Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Ռուս ուղղափա՞ռ, թե՞ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են ՀՀ հանրային խորհրդի անդամները

Ռուս ուղղափա՞ռ, թե՞ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են ՀՀ հանրային խորհրդի անդամները
21.01.2016 | 13:05

Ժանրի կանոններով՝ ՀՀ հանրային խորհրդի հայտարարությանը պիտի անդրադառնայի 12 օր հետո, ինչպես նրանք հունվարի 7-ի իրադարձությանն անդրադարձել են հունվարի 19-ին, բայց ես «խախտում եմ» ժանրի կանոնները՝ չունենալով անպարագիծ պատասխանատվությունը, որ ունի Հանրային խորհուրդը: Հայտարարությունն անդրադարձ է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դարակազմիկ հայտարարությանը, որ, ինչպես Հանրային խորհուրդն է ձևակերպել, «Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնված ազգերի շրջանում տարակուսանք է առաջացրել պատրիարքի այն պնդումը, թե Օսմանյան կայսրությունն իր հպատակների համար եղել է կարգուկանոնի ու խաղաղության երաշխավոր: Պատրիարք Կիրիլը` որպես քրիստոնեական և մահմեդական քաղաքակրթությունների միջև փոխհարաբերությունների պատմության բացասական օրինակ, բերել էր մահմեդականների կողմից քրիստոնեական Բյուզանդիայի նվաճման փաստը` «մոռանալով» նշել այդ մահմեդականների էթնիկ պատկանելությունը: ՈՒստի անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Բյուզանդիան նվաճվել է թուրք օսմանների կողմից, և հենց այդ նվաճման արդյունքում էլ ստեղծվել է Օսմանյան կայսրությունը: Իսկ որպես դրական օրինակ` պատրիարքը կրկին բերել էր նույն Օսմանյան կայսրությունը` պնդելով, որ այնտեղ իբրև թե քրիստոնյա ժողովուրդներին ոչ ոք չէր ոչնչացնում»: Իրավ, Հանրային խորհրդի անդամները պատմական անխոտելի էքսկուրս են արել ու արձանագրել՝ ինչ եղել է ու կա, բայց՝ այդքանը: Վերադառնալով մեր օրեր՝ նրանց չեն հերիքել ոչ ամբողջական տեղակատվությունը, ոչ պատմական ու քաղաքական փաստերի համադրման կարողությունը, ի հետևանս ստացվել է հայտարարություն՝ հայտնի չէ՝ ինչի մասին ու ինչի համար: Եթե Հանրային խորհուրդը ուզում էր իր արդարացի բողոքը կամ անհամաձայնությունը հայտնել Համայն Ռուսիո պատրիարքի հնչեցրած տեսակետին, նախ պիտի պարզեր՝ Ռուս ուղղափառ եկեղեցին ի՞նչ վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանությանը, որից հետո այդ պաշտոնական վերաբերմունքը համեմատեր՝ համադրեր կամ հակադրեր պատրիարքի տեսակետին ու աներ եզրակացություն: Իսկ եթե այդքան կարևոր էր զուգահեռել աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների տեսակետները, փայլուն առիթ էր ՌԴ Պետական դումային ևս հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը քաղաքական խաղալիք չէ, որ իրենց անհրաժեշտ պահին հիշեն ու խաղան, անցանկալի պահին մոռանան՝ հանուն Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության: Եվ վերջապես երրորդ՝ Հայ առաքելական եկեղեցին Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ չէ, հոգևո՞ր, թե՞ քաղաքական նկատառումներով են Հանրային խորհրդի անդամները գրում. «Մենք միշտ հարգանքով լսում էինք պատրիարք Կիրիլի քարոզները` ընկալելով դրանք որպես տիեզերական բարեգթության դրսևորում, տեսնելով դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն»: Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի քարոզները ռուսները երբևէ լսե՞լ են իբրև «տիեզերական բարեգթության դրսևորում» կամ տեսե՞լ են «դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն»: Ի՞նչ գործ ունեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդները Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ: Եթե այդքան ամուր է քրիստոնեական եղբայրությունը, ինչո՞ւ Հանրային խորհրդի անդամները հայտարարությամբ իրենց երախտագիտությունը չհայտնեցին Հռոմի պապին՝ համայն կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին՝ Սուրբ Պետրոսի կամարների տակ հնչեցրած քարոզի համար, երբ նա խոսում էր 1915-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ցեղասպանության մասին, թե՞ կաթոլիկ պոնտիֆիկոսի խոսքերը «տիեզերական բարեգթության դրսևորում» չէին կարող լինել ու չկար «դրանց մեջ բացարձակ ճշմարտություն և արդարություն»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ամենացնցողը եզրակացությունն է՝ «Համոզված ենք, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների և մահմեդականների համակեցության և հանդուրժողականության վերաբերյալ պատրիարք Կիրիլի կողմից հեռուստաեթերում հնչեցրած անհաջող օրինակը պարզապես վրիպում է` հեռու ճշմարտությունից և արդարությունից»: Սպանիչ տրամաբանություն է՝ ինչի՞ հիման վրա են համոզված, Ռուս ուղղափառ եկեղեցու հաջորդ օրը ներկայացրած պարզաբանումի՞: Բայց այդ «պարզաբանումն» անգամ չէր ասում, որ պատրիարքը խոսքը կիսատ է թողել, կամ վրիպել է, նույնիսկ չէր պարզաբանում, թե Ռուս ուղղափառ եկեղեցին, բացի համատեղ միջոցառումներին մասնակցելուց, ի՞նչ կերպ է ընկալում Հայոց ցեղասպանությունը: ՈՒ ստացվում է, որ Հանրային խորհուրդը խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացնում է իր պատմական գիտելիքները և ավարտում առաքելությունը, որովհետև հաջորդիվը ընդամենը… արդարացնում է Ռուս ուղղափառ եկեղեցու ու նրա պատրիարքի չվրիպումը և «հասկանալի» դարձնում ՌԴ նախագահի պետական ու պաշտոնական այցերով Թուրքիա մեկնելիս Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելը՝ ինչպես սահմանված է Թուրքիայի պետական արարողակարգով: Իսկ ինչո՞ւ ոչ: Չէ՞ որ նա 2015-ի ապրիլի 24-ին Երևանում էր, Ծիծեռնակաբերդում ու այդպես էլ չարտաբերեց նախօրեին իր ուղերձում արձանագրած «ցեղասպանություն» բառը:

Դիտվել է՝ 1324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ