«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Ապշերոնցիները նորից գործիք են ուրիշների ձեռքին

Ապշերոնցիները նորից  գործիք են ուրիշների ձեռքին
18.12.2015 | 00:50

Դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունը նշեց երկու տոն` պետական անկախության հանրաքվեի օրը (1991 թ.) և Սահմանադրության ընդունման օրը (2006 թ.)։ Տարեթվերը խիստ նշանակալից են և անգնահատելի արժեք ունեն։ Ցավոք, դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ադրբեջանցիները վերսկսեցին իրենց զինված սադրանքներն ու դիվերսիոն ակտերի փորձերը։ Իրադրությունը դարձյալ խիստ լարված է, անկախ այն բանից, թե մենք բախվում ենք ԱՄՆ-ի և Ադրբեջանի հերթական համատեղ «պլանի՞ն», թե՞ ապշերոնցի կամակատարներն են հլու-հնազանդ կատարում իրենց թուրք «նեոօսմանիստ ավագ եղբայրների» հանձնարարությունները։ Նորից զոհեր կան մեր զինծառայողների շարքերում, նորից հետմահու պարգևատրումներ, նորից ողբերգություն հայկական ընտանիքներում, որոնք կորցնում են ոչ միայն ապագա կերակրողին, այլև իրենց տոհմը շարունակողներին։

Հիմա «մոդայիկ» է դարձել, ընդ որում` նույնիսկ այն անձանց համար, ովքեր հեռու են տարածաշրջանային հակամարտության և բանակցային գործընթացի զարգացման պատմությունից, խելոք տեսք ընդունած դատարկ «վարկածներ» առաջադրել, համարյա «տեսություններ» կառուցել, իբր, Ադրբեջանն այդ բանն անում է այս-այս պատճառներով։ Զարմանալ միայն կարելի է, թե ինչու պատճառներ չեն տեսնում այնտեղ, ուր դրանք իրապես առաջացել են և շարունակում են առաջանալ։ Չէ՞ որ մենք բոլորս դառնությամբ հիշում ենք 1991 թ. դեկտեմբերի 31-ի լույս 1992 թ. հունվարի 1-ի գիշերը, և պետք է լավ իմանանք, որ 1¤ ադրբեջանցիներն առանց արտատարածաշրջանային հավանության ոչինչ չեն ձեռնարկում, 2¤ ադրբեջանցիները սովոր են իրենց ստոր արարքները գործելու հայերի կամ առհասարակ քրիստոնյաների համար նշանակալից օրերին։ Մյուս կողմից, բոլոր մինուսների կողքին լավ բաներ էլ կան վերջին սրացումներում։ Ստացվում է, որ Ադրբեջանում արդեն անգիր գիտեն` դեկտեմբերի 10-ը հայերի համար առանձնակի նշանակություն է ստացել Արցախի և արցախյան անկախ պետականության կայացման շնորհիվ։ Այսպես ապշերոնցիները կհասկանան նաև, որ իրենց հայր Հեյդար Ալիևը դեռ 1994-ին, ըստ էության, ճանաչել է Արցախի անկախությունը։
Ներկա իրավիճակը նախորդ սրացումներից ու Ադրբեջանի ռազմական սադրանքներից տարբերվում է միայն Հայաստանի և Արցախի դեմ գործադրվող ռազմական տեխնիկայի որակով. վերջին տարիներին, թերևս, առաջին անգամ ոսոխը կիրառում է ոչ միայն ավտոմատ հրազեն, դիպուկահար զենք և տարբեր տրամաչափի ականանետներ, այլև հրթիռակայանքներ (այդ թվում` թուրքական), տանկեր ու զենիթային կայանքներ։ Որոշ անբարեխիղճ հայ տեսաբաններ ու փորձագետներ նշել են միայն, թե ճակատային գծում և սահմանամերձ գոտում ադրբեջանցիների սադրանքների վերսկսումից ոչ շատ առաջ այցով Բաքու էր ժամանել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և, իբր, խոստացել. «Անկարան ամեն ինչ կանի Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու համար»։ Ասենք թե։ Հետո՞։ Ճակատային գծում Ադրբեջանի ակտիվացումը միայն Դավութօղլուի հետ կապել նշանակում է ձևացնել, թե մենք չգիտենք, որ Թուրքիայի թիկունքին կանգնած է ԱՄՆ-ը։ Եվ, ասենք, Սիրիայում ռուսական Սու-24-ի հետ կապված պատմության մեջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստորեն ԱՄՆ-ին բացահայտ մեղադրեց այն բանում, որ թուրքերին տվյալներ է հաղորդել ռուսական ռմբակոծիչի թռիչքի վերաբերյալ։ Ռուսաստանի նախագահը միայն մեկ մեղադրանք չուղղեց ամերիկացիներին. այդ դուք` ամերիկացիներդ եք, ունենալով ռուսական տվյալները, քաջալերել թուրքերին։
Մենք նախագահ Պուտինը չենք, և մեր ուսերին ծանրացած չէ մեծերի համաշխարհային գոտեմարտի «մեծ խաղի» շուրջ մեծ քաղաքականության բեռը, ուստի հեշտ ու հանգիստ կարող ենք ասել, որ մինչև Դավութօղլուի Բաքու գնալն էր հայտարարվել ԱՄՆ-ի հովանավորությամբ ծրագրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը անորոշ ժամանակով հետաձգելու մասին։ Հարց է ծագում` ինչո՞ւ Թուրքիան, որը Սիրիայի պատճառով արդեն իսկ ծայրաստիճան լարված հարաբերություններ ուներ Ռուսաստանի և Իրանի հետ, պիտի «նեղանար», որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները 2015-ին չեն հանդիպելու ԱՄՆ-ի հովանու ներքո։ Չէ՞ որ Անկարան խելքից դուրս սեփական խնդիրներ ունի լուծելու։ Ահա, Արևմտյան Հայաստանում քրդերը թուրք ուժայիններին, ըստ էության, քշել են Սիլվան քաղաքավանից, և ի՞նչ։ Իմ կարծիքով, իրադրությունը Արևմտյան Հայաստանում հիմա թուրքերի համար պակաս վտանգավոր չէ, քան Սիրիայի և Իրաքի իրադրությունը։ Եվ այս պայմաններում թուրքերի համար հաստատ Արցախն ու Անդրկովկասը չեն կարևորը։ Դավութօղլուն սոսկ նամակատարի դեր էր կատարում. նա Բաքու էր տարել շատ ավելի բարձր տեղից բխող հավաստիացում, քան կարող էր լինել Թուրքիայի նախագահ Էրդողանինը։
ՈՒշադրություն դարձնենք` այդ տագնապալի օրերին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում էր հենց ԱՄՆ-ում։ Դեկտեմբերի 8-ին նա հանդիպումներ ունեցավ Ամերիկայի հայկական ասամբլեայի և ԱՄՆ-ի Հայ դատի կոմիտեի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին ԼՂՀ-ի և ԱՄՆ-ի գործակցության հետագա ընդլայնման ու զարգացման, շփման գծում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած սադրանքների ու խախտումների, Արցախին օգնության ցուցաբերման հարցեր։ ԼՂՀ արտգործնախարարը գոհունակություն հայտնեց ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների հետ գործակցության բարձր մակարդակի առնչությամբ, ինչպես նաև ընդգծեց ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված նրանց գործունեության կարևորությունը։ Հայ դատի կոմիտեի անդամների հետ հանդիպումից հետո ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը մասնակցեց Արցախին աջակցության կամպանիայի մասնակիցների համար կազմակերպված ընդունելությանը, որոնք Վաշինգտոն էին ժամանել ԱՄՆ-ի Կոնգրեսում Արցախին առնչվող հարցեր քննարկելու։ Ընդունելության ընթացքում Կարեն Միրզոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։ Նույն օրը Արցախի արտգործնախարարը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս ՈՒոռլիքի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, ընդգծվեց, որ անհրաժեշտ է ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կբացառեն հրադադարի ռեժիմի խախտումները և կմեղմեն լարվածությունը շփման գծում։ Եվ դեկտեմբերի լույս 9-ի գիշերը Ադրբեջանը վերսկսեց սադրանքները։ Սա պարզ զուգադիպությո՞ւն է։ Հազիվ թե։
Դեկտեմբերի 9-10-ին, երբ Ադրբեջանն առհասարակ կապը կտրել էր, Կարեն Միրզոյանը առանձին հանդիպումներ էր անցկացնում Վաշինգտոնում ԱՄՆ-ի կոնգրեսի անդամների, հայկական հարցերի կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փելոունի և Ռոբերտ Դոլդի, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուի և Ադամ Շիֆի հետ։ Հայ դատի կոմիտեի նախագահ Կարեն Խաչիկյանի և կոմիտեում ԱՄՆ-ի կառավարության հետ կապի պատասխանատու Քեյթ Նահապետյանի ուղեկցությամբ Միրզոյանը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի հատկացումների կոմիտեի անդամ սենատոր Մարկ Քիրքի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, շփման գծում Ադրբեջանի սադրանքներին, ինչպես նաև Արցախին ցուցաբերվող մարդասիրական օգնությանն առնչվող մի շարք հարցեր։ ԼՂՀ արտգործնախարարը դեկտեմբերի 9-ին մասնակցեց նաև Արցախի անկախության տարեդարձի առթիվ ԱՄՆ-ի Կոնգրեսում անցկացվող ավանդական միջոցառմանը, որն այս տարի Կոնգրեսի հայկական կոմիտեի հովանու ներքո կազմակերպել էին Հայ դատի կոմիտեն, Ամերիկայի հայկական ասամբլեան, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը։ Միջոցառմանը, որը օրհնության աղոթքով բացեց հայ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևելյան թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը, մասնակցում էին ամերիկահայ կազմակերպությունների և սփյուռքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, կոնգրեսականների գրասենյակների աշխատակիցներ, փորձագետներ ու լրագրողներ։ Ներկա էին և ճառերով հանդես եկան ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներ` ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը, ԱՄՆ-ի կոնգրեսի հայկական հարցերի կոմիտեի համանախագահներ Ֆրենկ Փելոունը և Ռոբերտ Դոլդը, կոնգրեսական Ադամ Շիֆը և ուրիշներ։ Կոնգրեսականները հանդես եկան ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ու ժողովրդավարական զարգացման և պատրաստակամություն հայտնեցին ուշադրության կենտրոնում պահելու Արցախին առնչվող հարցերը։ Ելույթ ունեցողներն առանձնակի շեշտեցին, որ անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել ԼՂՀ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։
Մեզ համար հիմա դժվար է դատել, թե ինչ է խոսվել Արցախի արտաքին գործերի նախարարի` ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում, ամերիկացի զրուցակիցները փորձե՞լ են, արդյոք, ինչ-որ բան համոզել Կարեն Միրզոյանին, թե՞ նա ինքն է ձգտել ինչ-որ բան համոզել ամերիկացի զրուցակիցներին։ Կգա ժամանակը, և այդ հանդիպումների ու բանակցությունների մանրամասները գուցե և հայտնի դառնան հանրությանը, իսկ առայժմ նշենք, որ ԼՂՀ արտգործնախարարի ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ հենց ամերիկյան պետդեպարտամենտը մամուլի քարտուղար Ջոն Կիրբիի շուրթերով հայտարարեց, թե «իրադրության սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում և ծանր տեխնիկայի գործադրումը անթույլատրելի են» և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս ամիս կբանակցեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ. «Մենք հույս ունենք, որ հակամարտող կողմերը ձեռնպահ կմնան բռնությունից և խաղաղ մթնոլորտ կապահովեն հետագա բանակցությունների համար»։ Իսկ դեկտեմբերի 11-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ ՈՒոռլիքն էլ հայտարարեց, թե ավելի քան մեկամյա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման և կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման ժամանակն է։ Եվ ահա հայտարարվել է. այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա, ընդ որում, իբր, ամենամոտ ժամանակներս։ Ի՞նչ նպատակ է հետապնդում սա։ Վերջին սրացումների ֆոնին ամերիկացիների ինչի՞ն էր պետք, որ Սարգսյանն ու Ալիևը հանդիպեն, և դեռ հասցնեն դա անել 2015-ին։ Անկեղծ ասած, տարբերակները քիչ չեն, բայց եթե «պտտվելու լինենք» բացառապես արցախյան խնդրի շուրջ, ապա ԱՄՆ-ը բացարձակապես ոչ մի հիմք չունի նման շտապողականության, եթե, իհարկե, Արցախը չի կապում Անդրկովկասում և հարևան տարածաշրջաններում տարվող քաղաքականության ինչ-ինչ հարցերի հետ։
Համենայն դեպս, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս վերջերս հաստատեց, որ ԱՄՆ-ի հովանու ներքո Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կկայանա հենց այս տարվա վերջին։ Ի դեպ, հայ փորձագետների ճնշող մեծամասնությունը ոչինչ չի սպասում այդ հանդիպումից։ Հասկանալի է, որ Հայաստանի նախագահին այդ հանդիպումը պետք չէ։ Հիացած չէ նաև Ալիևը. մի կողմից` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների աննախադեպ սրման, մյուս կողմից` Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների մերձեցման պայմաններում ապշերոնյան խանը հաստատ կուզենար «զուգարանում նստած մնալ», միաժամանակ չի կարող «մերժել» ԱՄՆ-ին։ Զգուշանում է Վաշինգտոնին մերժել նաև Սերժ Սարգսյանը, թեև, ի միջի այլոց, ճիշտ ժամանակն է. հո ԱՄՆ-ի թելադրանքով չի՞ գնալու Ալիևի հետ անհեռանկար հանդիպման, լավ կլիներ, որ ունենա ԵԱՀԿ ՄԽ բոլոր երեք համանախագահներին առաջադրելու այլընտրանքային համաձայնության նման մի բան։ Ասենք, Հայաստանը «սառեցնում է» իր մասնակցությունը Ադրբեջանի հետ բանակցություններին այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ադրբեջանցիներին չեն ստիպել հրաժարվելու հրադադարի խախտումներից և ծանր տեխնիկան հետ քաշելու ռազմաճակատի գծից 50 կմ խորք, միաժամանակ հետաքննելով Հայաստանի ու Արցախի դեմ զինված սադրանքների բոլոր դեպքերն ու դիվերսիոն ակտերի բոլոր փորձերը։
Իսկ առայժմ պարզապես շնորհավորենք Արցախի ժողովրդին և ամբողջ հայ ազգին ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի 24-րդ տարեդարձի և Արցախի Սահմանադրության ընդունման 9-րդ տարեդարձի առթիվ։ ՈՒ տա Աստված, որ գալիք Ամանորի շեմին ոչ մի հայ ընտանիքում հերթական զինվորի ու սպայի կորստյան արցունք չթափվի։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ