեն՝ գոնե իրենց կաշին փրկելու հույսով: Ստալինի ժամանակ չինովնիկների կաշին փրկելու փորձված միջոցներից է եղել գիտնականների օգնությանը դիմելը, ինչը, ցավոք, նորանկախ Հայաստանում ընդունված չէ: Նման ճգնաժամային իրավիճակներում գիտնականները միշտ էլ կարողացել են ելքեր գտնել: Ավելին, տնտեսական, քաղաքական, ռազմական և այլն ճգնաժամերը մշտապես դարձել են նախապայման՝ գիտության, տեխնիկայի ու ընդհանուր տնտեսության տեմպային զարգացման համար:
Եվ այսպես, խաղողի պատմությունը առիթ դարձավ մտածելու մեր պայմաններում տնտեսությունը զարգացնելու հետևյալ տարբերակի մասին: Մեր գյուղերում պետք է կազմակերպել արևային վերամշակող գործարաններ՝ գյուղմթերքները տեղում վերամշակելու համար: Գյուղական արևային գործարանները նախագծելու ժամանակ հաշվի են առնվելու տեղական հումքի պրոֆիլն ու ծավալները: Արևային վերամշակող գործարանները նորություն են. աշխարհում նման գործարաններ դեռևս չկան: Նախագծի հեղինակն է ճարտարապետ Գայանե Համազասպյանը: Ծրագրի իրականացումը թույլ կտա, որ գյուղմթերքները, հատկապես շուտ փչացողները, վերամշակվեն տեղում: Դա համաշխարհային պրակտիկայում ընդունված ձև է: Հայտնի են գերմանական վերամշակող գործարաններն անիվների վրա, որոնց միջոցով կազմակերպվում է ջեմերի ու մուրաբաների արտադրությունը հենց այգիների տարածքում: Կան գինու հանրահայտ գործարաններ, որոնք կառուցված են խաղողի այգիներում՝ գետնի տակ: Այդպես է արտադրվում, օրինակ, գերմանական «Մոզել» թանկագին գինին: Օրինակները շատ են: Մեր գինու գործարանները նախատեսված են եղել խորհրդային սպառողների համար, երբ մարդիկ մեկ շիշ էժանագին հայկական կամ մոլդովական գինի գնելու համար ստիպված էին ժամերով սպասել իրենց հերթին: Ժամանակները փոխվել են: Հիմա ռուս սպառողը ժամերով չի սպասում, այլ ժամերով մտածում է, թե ի՞նչ որակի՝ գերմանական կամ ֆրանսիական գինի է պետք այս անգամ գնել, գնին էլ չեն նայում: Մեր գինու անհաջողությունը միայն ռուսական ռուբլու անկման հետ չի կապված, որակը չի բավարարում: Պետք է մշտապես մտածել հայկական արտադրանքի որակի բարձրացման մասին, դա մշտական աշխատանք ու ծախսեր է պահանջում, որը արտադրողները այնքան էլ չեն անում:
Արևային վերամշակող գործարանները թույլ կտան, որ հայկական արտադրության գյուղմթերքները միջազգային շուկաներում հսկայական մրցակցային առավելություն ստանան հետևյալ պատճառներով.
ա) հումքի վերամշակումը տեղում կապահովի արտադրանքի բարձր որակը,
բ) կբացառվի հումքի փչացումը բեռնափոխադրումների ժամանակ,
գ) կնվազի արտադրանքի ինքնարժեքը,
դ) արևային տեխնոլոգիաների կիրառումը թույլ կտա փոխել հայկական արտադրության սննդամթերքի ստատուսը, այն տեղափոխելով դեպի միջազգային շուկայի էկոլոգիապես մաքուր սննդի ու մանկական սննդի թանկարժեք հատվածը:
Հայաստանում ու Ղարաբաղում կարելի է կառուցել մինչև 500 արևային վերամշակող գործարան: Առաջիկայում մեր սուրբ պարտքն է լինելու աշխատել այնպես, որ հայկական բարձրորակ սննդամթերքով կարողանանք զբաղեցնել թուրքական գյուղմթերքների ռուսական ու եվրա-ամերիկյան շուկաները:
Գնդակը ես ուղարկում եմ ՀՀ կառավարության դաշտը, թող արձագանքեն ներքևից եկող այս գործնական առաջարկին ու ցույց տան իրենց իշխանական էությունը: Մենք էլ հերթական անգամ ականատես կլինենք, թե մայր հայրենիքում իրականում ի՞նչ ճակատագրի են արժանանում մեր գիտնականների կարևոր նախագծերը: Այս նախագիծը 500 գործարանով չի ավարտվելու: Արևային վերամշակող գործարանները կարող են արտադրվել նաև այլ երկրների, օրինակ, Իրանի համար, դառնալ արտահանմանը միտված ինքնուրույն արտադրանք: Խնդրեմ, ևս մեկ փայլուն հնարավորություն խոշոր բիզնես կազմակերպելու ու երկրաստեղծ արդյունաբերություն ունենալու համար: Եթե հոլանդացիներին հաջողվում է իրենց քարթուացած ջերմոցները վաճառել Հայաստանում՝ որպես վարդերի գերժամանակակից տեխնոլոգիաներ, ինչո՞ւ հայերս չենք կարող արևային բուն հայկական գերժամանակակից տեխնոլոգիաները մտցնել շրջանառության մեջ՝ գրավելով վերամշակված գյուղմթերքների միջազգային շուկայի էլիտար հատվածը: Եթե Աստծո ճանապարհներն անքննելի են, ապա մեր երկրի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհները անթիվ են ու անհամար. լսող չկա, խանգարողներ՝ որքան ուզես: Հայաստանի տնտեսության վերականգնման հարցերում մեր սեփական գիտության հնարավորությունները անսահման են, պետք է կարողանալ օգտագործել ու օգտվել, չի կարելի հապաղել, առաջիկայում նոր փորձություններ են սպասվում, պետք է զգոն լինել: Արևային վերամշակող գործարանների հարցում սպասում ենք, որ մեր գյուղապետերն ու գյուղացիները ակտիվություն կցուցաբերեն: Հիշենք, որ խեղդվողների փրկությունը միայն խեղդվողների գործն է:

Բազային արևային գործարանի հիմնական տվյալները
Տարեկան արտադրանքը. արևային քաղցրավենիք՝ 150 տ (800 տոննա խաղողի հումքի օգտագործում), բադրիջանի պահածո (արևային)՝ 50 հազար պայմանական տուփ, չրեղեն՝ 100 տ, արևային մուրաբաներ՝ 50 հազար պայմանական տուփ, հյութեր՝ 100 հազար լիտր:
Արտադրական մակերեսները՝ 500 քմ, արևային սարքերի հզորությունները. ջերմային հզորությունը՝ 300 կՎտ, էլեկտրականը՝ 15 կՎտ, աշխատողների թիվը՝ 10-15 մարդ:
Արևային գործարանին կից կարող է կազմակերպվել գյուղական դպրոցի, մանկապարտեզի, հիվանդանոցի ջեռուցումը: Կից կարող է գործել բաղնիք-լվացքատուն և այլն:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, Հայաստանի մտավորականների
խորհրդի անդամ

Դիտվել է՝ 3646

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ