«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Լարախաղացություն՝ կրակների միջև

Լարախաղացություն՝ կրակների միջև
05.01.2016 | 23:37

ԱՄՆ-ը փորձում է հասկանալի դարձնել Սաուդյան Արաբիայի հետ իր ալյանսը


Երկուշաբթի օրը Օբամայի աշխատակազմը այդպես էլ չվճռեց հրապարակավ դատապարտել Սաուդյան Արաբիայում հոգևորականի մահապատիժը՝ գրում է The New York Times-ում Դևիդ Սենջերը: ԱՄՆ-ը զգուշանում է թուլացնել Սաուդյան Արաբիայի երերուն իշխանությունը, որի կարիքն ունի ԻՊ-ի դեմ պայքարում և Սիրիայի կոնֆլիկտը հաղթահարելու համար: Սովորաբար ԱՄՆ-ը փակում էր աչքերը կամ խորապես հավասարակշռված զգուշացումներ էր անում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում, երբ Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքը ճնշում էր այլակարծությունը ու խոսքի ազատությունը, իր էլիտային թույլ էր տալիս ֆինանսավորել իսլամիստ-էքստրեմիստներին, փոխարենը Սաուդյան Արաբիան դարձել է ԱՄՆ-ի ամենահուսալի «բենզալցակայանը», հետախուզական տվյալների մշտական մատակարարը և հակակշիռը Իրանին: Բայց այսօր նավթի արդյունահանումը ԱՄՆ-ում մեծանում է, իսկ Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքը տրոհված է, կապերը թուլանում են: «Անհաշտ ամուսնությունը» դեռ պահպանվում է Մերձավոր Արևելքի քաղաքական ցնցումների և ամերիկացիների տեսակետի պատճառով, որ սաուդցիները տարածաշրջանի կայունության բանալին են: 2011-ին Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը մեղադրեց Բարաք Օբամային Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին չպաշտպանելու համար արաբական գարնան ժամանակ: Սաուդցիները վախենում էին, որ Օբաման այդպես կվարվի, եթե ապստամբությունը իրենց հասնի: Միջուկային համաձայնությունն Իրանի հետ ամրապնդեց սաուդցիների զգացողությունը, որ ԱՄՆ-ում վերանայվում են փոխհարաբերոՒթյունների հիմքերը: Օբամայի վարչակարգը վստահեցնում է, որ մտադիր չէ բախտի քմահաճույքին թողնել սաուդցիներին, բայց կտրուկ քննադատում է նրանց միջամտությունը Եմենում՝ գտնելով, որ դա շեղում է ԻՊ-ի դեմ պայքարից: Երբ ԱՄՆ-ին կոչ արեցին դատապարտել Նիմր ան Նիմրի մահապատիժը, նա միայն կողմերին հանդարտություն պահպանել հորդորեց: Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը սթրեսի մեջ է: ԿՀՎ-ի նախկին աշխատակից Բրյուս Ռիդալը գրում է, որ Սաուդյան Արաբիային իդեալական փոթորիկ է սպասում, որ ձևավորվում է նավթային ցածր եկամուտներից, Եմենում անորոշ երկարող պատերազմից, տարբեր ուղղություններով ահաբեկչական սպառնալիքներից ու երդվյալ թշնամի Իրանի հետ տարածաշրջանային սրվող մրցակցությունից: Մերձավոր Արևելքի քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտի աշխատակից Պատրիկ Կլոուսոնը կարծում է, որ սաուդցիները Վաշինգտոնին հասկացնում են՝ եթե ԱՄՆ-ը չկանխի Իրանին, Էր Ռիադը միայնակ դա կանի:
Դևիդ ՍԵՆՋԵՐ, The New York Times


ՌԴ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Պուտինը ՆԱՏՕ-ն համարել է վտանգ


Ռուսաստանը ՆԱՏՕ-ի գործունեությունը հայտարարել է սպառնալիք իր ազգային անվտանգությանը և մեղադրել է ԱՄՆ-ին Ռուսաստանի զարգացումը կանխարգելող քաղաքականություն վարելու մեջ՝ The Financial Times-ում գրում է Ջեկ Ֆարչին՝ հղում անելով ՌԴ ազգային անվտանգության ռազմավարությանը, որ նոր տարվա նախօրեին ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս հայտարարությունները կրկնում են հակաարևմտյան հռետորաբանությունը, որին դիմում է Պուտինը վերջին երկու տարում, երբ Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունները փչացան Ղրիմի անեքսիայի ու Արևմտյան ՈՒկրաինայում պատերազմի պատճառով: Ռազմավարությունը մի շարք մեղադրանքներ է պարունակում ՆԱՏՕ-ի հասցեին, ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները մեղադրվում են համաշխարհային գործերում գերակայությունը պահպանելու ջանքերի մեջ՝ ի հաշիվ Ռուսաստանին զսպելու քաղաքականության: Հավանաբար այդ մեղադրանքներն ավելի կբարդացնեն Մոսկվայի ու Արևմուտքի հարաբերությունները: Նորացված ռազմական դոկտրինում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել ՆԱՏՕ-ին կամ ԱՄՆ-ին բացահայտ սպառնալիք կամ թշնամի որակել: 2009-ին նույն փաստաթղթում Մոսկվան քննադատում էր ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Եվրոպայում հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի ձգտումը, բայց այդ քայլերն իր անվտանգության սպառնալիք չէր համարում: Նոր հայեցակարգը կտրուկ քննադատում է Արևմուտքի դիրքորոշումը ՈՒկրաինայի հարցում՝ մեղադրելով ԱՄՆ-ին ու Եվրոպային «հակասահմանադրական հեղաշրջմանը» աջակցելու մեջ, կրկնում է մեղադրանքները «արաբական գարնան» ու Արևելյան Եվրոպայում «գունավոր հեղափոխությունների» համար, ԻՊ-ի հայտնության համար մեղավոր է համարում ահաբեկչության դեմ պայքարում կրկնակի ստանդարտներ կիրառելու արևմտյան քաղաքականությունը:
Ջեկ ՖԱՐՉԻ, Financial Times

Նավթի գնանկումը կարող է Պուտինին ստիպել աշխարհին ռազմական անակնկալ մատուցել


Վերջին մի քանի տարիներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ աշխարհին ռազմական անակնկալներ է մատուցել՝ The Washington Times-ում գրում է Տոդ Վուդը: 2016-ին հնարավոր են նոր աշխարհաքաղաքական անակնկալներ Կրեմլից: Նավթի գները ընկել են, իսկ աճի երաշխիքներ չկան, տեսանելի հեռանկարում ռուսական գանձարանը չի համալրվի: Այդ սցենարը կարող է անտանելի ճնշում դառնալ Կրեմլի վրա, քանի որ բանակի նորացման քաղաքականությունը հակասության մեջ է մտնում կենսամակարդակը բարձրացնելու բնակչության ձգտման հետ: Պուտինը չափազանց հեշտությամբ է օգտագործում միջազգային կոնֆլիկտները՝ ներքին պրոբլեմներից ժողովրդի ուշադրութունը շեղելու համար: Ռուսաստանում հասարակական դժգոհությունը կասեցնելու հաջորդ քայլը կարող է դառնալ միջազգային ասպարեզում լրացուցիչ ռազմական միջամտությունը: «Իրան-Ռուսաստան-Սիրիա» առանցքը Մերձավոր Արևելքում ամենահետաքրքիր նորությունն է: Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը գրավի Մերձավոր Արևելքի նավթային շրջանները կամ շիկացնի նվաճումների հրդեհը՝ փորձելով նավթի գնաճ հարուցել: Պուտինն անկանխատեսելի մարդ է, նա չի վախենում ռազմական ուժ օգտագործել, եթե կարծում է, որ դա պետք է Ռուաստանին (ու ղեկավարությանը) և կարող է հաղթել: Արևմուտքն անզոր է ռուսական ագրեսիայի առաջ՝ որևէ լիդեր չունենալով: Հավանաբար Պուտինը գիտի, որ ԱՄՆ նոր նախագահը ավելի ուժեղ կլինի և կփորձի ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հզորությունը վերականգնել: Հետևաբար՝ Կրեմլն ունի 12 ամիս, որպեսզի նպատակին հասնի՝ պահպանելու համար իր իշխանությունը երկրի ներսում: Իսկապես վտանգավոր ժամանակներ են սկսվում:
Տոդ ՎՈՒԴ, The Washington Times

ԱՄՆ-ը, ՌԴ-ն և լարվածության երեք օջախները, որ ամեն ինչ վերածում են ճգնաժամի


Աշխարհում երեք կոնֆլիկտ կա, որ կարող են պատերազմի պատճառ դառնալ՝ Il Giornale-ում գրում է Ֆրանչեսկո Ալբերոնին: Երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսակցությունները շարունակվում են: Հերթական պապական այցից վերադառնալով՝ Հռոմի պապն ասաց, որ տեսել է «պատերազմներով լի աշխարհ», բայց ինչո՞ւ են խոսում երրորդ համաշխարհայինի մասին: Դա նշանակում է, որ աշխարհի բոլոր, կամ համարյա բոլոր երկրները բաժանվել են երկու թշնամական կոալիցիաների ու կռվում են միմյանց հետ: Բայց այսօր թշնամական երկու կոալիցիաները միմյանց դեմ մարտի դաշտում չեն: Այսօր չկա համաշխարհային պատերազմ, բայց աշխարհում կան երեք կոնֆլիկտներ, որոնք կարող են պատերազմներ հրահրել:
Առաջին կոնֆլիկտը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև է: Բեռլինյան պատի անկումից հետո ԱՄՆ-ը սկսեց վախենալ, որ դաշինքն Արևմտյան Եվրոպայի ու Ռուսաստանի միջև՝ նրա վիթխարի ասիական տարածքներով, չափազանց հզոր ուժի կվերածվի և այդ պատճառով հնարավորն արեց, որ Ռուսաստանին Եվրոպայից կտրի, իսկ հետո նրան հակադրեց իսլամական պետությունները:
Երկրորդ կոնֆլիկտը կապված է «իսլամի հեղափոխական վերածննդի հետ»: Ի հայտ եկան արմատական շարժումներ, որոնց նպատակը արմատներին վերադառնալն է, երբ առաջին խալիֆների բանակները գրավում էին աշխարհը և բոլորին, այդ թվում՝ արևմտյան երկրներին, իսլամ ու շարիաթ էին պարտադրում: Այդ արյունոտ պատերազմը դաժան խմբավորումները վարում են Ֆիլիպիններում, Աֆղանստանում, Չեչնիայում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Սուդանում, Լիբանանում և այլ երկրներում:
Երրորդ կոնֆլիկտը ներքին է՝ շիաների ու սուննիների միջ: Այդ պատերազմը ծավալվում է Իրաքում, Սիրիայում, Եմենում: Փաստորեն՝ կան երեք կոնֆլիկտներ լոկալ պատերազմներով: Իսկ ի՞նչ ենք անում եվրոպացիներս: Մենք ենթարկվում ենք ԱՄՆ-ի հրամաններին: Մեզ հրամայեցին պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ և ընդունել Ասիայից ու Աֆրիկայից բոլոր փախստականներին ու մուսուլման միգրանտներին, ու մենք հրամանը կատարում ենք: Իսկ հետո՞:
Ֆրանչեսկո Ալբերոնի, Il Giornale


Հ.Գ. Եթե հակիրճ վերնագրեմ այս հրապարակումները՝ աշխարհի մեկ օրը: Ի՞նչ է կատարվում աշխարհում ու ինչպե՞ս է անդրադառնալու մեզ վրա: Հարավային Կովկասն ու Հայաստանը առայժմ բուն կոնֆլիկտներում ներառված չեն, բայց վաղուց արդեն պատերազմի հավանականություն պարունակող հակասությունները մոտեցել են մեր սահմաններին: Առավել ևս, որ միմյանց հետ համաշխարհային գերակայության համար պայքարող ԱՄՆ-ը և ՌԴ-ն մշտապես ունեցել են իրենց շահերը մեր տարածաշրջանում: Եթե անմիջական վտանգ Իրանից ու Վրաստանից մենք չունենք, Ադրբեջանը միայնակ լիովին փոխհատուցում է այդ «բացը»: Որ Ադրբեջանը կարող է ռազմական կոնֆլիկտ սադրել թե Թուրքիայի, թե Ռուսաստանի հրահրմամբ, վաղուց ու բոլորիս հայտնի է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այսօր աշխարհը չի համարում թեժ կոնֆլիկտ, երբ չի կարողանում ավարտել Սիրիայի ու Իրաքի պատերազմները: Մենք կոնֆլիկտաբանության առաջին տասնյակում ենք և առայժմ մնում ենք այն եզակի հարթակը, որտեղ գերտերությունները հրապարակավ միմյանց հետ հակասություններ չունեն: Հրապարակավ: Եթե իրականում չունենային, հարցը վաղուց լուծված կլիներ: Այս պայմաններում մեր միակ ռազմավարությունն ու մարտավարությունը երկրի տնտեսությունը ուժեղացնելն է, ժողովրդագրության պատկերը փոխելը, բանակի մարտունակությունն ամրապնդելը: Մնացած բոլոր քայլերը կարող են միայն օժանդակող լինել կամ խանգարող: ՈՒ տասներորդ նշանակություն ունի այս հարցերը լուծելու համար կառավարման մոդելը, որի վրա կենտրոնացրել ենք բոլոր ուժերը: Դա լարախաղացություն է անդունդի վրա, երբ շուրջբոլորը կրակներ են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ