«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Իշամեղվի պորտապարը՝ թվին 2016

Իշամեղվի պորտապարը՝ թվին 2016
18.12.2015 | 00:38

Սկզբում սուրճ խմելը թողեց, որովհետև
սկզբում սուրճը թանկացավ այնքան, որ ձեռքը չգնաց
ուղիղ մեջտեղից կիսել աշխատավարձը
իր այդ փոքրիկ ու ամենօրյա հաճույքը
բավարարելու համար, երբ ուրիշ հոգսեր կան բազմաթիվ...
«Թիթեռ», Հովհաննես ԳՐԻԳՈՐՅԱՆ, 1991 թ.

ԾԱՓԻԿ, ԾԱՓԻԿ ԾԻՐԱՆԻ ԵՎ ՄԻ ԽՐՈԽՏ ՓՌՇՏՈՑ
(այգաբացյան բոց ֆելիետոն)
Աչքալուսանք ամենեցուն ՀՀ ամենեն լեցուն մարմնից, երկրի կառավարությունից։ Պարզվեց վերջապես, որ 2016-ի բյուջեն հար և նման է այն ինքնաբուխ վառարանին, որը կլանում է հսկայական չոր փայտ, սակայն տաքացնում է ինքն իրեն։ Այսինքն՝ անգամ նրա վրա դրված փոքրիկ թեյնիկն է նենգադուլի անցնում։ Այսինքն՝ ջուրը նրանում այդպես էլ չի եռում, վառարանն է ֆսֆսում և անսպասելի քուն է մտնում։ ՀՀ վարչապետ Աբրահամյան Հովիկը պարզաբանեց, որ 2016-ի պետբյուջեն սոցիալական ուղղվածություն չունի, այսինքն՝ մանկավարժների, գիտնականների և այլ չարքաշների աշխատավարձերը բնավ չեն բարձրանալու, կենսաթոշակներն իրենց հերթին մնալու են նույն ուզվորական նիշում։ Այո՜, պարոն Աբրահամյանը չհոխորտաց, սակայն մենք իսկույն կռահեցինք, որ վարկային բեռն անշեղորեն ավելանալու է, ինչին հետևելու է դարի ցնցակաթվածը՝ պատգամավորները, կառավարիչները և նրանց աշխատակազմերը շարունակելու են շվայտորեն օգտվել պետբյուջեի միջոցներից։ Մի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի վերանվանման խնդիրն է հրապարակում։ Թեկուզ այն անվանակոչենք այսպես. «ՀՀ վարչաքաղաքական վերնակույտի ստնտու բյուջե»։ Այսինքն՝ պետական բյուջեն ունի մի գերագույն խնդիր, որն էլ լուծվում է (պետք է արժանին մատուցել) մեծ հաջողությամբ։ Վարչաքաղաքական վերնակույտը ծաղրում է մեզ, երբ, մի կողմից, կեղեքում է պետական գանձարանը փադիշահական ծախսեր կատարելով, մյուս կողմից՝ սգավոր դեմք ընդունելով հոգոց է քաշում և խոստովանում է, թե լավ ապրելու հույսեր չկան։ Մի խոսքով՝ խորհրդարանն ու կառավարությունը երջանիկ նավարկության մեջ են, եռագույն սույն նավը ուր որ է կխորտակվի, սակայն նրանք նավի խոհանոցը շուրջկալած երգում-ծափ են զարկում օրնիբուն, ծափի՜կ, ծափիկ ծիրանի։ Եվ հուզմունքից հանկարծ կաս-կարմիր են կտրում և պարպվում են համազարկային փռշտոցով, ԱՄՆ 100 դոլարով գնված կառավարական անձեռոցիկները, պարզվում է՝ հարբուխի բացիլներով էին մշակված։ Մի խոսքով՝ ՀՀ վարչաքաղաքական վերնադասը տարբեր տրամաչափի հրանոթներից ուղղակի գնդակոծում է հանրապետությունը, մեր պետականությունը, քանզի մեր իրականությունում իշխանությունն ու պետությունը նույնքան հակընդդեմ են, որքան որ անհամատեղելի են մոլախոտի դալար շիվն ու ցորյան հացը հանապազօր։ Մի խոսքով, պատերազմ է հայտարարվել։ Ո՞վ կհաղթի այս պատերազմում, սա է 21-րդ դարում մեր առջև ծառացած գերագույն խնդիրը։

ԳԱՂՏՆԱԳԻՐԸ ԲԱՑՎԱԾ Է
(կեսօրյա կեսարյան պամֆլետ)
Ո՞վ կհաղթի այս պատերազմում, սա է 21-րդ դարում մեր առջև ծառացած գերագույն խնդիրը։ Այո՜, մեր ներքին հակառակորդները շա՜տ ավելի համառ են, նենգ և կեղեքիչ։ Սահմանադրությամբ, բազմազան օրենսդրական ակտերով և այլնով նրանք ուղղակի բռնադատում են մեզ, վերաբերվում ինչպես հասարակաց տան այցելուները նշյալ հաստատությանը։ Չէ, վրիպեցի, հասարակաց տունը ծառայություն է մատուցում այցելուին։ Ասենք X ծառայության դիմաց գանձելով հենց X գումար։ ՈՒ վայն եկել ու տարել է, եթե այցելուի մտքով անցնի վճարել X գումարը և պահանջել ծառայությունների մի փունջ, այսինքն՝ X+... Այցելուին դուրս կշպրտեն նշյալ անբարեհույս հաստատությունից՝ վզակոթին հասցնելով։ Մենք, սակայն, հանդուրժում ենք այս անսկիզբ-անվերջ ծաղրանքը, բանադրանքը և անեծքը։ ՀՀ վարչաքաղաքական վերնադասը, անշուշտ, վայրագ է յուր կրքերում և երեսպաշտ է արդարացումներում։ Սակայն գուցե նա ճշմարի՞տ է, և մենք՝ բողոքավորներս, ունակ չենք նրան ճշմարտապես հասկանալու և արարքները նրա ազնվորեն գնահատելու։ Եկեք ճշտենք։ 2010-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեր վարչաքաղաքականները դիմագրավեցին անզուգական հնարամտությամբ. ԱԺ-ում փառահեղ մի շենք կառուցվեց, հատուկ ԱԺ հանձնաժողովների նախագահաց համար։ Մի՞թե նման վսեմ-անձնատուր տառապանքն արժանի չէ համազգային խոնարհումի և համապետական ձոներգության։ Հարկավ այո։
Բարի, մի կողմ թողնենք մանրուքները և փորձենք իմաստասիրական բարձունքներում ըմբռնել վերնախավի առաքելությունը, թե չէ մի օր կարող ենք պարզապես պայթել և սկսել հեղաշրջել ամեն բան և ամենուր։ Թերևս այն կանվանակոչվի այսպես. «Բիոզուգարանների հակառակորդների հեղաշրջումը»։ Եվ անշուշտ սույնը կֆինանսավորի ԱՄՆ դեսպանատունը։
Մի խոսքով, իմաստասիրվենք և գուցե իմաստնանալով ոչ միայն կըմբռնենք վարչաքաղաքականների էության երեսն ու դարձերեսը, այլև այն մեզ համար գուցե կդառնա հանդուրժելի և սիրելի։ Հենվենք ամերիկյան փորձին, քանզի հենց ԱՄՆ-ի նվիրաբերած վարկային հեղեղներն են դարձել քաղցկեղածին մի բոսոր խոց և թույլ չեն տալիս, որ ՀՀ-ում կապվի համերաշխության ծիածանը. մի եզրը որևէ մանկատան կամ ծերանոցի տանիքին հպած, մյուսը՝ հենած կառավարական տան ժամացույցի մեծ սլաքին։
19-րդ դար, ԱՄՆ։ Հասարակությունը երկփեղկված էր, զի հրապարակում աշխարհընկալման խնդիրն էր արձանացել։
Համաձայն ձախակողմյան աշխարհընկալման՝ բանական արարածը պետք է յուրացներ շրջակա աշխարհի բնական պաշարները որքան կամենար, ըստ իր պահանջմունքների և գլխավորը՝ նա ոչնչի առջև որևէ պատասխանատվություն չպետք է կրեր։ Աջակողմյան աշխարհընկալումը հենվում էր հնդկացիների Միու ցեղախմբի կենսափիլիսոփայությանը, որն ավետում էր, որ բանական արարածը բնությունից պետք է վերցներ միայն կենսականորեն անհրաժեշտը։ Միու ցեղի մարդիկ ապավինում էին Մեծ ոգուն։ Մեր վարչաքաղաքական վերնակույտը ո՞ր աշխարհընկալման հետևորդն է, թող դատի հենց ինքը։ (Ի դեպ, ո՞րն է դիցուք մենաշնորհատեր X-ի, քաղպոռնիկ Z-ի, կամ էլ բյուջեակլան Y-ի Մեծն ոգին)։

Սպիտակի մեծ երկրաշարժի 27-րդ տարեդարձն արձանագրեց, որ Կումայրի-Գյումրի պատվարժան քաղաքում 2700 ընտանիք ապրում է տնակներում։ Կումայրի-Գյումրու խնդիրներն են ահա 25 անկախական տարիներ հիասքանչ համառությամբ անտեսում հայ էթնոսի վերնակույտային մեծաքսակները, սկսած տեղական օլիգարխիայից և վերջացրած արտաքին աշխարհի ֆինանսական հածանավերով։ Ինչո՞ւ։ Ահա թե ինչու, մենք (այսինքն՝ մեր փառապանծ վերնադասը), պարզվում է, աշխարհի նկատմամբ եռամատ հնարք ենք կիրառում, ապացուցելով, որ, այո, Հայաստանն այն եզերքն է, որտեղ հնարավոր է անհնարը, այսինքն՝ հայ նորանկախ հասարակության և իշխանությունների փոխադարձ սերն ու համակրանքն այնքան զորավոր են, որ տնակների բնակիչները տարվա ցանկացած եղանակին պատրաստ են աղ ու հացով դիմավորելու և՛ իշխանություններին, և՛ կառավարությանը, և՛ բարեգործներին, և՛ իշխանահնազանդ լրատվամիջոցներին։ Այսինքն, մենք, իսկապես, քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, բնականաբար, մենք պիտի մեր նորանկախական տկարամտությամբ, չէ, սա կոպիտ հնչեց, ուրեմն տղայամտությամբ ինքներս մեզ գերադասենք բոլորից։ Այսպես, այդ ինչու մեր կառավարիչների գործուղման ծախսերը պետք է զիջեն, դիցուք, Գերմանիայի կառավարիչների գործուղման ծախսերին։ Տեսեք, երբ մեր ԱԺ նախագահն է (կամ վարչապետը, կամ այլ մեկը) մեկնում գործուղման, նրանց ուղեկցում է մի պատկառելի շքախումբ, բոլորը տոգորված երկիրը շենացնելու ծրագրերով, հագուկապը նրանց սուլթանաշահական է (չուզողի աչքը թող դուրս գա), նրանց ծախսերը հոգում է երկրի պետբյուջեն (չուզողի մյուս աչքը թող հավերժ խավարի), նրանց գործուղումից որպես բնականոն հետևանք հանրապետությանը մնում է 0-ական օգուտ (չուզողաց տան երդիկը թող միշտ կաթի, կաթն էլ, հասկանալի է, թող կտրվի)։ Սակայն մենք կանք ու կլինենք, զի ամեն բան, գուցե արդեն 2016-ին կհանգրվանի յուր տրամաբանական անդունդում։ Այսինքն՝ երկրում կմնա 1 մլն մարդ, ովքեր էլ սրտատրոփ կսպասեն 2017-ի խորհրդարանական ընտրություններին։ Եվ, իհարկե, կընտրեն վարչաքաղաքական այս նույն կազմը, աղ ու հացով, երգ ու պարով, հավատով և հույսով։ Սա հնարավո՞ր բան է։ Բայց մի՞թե անհնար որևէ բան կա ՀՀ-ում։
Այսպիսով, վարկային բեռը թելադրում է նոր վարկային պարտավորությունների տակ մտնել, սպասելով և հուսալով, թե մի օր մեր վարչաքաղաքական լեգեոներները կհագենան, դարձի կգան և կծառայեն հայոց պետությանն ու հայ ժողովրդին։ Մի օր գուցե նրանք իսկապես էլ դարձի գան, երբ հանրապետությունում կմնան միայն իրենք, իրենց կալվածքներն ու կռապաշտական մեհյանները՝ հանձինս մարմարյա լոգարանների և արծաթյա լափամանների, սա, հասկանալի է, շների համար է։ Մի խոսքով՝ գաղտնագիրը բացված է. հակապետությունը պատերազմ է հայտարարել 3-րդ հանրապետությանը։ Վարչաքաղաքական վերնակույտ-վերնադասը մեզ ձեռնոց է նետել դեռ այն օրերին, երբ իշամեղվի երկոտանի հոգեորդիները վերցրին իշխանությունը և պահպանում են այն մինչ օրս, և դեռ երկար կպահպանեն, քանզի ասպարեզ է մտնում իշամեղվիկների դասը, թիկունքին՝ հայրական ահռելի կապիտալն ու ամբարված ցինիզմը։
Հուշեմ-հիշեք. իշամեղուն ունի հաստ ու թավոտ մարմին, նա գիշատիչ է, այսինքն՝ բոռ է, երբեմն ոսկեփորիկ է և շատ է սիրում կնճիթը թաթախել քաղցր խեժի մեջ։ Իսկ մի՞թե մենք, մեր երկիրն ու մարդիկ քաղցր խեժ չենք։
Այսպիսով, Կապիկի տարում, ուզենք, թե չուզենք, պետք է վերցնենք վարչաիշխանականների նետած ձեռնոցը։ Թե ինչպես, այս մասին եկեք խորհենք գալիք տոների ընթացքում։ Ամեն։

ԿԵՍ ԲԱԺԱԿ ԹՈՒՆԴ ՍՈՒՐՃ ԵՎ ՄԻ ԴԱԼԱՐ ԿԱՆԱՉ ՎԱՐՈՒՆԳ
(սարկաստիկ-զվարթուն իրիկնահաց)
2016-ին հարկավ պիտի սուրճ խմելը թողնենք (և ճաշին հագենանք-բավարարվենք ընդամենը մի դալար-կանաչ վարունգով), զի պիտի սնուցենք իշամեղուների ազգային-պետական հզոր պարսը։ Հետո, հարկավ, կիսենք մեր հանապազօր հացը և մասնատենք մեր կենսական կարիքներն ու հաճույքները մնացած։ Միով բանիվ, այս օրերի մասին ինչե՜ր կքարագրեիր այսօր, անմահ չափածո-նովելիստ, իմ անգին բարեկամ Հովհաննես Գրիգորյան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ