«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Պատմությունն ունի այլընտրանք, երբ դեռ ներկա է

Պատմությունն ունի այլընտրանք, երբ դեռ ներկա է
13.11.2015 | 02:10

Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս պատմական օրերին իմ պարտքն է գրել սահմանադրական փոփոխությունների նախագծի ու առաջիկա հանրաքվեի մասին, պատմական բազմազան «ոչ»-երի ու պատմական խրոխտ «այո»-ի մասին, ներկայացնել՝ ինչու «այո» ու ինչին՝ «ոչ»: Հավելեք ԱԺ արտահերթ նիստը՝ նույնականացման քարտերի հարցի քննարկման ժամանակ սահմանադրական հանրաքվեն օրակարգ եկավ ու սուր ելույթների պատճառ դարձավ: Գիտեմ, որ մինչև հանրաքվեն մնացած օրերը ճիշտ ժամանակն են գրելու գործող Սահմանադրության և առաջարկվող տարբերակի թերությունների ու առավելությունների մասին, հետո անիմաստ է լինելու: Գիտեմ: Հետո ի՞նչ: Գիտեմ նաև, որ Հայաստանում պետական կառավարման ինչ համակարգ էլ գործի՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական, թե միապետական, արտաքին ներգործությունները ավելի զորեղ են ներքաղաքական զարգացումներից: Գիտեմ, որ արտաքին աշխարհին կապող Հայաստանի բոլոր ճանապարհները վերածվել են մեկ մայրուղու, որտեղ միակողմանի երթևեկություն է ու լուսացույցի վրա միշտ՝ կարմիր լույս: Պատճառը իմ դալտոնիզմը չէ, այլ հարաբերությունների խիստ միակողմանիությունը real politik-ի շրջանակներում՝ հակառակ բարձրաձայնվող բազմակողմանիության: Համոզեցի՞, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան ավելի էական է, քան հանրաքվեն: Գրեթե անակնկալ այցը: Մերձավոր Արևելքը՝ Սիրիայով ու պատերազմով, Սինայի երկնքում կործանված ինքնաթիռն ու ռուս-եգիպտական, ռուս-ամերիկյան, ռուս-մեծբրիտանական, ռուս-իսրայելական շփումները այդ հարցում, Եգիպտոսը սնանկացնող կամ Թուրքիան հարստացնող զբոսաշրջիկների հարցը, ռուս-թուրքական հարաբերությունները՝ էժան նավթի համար պայքարող ու Ասադին պաշտոնանկել ցանկացող Էրդողանով, Թեհրանի հետ ռազմական, տնտեսական, էներգետիկ խնդիրները, ՈՒկրաինան, որ չի դադարում գլխացավանք լինել, պատժամիջոցներն ու համառող Եվրոպան, Միջին Ասիան ոտատակ տվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, նոյեմբերի 15-17-ին G-20-ի սամմիթն Անթալիայում, ու՝ Սերգեյ Լավրովը գալիս է Հայաստա՞ն: Առնվազն նշածս ու չնշածս խնդիրներին համարժեք հարց պիտի լիներ, որ եկավ: Հրապարակված տեղեկատվությունից դատելով՝ սենսացիոն ոչ մի հարց ոչ քննարկվել է, ոչ որոշվել: Իսկ չհրապարակվա՞ծ: Դավադրությունների տեսության կողմնակից չեմ ու չեմ տառապում կասկածամտության սինդրոմով: Ընդամենը փորձում եմ հասկանալ՝ ի՞նչն էր նրան այս օրերին, երբ Եվրոպայի ու Ասիայի մայրաքաղաքներում շատ ավելի ճակատագրական հարցեր են լուծվում Ռուսաստանի համար, բերել Երևան: Ի՞նչ է կատարվում Հայաստանում, որ Մոսկվան հիշել է «ռազմավարական դաշնակցին» ու կարևորել ռուս-հայկական հարաբերությունների ռենտգենը արտաքին գործերի նախարարի մակարդակով: Մանավանդ՝ նոյեմբերը Երևանում սկսվեց ՌԴ Պետդումայի ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցով: Սկսվում են ՀՀ-ԵՄ նոր բանակցություննե՞րը: Մոսկվան դա հանգամանալից գիտի, նոր համաձայնագիրը եվրաասոցացում չէ, ու Երևանը Բրյուսելից բաժանված է Կրեմլի պարսպով: ՆԱՏՕ-ի չորրորդ շաբա՞թն էր պատճառը, հայտարարություննե՞րը, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերություններում կարմիր գծեր չունի ու բաժանարար խրամատներ չկան՝ Հայաստանն ազատ է խորացնել համագործակցությունը կառույցի հետ ու կարող է իր պատկերացումները ներկայացնել 2016-ին, Վարշավայի գագաթնաժողովում: Հայաստան-Իրան հնարավոր հարաբերություննե՞րը, որ կարող են կոնկրետ համագործակցություն դառնալ երկաթուղու, գազատարի, ապրանքաշրջանառության տեսքով: Թե՞ ՀՀ նախագահի այցը Թբիլիսի ու հետո էլ Իլհամ Ալիևի ճեպընթաց այցը Վրաստան՝ Մառնեուլիով, համաձայնագրերով ու հայտարարություններով: Բելառուսի հինգերորդ անգամ ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՞ արևմտյան ու չինական ռևերանսները, որ հազիվ թե Կրեմլում համարեն քաղաքավարություն, երբ քաղաքականություն է փոխվում:

Նուրսուլթան Նազարբաևի՞ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումն է կարևորում Հայաստանը Կրեմլի համար, գուցե պարզապես պետք էր տեղում պարզել՝ Արա Աբրահամյանի այցը հայրենիք՝ զբոսաշրջայի՞ն, թե՞ քաղաքական հեռանկարներ ունեցավ: Թե՞ Ղարաբաղում է իրավիճակ փոխվում:
Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պաշտոնական տեղեկատվության կեսից ավելին թվարկում էր ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը հավաստող այցերը: Պատկերացնո՞ւմ եք՝ ի՜նչ քաղաքական գործիչ է եղել Մարկո Պոլոն, կամ՝ Քրիստափոր Կոլումբոսը: Միկլուխո Մակլայն ու Ամերիգո Վեսպուչին էլ ձեզ նվեր: Ֆռֆռացել են ու աշխարհներ հայտնագործել: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ նախագահին է փոխանցել ՌԴ նախագահի ջերմ ողջույնները և ընդգծել, որ նա հետևողական է հայ-ռուսական բարձր մակարդակի պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Ի՞նչ պայմանավորվածություններ են եղել սեպտեմբերի 7-ին: Ասենք՝ Հայաստանին է փոխանցվում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դատական գործը՝ առանց մեղադրյալի: Կամ՝ ՌԴ-ն 200 մլն դոլարի արտոնյալ վարկ է տալիս, ու Հայաստանը զենք է գնում: Չտվեց ու չգնեց: ՀԷՑ-ի հարցը լուծվեց՝ Սամվել Կարապետյանը գնեց, շատ մեծ հարց է՝ դա Հայաստանի՞ն էր պետք, թե՞ Ռուսաստանին: «Պայմանավորվածություններից» դուրս Մոսկվան, նաև Սերգեյ Լավրովի Բաքու համարյա նույնքան անակնկալ այցով, Ադրբեջանին զինում է ու զինում: Ինչո՞ւ: Որ սահմաններին հայտնվեն խաղաղապահնե՞ր: Հայ-ադրբեջանական սահմաններին: Բայց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում Սերգեյ Լավրովը մանրամասնել է՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան կտրականապես դեմ են, որ հարցը հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի տեղափոխել միջազգային այլ հարթակներ: Փաստորեն, նա ասել է այն, ինչ մի քանի օր առաջ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ ավելի սեղմ: Իսկ հետո ռուսական «Կոմերսանտը» գրեց, որ Երևանում քննարկվել է «զավթված տարածքները» Ադրբեջանին վերադարձնելու հարցը՝ բացի Լաչինի միջանցքից և մեկ շրջանից, որի դիմաց Բաքուն պատրաստ է խնդիրը քննարկել խաղաղ բանակցություններով՝ առանց ԼՂՀ կարգավիճակի որոշարկման: Իսկ սահմանին կտեղակայվեն ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահները: Տեղեկատվությունը, որ ոչ հայկական, ոչ ռուսական կողմերը չեն հաստատում, ու ձեռնտու է ադրբեջանական կողմին, կարող է և հավաստի լինել: Ամբողջությամբ կամ մասամբ: Ի վերջո, հենց Լավրովի Բաքու այցից հետո սահմանային միջադեպերում հայտնվեց ծանր հրետանին ադրբեջանական կողմից և սկսեց գնդակոծել ՀՀ տարածքը: Երևանում Սերգեյ Լավրովը ասաց. «Մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ՄԱԿ-ից ստացել է մանդատ»: Նշանակո՞ւմ է սա, որ Մինսկի խմբում տեսակետների բախում չկա: Հազիվ թե: Ռուս-թուրք-ադրբեջանական աղեղը ավելի ու ավելի է ուրվագծվում, իսկ նետը ուղղված է Հայաստանին: Արդեն ոչ մի կողմում չեն թաքցնում, որ Բաքուն Մոսկվայի հետ բանակցում է ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, իսկ պայմանը Ղարաբաղը ստանալն է: Համենայն դեպս հիշեք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում Դուշանբեում ստանձնելով կառույցի նախագահությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահության առաջնահերթությունը լինելու է ՀԱՊԿ խաղաղապահների կայացումը, և առաջարկեց Հայաստանում ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների կենտրոն: Նաև հիշեք, որ Բաքվում Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարեց, որ խաղաղապահների տեղակայման հարցը մանիպուլյացիա է: Հիշեք նաև Հրանտ Բագրատյանի հայտարարությունը, որ ոչ մի նախագահ, այդ թվում` Սերժ Սարգսյանը, Ղարաբաղը չի տա, ու խորհրդարանական կառավարման նպատակը Հայաստանում այդ հարցի լուծումն է: Հիշեք նաև, որ համանախագահների՝ տարածաշրջան վերջին այցի նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելն էր: ՈՒ նրանք համաձայնել են: ՈՒ ի՞նչ, բանակցելու են, որ բանակցե՞ն, թե՞ իսկապես, ինչպես Լավրովն էր Էլմար Մամեդյարովին ասել՝ ժամացույցները նույն ժամի վրա լարելու ժամանակն է: Սերժ Սարգսյանը պատմության մե՞ջ է մտնելու՝ իբրև Ղարաբաղի հարց լուծող, թե՞ պատմության մեջ է մնալու որպես չլուծող, որովհետև ՌԴ-ի առաջարկած լուծումը ազատագրված տարածքները հանձնելն է: Իսկ պատկերացնո՞ւմ եք՝ հարցը լրջանալու դեպքում ԱՄՆ-ը վերցնի ու ճանաչի ԼՂՀ-ն:
Գուցե Լավրովի՝ Երևան այցի առանցքում Սիրիա՞ն էր: Նա ասաց, որ անհրաժեշտ է Սիրիայում պաշտպանել բոլոր ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այդ թվում` քրիստոնյաների իրավունքները, մինչդեռ շատերը փորձում են սիրիական հարցը ներկայացնել շիաների և սուննիների հակամարտություն: «Մեր գլխավոր խնդիրը պայքարն է ահաբեկչության դեմ, թույլ չտալ, որ ահաբեկիչները Սիրիայում գան իշխանության»,- ասաց նա։ Իսկ բանակցություններում քննարկվե՞ց հարցը, որ Հայաստանը Սիրիայից փախստականներ ընդունած երկրներից է: Երբ ԳԴՀ կանցլերը միլիարդներ է պատրաստվում Անկարա փոխանցել՝ կանխելու փախստականների հոսքը Եվրոպա Թուրքիայից, ամենամեծ թվով փախստականներ ընդունած չորրորդ երկիրը Հայաստանն է, ու Հայաստանին փոխհատուցման հարցը ևս պետք է Սիրիայի հարցով բանակցություններում քննարկվի: Թերևս՝ ոչ: Սիրիայից Հայաստան են եկել սիրիահայերը, որ հաստատ չէին գա, եթե չլիներ պատերազմը: ՌԴ արտգործնախարարը քննարկել է Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը Հայաստանի մասնակցությա՞ն հարցը: ՆԱՏՕ-ն օգտագործո՞ւմ է Ինջիրլիքի ռազմաբազան, գուցե Ռուսաստանն էլ ուզում է Գյումրին օգտագործել: Երևանը Դամասկոսին ավելի մոտ է, քան Մոսկվան: Պուտինն էլ ստորագրեց համատեղ ՀՕՊ-ի ստեղծումը, որ վաղուց կար: Իսկ մենք, որ ամեն ինչ հիշում ենք, գիտենք ու հասկանում ենք, ոչ միշտ ենք մեր հիշածը, իմացածը և հասկացածը համադրում, հակադրում ու եզրակացություններ անում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ի՞նչ կլիներ, եթե Հուլիոս Կեսարի սպանությունից հետո տրիումվիրատը՝ Մարկ Անտոնիոսը, Օկտավիանոսը ու Լեպիդոսը, Հռոմեական կայսրությունը այլ կերպ բաժանեին՝ Անտոնիոսը ընտրեր ոչ թե Արևելյան նահանգները, այլ Արևմուտքը, Լեպիդոսը չհրաժարվեր իշխանությունից՝ Օկտավիանոսի պարտադրանքով, ու աշխարհում չլիներ Պտղոմեոսների դինաստիայի վերջին թագուհին՝ Կլեոպատրան: Եթե մ.թ.ա. 32-ին Օկտավիանոսը Սենատում չհրապարակեր Անտոնիոսի կտակը, որ Հուլիոս Կեսարի ու Կլեոպատրայի որդուն ժառանգորդ էր ճանաչում ու Եգիպտոսի տիրակալ, նրան էր հանձնում իր նվաճած արևելյան տարածքները, որ պատկանում էին Հռոմին, ու խնդրում էր իրեն հուղարկավորել Եգիպտոսում՝ Կլեոպատրայի կողքին: Եթե կտակը պատճառ չդառնար, որ Սենատի անունից Օկտավիանոսը պատերազմ հայտարարեր Կլեոպատրային: Եթե Անտոնիոսը մ.թ.ա. 31 թ. սեպտեմբերի 2-ին տանուլ չտար Ակտիումի ծովամարտը՝ գրոհելով Օկտավիանոսի նավի վրա ու խրվելով Հռոմի նավատորմի կենտրոնը, մինչդեռ Օկտավիանոսն ուրիշ նավի վրա էր: Եթե Կլեոպատրային չհաղորդեին, որ նա զոհվել է, ու նա չհեռանար մարտադաշտից: Եթե ծովային պարտությունից հետո Անտոնիոսը կարողանար հավաքել լեգեոնները Եգիպտոսում ու պարտության մատներ Օկտավիանոսին, Հռոմեական կայսրությունը կունենա՞ր Օգոստոս կայսր ու պատմություն, որ ունեցավ: Ո՞վ է ասում, որ պատմությունը «եթե»-ներ չի ընդունում: «Եթե»-ներ չընդունելը նրանց մենաշնորհն է, ում փոխարեն որոշում կայացնում են ուրիշները, իսկ իրենք կատարում են ու արդարանում՝ այլընտրանք չկար: Պատմությունն ունի այլընտրանք, երբ դեռ ներկա է, իսկ անցյալ դառնալուց հետո ունի մեկնաբանության այլընտրանք:

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ