Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Խնդիրը Կիրի՞լն է. ո՛չ, խնդիրն ավելի խոր է

Խնդիրը Կիրի՞լն է. ո՛չ, խնդիրն ավելի խոր է
22.01.2016 | 01:18

Որոշակի շրջանակներ և ոչ այնքան խոր դատող առանձին մարդիկ վերջին մոտավորապես 15-20 օրը մի գլուխ նոր «խնդիր» են դնում-վերցնում. բա գիտե՜ք, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքը Ծննդյան տոների առթիվ Կիսելյովին տված հարցազրույցում «ժխտել է Հայոց ցեղասպանությունը»։ Ինչպես այդ «խաղի» իմաստը հասկացողների, այնպես էլ նրանց զայրույթը, ովքեր չեն էլ լսել այդ հարցազրույցը և տուրք են տալիս միտումնավոր «բորբոքված» այդ իրարանցմանը, սահման չունի։ Ինչպե՞ս է համարձակվե՜լ... Դպրո՜ց թող գնա... Պատմության դասագրքե՜րը թերթի... Միայն թե մեր զայրացկոտները մոռանում են ճշտել, թե հատկապես ո՞ր դպրոցը կուզեին, որ «հաճախեր» Կիրիլ պատրիարքը և պատմության որ դասագրքերը սերտեր։ Հայո՞ց։ Գիտե՞ք, ես նման մի բանի առնչվել եմ։ Մի առիթով 2005 թ. թերթում էի մեր հայկական դպրոցների համար նախատեսված հատուկ դասագիրքը, որ գրված էր հայի ձեռքով, Ցեղասպանության պատմության հարցի մասին, հաստատված մեր հանրապետության գիտության և կրթության նախարարության կողմից։ Եվ ահա մի էջում, որում շարադրված էր այն ողբերգությունից 50 տարի անց տիրող իրավիճակը, մասնավորապես խոսվում էր Երևանում և սփյուռքում ծայր առած ժողովրդական շարժումների, Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի շինարարության մասին և այլն, և այլն, հանկարծ կարդում եմ. «հիսունամյակին նվիրված տոնախմբություններ»...

Միգուցե այս կամ այն հարցում «կիրիլների» գրագիտությունն ու անգրագիտությունը «ստուգելուց» առաջ մենք նախ մեր անգրագետներով ու ծախվածներով զբաղվենք ¥իսկ հայ հանրությունը մոտավորապես գիտե, թե ով և ում էր «հավաքագրել» քարոզելու Թուրքիայի հետ թուրքական պայմաններով հարաբերությունները կարգավորելու օգտին¤։ Եվ իրենց արժանի տեղը դնենք դրանց։ Եթե մենք առայժմ համազգային մակարդակով պարսավանքի չենք ենթարկել այդ «խաղերը» ¥լինեն դրանք «ֆուտբոլի», թե «շախմատի»¤ Թուրքիայի և այդ երկրի խնամարկյալների հետ, եթե մեր մեջ կան այնպիսիք, ովքեր պատրաստ են «ախպերանալու» օսմանցիների հետ, ապա մենք ի՞նչ իրավունքով ենք ինչ-որ մարդկանցից ինչ-որ հակաթուրքական բան պահանջում։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Ո՛չ բարոյականությունը, ո՛չ պատմությունը չեն ների Հայաստանի վերջին տասնամյակների «կառավարիչներին» ու այսպես կոչված «կառավարող վերնախավերին»` Թուրքիայի և թուրքերի նկատմամբ նման թողտվությունը։ Խնդրեմ, տեսեք, հիմա արդեն իրար հետևից հրապարակվում են ժամանակակից Թուրքիայի տարբեր քաղաքների ղեկավարների հայտարարությունները, ուղղված... 1915 թ. Հայոց ցեղասպանության հանցակից քրդերին։ Այսինքն` «խելքի եկեք», այլապես դուք էլ հայերի բախտին կարժանանաք։ Բայց ո՛չ բարոյականությունը, ո՛չ պատմությունը չեն ների նաև մեզ բոլորիս, որովհետև... մենք լռելյայն հանդուրժում ենք նրանց, ովքեր «խաղացել» և շարունակում են «խաղալ» Թուրքիայի ու թուրքերի, ինչպես նաև նրանց խնամարկյալների հետ։
Հիմա Կիրիլ պատրիարքի մասին։ Պարզ է, որ նրան հանձնարարել են (կամ էլ խնդրել) բարձրաձայնել մի բան, ինչից կհետևեր, որ նույնիսկ Օսմանյան կայսրությունում չի եղել այնպիսի ֆաշիստական վարչակարգ, ինչպիսին Էրդողանի և տխրահռչակ «չափավոր իսլամիստների» վարչակարգն է։ Համաձայնենք Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ` Կիրիլ պատրիարքն ու հաղորդավար Կիսելյովն այդ բանն արեցին «շատ անհաջող», նույնիսկ անասելի վատ։ Ազնիվ լինենք. Կիրիլի խոսքում ակնարկ իսկ չկա Հայոց ցեղասպանության ժխտման մասին։ Եվ Ռուս ուղղափառ եկեղեցու մամուլի ծառայության հետագա ճշգրտումը, թե Հայոց ցեղասպանության հարցում եկեղեցու և նրա առաջնորդի դիրքորոշումը չի փոխվել (այսինքն, Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչում ու դատապարտում է հայերի նկատմամբ թուրքերի հանցագործությունները), թեև անհամարժեք հնչեց Կիրիլի հարցազրույցում, այդուամենայնիվ, վերացնում է այն խնդիրը, որ Երևանում ուժգնորեն ձգտում էին «մատից ծծել»։ Ոչ ոք չունի կարիքը «արդարացնելու» Կիրիլին ու Կիսելյովին, բայց հարց է ծագում` նույնիսկ անկախ Հայոց ցեղասպանությունից, մի՞թե պատրիարքն ու Կիսելյովը չէին պատրաստվել այդ հարցազրույցին և չէին ընթերցել գոնե մի 100 էջ Օսմանյան կայսրության պատմության, արդեն շունչը փչող այդ կայսրության տարածքում շարունակ բորբոքվող քրիստոնյաների ապստամբությունների և այն մասին, թե ինչպես էին թուրքերը վարվում քրիստոնյաների հետ։ Ի դեպ, մեր ժողովուրդը, ըստ էության, ցավոք. օսմանցիների դեմ ապստամբություն չէր էլ բարձրացրել... Այ, եթե բարձրացրած լիներ, ապա կարող է արդեն Բեռլինի կոնգրեսից հետո վերականգնած լիներ իր անկախությունը և ոչ թե կսպասեր, թե երբ են ոչ ռուս բոլշևիկները տապալելու ցարին կամ ԽՄԿԿ կենտկոմի խորքերում գործող մի խումբ օտարերկրյա գործակալներ փլուզելու նախկին Խորհրդային Միությունը։
Տարօրինակ է, երբ ինչ-որ մեկը, թեկուզ Ռուսաստանի պետական պաշտոնյա չլինի էլ (և, հետևաբար, ոչ մի պատասխանատվություն չկրի բարոյականից բացի), սկսում է անարգել ռուսական բանակի առնվազն տասնյակ հազարավոր զինվորների ու սպաների հիշատակը, ովքեր զոհվել են ռուս-թուրքական բոլոր պատերազմների ժամանակ։ ՈՒ չէ՞ որ այդ պատերազմների մեծ մասը տեղի է ունեցել հենց օսմանյան լծից քրիստոնյաների ազատագրման նշանաբանով։ Մեկ անգամ ևս ընդգծեմ` չկա հայ, ուրեմն չկա նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման պատմություն, որոնց ակունքները գալիս են դեռ Կիևյան Ռուսիայից, էլ չենք խոսում Իվան Ահեղ ցարի կառավարման ժամանակների մասին։ Չկան նաև հայերի դեմ 1915-23 թթ. թուրքերի կատարած հանցագործություններ։ Բայց չէ՞ որ, ի վերջո, կա Ռուսաստանի պատմություն։ Կան ռուսաստանյան արխիվներում պահպանվող փաստաթղթեր, որոնք վկայում են, թե իրենից ինչ է ներկայացրել Թուրքիայի ու նրա արբանյակների վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսների նկատմամբ։ Կան, վերջապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի լայնորեն հայտնի էջեր, որոնք ապացուցում են, որ եթե 1942-ին խորհրդային բանակը պարտություն կրեր Ստալինգրադում, ապա ամբողջ Կովկասը կօկուպացվեր հենց Թուրքիայի կողմից, ոչ թե Գերմանիայի։ Եվ թե ինչ հետևանքներ կունենար թուրքական օկուպացիան Կովկասի քրիստոնյա ժողովուրդների համար, կարծում եմ, ոչ ոք ոչ մի կասկած ունենալ չի կարող։ Որովհետև Հայոց ցեղասպանությունից հետո թուրքերը նպատակասլաց ու արագ ոչնչացնում էին նաև մյուսներին, ընդ որում, ոչ միայն քրիստոնյաներին. պոնտացի հույներին, ասորիներին, եզդիներին, դերսիմցի զազաներին...
Մի՞թե Ռուսաստանում չէին փնտրում ապաստան ու պաշտպանություն հակաթուրքական ապստամբությունների մասնակիցներն ու նրանց ընտանիքների անդամները Հունաստանից, Բուլղարիայից ու Սերբիայից։ Միգուցե Կիրիլն ու Կիսելյովը մոռացել են, թե այդ ինչպես է եղել, որ ռուսական բանակի սպաներ էին դարձել (իսկ մինչ այդ սովորել էին ռուսական զինվորական հաստատություններում) Ռուսաստանի պատմության մեջ (հաճախ նաև համաշխարհային պատմության մեջ) լայնորեն ճանաչված այնպիսի ազգանուններ, ինչպիսիք են Միլորադովիչները, Ալբենեզիչները, Շևիչները, Պրեռադովիչները, հույն գեներալներ Ֆ. Պ. Ալեքսապոլը, Ա. Ի. Բալան, Պ. Ե. Բեռնադոսը, Ե. Ի. Վլաստովը, Դ. Դ. Կուրուտան, Ա. Պ. Մելեսինոն, Ս. Խ. Ստավրակովը (ընդ որում` այդ հույներից միայն երկուսն են եղել ռուսահպատակ) և շատ ու շատ ուրիշներ։ Իսկ ինչպե՞ս հույները հայտնվեցին Հյուսիսային Կովկասում։ Կամ սերբերը` ժամանակակից Դոնբասում, նախկին կազակական Դոնի մարզում։ Ստացվում է` սա՛ էլ մենք, հայերս, պետք է «պատմենք» ժամանակակից ռուսներին, ի դեմս Կիրիլ պատրիարքի և հեռուստալրագրող Կիսելյովի։ Կպատմենք, մեզ համար դժվար չէ...
Ի՞նչ առանձնահատկություն ունեն մեր դիտարկումները։ Այն, որ հալածանքների, ցեղասպանության և անգամ ազգասպանության ենթարկվել են ոչ թե պարզապես քրիստոնյաներ, այլ ուղղափառ քրիստոնյաները, ռուսներ և ինքնըստինքյան Ռուս ուղղափառ եկեղեցու լիակատար դավանակիցները։ Ի՞նչ է, ուղղափառ եկեղեցիների զավթումն ու դրանց վերածումը մզկիթների քրիստոնյաների հալածանք չե՞ն։ Ապացույցներ եք ուզո՞ւմ։ Հեռու գնալ պետք չէ. գնացեք Կոստանդնուպոլիս և զննեք ուղղափառ եկեղեցու երբեմնի մարգարիտը` հունական Այա-Սոֆիա տաճարը։ Ավելի փոքր կրոնական օբյեկտների մասին պետք չէ խոսել։ Իսկ դարեր ի վեր առևանգվող կանայք ու երեխանե՞րը, և հենց ուղղափառ սլավոններից` Բալկանների, թե Ռուսիայի։ Սա քրիստոնյաների հալածանք չէ՞ Օսմանյան կայսրության ու նրա արբանյակների կողմից։ Իսկ երբ առևանգված սլավոնացի երեխաներից, այսպես կոչված, «ենիչերիներ» էին դաստիարակում և նրանց ուղարկում կռվելու և սպանելու իրենց պես սլավոնների, պարզապես քրիստոնյաների, դա ի՞նչ էր, թուրքերի հանցագործություն չէ՞ր ընդդեմ քրիստոնյաների։ Իսկ երբ հարյուր հազարավոր, անգամ միլիոնավոր հայերի, վրացիների, հույների, սերբերի, բուլղարների և այլոց բռնությամբ դավանափոխ էին անում և մահմեդականություն էին պարտադրում, սա ի՞նչ է, թուրքերի հանցագործություն և քրիստոնյաների հալածանք չէ՞։ Մի՞թե Կիրիլ պատրիարքն ու Կիսելյովը չեն հասկանում, որ արդի պայմաններում մի ինչ-որ Բոսնիայի և Հերցեգովինայի գոյությունը հետևանք է թուրքերի հանցագործության, որոնք դեռ միջնադարում տանջալից մահվան սպառնալիքով մահմեդականություն պարտադրեցին սերբերի մի մասին, ու հիմա նրանցից սերված նոր օսմանցի թուրքերը` ԱՄՆ-ի կառավարիչները, ջանադրաբար «բոսնիացի մահմեդականներ» նոր ազգ են կազմավորում։
Անհնար է պատկերացնել` որտե՞ղ են այդ հարցազրույցի մասնակիցները «դրական բան» տեսել Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում։ Կիրիլին ու Կիսելյովին հիշեցնենք Օսմանյան Թուրքիայի վառ ժառանգորդ քեմալական Թուրքիայի հանցագործությունները քրիստոնյաների հանդեպ. 20-րդ դարի 30-ական թվականների վերջ` հանցագործություններ հայերի ու ասորիների նկատմամբ Սիրիայից խլված Հաթայի սանջակում, 20-րդ դարի 50-ական թվականներ` հույների կոտորած և արտաքսում Կոստանդնուպոլսից ու Անատոլիայից, 1972 թվական` Հյուսիսային Կիպրոսի զավթում և հանցագործություններ հույների ու հայերի նկատմամբ։ Այնպես որ, լավ կլիներ Կիրիլի և Կիսելյովի խորհրդատուները ավելի բարեխիղճ գտնվեին և նման ամոթալի վիճակի մեջ չդնեին իրենց շեֆերին։ Մեկ անգամ էլ եմ ընդգծում, հարցը հայերն ու Թուրքիայի նկատմամբ կամ Ծննդյան տոների կապակցությամբ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հարցազրույցի նկատմամբ մեր վերաբերմունքը չէ։ Հարցն այն է, որ այդ հարցազրույցը այդ տեսքով եթեր տալով Կիրիլ պատրիարքն ու հեռուստալրագրող Կիսելյովը աներկբայորեն անարգել են տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր թե՛ ռուս զինվորների ու սպաների, թե՛ օսմանյան լծի դեմ ապստամբած քրիստոնյաների հիշատակը։
Եվ վերջում այն մասին, ինչն այնքան ուժգնորեն կեղեքում է մարդկանց հոգին. իսկ ո՞ւր է հրապարակային արձագանքը նրանց, ովքեր իրավամբ և հանրության շրջանում իրենց զբաղեցրած դիրքով պարտավոր էին առաջինը հանդես գալ։ Ես նկատի ունեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու` Ռուս ուղղափառ եկեղեցու եղբայր եկեղեցու բարձրագույն հոգևոր առաջնորդներին։ Մի՞թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես նաև Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, մի՞թե Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները համարում են, թե «դա իրենց գործը չէ»։ Կիրիլը ամենաբարձրաստիճան քրիստոնեական առաջնորդներից մեկն է, որոնք խորհրդանշական կերպով եկել գլուխ են խոնարհել Ծիծեռնակաբերդում, սգալից լռությամբ պսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Ի վերջո, ո՞վ պետք է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին առաջին հերթին հիշեցներ այն մասին, որ 2015 թ. նրա եղբայր Հայ եկեղեցին սրբադասեց այն բոլոր հայ քրիստոնյաներին, ովքեր սպանդի են ենթարկվել Օսմանյան կայսրությունում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ