«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վերադառնում ենք մայաների օրացույցի՞ն

Վերադառնում ենք մայաների օրացույցի՞ն
06.01.2016 | 10:54

Պուտինն իր մեկուսացումին պաշտոնական կարգավիճակ տվեց

Նորացված «ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության» մեջ, որ ստորագրվեց դեկտեմբերի 31-ին, 18 տարվա մեջ առաջին անգամ Կրեմլը պաշտոնապես ափսոսանք է հայտնում, որ Ռուսաստանը տնտեսապես և մշակութապես բաց է եղել աշխարհի առաջ՝ կարծում է Bloomberg View-ի մեկնաբան Լեոնիդ Բերշիդսկին: Ռազմավարության առաջին տարբերակը, որ կոչվում էր «Ազգային անվտանգության հայեցակարգ», 1997-ին ստորագրել է ՌԴ նախագահ Բորիս Ելցինը: Անգամ այն ժամանակ ՆԱՏՕ-ի ընդլայնումը անվանվում էր ազգային անվտանգության սպառնալիք, բայց անհանգստության գլխավոր պատճառը համարվում էր տնտեսության վիճակը: 2000-ին փաստաթուղթը նորացվեց, երբ Վլադիմիր Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար: Այդ տարբերակը կենտրոնանում էր տնտեսական մարտահրավերների վրա, բայց արտացոլում էր աճող անհանգստությունը Արևմուտքի միջամտությունից ու ՆԱՏՕ-ի ընդլայնումից: Խոսքը «ուժեղ ուղղահայաց գործադիր իշխանության» ստեղծման մասին էր, ընդգծվում էր, որ պետք է մեծացնել պետության դերը ռազմական ու տնտեսական սպառնալիքների դեմ պայքարում:
2009-ին, Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ, հայտնվեց նոր տարբերակ՝ մի քիչ պարծենկոտ, որը հաստատում էր, որ տնտեսական անկումն ավարտվել է և հումքային հարստությունը ամրապնդում է Ռուսաստանի միջազգային հեղինակությունը: Նոր տարբերակը ամենահակաարևմտականն է՝ մեկուսացումի, պաշտպանական մտադրությունների հռչակագիր: Նվազագույն հույս իսկ չկա, որ Պուտինը կսկսի պայքարել Ռուսաստանի տնտեսական աղետների հետ, երկիրն ավելի մատչելի դարձնելով արտասահմանյան ներդրումների համար կամ խորացնելով գլոբալ շուկաներում ինտեգրումը, բնավ, նա ծրագրում է շարունակել շարժումը հակառակ ուղղությամբ:
Նույնիսկ եթե 2018-ի ընտրություններում Պուտինը իշխանությունը չպահի, Ռուսաստանը կվերածվի ինքն իր մեջ ավելի պարփակված հասարակության, երբ քաղաքական իրավահաջորդի ի հայտ գալու ժամանակը գա:
Լեոնիդ ԲԵՐՇԻԴՍԿԻ, BloombergView

Քաղաքական ցնցումներ, որ կբնութագրեն 2016-ը


Ոչ վաղուցվա պատմությունը վկայում է, որ տարվա գլխավոր իրադարձություններ դառնում են մեծ անակնկալներն ու ցատկերը՝ The Financial Times-ում գրում է Գիդեոն Ռահմանը: Անակնկալների ամենահավանական վայրը 2016-ին Չինաստանն է: Վերջին 25 տարիների Չինաստանի հաջողության բանալիներից մեկը՝ կառավարությունը տնտեսությունը դարձնում է հետաքրքիր, իսկ քաղաքականությունը՝ ձանձրալի: Բայց այս տարի հնարավոր է հակառակը:
Հավանական է, որ կառավարությանը դիմադրություն ցույց տան ժողովուրդը կամ որոշ խմբեր, որ զգուշանում են ընթացիկ հակակոռուպցիոն արշավից: Չինաստանի նախագահ Սի Ձինպինը կպահպանի աթոռը, բայց եթե նրա վիճակը երերուն դառնա, փորձագետները շատ արագ կբացատրեն՝ ինչու այդպես եղավ:
ԱՄՆ-ում Հիլարի Քլինթոնի ընտրությունը նախագահ կհաստատի ժառանգականությունը: Տրամպի շանսերին որևէ փորձագետ չի հավատում, բայց հնարավոր է, որ Տրամպի թռիչքը ԱՄՆ-ում տեղի ունեցող ինչ-որ արմատական փոփոխությունների հետևանք է: Հազիվ թե Տրամպը ընտրություններում հաղթի, բայց սոցհարցումները նրան դարձնում են Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու:
Եվրոպայում մեծ անակնկալ կդառնա, հակառակ ողջախոհության՝ բրիտանացիների՝ ԵՄ-ից դուրս գալուն կողմ քվեարկելը: Հիմա հեշտ չէ Եվրամիությունը գովազդելը, որ տնտեսական դժվարություններ ու քաղաքական տրոհումներ է ապրում, չի կարողանում համաձայնության գալ Եվրոպա ուղղված փախստականների ու միգրանտների ռազմավարության հարցում: Եթե 2016-ին փախստականների հոսքը չնվազի կամ նույնիսկ ուժեղանա, սպառնալիք կդառնա կանցլեր Անգելա Մերկելի համար և ավելի կուժեղացնի Գերմանիայի տարաձայնությունները իր գործընկերների հետ:
Հնարավո՞ր են դրական անակնկալներ 2016-ին: Լիովին հավանական են ԻՊ-ի ռազմական պարտությունները Իրաքում ու Սիրիայում (Լիբիայում և Հյուսիսային Աֆրիկայում նրանց էքսպանսիան կարող է շարունակվել): Բայց եթե ԻՊ-ին շատ ճնշեն իր տարածքում, ավելի մեծ ազդակներ կունենա ահաբեկչությունների տեսքով պատասխան հարվածներ հասցնելու Եվրոպայում: Ավաղ, ահաբեկչության սպառնալիքը միակ ոլորտն է, որը այս տարի կարող է անվերջ զարգանալ:
Գիդեոն ՌԱՀՄԱՆ, Financial Times


Հ.Գ. Ինչո՞ւ է նոր տարին այսքան մռայլ սկսվել փորձագիտական ու լրագրային աշխարհում: Մնում է՝ վերադառնան մայաների օրացույցին ու ասեն, որ աշխարհի վերջը եկել ու անցել է ու հիմա «սխալներն են ուղղում»: Որքան էլ կանխատեսումները արտացոլում են real politik-ը, ամեն ավարտ նոր գործի, նոր իրողության ու նոր իրադարձության սկիզբ է և միշտ չէ, որ այդ սկիզբը չարագուշակ է: Փորձագետներից ոմանք նույնիսկ կանխատեսում են, որ սուննի-շիա հակամարտությունը կարող է վերաճել պատերազմի Իրանի ու Սաուդյան Արաբիայի և հերթով Իրանից դեսպաններին հետ կանչող երկրների միջև: Պատերազմները միշտ էլ եղել են քաղաքականության շարունակություն ռազմի դաշտում: Իսկ քաղաքականությունը մեր օրերում գերադասում է հիբրիդային պատերազմներով փոխարինել մարդասպանությունը պատերազմի տեսքով: Թերևս այս անգամ էլ Նիմր ան Նիմրայի մահապատժին հաջորդած դիվանագիտական փոթորիկը կհանդարտվի ու կվերադառնա իր ափերին՝ պատերազմի կարգավիճակը վերադարձնելով տնտեսական ու տեղեկատվական դաշտերին, որտեղ զոհ դառնում են պետությունները, բայց ոչ իրենց զինվորները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ