Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ընդունեք նոր «ընդդիմությունը»՝ Ռոբերտ Քոչարյան, կամ՝ ոչ մի դեպրեսիվ հասարակություն չի կարող արդյունավետ լինել

Ընդունեք նոր «ընդդիմությունը»՝ Ռոբերտ Քոչարյան, կամ՝ ոչ մի դեպրեսիվ հասարակություն չի կարող արդյունավետ լինել
22.11.2015 | 10:30

2rd.am կայքը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ գերմանական Դոյչե Վելլե հեռուստառադիոընկերությանը հարցազրույցի ամբողջական թարգմանությունը: Նախորդ հրապարակումը վերաբերում էր հանրաքվեին, Ղարաբաղին, ԵՏՄ-Եվրաասոցացման խնդրին: Թեպետ ամբողջական տեքստում այդ հարցերի պատասխաններում կան հավելումներ, էությունը նույնն է՝ ՀՀ երկրորդ նախագահը Սահմանադրությունը փոխելը շարունակում է «շատ լուրջ սխալ համարել» և չի կարողացել «գտնել գեթ մեկ լուրջ պատճառ, ըստ որի այսօրվա Սահմանադրությունը ի զորու չէ դիմակայել առկա մարտահրավերներին և այդպիսով փոփոխություններն անհրաժեշտ են: Ի՞նչն է խանգարում իշխանություններին՝ արդյունավետ իրագործել ցանկացած քաղաքականություն, որն ուղղված կլինի և ժողովրդավարության խորացմանը, և տնտեսության զարգացմանը»: Չի «գտել նաև որևէ համոզիչ փաստարկ, թե գործող Սահմանադրությունը ֆունկցիոնալ չէ, չի աշխատում և փոփոխման կարիք ունի: Վերջ ի վերջո, ե՞րբ է հարկավոր գնալ փոփոխությունների: Այն ժամանակ, երբ ինչ-որ բան չի աշխատում, այսպես ասած՝ ժամկետանց է, չի համապատասխանում արդի իրողություններին»: Ի հավելումն Սահմանադրություն փոխելու նպատակի մասին. «Ես փորձել եմ հասկանալ, թե ինչ նպատակ կա: Ինձ համար տհաճ է դրա մասին խոսել, քանի որ բացառապես դատողություններ են, ես նրանց հետ թեման չեմ քննարկել: Սակայն ինձ չի թվում, որ նպատակը… ամեն դեպքում նրանք իրենք իրենց համոզում են, որ դա ինչ-որ ազնիվ նպատակ է, սակայն ամբողջ այս գործընթացից այդպիսի տպավորություն չի ձևավորվում»: Ղարաբաղի հարցում հավելումներ համարյա չկան: Նույնը՝ ԵՏՄ–ԵՄ հարցում: Հավելումը վերաբերում է ԵՏՄ անդամակցության հետևանքներին. «Ցավոք, դա մի որոշակի բանաձևի վերածվեց, թե ահա տեսեք՝ ճնշեցին և կոտրեցին: Թեև, գուցե դա այնքան էլ այդպես չէ: Չէի ուզենա գնահատել:
Չէի ուզենա այնպիսի գնահատական տալ, որ հիմնված կլիներ ասեկոսեների կամ ենթադրությունների վրա: Բայց հանրության շրջանում հենց այդպիսի նստվածք է մնացել: Ինչպես և եվրոպացիների մոտ: Հնարավոր է, որ հայկական քաղաքական էլիտային ձեռնտու է հենց այդպիսի տպավորության ձևավորումը. թե «իսկ ի՞նչ կարող էինք անել, ի՞նչ ելք ունեինք» և այլն, և այլն: Բայց ո՞րն է իրականությունը՝ ես չգիտեմ»: Փոխարենը Ռոբերտ Քոչարյանը բաց տեքստով, առանց վերապահումների ներկայացնում է ընդդիմություն դառնալու հայտ: Իրական ու իշխանության արդյունավետության համար անհրաժեշտ ընդդիմություն՝ իր պատկերացումով. «Որպեսզի հասկանանք՝ կա՞ հասարակությունում բողոքի ուժ, թե՝ ոչ, բավական է նայենք երկրի վիճակագրությանը: Եթե երկրում աճում է աղքատությունը և չկա բողոքի պոտենցիալ, դա անառողջ հասարակություն է, այդպես պարզապես չի լինում: Այլ հարց է, որ մեզ մոտ կա ակտիվ բնակչության միգրացիոն արտահոսք, համընդհանուր ապատիա, հիասթափություն քաղաքական գործիչներից, քաղաքական էլիտայից, ընդդիմությունից և այս երևույթը համընդհանուր է: Դուք շփվում եք մարդկանց հետ և հավանաբար այդ ամենը լավ զգում եք: Թե ով է շարժող ուժը, այդ ընդվզող ընտրազանգվածի շարժիչը, ես կարծում եմ, որ այդ ընդվզող ընտրազանգվածը մնացել է անտեր: Կա ինչ-որ քաոսային շարժում, կա զանգվածային դժգոհություն, որը արտահայտվում է բակերում, խոհանոցներում, խնջույքների սեղանների շուրջ խոսակցություններում և այլն, և այլն: Սակայն ինչ-որ բողոքի վեկտոր այն չի դառնում, քանի որ և քաղաքական էլիտան, և ընդդիմությունը չի կատարում այն գործառույթը, որը պետք է կատարի: Գիտե՞ք, շատ հեշտ է ամենը բացատրել ինչ-որ օբյեկտիվ գործոններով, օրինակ՝ ճգնաժամերով: Տարեկան 7.5 տոկոսով պարտքով փող վերցնել բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար և հաջողությամբ երկիրը գցել պարտքերի փոսի մեջ /ի միջի այլոց՝ դա հենց այն է, ինչը հիմա տեղի է ունենում Հայաստանի, հայկական տնտեսության հետ/: Սակայն մարդիկ պետք է հասկանան, որ հենց ընդվզող ներուժը` և համախմբված ընդվզող ներուժն է ստիպում իշխանությանը՝ լավ աշխատել: Առանց դրա իշխանությունն այլասերվում է»:
«Ցանկացած իշխանություն առանց լուրջ ընդդիմության, առանց լուրջ բողոքող վեկտորի՝ կորցնում է իր արդյունավետությունը, չի կարող էֆեկտիվ աշխատել, դա փաստ է»: «Ո՞ւր է անհետացել ընդդիմությունը» հարցին Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ ինքը չպիտի պատասխանի: Շատ վիճելի պնդում է՝ իր պարագայում: Հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի ընդդիմությունը ստացավ ամենալուրջ հարվածը՝ հերթական նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումները երկրորդ նախագահին ստիպեցին գնալ երկու ճանապարհով՝ իրական և քաղաքական բռնությունների: Ընդդիմությունը հատվածավորվեց՝ մի մասը ընդունեց նոր նախագահի խաղի կանոնները և վերածվեց արտաքուստ ընդդիմության գործառույթներ դրսևորող ու լիովին կառավարվող ուժի, որի բոլոր գործողությունները համաձայնեցվում էին նախագահականում: Համենայն դեպս՝ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է հաստատել, որ նախընտրական ընտրացուցակները նախագահականով էին անցնում: Մյուս՝ անհնազանդ, իրական ընդդիմադիր հատվածը աստիճանաբար քաղաքական դաշտից դուրս մղվեց՝ ամենատարբեր միջոցներով՝ քաղաքականից քրեական: Սերժ Սարգսյանի ժառանգած կրկեսի հեղինակը իրականում Ռոբերտ Քոչարյանն է՝ համենայն դեպս Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը հայտարարում էր ահաբեկիչ ու Դրոյի գործով դատավարություն էր անում՝ իրականում ավելի մեծացնելով ընդդիմության հեղինակությունն ու վարկը: Ռոբերտ Քոչարյանին աղմուկ պետք չէր, նա գործում էր անաղմուկ ու արդյունավետ՝ իր իշխանության, բայց ոչ պետության ու քաղաքական դաշտի համար: Եվ երբ հիմա ասում է, որ «ապատիայի աստիճանը հայկական հասարակությունում շատ բարձր է», «ժողովուրդը կորցրել է հավատը, որ երկրի քաղաքական էլիտան ի վիճակի է բարելավել իր կյանքը, իսկ քաղաքական էլիտան կորցրել է հավատը ինչ-որ բան փոխել կարողանալու իր հնարավորության նկատմամբ», հենց տեղն էր հարցնել՝ իսկ ինչու՞: Իսկ երբ ավելացնում է, որ «պատային իրավիճակ է, և դրանից պետք է ելք գտնել», որքան էլ համաձայն ես, չես հավատում, որ պատային իրավիճակից ելք գտնելու է այն մարդը, ով այդ իրավիճակի սկիզբն է դրել: Հազիվ թե հասարակությունը չի հասկացել՝ ինչ է կատարվել կամ մոռացել է՝ ինչպես: Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ այն ժամանակ այդպես էր պետք, հիմա ուրիշ է, վստահության հարց է՝ թող հավատան նրան, ովքեր ուզում են: Առավելևս, որ Ռոբերտ Քոչարյանը ինքն իրեն բացարձակապես անջատում է իր նախագահության տասնամյակից և ներկայանում է որպես բոլորովին այլ մտածողության ու աշխարհընկալման մարդ, որ ընդհանուր ոչինչ չունի տաս տարի Հայաստանի նախագահի ռեալ գործերի հետ: Համեմատեք՝ պատասխանելով հարևաններին վերաբերող հարցին՝ նա ասում է. «Հարևաններին չեն ընտրում, ունենք այն, ինչ ունենք: Կառուցիր քո քաղաքականությունը և հարաբերությունները հարևանների հետ և ընդհանուր առմամբ՝ կառուցիր քո քաղաքականությունը հիմնվելով իրականության վրա, այն ամենի վրա, ինչ որ կա ու իրական է, և եթե դրա համար հարկավոր է ավելի շատ ագրեսիա՝ եղիր ավելի ագրեսիվ, եթե հարկավոր է ավելի շատ խորամանկություն՝ եղիր ավելի խորամանկ, սակայն բողոքել, որ դու այսպիսի հարևաններ ունես, այս բանը փակ է, այն բանը այնպես չէ, մեկ ճգնաժամ է, կամ ինչ-որ ուրիշ մի բան… Աշխարհում փոփոխականությունը բավականին մեծ է և դեռ ավելի է մեծանալու: Դե եկեք, ուրեմն ի՞նչ անենք՝ նստենք տրտնջա՞նք, բողոքե՞նք: Մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում: Այն բարդ է թե էթնիկ կառուցվածքի տեսանկյունից, թե բազմաթիվ պատմականորեն կուտակված հիմնահարցերի տեսանկյունից, թե կրոնական բազմազանության տեսանկյունից: Ժամանակ առ ժամանակ լինելու է մի տեսակ «քաղաքական անտերություն» այս տարածաշրջանում, անտերություն, որն առաջ է գալիս գլոբալ գործընթացների ժամանակ, ու երբ գլոբալ տեկտոնական շարժեր են տեղի ունենում, ապա կարող է լինել այսպես կոչված որոշակի «անտերության» զգացում: Սակայն, այս ամենի հետ հանդերձ կա երկիր, կա ժողովուրդ, որը կապված է այս հողին և պետք է ղեկավարել այդ ժողովրդին ու անել ամեն հնարավորը, որպեսզի այս բարդ փոփոխական պայմաններում հնարավոր լինի գտնել առավելագույն ճիշտ որոշումներ, իրականցնել ակտիվ, գուցե նաև փոքր-ինչ ագրեսիվ: Գիտեք, ոչ մի դեպրեսիվ հասարակություն չի կարող արդյունավետ լինել, ինձ դուր չեն գալիս այն տրամադրությունները, որոնց մասին խոսում եք: Դա այն տրամադրւթյունները չեն, որոնցով կարելի է երկիրը առաջ տանել: Վասալային մտածելակերպ է, որից վաղուց պետք էր հրաժարվել»: Երբ հարցազրույցը վարող Աշոտ Գազազյանն ասում է՝ եթե խոսում ենք այս ամենի մասին, պետք է նորից հիշել Ռուսաստանը, որին Երևանը հղում է անում ամեն օր: Եվ կա կայուն կարծիք /և ըստ իս՝ նաև փաստ է/, որ առանց Ռուսաստանի Հայաստանը ոչինչ չի կարող, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Հենց սկսում ես այդպես մտածել՝ դառնում ես վասալ: Ռուսաստանը, անխոս, մեր գործընկերն է, և, անխոս, նրա հետ պետք է զարգացնել հարաբերությունները, սակայն պետք է հասկանալ, որ այդ հարաբերությունները գործընկերային են, փոխշահավետ, այլ ոչ՝ վասալային: Նույն կերպ պետք է վերաբերվել մեր հարաբերություններին ԱՄՆ-ի, Իրանի, ԵՄ-ի հետ: Այսինքն՝ մեզ վրա ծանր բեռի պես պետք է դրված չլինի այն հանգամանքը, որ մենք փոքր երկիր ենք՝ ոչ մեծ բնակչությամբ»: Մնում էր միայն, որ հավելեր՝ ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ Ռուսաստանը, մենք՝ որտե՞ղ, Ռուսաստանը՝ որտե՞ղ: Թեպետ ոչ մի հեռանկար չի տեսնում հայ-թուրքական հարաբերություններում՝ «Ես չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կա այդ հարաբերությունների կարգավորման որևէ հնարավորություն» և բացատրում է՝ ինչու «Ես հեռու եմ իռացիոնալ վերաբերմունքից այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում»:
Ահա այսպես: Լավ մարզավիճակում գտնվող, իռացիոնալ մտածողությունից հեռու ու վասալությանը դեմ: Հարցնում եք՝ ինչպիսի՞ն պիտի լինի ընդդիմությունը: Ճիշտ ու ճիշտ Ռոբերտ Քոչարյանի վճռական ու կամային կերպարով: Այլ ելք չի մնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես՝ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ընդդիմություն կարող է լինել միայն գործող իշխանությանը: Այլ իշխանության պարագայում միանգամից կվերանա Ռոբերտ Քոչարյանի պես ընդդիմության անհրաժեշտությունը, որովհետև այլևս անհրաժեշտ չի լինի պայքարել ոչ վասալության, ոչ իռացիոնալության, ոչ միակուսակցականության, ոչ էլ սխալների դեմ, որոնք անցյալում են: Ի վերջո, ՀՀ երկրորդ նախագահի հնարավոր քաղաքական կարիերան սնուցում է միայն գործող իշխանությունը և նա պետք է ամրապնդի այդ իշխանությունը, որ իր կարիքը լինի: Հայաստանին պետք է իշխանություն ու ընդդիմություն, ում հավատում ես, ոչ թե ընտրովի հիշում ու ընտրովի մոռանում՝ երբ ինչ պետք է՝ ըստ քաղաքական ու նեղ անձնական նպատակահարմարության:

Դիտվել է՝ 1590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ